Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (08.02.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.08.08/20(433).1
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
10.03.2000
Ստորագրման ամսաթիվ
10.03.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.02.2001

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Երկաթուղային տրանսպորտում հարկման մեխանիզմի մերձեցման գծով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների փոխգործակցության մասին

 

Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական խորհուրդը սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունների հանձնարարությամբ, այսուհետ` Կողմեր,

«Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի Համաձայնագրի, «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» Համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի Արձանագրության, Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) արտահանման և ներմուծման դեպքում անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին 1998 թվականի նոյեմբերի 25-ի Համաձայնագրի և 1994 թվականի հոկտեմբերի 9-ի երկաթուղային տրանսպորտի պետական օժանդակության մասով Համագործակցության մասնակից պետությունների երկաթուղու աշխատանքի բարելավման միջոցների, 1996 թվականի ապրիլի 12-ի՝ երկաթուղային տրանսպորտի պետական օժանդակության ազգային ծրագրերի իրագործման ընթացքի մասին, 1996 թվականի հոկտեմբերի 18-ի ԱՊՀ մասանկից պետությունների երկաթուղային տրանսպորտի բնագավառում համաձայնեցված սակագնային քաղաքականության սահմանման Հայեցակարգի մասին ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի Որոշումների իրագործման ընթացքի մասին 1997 թվականի հոկտեմբերի 9-ի Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների ղեկավարների Խորհրդի իրագործման նպատակով,

գիտակցելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տնտեսությունների գործունեության տրանսպորտային կայուն ապահովման կարևորությունը,

ձգտելով ստեղծել լրացուցիչ տնտեսական պայմաններ երկաթուղային տրանսպորտի աշխատանքի արդյունավետությունը և հուսալիությունը բարձրացնելու համար,

ձգտելով կրճատել երկաթուղային տրանսպորտով տրանսպորտային ծախսերը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջև միջազգային հաղորդակցությունում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունները.

երկաթուղային տրանսպորտ` ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակներից մեկը, որն իրենից ներկայացնում է միասնական արտադրական-տեխնոլոգիական համալիր՝ նրա մեջ մտնող արտադրական և սոցիալական նշանակության ձեռնարկություններով և հաստատություններով,

երկաթուղային տրանսպորտի ձեռնարկություններ` երկաթուղին, ձեռնարկությունները, որոնք իրականացնում են շարժակազմի և բեռնարկղերի վերանորոգումը և արդիականացումը, կապի միջոցներով ապահովումը, տեխնոլոգիական տեղեկատվության, երկաթուղային տրանսպորտի տեխնիկայի, տեխնոլոգիայի և զարգացման բնագավառում գիտական մշակումների հավաքումը և մշակումը,

երկաթուղային տրանսպորտային միջոցներ` երկաթուղային շարժակազմ (բոլոր տեսակի վագոններ, գնացքաքարշեր, շարժիչային տրանսպորտ) և բեռնարկղեր,

օտարացված հողաշերտ` երկաթուղային տրանսպորտի հողերը, որոնք զբաղեցված են երկաթուղու հողաշերտով, երկաթուղային կայարաններով, ջրահեռացման և ամրացնող սարքավորումներով, պաշտպանիչ և ամրացնող անտառաշերտերով, կապուղիներով, էլեկտրամատակարարման, արտադրատեխնիկական և այլ սարքերով, երկաթուղու հողաշերտերի նորմերով սահմանված սահմաններում փոխադրման գործընթացի կազմակերպման և ապահովման հետ կապված սարքավորումներով և օբյեկտներով,

ուղևոր` ֆիզիկական անձ, որն ունի ճամփորդական փաստաթուղթ (տոմս) և ուղևորություն է կատարում երկաթուղային տրանսպորտով ազատ առևտրի գոտու մասնակից պետությունների տարածքներով,

բեռ` իրավաբանական և ֆիզիկական անձանց նյութական արժեքները, որոնք երկաթուղու կողմից սահմանված կարգով ընդունվել են փոխադրման համար և փոխադրվում են բեռների համար նախատեսված վագոններում,

ուղեբեռ` ֆիզիկական անձանց իրերը, որոնք նախատեսված են անձնական (կենցաղային) կարիքների համար և երկաթուղու կողմից սահմանված կարգով ընդունվել են փոխադրման համար և փոխադրվում են առանձին վճարի դիմաց ուղևորատար և բեռնափոստատար գնացքների ուղեբեռային վագոններում մինչև ուղևորի ճամփորդական փաստաթղթում (տոմսում) նշված նշանակման երկաթուղային կայարան,

բեռնաուղեբեռ` ֆիզիկական և իրավաբանական անձանց իրերը, որոնք երկաթուղու կողմից սահմանված կարգով ընդունվել են փոխադրման համար և փոխադրվում են ուղևորատար և բեռնափոստատար գնացքների ուղեբեռային վագոններում,

անուղղակի հարկ` ավելացված արժեքի հարկ և ակցիզ (ակցիզային հարկ կամ ակցիզային գանձում),

զրոյական դրույքաչափ` զրոյական դրույքաչափով ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հարկում, ինչը հարկատուի համար նշանակում է նախկինում այդ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց բյուջեից վճարված ավելացված արժեքի հարկի գումարի հաշվառում կամ փոխհատուցում,

արտահանում` ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դուրս բերում Կողմերի մաքսային տարածքներից առանց ներս կրելու պարտավորության,

ներմուծում` ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ներս կրում Կողմերի մաքսային տարածքներ առանց դուրս բերելու պարտավորության,

ձեռնարկությունների հարկման համաձայնեցված սկզբունքներ` հարկերի և գանձումների հաշվարկման մեթոդոլոգիայի վրա հիմնված հարկման կարգ, որը հանգեցնում է Կողմերի բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հավասար պայմանների ստեղծմանը,

իրավասու մարմիններ` մարմիններ, որոնց Կողմերը նշանակում են երկաթուղային տրանսպորտի ձեռնարկությունների հարկման հետ կապված հարցերի լուծման համար,

միջազգային երկաթուղային հաղորդակցություն` պետությունների միջև բեռների, ուղևորների, ուղեբեռի և բեռնաուղեբեռի երկաթուղային փոխադրումներ,

այլ ծառայություններ ըստ հաղորդակցությունների տեսակների` երկաթուղային տրանսպորտի ձեռնարկությունների կողմից ցուցաբերվող ծառայություններ երրորդ երկրներից (դեպի երրորդ երկրներ) արտահանման, ներմուծման, տարանցման գծով միջազգային փոխադրումներ իրականացնելու դեպքում,

ԱՊՀ երկաթուղու տարանցում` ԱՊՀ մասնակից պետությունների երկաթուղով բեռների փոխադրում, որոնց ուղարկման և նշանակման կայարանները տեղակայված են այդ ճանապարհի սահմաններից դուրս, այսինքն՝ այն բեռների, որոնք տեղափոխվում են առանց տվյալ ճանապարհի կայարաններում բեռնային գործողություններ կատարելու:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերը միջոցներ կիրագործեն հարկերի և պետական տուրքերի գանձման` կապված երկաթուղու օգտագործման և պահպանման, երկաթուղային տրանսպորտային միջոցների տիրապետման և կիրառման հետ, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի ձեռնարկությունների եկամուտներից և շահույթից գանձվող հարկերի և գանձումների համակարգերի ներդաշնակեցման ուղղությամբ, որոնք ստացվում են բեռների, ուղևորների, ուղեբեռի, բեռնաուղեբեռի փոխադրման ծառայություններից և այլ համաձայնեցված միջոցներ, որոնք նպաստում են երկաթուղու ձեռնարկությունների կողմից ցուցաբերվող ծառայությունների արժեքի նվազեցմանը:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կողմերը կմշակեն և կհամաձայնեցնեն երկաթուղային տրանսպորտի ձեռնարկությունների հարկման սկզբունքները և չափերը, որոնք մասնակցում են միջազգային երկաթուղային հաղորդակցությանը, հետևյալ հարկերով.

գույքահարկի,

հողի հարկի, որի վրա տեղադրված են երկաթուղիները օտարացման հողաշերտի սահմաններում,

եկամտահարկի այն մասով, որը երկաթուղու ձեռնարկությունները ուղղում են արտադրական նշանակության կապիտալ ներդրումների ֆինանսավորման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը կհամաձայնեցնեն երկաթուղային տրանսպորտային միջոցների և դրանց պահեստամասերի, ինչպես նաև ուղիների վերին կառույցի նյութերի արտահանման մաքսատուրքերի գանձման սկզբունքները:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը չեն հարկում (սահմանում են զրոյական դրույքաչափ) երկաթուղային տրանսպորտի ծառայության ավելացված արժեքը` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարանցիկ բեռների փոխադրման, ներառյալ առաքման, բեռնման, բեռնաթափման և փոխաբեռնման գծով:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը, հաշվի առնելով ազգային օրենսդրությունների առանձնահատկությունները, կձգտեն վերացնել ավելացված արժեքի հարկը բեռների, ուղևորների, ուղեբեռի, բեռնաուղեբեռի փոխադրումների հաղորդակցությունների տեսակների ցուցաբերման դեպքում:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերը հանձնարարում են Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեին իրենց իրավասու մարմինների հետ համատեղ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում մշակել երկաթուղային տրանսպորտում հարկման մեխանիզմի մերձեցմանն անցնելու և Կողմերի ազգային օրենսդրությունների ու միջազգային հարկային համաձայնագրերի դրույթների հաշվառմամբ հարկման համաձայնեցված սկզբունքների իրագործման կարգի մասին Կանոնակարգի նախագիծ:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սույն Համաձայնագրում Կողմերի ընդհանուր համաձայնությամբ կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված կարգով:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը, կարգավորվում են շահագրգիռ Կողմերի իրավասու մարմինների միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Կողմերը, սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո, տեղեկացնում են Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեին Կողմերի իրավասու մարմինների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից բոլոր անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ 5 տարով, եթե Կողմերը այլ որոշում չկայացնեն:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից‚ այդ մասին‚ դուրս գալուց առնվազն վեց ամիս‚ առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Համաձայնագիրը բաց է դրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 2000 թվականի մարտի 10-ին մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001 թվականի փետրվարի 8-ից: