Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.11.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.12.30/4(34)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
25.03.2015
Ստորագրման ամսաթիվ
25.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2015

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարության միջև կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման մասին

 

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր, ցանկանալով նպաստել կրթության բնագավառում երկկողմ համագործակցության զարգացմանը, կրթության և գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձաբար ճանաչման իրականացման նպատակով, համաձայնության եկան ներքոնշյալի վերաբերյալ.

 

Հոդված 1

 

Սույն Համաձայնագրի համաձայն` Կողմերը ճանաչում են ինչպես Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կրթության կառավարման ազգային գերատեսչությունների կողմից հաստատված կրթական հաստատությունների կողմից տրվող փաստաթղթերը՝ բացառությամբ կրթության վերաբերյալ այն փաստաթղթերի, որոնք Կողմերի տարածքում տրվում են երրորդ կողմի կողմից:

 

Հոդված 2

 

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գիտական աստիճանների կառուցվածքը:

ՉԺՀ Պետխորհրդին առընթեր Որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված կանոնադրության համաձայն` Չինաստանում որակավորումը դասակարգվում է` բակալավրի գիտական աստիճան, մագիստրոսի գիտական աստիճան և դոկտորի գիտական աստիճան:

1) Բակալավրի գիտական աստիճան

Բուհեր ընդունված անձինք (լրիվ բարձրագույն կրթություն), ավարտելով քառամյա ուսումնական ծրագիրը, ստանում են բարձրագույն կրթության վկայագիր: Բուհի այն շրջանավարտները, որոնց առաջադիմությունը համապատասխանում է բակալավրիատի բոլոր չափանիշներին, իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց բակալավրի գիտական աստիճան շնորհելու մասին:

Բուհեր չընդունված դիմորդները կարող են շարունակել իրենց կրթությունը մեծահասակների համար նախատեսված բարձրագույն ուսումնական հաստատություններում կամ կրթությունը շարունակել դրսեկության ձևով: Ամբողջական ուսումնական ծրագիրն անցնելով՝ ուսանողներն ստանում են բարձրագույն կրթության վկայագիր: Նման հաստատությունների շրջանավարտները, որոնց առաջադիմությունը համապատասխանում է բակալավրիատի բոլոր չափանիշներին, իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց բակալավրի գիտական աստիճան շնորհելու մասին:

2) Մագիստրոսի գիտական աստիճան

Բակալավրի գիտական աստիճան ստացած և մագիստրատուրա (մագիստրոսի գիտական աստիճան շնորհելու իրավասություն ունեցող ուսումնական կամ գիտահետազոտական հաստատություն) ընդունվելու համար ՄՊՔ (միասնական պետական քննություն) հանձնած անձինք կարող են ընդունվել մագիստրատուրա: Այն շրջանավարտները, որոնց առաջադիմությունը ուսումնառության և հետազոտական աշխատանքի երկամյա կամ եռամյա ժամկետի ավարտից հետո համապատասխանում է մագիստրատուրայի բոլոր չափանիշներին, իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց մագիստրոսի գիտական աստիճան շնորհելու մասին:

Բակալավրի գիտական աստիճան ստացած անձինք իրավունք ունեն սովորելու մագիստրատուրայում նաև առանց արտադրությունից կտրվելու, ինչպես նաև իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց մագիստրոսի գիտական աստիճան շնորհելու մասին՝ առաջադիմությամբ մագիստրատուրայի չափանիշներին լիակատար համապատասխանության դեպքում:

3) Դոկտորի գիտական աստիճան

Մագիստրոսի գիտական աստիճան ստացած անձինք, քննություն հանձնելով, կարող են ընդունվել դոկտորանտուրա (դոկտորի գիտական աստիճան շնորհելու իրավասություն ունեցող ուսումնական կամ գիտահետազոտական հաստատություն): Այն դոկտորանտները, որոնց առաջադիմությունը ուսումնառության և հետազոտական աշխատանքի եռամյա (կամ ավել) ժամկետի ավարտից հետո համապատասխանում է դոկտորանտուրայի բոլոր չափանիշներին, իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին:

Մագիստրոսի գիտական աստիճան ստացած անձինք կարող են սովորել դոկտորանտուրայում նաև առանց արտադրությունից կտրվելու, ինչպես նաև իրավունք ունեն դիմում ներկայացնելու համապատասխան հաստատություն իրենց դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին՝ առաջադիմությամբ դոկտորանտուրայի չափանիշներին լիակատար համապատասխանության դեպքում:

Դոկտորի գիտական աստիճան շնորհելու իրավասությամբ օժտված որոշ հաստատություններ դոկտորների պատրաստումը սկսում են բակալավրիատից: Ուսումնառության և հետազոտական աշխատանքի հնգամյա ժամկետի ավարտից հետո բակալավրը ստանում է դոկտորի գիտական աստիճան՝ շրջանցելով մագիստրոսի աստիճանը:

2. ՀՀ գործող օրենսդրության համաձայն` բարձրագույն մասնագիտական կրթությունն ունի հետևյալ աստիճանները.

1. բակալավր՝ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող և առնվազն քառամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերին համապատասխան ատեստավորված անձանց,

2. դիպլոմավորված մասնագետ՝ բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կամ մասնագիտական կրթություն ունեցող անձանց՝ առնվազն հնգամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքների հիման վրա,

3. մագիստրոս` բարձրագույն մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց՝ երկամյա բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքների հիման վրա,

4. 4.1. հետազոտող՝ հետբուհական մասնագիտական կրթության որակավորման աստիճան, որը շնորհվում է մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի աստիճան ունեցող անձանց՝ ասպիրանտուրայում եռամյա հետբուհական մասնագիտական կրթական ծրագրի ատեստավորման արդյունքների հիման վրա,

4.2. գիտությունների թեկնածու` շնորհվում է թեկնածուական մինիմումներ հանձնած և թեկնածուական ատենախոսությունը հրապարակային պաշտպանած` բարձրագույն կրթություն ունեցող անձանց,

5. գիտությունների դոկտորի գիտական աստիճան` շնորհվում է դոկտորական ատենախոսությունը հրապարակային պաշտպանած անձանց: Հայցորդը պետք է ունենա գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

 

Հոդված 3

 

Հայկական Կողմը ճանաչում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տրվող լրիվ միջնակարգ հանրակրթական դպրոցն ավարտելու վկայականը՝ որպես փաստաթուղթ, որն իրավունք է տալիս ընդունվելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 

Հոդված 4

 

Հայկական Կողմը ճանաչում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում տրվող միջին մասնագիտական ուսումնական հաստատությունն ավարտելու մասին վկայականը՝ որպես փաստաթուղթ, որն իրավունք է տալիս ընդունվելու Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 

Հոդված 5

 

Հայկական Կողմը ճանաչում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ գիտահետազոտական հիմնարկությունների կողմից տրվող` բարձրագույն կրթության և գիտական աստիճանների մասին փաստաթղթերը: Տվյալ փաստաթղթերն ստացած անձինք իրավունք ունեն վերապատրաստվելու, կրթությունը շարունակելու և գիտական աստիճան հայցելու Հայաստանի Հանրապետությունում:

 

Հոդված 6

 

Չինական Կողմը ճանաչում է Հայաստանի Հանրապետությունում տրվող միջնակարգ (լրիվ) հանրակրթական կրթություն ստանալու մասին վկայականը՝ որպես փաստաթուղթ, որն իրավունք է տալիս ընդունվելու ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 

Հոդված 7

 

Չինական Կողմը ճանաչում է Հայաստանի Հանրապետությունում տրվող միջին մասնագիտական կրթության մասին վկայականը՝ որպես փաստաթուղթ, որն իրավունք է տալիս ընդունվելու ՉԺՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ:

 

Հոդված 8

 

Չինական Կողմը ճանաչում է Հայաստանի Հանրապետությունում տրվող` բարձրագույն կրթության և գիտական աստիճանների մասին փաստաթղթերը: Տվյալ փաստաթղթերն ստացած անձինք իրավունք ունեն վերապատրաստվելու, կրթությունը շարունակելու և գիտական աստիճան հայցելու ՉԺՀ-ում:

 

Հոդված 9

 

Սույն Համաձայնագրի իրականացման համար Կողմերը փոխանակում են կրթության և գիտական աստիճանների մասին վերոնշյալ փաստաթղթերի օրինակները և համապատասխան կրթական հաստատությունների ցուցակները:

 

Հոդված 10

 

Սույն Համաձայնագրով սահմանված` կրթության մասին փաստաթղթերի ճանաչումը երկու երկրների տարածքներում նշված փաստաթղթերն ունեցողների համար նախատեսում է հավասար իրավունքների տրամադրում ավելի բարձր մակարդակում կրթությունը շարունակելու դեպքում, սակայն նրանց չի ազատում այլ ընդհանուր պահանջների (կրթության մասին համապատասխան փաստաթղթի առկայությանը վերաբերող պայմաններից զատ) կատարումից, որոնք Կողմերի պետությունների տարածքներում ներկայացվում են կրթական հաստատություն ընդունվելու, գիտական աստիճան հայցելու համար:

 

Հոդված 11

 

Կողմերը պետք է միմյանց տեղեկացնեն իրենց կրթական համակարգերում, կրթության և գիտական աստիճանների մասին փաստաթղթերի անվանումներում և դրանք տալու չափանիշներում փոփոխությունների մասին և ջանքեր գործադրեն սույն Համաձայնագրի հետագա լրացման և հստակեցման համար:

 

Հոդված 12

 

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի այն իրավունքներն ու պարտականությունները, որոնք բխում են երրորդ երկրների, երկրների տարածաշրջանային խմբերի և միջազգային կազմակերպությունների հետ Կողմերի յուրաքանչյուրի կնքած գործող պայմանագրերից, արձանագրություններից, համաձայնագրերից և կոնվենցիաներից:

 

Հոդված 13

 

1. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ կամ լրացումներ, որոնք ձևակերպվում են սույն Համաձայնագրի անբաժանելի մաս կազմող և սույն Համաձայնագրով նախատեսված կարգով ուժի մեջ մտնող առանձին արձանագրություններով:

2. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ` Կողմերի ազգային օրենսդրություններով սահմանված ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից:

3. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և գործում է այնքան ժամանակ, քանի դեռ Կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չի ծանուցում մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

4. Սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում դրա դրույթները կշարունակեն կիրառվել նախորդ հոդվածներում նշված այն փաստաթղթերի նկատմամբ, որոնք տրվել են մինչև սույն Համաձայնագրի գործողության դադարեցումը, ինչպես նաև` այն սովորողների ու գիտական աստիճաններ հայցողների նկատմամբ, ովքեր ժամանել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կամ Հայաստանի Հանրապետություն մինչև Համաձայնագրի գործողության դադարեցումը: Կրթության մասին նրանց ստացած փաստաթղթերը կճանաչվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

 

Հոդված 14

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրարկման վերաբերյալ տարաձայնություններ առաջանալու դեպքում բոլոր վեճերը պետք է լուծվեն Կողմերի միջև բանակցությունների միջոցով` առանց երրորդ կողմերի և միջազգային դատական մարմինների մասնակցության:

Կատարված է Պեկին քաղաքում 2015 թ. մարտի 25-ին, երկու օրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում ռուսերեն տեքստը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. նոյեմբերի 12-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան