ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 սեպտեմբերի 2010 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի հուլիսի 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում) ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 21.08.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող Ռ. Պապայանի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Վարկային համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. հուլիսի 23-ին:
2. Համաձայնագրի նպատակն է` Սկզբնական ծրագրին առնչվող միջոցառումների համար (կենսական նշանակության ավտոճանապարհների ցանցի ընտրված հատվածների բարելավում և ավտոճանապարհների կառուցման ոլորտում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծում) լրացուցիչ ֆինանսավորում:
3. Համաձայնագիրը բաղկացած է հինգ հոդվածից և անբաժանելի մաս կազմող երեք առդիրից և հավելվածից, որոնցով սահմանված են Ծրագրի նկարագրությունն ու իրականացման կարգը, մարման ժամանակացույցը և սահմանումները:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● վարկի մայր գումարը վերադարձնել մարման ժամանակացույցի համաձայն,
● հայտարարել Ծրագրի նպատակների հանդեպ իր պարտավորվածության մասին, իրականացնել Ծրագիրը տրանսպորտի և կապի նախարարության միջոցով` փոփոխված Իրականացման ծրագրի, Գործառնական ձեռնարկի դրույթների և Ընդհանուր պայմանների դրույթների համաձայն,
● պահպանել ԾԻԳ-ը (Ծրագրերի իրականացման գործակալություն) և ՀԱՃՏ-ն (Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն) մինչև Ծրագրի ավարտը` Բանկի պահանջները բավարարող աշխատակազմով, միջոցներով և տեխնիկական առաջադրանքներով,
● ապահովել տարեկան բյուջեից համարժեք միջոցների տրամադրումը ճանապարհաշինական ոլորտին` միջպետական և հանրապետական ավտոճանապարհների պահպանման աշխատանքների համար,
● Ծրագիրն իրականացնել Հակակոռուպցիոն ուղեցույցների դրույթների համաձայն,
● իրականացնել Ծրագրի առաջընթացի մոնիտորինգն ու գնահատումը և պատրաստել Ծրագրի վերաբերյալ հաշվետվություններ,
● վարել կամ հանձնարարել վարել ֆինանսական կառավարման համակարգ, ինչպես նաև պատրաստել և յուրաքանչյուր օրացուցային եռամսյակի ավարտից ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո Բանկ ներկայացնել միջանկյալ աուդիտի չենթարկված Ծրագրի ֆինանսական հաշվետվություններ:
Համաձայնագրով սահմանված է նաև այն գործողության մեջ դնելու և դադարեցնելու ընթացակարգերը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 2010 թվականի հուլիսի 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագրում (Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող
Գ. Հարությունյան
10 սեպտեմբերի 2010 թ.
ՍԴՈ-907