Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2017.07.26/1(38)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2009
Ստորագրման ամսաթիվ
06.03.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.02.2017

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՏԱԼԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իտալիայի Հանրապետության Կառավարությունը, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը,

համոզված լինելով, որ առավել արդյունավետ համագործակցությունը մաքսային ծառայությունների միջև կարող է իրականացվել տեղեկատվության փոխանակման միջոցով, և տեղեկատվության այդպիսի փոխանակումը պետք է հիմնված լինի հստակ իրավական դրույթների վրա,

հաշվի առնելով, որ մաքսային օրենսդրության խախտումները վնաս են հասցնում իրենց համապատասխան երկրների տնտեսական, առևտրային, հարկային, սոցիալական, մշակութային, արդյունաբերական և գյուղատնտեսական շահերին, ինչպես նաև օրինական առևտրին,

հաշվի առնելով ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ մաքսատուրքերի, հարկերի, մուծումների կամ վճարների ճշգրիտ գանձումն ապահովելու, ինչպես նաև արգելման, սահմանափակման և հսկողության դրույթները պատշաճ կերպով իրականացնելու կարևորությունը՝ վերջինիս մեջ ներառելով նաև կեղծված ապրանքների, գրանցված առևտրային նշանների և մտավոր սեփականության իրավունքների մասին իրավական դրույթների և կանոնակարգերի կատարումը,

համոզված լինելով, որ մաքսային իրավախախտումների դեմ ուղղված գործողությունները և արտահանման ու ներմուծման տուրքերի, հարկերի, մուծումների կամ այլ վճարների ճշգրիտ հավաքումն ապահովելու ջանքերը առավել արդյունավետ կարող են իրականացվել իրենց մաքսային ծառայությունների միջև համագործակցության միջոցով,

հաշվի առնելով, որ թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի առևտուրը վտանգ է ներկայացնում հանրային առողջության և հասարակության համար,

նկատի ունենալով 1961 թվականի` «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայի դրույթները՝ փոփոխված 1972 թվականի արձանագրությամբ, և Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո մշակված` 1971 թվականի` «Հոգեներգործուն նյութերի մասին» կոնվենցիան, ինչպես նաև 1988 թվականի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիան,

 

ՀԱՄԱՁԱՅՆԵՑԻՆ ՀԵՏԵՎՅԱԼԻ ՄԱՍԻՆ.

 

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի նպատակներով.

1. «Մաքսային ծառայություն» նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե, Իտալիայի Հանրապետության համար` Իտալիայի մաքսային ծառայություն, որը որոշ դեպքերում կօգտագործի «Գուարդիա դի Ֆինանցիա»-ի տեխնիկական աջակցությունը:

2. «Մաքսային օրենսդրություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից կիրառվող կամ կատարման ենթակա ցանկացած օրենք և իրավական ակտ` կապված ապրանքների ներմուծման, արտահանման, փոխադրման, տարանցման, պահպանման և տեղաշարժի հետ` ներառյալ արգելման, սահմանափակման և հսկողության միջոցներին վերաբերող իրավական և վարչական դրույթները:

3. «Մաքսային իրավախախտում» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային օրենսդրության ցանկացած խախտում կամ խախտման փորձ:

4. «Հայցող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի իրավասու մաքսային ծառայություն, որը մաքսային գործերով հարցում է կատարում:

5. «Հայցվող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի իրավասու մաքսային ծառայություն, որը ստանում է մաքսային գործերում օգնության հարցում:

6. «Տեղեկատվություն» նշանակում է` ցանկացած տվյալ, փաստաթուղթ, զեկույց, դրանց հաստատված կամ նույնականացված պատճեններ կամ այլ հաղորդագրություններ:

7. «Անձնական տվյալներ» նշանակում է` ինքնությունը հաստատված կամ հաստատման ենթակա անձին վերաբերող ցանկացած տեղեկություն:

8. «Հնաոճ իրեր և արվեստի գործեր» նշանակում է` բոլոր այն իրերը, որոնք իրենցից ներկայացնում են մշակութային արժեք յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար:

9. «Թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր» նշանակում է` նյութեր կամ այդպիսի նյութեր պարունակող ապրանքներ` թվարկված 1961 թվականին ընդունված և 1972 թվականի արձանագրությամբ փոփոխված` «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայում, «Հոգեներգործուն նյութերի մասին» 1971 թվականի կոնվենցիայում, ինչպես նաև 1988 թվականի դեկտեմբերի 19-ի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 1-ին հոդվածի «ժդ» և «ժը» կետերում թվարկված նյութեր:

10. «Պրեկուրսորներ» նշանակում է` 1988 թվականի դեկտեմբերի 19-ի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիային կից 1-ին և 2-րդ աղյուսակներում թվարկված թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի արտադրության մեջ հաճախ օգտագործվող նյութեր:

11. «Վերահսկվող առաքում» նշանակում է` թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի կամ դրանց փոխարինող նյութերի ապօրինի կամ կասկածելի խմբաքանակի` Պայմանավորվող կողմերի պետությունների տարածք, տարածքից դուրս կամ նրանց տարածքով փոխադրման համար թույլատրման եղանակ` նրանց իրավասու ծառայությունների գիտությամբ և հսկողության ներքո` այդ ապրանքների ապօրինի փոխադրման մեջ ներգրավված անձանց բացահայտելու նպատակով:

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

Հոդված 2

 

1. Պայմանավորվող կողմերը, իրենց մաքսային ծառայությունների միջոցով և սույն Համաձայնագրում շարադրված դրույթների համաձայն, միմյանց կցուցաբերեն փոխադարձ օգնություն.

ա) մաքսային օրենսդրության պատշաճ կիրառումն ապահովելու նպատակով.

բ) մաքսային օրենսդրության խախտումները կանխելու, հետաքննելու և դրանց դեմ պայքարելու նպատակով.

գ) մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող վարչական բնույթի որոշումների ու փաստաթղթերի առաքման և ծանուցման հարցերում:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնությունը կտրամադրվի հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան և հայցվող մաքսային ծառայության իրավասության շրջանակներում ու միջոցներով:

3. Սույն Համաձայնագիրը չպետք է սահմանափակի ներկա և ապագա պարտավորությունները, որոնք բխում են այն մաքսային կանոններից, որոնց Իտալիայի Հանրապետությունը պետք է հետևի՝ որպես Եվրոպական միության անդամ պետություն և որպես Եվրոպական միության անդամ պետությունների հետ արդեն իսկ կնքած կամ կնքվելիք միջկառավարական համաձայնագրերի պայմանավորվող կողմ:

4. Այն դեպքում, երբ հայցվող Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը հարցումը կատարող համապատասխան իրավասու մարմինը չէ, նա պետք է հարցումն անհապաղ փոխանցի համապատասխան իրավասու մարմնին, որը պետք է կատարի հարցումը` օրենքով իրեն տրված լիազորություններին համապատասխան, կամ հայտնի հայցող մաքսային ծառայությանը այն համապատասխան ընթացակարգը, որին պետք է հետևել այդպիսի հարցման կապակցությամբ:

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

Հոդված 3

 

1. Մաքսային ծառայությունները հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ միմյանց կտրամադրեն այն ամբողջ տեղեկատվությունը, որը կարող է օգնել ճշգրիտ գործողությունը հետևյալ դեպքերում ապահովելուն.

 ա) մաքսային ծառայությունների կողմից գանձվող մաքսատուրքերի, հարկերի, մուծումների և վճարների հավաքման ընթացքում.

 բ) ապրանքների ներմուծման և արտահանման ժամանակ մաքսային արժեքը և ներկայացվող փաստաթղթերի հավաստիությունը, ինչպես նաև դրանցում պարունակվող տվյալների նույնականությունը որոշելու ժամանակ.

 գ) արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ապրանքները Ազգային մաքսային սակագնի կամ «Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգի մասին» միջազգային կոնվենցիայով (1983 թ.) ընդունված ներդաշնակ համակարգի համաձայն դասակարգելու, ինչպես նաև ապրանքների դասակարգումը որոշելու համար մաքսային լաբորատորիաներում հետազոտություններ կատարելու ժամանակ.

 դ) ապրանքների ծագման երկիրը որոշելու ժամանակ և արտահանման ժամանակ ներկայացվող` ծագման երկրի սերտիֆիկատների, ինչպես նաև արտահանման երկրում ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգերի նկատմամբ իրականացվող հսկողության ժամանակ.

 ե) ներմուծման և արտահանման արգելքների ու սահմանափակումների իրականացման ժամանակ, և որը կարող է օգնել հստակեցնելու հետևյալը`

 զ) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և միջուկային նյութերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և հանրային առողջության համար վտանգավոր այլ նյութերի ապօրինի փոխադրումը.

 է) պատմական, մշակութային և հնագիտական նշանակալի արժեք ներկայացնող արվեստի գործերի ապօրինի փոխադրումը.

 ը) մաքսային տուրքերի և հարկերի բարձր դրույքաչափերով հարկման ենթակա ապրանքների փոխադրումը.

 թ) մաքսային գործունեությանը վերաբերող վիճակագրական տեղեկատվություն:

2. Եթե հայցվող մաքսային ծառայությունը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, ապա նա պետք է փնտրի այդ տեղեկատվությունը հնարավոր բոլոր միջոցներով` իր պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:

3. Հայցվող մաքսային ծառայությունը պետք է փնտրի տեղեկատվությունն այնպես, ինչպես այն կփնտրեր իր համար:

 

Հոդված 4

 

Հարցման հիման վրա մաքսային ծառայությունները միմյանց կտրամադրեն ցանկացած տեղեկատվություն, որտեղ նշվում է, որ.

ա) մի Պայմանավորվող կողմի պետության տարածք ներմուծված ապրանքները օրինական են արտահանվել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքից.

բ) մի Պայմանավորվող կողմի պետության տարածքից արտահանվող ապրանքները օրինական են ներմուծվել մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք, և` այն մաքսային ընթացակարգի բնույթը, որով ապրանքները ձևակերպվել են.

գ) մի Պայմանավորվող կողմի պետության տարածքից մաքսային արտոնությունների կիրառմամբ արտահանված ապրանքները պատշաճ կերպով ներմուծվել են մյուս Պայմանավորվող կողմի պետություն. հասկանալի է, որ պետք է տեղեկատվություն տրամադրվի նաև մաքսային հսկողության ցանկացած միջոցի մասին, որին ենթարկվել են ապրանքները.

դ) այն ապրանքները, որոնք տարանցվել են մի Պայմանավորվող կողմի պետության տարածքով, տարանցվել են օրինական ճանապարհով:

 

Հոդված 5

 

Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը հարցման հիման վրա կամ իր նախաձեռնությամբ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը կարող է տրամադրել այն ամբողջ տեղեկատվությունը, որը հնարավոր է, որ առնչություն ունենա մաքսային օրենսդրության խախտումներին և մասնավորապես վերաբերի.

ա) Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարած կամ կատարելու մեջ կասկածվող անձանց.

բ) ապրանքներին` հայտնի որպես ապօրինի փոխադրման մեջ գտնվող.

գ) այն տրանսպորտային միջոցներին և բեռնարկղերին, որոնք օգտագործվում են կամ կասկածվում են, որ կարող են օգտագործվել Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու ժամանակ.

դ) մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու համար օգտագործվող նոր մեթոդներին և միջոցներին:

 

Հոդված 6

 

1. Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը հարցման հիման վրա կամ իր նախաձեռնությամբ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը տրամադրում է հաշվետվություններ, վկայության գրառումներ կամ փաստաթղթերի հաստատված պատճեններ, որոնք տալիս են ամբողջ առկա տեղեկատվությունը հայտնաբերված կամ ծրագրված գործողությունների մասին, որոնք պարունակում են կամ կարող են պարունակել այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտում:

2. Բնօրինակ գործերն ու փաստաթղթերը պետք է պահանջվեն միայն այն դեպքերում, երբ հաստատված պատճենները բավարար չեն: Բնօրինակները, որոնք փոխանցվել են, պետք է անհապաղ վերադարձվեն մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը դրանց տրամադրման հիմքի վերանալուն պես:

 

Հոդված 7

 

1. Սույն Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերը կարող են փոխարինվել ցանկացած ձևով նույն նպատակի համար պատրաստված էլեկտրոնային տեղեկատվությամբ: Միաժամանակ պետք է տրամադրվի նյութի վերաբերյալ պարզաբանման կամ դրա օգտագործման համար ամբողջ համապատասխան տեղեկատվությունը: Էլեկտրոնային տեղեկատվության կիրառումը, իրավական հետևանքները և ապացուցողական ուժը պետք է որոշվի ազգային կանոններին համապատասխան:

2. Հայցվող մաքսային ծառայությունը հարցման դեպքում հայցող մաքսային ծառայությանը տրամադրում է նախօրոք ուղարկված էլեկտրոնային տեղեկատվությանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը:

 

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՁԵՎԵՐԸ

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրին համապատասխան` Պայմանավորվող կողմերը կհամագործակցեն բեռների և ուղևորների փոխադրումների, փոստային առաքումների մաքսային հսկողությունը պարզեցնելու, այդ հսկողության մեթոդներն ու ուղիները բարելավելու, ինչպես նաև բեռների, տրանսպորտային միջոցների, ուղևորների, փոստային առաքումների, արժութային արժեքների ապօրինի ներմուծումը, արտահանումը, տարանցումը Պայմանավորվող կողմերի պետությունների տարածքներով կանխելու նպատակով:

 

Հոդված 9

 

Պայմանավորվող կողմերը, իրենց պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան, սույն Համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հետաքննության, ինչպես նաև թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների, զենքի, զինամթերքի, թունավոր գազերի, պայթուցիկ և ռադիոակտիվ նյութերի ապօրինի շրջանառությունը կանխելու նպատակով:

 

Հոդված 10

 

Պայմանավորվող կողմերը, իրենց պետություններում գործող օրենսդրությանը համապատասխան, սույն Համաձայնագրի շրջանակներում կհամագործակցեն մշակութային արժեքների ապօրինի փոխադրման դեմ պայքարում:

Պայմանավորվող կողմերը պետք է փոխանցեն իրենց տրամադրության տակ եղած հնաոճ իրերը և մշակութային արժեք ներկայացնող արվեստի գործերը, եթե դրանք արտահանվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքից մաքսային և այլ կանոնների խախտմամբ:

 

ԱՆՁԱՆՑ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 11

 

Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը իր իրավասության և հնարավորությունների սահմաններում, իր նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցման հիման վրա կարող է իրականացնել հսկողություն.

ա) այն անձանց տեղաշարժի, հատկապես իր տարածք մուտքի և ելքի նկատմամբ, որոնք հայտնի են կամ կասկածվում են իրավախախտումներ կատարելու մեջ կամ կատարել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ.

բ) ցանկացած տրանսպորտային միջոցի և բեռնարկղի նկատմամբ, որոնք հայտնի են կամ կասկածվում են, որ օգտագործվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելիս.

գ) մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հայտնած ապրանքների տեղաշարժի նկատմամբ, որոնք դեպի իրենց պետության տարածք կամ տարածքից դուրս զգալի ապօրինի տեղաշարժի են հանգեցնում կամ տեղաշարժի կասկածի:

 

ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԱՌԱՔՈՒՄԸ

 

Հոդված 12

 

1. Մաքսային ծառայությունները կարող են փոխադարձ համաձայնությամբ և իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված իրավասությունների շրջանակում կիրառել վերահսկվող առաքում` սույն Համաձայնագրի 1-ին հոդվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված ապրանքների հետ կապված մաքսային իրավախախտումների դեպքում` մաքսային իրավախախտման մեջ ներգրավված անձանց բացահայտելու նպատակով:

2. Վերահսկվող առաքման մեթոդի կիրառման վերաբերյալ որոշումները միշտ պետք է կայացվեն «դեպքից դեպք» սկզբունքով:

 

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 13

 

1. Հայցվող մաքսային ծառայությունը հարցման դեպքում պետք է պաշտոնական հետաքննություն սկսի այն գործողությունների նկատմամբ, որոնք հակասում են կամ կարող են հակասել հայցող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրությանը: Նա պետք է հայցող մաքսային ծառայությանը հաղորդի այդ հետաքննության արդյունքների մասին:

2. Այդ հետաքննությունն իրականացվում է հայցվող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող օրենսդրության համաձայն:

3. Հայցվող մաքսային ծառայությունը կարող է հայցող Պայմանավորվող կողմի պաշտոնյաներին թույլատրել ներկա գտնվել այդ հետաքննությանը:

4. Պայմանավորվող կողմերից մեկի մաքսային ծառայության ներկայացուցիչները սույն Համաձայնագրին համապատասխան մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում ներկա գտնվելու ընթացքում պետք է ցանկացած ժամանակ կարողանան ներկայացնել ապացույցներ իրենց պաշտոնական լիազորությունների վերաբերյալ: Նրանք չպետք է կրեն ո՛չ համազգեստ, ո՛չ հրազեն:

5. Ներկա գտնվելու ընթացքում նրանք պետք է օգտվեն այն նույն պաշտպանությունից, ինչ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայողները` իրենց գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, և պետք է պատասխանատու լինեն ծառայությունից դուրս կատարած ցանկացած իրավախախտման համար:

 

ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԵՎ ՎԿԱՆԵՐԸ

 

Հոդված 14

 

1. Հայցվող Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը կարող է հարցման դեպքում լիազորել իր պաշտոնատար անձանց` հանդես գալու համար որպես փորձագետներ կամ վկաներ դատարանում կամ վարչական ընթացակարգերում, որոնք վերաբերում են հայցող Պայմանավորվող կողմի տարածքում մաքսային օրենսդրության խախտումներին, և ներկայացնելու քննության ընթացքում պահանջվող առարկաներ, փաստեր և այլ փաստաթղթեր կամ վերջիններիս հաստատված պատճենները: Այդպիսի պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն իրենց պարտականությունների կատարման ընթացքում իրենց կողմից հայտնաբերված փաստերի վերաբերյալ ապացույցներ: Ներկա գտնվելու հարցման մեջ պետք է հստակ նշվի, թե ո՛ր գործով և ի՛նչ լիազորություններով պետք է ներկայանա պաշտոնատար անձը:

2. Պաշտոնատար այն անձը, որին խնդրել են ներկայանալ որպես վկա կամ փորձագետ, իրավունք ունի մերժելու վկայություն, հայտարարություն կամ խորհրդատվություն տալը, եթե նա լիազորված կամ պարտավորված է այդպես անել իր պետության կամ հայցող Պայմանավորվող կողմի պետության օրենսդրության համաձայն:

3. Մաքսային պաշտոնյաներին որպես փորձագետ կամ վկա հրավիրելը պետք է կատարվի հայցող Պայմանավորվող կողմի պետության գործող օրենսդրության համաձայն:

4. Հայցող Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները` իր տարածքում գտնվելու ընթացքում մաքսային պաշտոնյաների անձնական անվտանգությունը և վկայությունների գաղտնիությունը լիարժեքորեն ապահովելու համար:

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

Հոդված 15

 

1. Սույն Համաձայնագրով ցուցաբերվող օգնության շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է օգտագործվի միմիայն սույն Համաձայնագրի նպատակների համար և մաքսային ծառայությունների կողմից:

2. Ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել սույն Համաձայնագրում չնշված նպատակների համար, եթե չկա այդ տեղեկատվությունը տրամադրող մաքսային ծառայության գրավոր համաձայնությունը: Այս դրույթները կիրառելի չեն թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների հետ կապված իրավախախտումներին վերաբերող տեղեկատվության նկատմամբ: Այդպիսի տեղեկատվությունը կարող է անմիջականորեն հաղորդվել այլ պետական մարմիններին, որոնք ներգրավված են թմրամիջոցների ապօրինի փոխադրման դեմ պայքարում:

3. Այնուամենայնիվ, Եվրոպական միության անդամակցության հիմնական պայմաններից բխող պարտավորություններին համապատասխան` 2-րդ կետում նշված դրույթները չեն արգելում, որ տեղեկատվությունը անհրաժեշտության դեպքում կարող է փոխանցվել Եվրոպական հանձնաժողովին և Եվրոպական միության մյուս անդամ պետություններին:

4. Սույն Համաձայնագրի համաձայն հաղորդված ցանկացած տեղեկատվություն, անկախ դրա ձևից, պետք է լինի գաղտնի: Այն պետք է պարտադիր պահպանվի պաշտոնական գաղտնիությամբ և պետք է պաշտպանվի այնպես, ինչպես պաշտպանվում է նմանատիպ տեղեկատվությունը ստացող Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող ազգային օրենսդրությամբ:

 

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 16

 

1. Անձնական տվյալների` սույն Համաձայնագրի համաձայն փոխանակման դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն տվյալների պաշտպանության չափանիշները, որոնք հավասար են առնվազն համապատասխան ազգային օրենսդրական դրույթների և կանոնակարգերի կիրարկումից բխող պաշտպանության մակարդակին:

2. Անձնական տվյալները պետք է տրամադրվեն միայն մաքսային ծառայությանը: Անձնական տվյալների տրամադրումը որևէ այլ մարմնի կարող է կատարվել միայն տվյալ տեղեկատվությունը տրամադրող մաքսային ծառայության համաձայնությունը նախապես ստանալուց հետո:

3. Հարցման հիման վրա անձնական տվյալներ ստացած մաքսային ծառայությունը պետք է տեղեկացնի տվյալներ տրամադրած մաքսային ծառայությանը դրանց օգտագործման և ստացված արդյունքների մասին:

4. Մաքսային ծառայությունները պետք է ձեռնարկեն անվտանգության անհրաժեշտ միջոցներ` սույն Համաձայնագրով փոխանակված անձնական տվյալները չարտոնված օգտագործումից, փոփոխելուց կամ տարածումից պաշտպանելու համար:

 

ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄՆԵՐԻ ՁԵՎԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 17

 

1. Սույն Համաձայնագրին համապատասխան հարցումները կատարվում են գրավոր: Այդպիսի հարցումների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղեկցեն հարցմանը: Անհրաժեշտության դեպքում անհետաձգելի իրավիճակներում կարող են ընդունվել բանավոր հարցումներ, որոնք, սակայն, պետք է անհապաղ հաստատվեն գրավոր:

2. Սույն հոդվածի 1-ին կետի համաձայն կատարված հարցումները պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը.

ա) հայցող մաքսային ծառայության անվանումը.

բ) հայցվող միջոցառումը.

գ) հարցման նպատակը և պատճառը.

դ) օրենսդրությունը և ներառված այլ իրավական տարրերը.

ե) հնարավորինս ճշգրիտ և սպառիչ տվյալներ հետաքննության առարկա հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց վերաբերյալ.

զ) համապատասխան փաստերի համառոտ նկարագրությունը` բացառությամբ սույն Համաձայնագրի 14-րդ հոդվածով նախատեսված դեպքերի.

է) հայցվող օգնության և դրան առնչվող հարցի միջև կապը:

3. Հարցումները պետք է ներկայացվեն անգլերենով:

4. Եթե հարցումը չի համապատասխանում պաշտոնական պահանջներին, ապա կարող է պահանջվել, որ դա ուղղվի կամ բերվի ավարտուն տեսքի: Դա չպետք է ազդի դրա հետ կապված կանխարգելիչ միջոցների ձեռնարկման վրա:

5. Հարցումների պատասխանները պետք է ներկայացվեն անգլերենով:

6. Սույն Համաձայնագրի մեջ նշված տեղեկատվությունը պետք է փոխանցվի այն պաշտոնատար անձանց, որոնք յուրաքանչյուր մաքսային ծառայության կողմից հատուկ նշանակված են այդ նպատակների համար: Այդ նպատակի համար նշանակված պաշտոնատար անձանց ցուցակը փոխանակվում և թարմացվում է Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների կողմից` սույն Համաձայնագրի 20-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան:

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏՈՒՄԸ

 

Հոդված 18

 

1. Եթե հայցվող մաքսային ծառայությունը համարում է, որ հայցվող օգնությունը կարող է վնաս հասցնել հայցվող Պայմանավորվող կողմի պետության ինքնիշխանությանը, հասարակական կարգին, անվտանգությանը կամ որևէ այլ հիմնարար ազգային շահին կամ կարող է իր մեջ պարունակել ցանկացած առևտրային կամ մասնագիտական, ինչպես նաև պետական կամ պաշտոնական գաղտնիքի խախտում այդ Պայմանավորվող կողմի պետության տարածքում, նա կարող է մերժել այդ օգնության ցուցաբերումը, ցուցաբերել այն մասամբ կամ որոշակի պայմանների կամ պահանջների ներկայացմամբ:

2. Եթե օգնության հարցումը չի կարող բավարարվել, հայցող մաքսային ծառայությունը պետք է անհապաղ ծանուցվի և տեղեկացվի օգնություն տրամադրելու մերժման պատճառների մասին:

3. Հայցվող մաքսային ծառայության կողմից օգնության տրամադրումը կարող է հետաձգվել այն դեպքերում, եթե դրա կատարումը կխոչընդոտի ընթացքի մեջ գտնվող հետաքննությունը, հետապնդումը կամ դատավարությունը: Այդ դեպքում հայցվող մաքսային ծառայությունը պետք է խորհրդակցի հայցող մաքսային ծառայության հետ` որոշելու համար, թե արդյոք օգնությունը կարող է ցուցաբերվել հայցվող մաքսային ծառայության կողմից նախանշված ժամկետներում և պայմաններով: Երբ օգնությունը հետաձգվում է, պետք է ներկայացվեն հետաձգման պատճառները:

 

ԾԱԽՍԵՐԸ

 

Հոդված 19

 

1. Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները չպետք է պահանջեն սույն Համաձայնագրի կատարման ընթացքում ծագած ծախսերի հատուցում` բացառությամբ պետական ծառայող չհանդիսացող փորձագետներին, վկաներին, բանավոր և գրավոր թարգմանիչներին վճարվող ծախսերից:

2. Եթե հարցման կատարման համար պահանջվում են կամ կպահանջվեն զգալի չափերի և ոչ սովորական բնույթի ծախսեր, ապա Պայմանավորվող կողմերը պետք է խորհրդակցեն` որոշելու համար ժամկետները և այն պայմանները, որոնցով հարցումը կկատարվի, ինչպես նաև` այն եղանակը, որով կծածկվեն ծախսերը:

 

ԿԻՐԱՐԿՈՒՄԸ

 

Հոդված 20

 

1. Սույն Համաձայնագրի կիրարկումն անմիջականորեն կվերապահվի Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայություններին: Այդ մաքսային ծառայությունները փոխադարձ համաձայնության կգան սույն Համաձայնագրի դրույթների կիրարկման միջոցների մանրամասների վերաբերյալ:

2. Սույն Համաձայնագրի շրջանակի մեջ մտնող հարցերի կարգավորման նպատակով Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայություններն իրենց հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից փորձագետների օգնությամբ կստեղծեն համատեղ հանձնաժողով, որի նիստերը հաջորդաբար կգումարվեն Պայմանավորվող կողմերի պետություններում:

Համատեղ հանձնաժողովը կգործի իր կողմից հաստատված կանոնակարգին համապատասխան:

3. Սույն Համաձայնագրի կիրարկման ընթացքում վեճեր առաջանալու դեպքում դրանք կլուծվեն դիվանագիտական ուղիներով կամ խորհրդակցությունների միջոցով:

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 21

 

Սույն Համաձայնագիրը պետք է կիրառվի երկու Պայմանավորվող կողմերի պետությունների մաքսային տարածքներում:

 

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 22

 

Պայմանավորվող կողմերը համաձայնում են բանակցել սույն Համաձայնագիրը վերանայելու նպատակով` Պայմանավորվող կողմերից մեկի հարցման դեպքում կամ Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հնգամյա ժամկետի վերջում, եթե նրանք միմյանց գրավոր չեն ծանուցում այդպիսի վերանայման անհրաժեշտության բացակայության մասին:

Սույն Համաձայնագրում կատարվող փոփոխություններն ու լրացումները կձևակերպվեն առանձին արձանագրություններով, որոնք ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերին համապատասխան և կհանդիսանան դրա անբաժանելի մասը:

 

Հոդված 23

 

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրորդ ծանուցումն ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Դրա գործողությունը կարող է դադարեցվել ցանկացած ժամանակ` Պայմանավորվող կողմերից մեկի կողմից դիվանագիտական ուղիներով: Սույն Համաձայնագրի գործողության դադարեցումն ուժի մեջ կմտնի այդպիսի ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմից ստանալուց վեց ամիս հետո:

3. Սույն Համաձայնագրի գործողության դադարեցման պահին ընթացքում գտնվող ընթացակարգերը պետք է, այնուամենայնիվ, ավարտին հասցվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

Ի հաստատումն որի` ներքոստորագրյալ ներկայացուցիչները, իրենց համապատասխան Կառավարությունների կողմից այդ նպատակով պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Համաձայնագիրը:

 

Կատարված է Երևան քաղաքում 2009 թվականի մարտի 6-ին, երկու բնօրինակով` հայերեն, իտալերեն և անգլերեն. ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում կգերակայի անգլերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2017թ. փետրվարի 1-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան