Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.12.30/4(34)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2015
Ստորագրման ամսաթիվ
25.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2015

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարությունը (այսուհետ` Կողմեր),

 

ցանկանալով հաստատել ավելի սերտ համագործակցություն զբոսաշրջության բնագավառում և

 

կարևորելով զբոսաշրջությունը` որպես երկու երկրների պատմությունը, մշակութային ժառանգությունը, ժողովուրդների կենցաղն ու ապրելակերպը ճանաչելու գործուն միջոց, ինչպես նաև որպես ժողովուրդների միջև բարի կամքի դրսևորման ձև,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Կողմերը համաձայնում են համագործակցել զբոսաշրջության բնագավառում` ըստ սույն Համաձայնագրի, իրենց երկրների օրենսդրության և միջազգային համաձայնագրերի, որոնք պարտադիր են երկու Կողմերի համար:

Կողմերը կհամագործակցեն երկու երկրների միջև զբոսաշրջության (այդ թվում` կազմակերպված զբոսաշրջության) զարգացման և այդ նպատակով երկու երկրների համապատասխան պետական և մասնավոր հատվածների շահագրգիռ կողմերի միջև համագործակցության ապահովման ու տարբեր զբոսաշրջային ծրագրերի շրջանակներում համատեղ զբոսաշրջային արտադրանքի ձևավորման և տարբեր զբոսաշրջային նախագծերի շրջանակներում երրորդ երկրներում դրանց խթանման ուղղությամբ:

 

Հոդված 2

 

Կողմերը փոխադարձաբար կնպաստեն երկու երկրների զբոսաշրջության բնագավառի վիճակագրության և այլ տեղեկատվության, ներառյալ զբոսաշրջային ռեսուրսների մասին տեղեկատվության փոխանակմանը:

 

Հոդված 3

 

Կողմերը կխրախուսեն փոխադարձ մասնակցությունը երկու երկրներում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համաժողովներին, սեմինարներին և այլ միջազգային զբոսաշրջային միջոցառումներին:

 

Հոդված 4

 

Կողմերը կաջակցեն իրենց պետություններում զբոսաշրջության բնագավառում գործող զբոսաշրջային ներկայացուցչությունների, զբոսաշրջային օպերատորների, այլ կազմակերպությունների համագործակցությանը` երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի ավելացման նպատակով:

 

Հոդված 5

 

Կողմերը, իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, կձգտեն դյուրացնել երկու երկրների միջև զբոսաշրջության նպատակով ժամանումների ընթացակարգերը:

 

Հոդված 6

 

Կողմերը պարտավորվում են զարգացնել փոխադարձ համագործակցությունը հետևյալ բնագավառներում՝ կադրերի մասնագիտական դասընթացներ և վերապատրաստում, զբոսաշրջության բնագավառի մասնագետների, փորձագետների և լրագրողների փոխանակում:

 

Հոդված 7

 

Կողմերը զբոսաշրջության ոլորտը կարգավորող իրենց պետական իրավասու մարմինների միջոցով կաջակցեն զբոսաշրջության ոլորտում ներդրողների, տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառի հասարակական և ոչ առևտրային այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը:

 

Հոդված 8

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար հայկական կողմից պատասխանատու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, իսկ չինական կողմից` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության զբոսաշրջության պետական վարչությունը:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի իրականացմանն առնչվող հարցերը կարգավորելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Կողմերը յուրաքանչյուր երկրի հավասար թվով լիազոր ներկայացուցիչներից կստեղծեն համատեղ հանձնաժողով: Հանձնաժողովի հանդիպումները, ըստ անհրաժեշտության, տեղի կունենան տարեկան մեկ անգամ` Երևանում կամ Պեկինում:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված տարաձայնությունների դեպքում Կողմերը դրանք կլուծեն խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

 

Հոդված 11

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և նրանց փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով, ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով և կհանդիսանան Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի` անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է անորոշ ժամկետով և կարող է դադարել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին ծանուցելու օրվանից վեց ամիս հետո:

 

Կատարված է Պեկին քաղաքում 2015 թվականի մարտի 25-ին, երկու հավասարազոր բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և անգլերեն: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. դեկտեմբերի 12-ին