Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թուրքմենստանի Կառավարության միջև առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնման մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Թուրքմենստանի Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ցանկանալով աջակցել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը,
ձգտելով իրենց պետությունների տնտեսությունների ինտեգրմանը համաշխարհային տնտեսական համակարգին,
ղեկավարվելով միջազգային իրավունքի համընդհանուր նորմերով և սկզբունքներով և Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի ազգային օրենսդրություններով,
համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.
Հոդված 1
Կողմերից յուրաքանչյուրը իր պետության տարածքում կարող է բացել մյուս Կողմի Առևտրական ներկայացուցչություն` իրենց պետությունների ազգային օրենսդրության և միջազգային պայմանագրերի համաձայն:
Հոդված 2
Առևտրական ներկայացուցչությունները մյուս Կողմի պետությունում գործում են իրենց պետության Կառավարության անունից և իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան կարող են գործել իրենց պետության դեսպանությանը կից կամ լինել մյուս Կողմի պետությունում համապատասխան դեսպանության բաղկացուցիչ մաս:
Առևտրական ներկայացուցիչը և նրա տեղակալները, ինչպես նաև Առևտրական ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմը օգտվում են արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների դիվանագիտական և վարչատեխնիկական անձնակազմի վրա տարածվող միջազգային համընդհանուր ակտերով սահմանված արտոնություններից և անձեռնմխելիություններից:
Առևտրական ներկայացուցչության ծառայողական և բնակելի շինությունները, գույքը, արխիվը, փաստաթղթերը և պաշտոնական թղթակցությունը օգտվում են նույն արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք միջազգային իրավունքի համաձայն ճանաչվում են դիվանագիտական ներկայացուցչությունների ծառայողական և բնակելի շինությունների, գույքի, արխիվների, փաստաթղթերի և պաշտոնական թղթակցության համար:
Կողմերի Առևտրական ներկայացուցչությունները չեն ենթարկվում առևտրային գրանցամատյանի կանոններին:
Հոդված 3
Կողմերի Առևտրական ներկայացուցչությունները կկատարեն հետևյալ հիմնական գործառույթները.
- կաջակցեն Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը,
- կներկայացնեն իրենց պետության շահերը նստավայր պետությունում` երկու երկրների միջև առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում,
- կտեղեկացնեն իրենց երկրի պետական մարմիններին նստավայր երկրի տնտեսական պայմանների, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև կհաղորդեն այդպիսի տեղեկատվություն իր երկրի վերաբերյալ նստավայր երկրի շահագրգիռ մարմիններին,
- կաջակցեն իրենց երկրների տնտեսվարող սուբյեկտներին նստավայր երկրի տնտեսվարող սուբյեկտների հետ առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացմանը և միմյանց միջև կապերի ստեղծմանը:
Հոդված 4
Առևտրական ներկայացուցչությունների հիմնադրումը չի առնչվում Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միմյանց միջև անմիջական հարաբերությունների պահպանելու իրավունքներին, մասնավորապես առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության իրականացման գործարքների կնքման և կատարման նպատակով:
Առևտրական ներկայացուցչությունները պատասխանատվություն չեն կրում Կողմերի պետությունների տնտեսվարող սուբյեկտների պարտավորությունների համար, այնպես, ինչպես Կողմերի պետությունների տնտեսվարող սուբյեկտները պատասխանատվություն չեն կրում Առևտրային ներկայացուցչությունների պարտավորությունների համար:
Հոդված 5
Յուրաքանչյուր Կողմ ֆինանսավորում է իր Առևտրական ներկայացուցչության գործունեության հետ կապված ծախսերը իր պետության գործող օրենսդրության համաձայն:
Հոդված 6
Առևտրական ներկայացուցչությունները կարող են Կողմերի պետությունների քաղաքացիներին վարձել որպես աշխատողներ և վարձատրել նրանց Կողմերի պետությունների օրենսդրությունների համաձայն:
Ընդ որում, Առևտրական ներկայացուցչությունը ապահովում է նստավայր երկրում գործող օրենսդրությամբ նախատեսված սոցիալական երաշխիքների նվազագույն մակարդակը:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ իրականացման հետ կապված վիճելի հարցերը Կողմերի միջև կլուծվեն բանակցությունների և խորհրդատվությունների միջոցով:
Հոդված 8
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 9-րդ Հոդվածով նախատեսված կարգով:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին Կողմերի վերջին ծանուցագրի ստացման օրվանից:
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած պահի դադարեցնել դրա գործողությունը` այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Համաձայնագիրը դադարում է գործել նման ծանուցումն ստանալուց վեց ամիս հետո:
Կատարված է Աշխաբադ քաղաքում, 2014 թվականի ապրիլի «8»-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում, բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների առաջացման դեպքում հիմք կընդունվի ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. հունիսի 27-ին