Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (07.03.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2013.04.26/15(23)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
29.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2013

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը և Թուրքմենստանի գյուղատնտեսության նախարարությունը (այսուհետ` Կողմեր),

ուշադրություն դարձնելով Կողմերի` շուկայական հարաբերությունների պայմաններում գյուղատնտեսության ոլորտում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու և խորացնելու ձգտմանը,

հաշվի առնելով ձևավորված կապերի ակունքները և ձգտելով խրախուսել գիտական և տեխնիկական համագործակցության հետագա զարգացումները գյուղատնտեսության ոլորտում,

 

 համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հոդված 1

 

Հայաստանի Հանրապետության և Թուրքմենստանի օրենսդրությանը համապատասխան` Կողմերը գյուղատնտեսության բնագավառում կիրականացնեն փոխշահավետ համագործակցություն, ինչպես նաև կնպաստեն երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև շփումների առավել զարգացմանն ու խորացմանը:

 

Հոդված 2

 

Կողմերը կնպաստեն փոխշահավետ համագործակցության զարգացմանը հետևյալ հիմնական ուղղություններով.

1. բուսաբուծություն` ներառյալ գյուղատնտեսական մշակաբույսերի սերմնաբուծությունը,

2. փոխգործակցություն գյուղատնտեսական գիտության և առաջադեմ տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացում և փորձի փոխանակում,

3. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ կարող են ընդգրկվել երկու երկրների համագործակցության այլ գերակա ուղղություններ նույնպես:

 

Հոդված 3

 

Համագործակցությունը սույն Համաձայնագրի շրջանակներում կիրականացվի հետևյալ ձևերով.

1. գիտատեխնիկական տեղեկատվության, գիտական հետազոտությունների արդյունքների փոխանակում,

2. գիտաշխատողների և մասնագետների կարճաժամկետ այցելություններ,

3. գիտական, մեթոդաբանական հրատարակությունների և ծրագրերի փոխանակում,

4. մասնակցություն գիտական հանդիպումներին, համաժողովներին և սեմինարներին,

5. Կողմերի միջև փոխադարձ համաձայնությամբ կարող են կիրառվել նաև համագործակցության այլ ձևեր:

 

Հոդված 4

 

Համագործակցության ոլորտները կներառեն.

դաշտային, մասնավորապես՝ հացահատիկային մշակաբույսերի հետազոտություններ,

հետազոտություններ այգեգործության և խաղողագործության ոլորտում,

հետազոտություններ հողագործության և հողօգտագործման, ինչպես նաև հողային ռեսուրսների պահպանման ոլորտներում:

 

Հոդված 5

 

1. Համատեղ հետազոտությունների արդյունքները հավասարապես պետք է հաշվի առնեն երկու Կողմերի մտավոր սեփականության իրավունքները: Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է չհրապարակել այդ արդյունքները երրորդ կողմի և չհրատարակել համագործակցության ընթացքում ի հայտ եկած գիտական, տեխնիկական, տնտեսական և այլ տեսակի տեղեկատվություն` առանց մյուս Կողմի նախնական գրավոր համաձայնության:

2. Մտավոր սեփականության հետ կապված բոլոր վիճելի հարցերը Կողմերը պարտավորվում են լուծել Կողմերի պետությունների օրենսդրություններին համապատասխան:

 

Հոդված 6

 

Սույն Համաձայնագրի արդյունավետ իրականացման նպատակով Կողմերը երկու նախարարությունների լիազոր ներկայացուցիչների մակարդակով, ըստ անհրաժեշտության, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանցկացնեն հանդիպումներ` խորհրդակցության, համագործակցության գերակա ուղղությունները որոշելու, համատեղ ծրագրերի և հետազոտությունների իրականացման համակարգման նպատակով:

 

Հոդված 7

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրարկման հետ կապված բոլոր վիճելի հարցերը կլուծվեն Կողմերի միջև՝ բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ սույն Համաձայնագրում առանձին արձանագրություններով կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի շրջանակներում, Կողմերի փոխադարձ համաձայնությամբ, կոնկրետ նախագծերի համար կարող են կնքվել պայմանագրեր, համաձայնագրեր, արձանագրություններ, որոնց համար հիմք կծառայի սույն Համաձայնագիրը:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, եթե Կողմերից որևէ մեկը համապատասխան ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չծանուցի սույն Համաձայնագիրը դադարեցնելու իր մտադրության մասին:

 

Համաձայնագրի գործողության դադարեցումը չի ազդի ընթացիկ համաձայնությունների, պայմանագրերի և նախագծերի շարունակման վրա, որոնք կնքվել են Համաձայնագրին համապատասխան և չեն ավարտվել մինչև դադարեցման պահը:

 

Կատարված է ք. Երևանում 2012 թվականի նոյեմբերի 29-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, որոնցից յուրաքանչյուրն ունի նույն ուժը:

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ընթացքում տարաձայնություն առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի ռուսերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013 թ. մարտի 7-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան