Գլխավոր տեղեկություն
Համար
N 1918-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.09.2010-01.03.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.12.17/55.1 Հոդ.1303.8
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
16.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
16 դեկտեմբերի 2002 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2002 թվականի N 1918-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ ու 3-րդ կետերը և 11-րդ հոդվածի 1-ին կետը, ինչպես նաև «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համակարգը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2002 թ. դեկտեմբերի 9
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ


I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը (այսուհետ` պետական ռեգիստր) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Պետական ռեգիստրը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Պետական ռեգիստրը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին և այլ իրավական ակտերին ու սույն կանոնադրությանը համապատասխան:

3. Պետական ռեգիստրի կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ:

4. Պետական ռեգիստրի լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

5. Պետական ռեգիստրն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 27.09.07 N 1112-Ն)

6. Պետական ռեգիստրն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

7. Պետական ռեգիստրն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմեր, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

8. Պետական ռեգիստրի նպատակները և խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող իրավաբանական անձանց՝ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, ֆոնդային բորսաների, ինչպես նաև ապահովագրական ընկերությունների, և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների ու հիմնարկների հաշվառման, ինչպես նաև սահմանված կարգով զանգվածային լրատվության միջոցների հաշվառման գործառույթների ապահովումը.

բ) պետական միասնական, պետական և իրավաբանական անձանց մասնակիցների պետական գրանցամատյանների վարումը, ավտոմատացված տեղեկատվական բազայի ձևավորումը.

գ) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

դ) հրապարակային ծանուցման նպատակով հայտարարությունների ընդունումը և փոխանցումը:

(8-րդ կետը խմբ., լրաց. 02.11.06 N 1553-Ն,փոփ., լրաց. 27.09.07 N 1112-Ն, փոփ. 05.08.10 N 1043-Ն)

 

III. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Պետական ռեգիստրի համակարգը կազմված է կառուցվածքային ստորաբաժանումներից և տարածքային մարմիններից:

Պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումները բաժիններ են, որոնք կազմում են պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը (այսուհետ` կենտրոնական մարմին), իսկ տարածքային մարմինները` պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում հանդիսացող բաժիններ են (այսուհետ` տարածքային բաժին):

10. Պետական ռեգիստրն իր նպատակների և խնդիրների իրականացման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գործառույթներն իրականացնում է կենտրոնական մարմնի ու տարածքային բաժինների միջոցով:

11. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմինը`

ա) կազմակերպում է պետական գրանցման գործընթացը.

բ) հսկողություն է իրականացնում տարածքային բաժինների գործունեության նկատմամբ, որի ընթացակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.

գ) իրականացնում է հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցումը, դրանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների հաշվառումը.

դ) իրականացնում է իրավաբանական անձանց վերակազմակերպմամբ (բացառությամբ վերակազմավորման դեպքերի) պայմանավորված պետական գրանցումները.

ե) իրականացնում է սույն կետի «գ» ենթակետում նշված գործունեությունը դադարեցրած իրավաբանական անձանց պետական գրանցման վկայականների, նրանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների հաշվառման վկայականների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցների պետական գրանցման վկայականների ոչնչացումը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լրատվության միջոցներով տեղեկություններ է հրապարակում իրավաբանական անձանց գրանցման և լուծարման մասին.

է) իրականացնում է հասարակական միավորումների, հիմնադրամների, ինչպես նաև ոչ առևտրային կազմակերպությունների միությունների պետական գրանցամատյանի և իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի վարումը.

ը) օրենքով սահմանված դեպքերում վարում է առևտրային կազմակերպությունների մասնակիցների ռեեստրը.

թ) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

ժ) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

ժ1) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

ժ2) իրականացնում է անվճարունակ կազմակերպությունների գրանցամատյանի վարումը.

ժա) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

ժբ) (ենթակետն ուժը կորցրել է 05.08.10 N 1043-Ն)

ժգ) սահմանված կարգով վարում է փաստաթղթերի ընդունման մատյանները.

ժդ) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական և պետական միասնական գրանցամատյաններից.

ժդ.1. ընդունում և փոխանցում է հայտարարության տեքստը.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

(11-րդ կետը փոփ., խմբ., լրաց. 02.11.06 N 1553-Ն, լրաց. 27.09.07 N 1112-Ն, լրաց., փոփ. 05.08.10 N 1043-Ն)

12. Պետական ռեգիստրի տարածքային բաժինն օրենքով սահմանված կարգով իրականացնում է տվյալ տարածքում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումը (բացառությամբ սույն կանոնադրության 11-րդ կետի «գ» և «դ» ենթակետերում նշված գրանցումների): Պետական ռեգիստրի տարածքային բաժինն իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

Պետական ռեգիստրի տարածքային բաժինն իրականացնում է սույն կետի առաջին մասում նշված, սակայն գործունեությունը դադարեցրած անձանց պետական գրանցման վկայականների ոչնչացումը:

Պետական ռեգիստրի տարածքային բաժինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, դրոշմեր, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Պետական ռեգիստրը կառավարում է նախարարը: Պետական ռեգիստրի անմիջական ղեկավարումն իրականացնում է պետական ռեգիստրի ղեկավարը (գործակալության պետը), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` օրենքով սահմանված կարգով:

Իր գործունեության ընթացքում պետական ռեգիստրի ղեկավարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության ու սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

(13-րդ կետը փոփ. 27.09.07 N 1112-Ն)

14. Պետական ռեգիստրի ղեկավարը պատասխանատու է իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

15. Պետական ռեգիստրի ղեկավարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, պետական ռեգիստրի գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

16. Պետական ռեգիստրի ղեկավարը`

ա) ղեկավարում է պետական ռեգիստրի ընթացիկ գործունեությունը և պատասխանատու է պետական ռեգիստրի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

բ) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և պետական ռեգիստրի անունից, ինչպես նաև տալիս է պետական ռեգիստրի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ պետական ռեգիստրի աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն պետական ռեգիստրի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների իրավասությունները.

ը) լսում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

թ) իրականացնում է վերահսկողություն պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ պետական ռեգիստրի կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև պետական ռեգիստրի խորհրդակցական մարմինների ստեղծման մասին.

ժա) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժբ) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման վկայականները.

ժգ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

17. Պետական ռեգիստրի ղեկավարի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պետական ռեգիստրի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

18. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի բաժնի պետը`

ա) կազմակերպում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի համապատասխան բաժնի աշխատանքները.

բ) կազմակերպում է փաստաթղթերի ընդունման մատյանների վարումը.

գ) կատարում է պետական ռեգիստրի ղեկավարի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները և գրավոր ցուցումները.

դ) պատասխանատվություն է կրում համապատասխան բաժնի խնդիրների իրականացման համար:

19. Պետական ռեգիստրի տարածքային բաժնի պետը`

ա) կազմակերպում է համապատասխան տարածքային բաժնի աշխատանքները.

բ) հսկողություն է իրականացնում տարածքային բաժնի աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, նրանց կողմից պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան կատարման նկատմամբ.

գ) կատարում է պետական ռեգիստրի ղեկավարի` իր իրավասության սահմաններում տրված հանձնարարականները և գրավոր ցուցումները.

դ) օրենքով սահմանված դեպքերում ստորագրում և կնքում է պետական գրանցման վկայականները.

ե) սահմանված կարգով վարում է տվյալ տարածքում գրանցված իրավաբանական անձանց պետական գրանցամատյանը, որը հանդիսանում է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի մասը.

զ) կազմակերպում է փաստաթղթերի ընդունման մատյանների վարումը.

է) նոր գրանցվող (ստեղծվող) առևտրային կազմակերպությունների պահանջով տրամադրում է գրանցման (ստեղծման) համար անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևեր.

ը) պետական գրանցամատյանի տեղեկությունները ոչ ուշ, քան յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ սահմանված կարգով ներկայացնում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի համապատասխան բաժին.

թ) սահմանված կարգով տրամադրում է տեղեկություններ պետական միասնական և իրավաբանական անձանց մասնակիցների գրանցամատյաններից.

ժ) կրում է պատասխանատվություն տարածքային բաժնի խնդիրների և գործառույթների իրականացման համար:

(19-րդ կետը փոփ. 05.08.10 N 1043-Ն)

20. Պետական գրանցման (հաշվառման) վկայականները ոչնչացնելու նպատակով պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում ստեղծվում է 3 անդամից բաղկացած հանձնաժողով: Հանձնաժողովի անդամները և նախագահը նշանակվում են նախարարի կողմից: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամներից կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ:

Պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումն առանձնացնում է վկայականի սերիան ու համարը կրող մասը, այն կցում է պետական գրանցման քարտին և ոչ ուշ, քան յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ հաշվետվություն է ներկայացնում սույն կետում նշված հանձնաժողովին` կցելով համապատասխան գրանցման քարտը` վկայականի նշված առանձնացված մասով: Հանձնաժողովն ուսումնասիրում է ոչնչացված վկայականների վերաբերյալ ստացված նյութերը` դրանք համադրելով պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններին:

Հանձնաժողովն ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը կազմում է արձանագրություն, որն ստորագրում են հանձնաժողովի անդամները և պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանման պետը: Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի և պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների միջև անհամապատասխանություն հայտնաբերելիս անհապաղ զեկուցում է պետական ռեգիստրի ղեկավարին: Արձանագրությունն ստորագրվելուց հետո բոլոր փաստաթղթերը վերադարձվում են համապատասխան ստորաբաժանում` հետագա պահպանության համար:

 

V. ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

21. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով պետական ռեգիստրին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

22. Պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի և տարածքային բաժինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

23. Պետական ռեգիստրի գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 28-ի N 1918-Ն որոշման


Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Գրանցման աշխատանքների կազմակերպման բաժին

Հաuարակական միավորումների, ոչ առևտրային իրավաբանական անձանց միությունների գրանցման և զանգվածային լրատվության միջոցների հաշվառման բաժին

Ինֆորմացիայի մշակման բաժին

 

II. Տարածքային մարմիններ

 

Պետական ռեգիստրի Շենգավիթի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Էրեբունու տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Կենտրոնի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Նորք-Մարաշի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Մաշտոցի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Արաբկիրի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Նոր Նորքի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Անիի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Աշոցքի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Աշտարակի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Ապարանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Արագածի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Արարատի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Արթիկի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Արմավիրի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Արտաշատի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Ախուրյանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Ամասիայի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Բաղրամյանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Գավառի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Գյումրու տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Գորիսի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Գուգարքի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Դիլիջանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Եղեգնաձորի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Վաղարշապատի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Թալինի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Թումանյանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Իջևանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Կապանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Կոտայքի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Ճամբարակի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Հրազդանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Չարենցավանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Մասիսի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Մարտունու տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Մեղրու տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Նաիրիի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Սևանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Սիսիանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Սպիտակի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Ստեփանավանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Վայքի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Վանաձորի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Նոյեմբերյանի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Վարդենիսի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Տաշիրի տարածքային բաժին

Պետական ռեգիստրի Տավուշի տարածքային բաժին

(Կառուցվածքը խմբ. 02.11.06 N 1553-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան