Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.20
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ4/0240/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ4/0240/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ծատուրյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Եսայանի, Ալվարդ, Շողեր և Սադաֆ Զորաբյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.12.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Անահիտ Եսայանի, Ալվարդ, Շողեր և Սադաֆ Զորաբյանների հայցի ընդդեմ Ալվարդ Գրիգորյանի, Արմավիրի նոտարական գրասենյակի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ՀՀ Արմավիրի տարածքային ստորաբաժանման` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ Անահիտ Եսայանը, Ալվարդ, Շողեր և Սադաֆ Զորաբյանները պահանջել են անվավեր ճանաչել Ալվարդ Գրիգորյանի անվամբ 27.12.2005 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա Ալվարդ Գրիգորյանի անվամբ ՀՀ Արմավիրի Սահմանապահների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 21 տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

ՀՀ վարչական դատարանի 08.12.2009 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անահիտ Եսայանը, Ալվարդ, Շողեր և Սադաֆ Զորաբյանները։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալվարդ Գրիգորյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 1-ին մասը, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասը։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանում են հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Ալվարդ Գրիգորյանն ամուսնու` ժառանգատու Խորեն Զորաբյանի (Զոհրաբյան) մահից հետո ժառանգությունն ընդունելու համար նոտարին է դիմել ժառանգության բացումից շուրջ 9 տարի անց՝ բաց թողնելով ժառանգությունն ընդունելու համար սահմանված 6-ամսյա ժամկետը։ Բացի այդ, ժառանգի կողմից ժառանգության ընդունման համար սահմանված ժամկետը բաց թողնվելու դեպքում կարող է ընդունել ժառանգությունը մյուս ժառանգների գրավոր համաձայնության պայմաններում։ Մինչդեռ տվյալ դեպքում բացակայում է մյուս ժառանգների գրավոր համաձայնությունն Ալվարդ Գրիգորյանի կողմից ժառանգությունն ընդունելու կապակցությամբ։ Փաստորեն, Ալվարդ Գրիգորյանին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը տրվել է օրենքի պահանջների խախտմամբ:

Ավելին, Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ժառանգատու Խորեն Զորաբյանի (Զոհրաբյան) մահից հետո ժառանգական գույքը փաստացի տիրապետման ուժով ընդունել է որդին` Դանիել Զորաբյանը:

Բացի այդ, Դանիել Զորաբյանի մահվանից հետո Անահիտ Եսայանը, Ալվարդ, Շողեր և Սադաֆ Զորաբյանները փաստացի տիրապետել և կառավարել են ժառանգատուի թողած ժառանգական գույքը, ինչով ընդունել են Դանիել Զորաբյանի ժառանգությունը։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել ՀՀ վարչական դատարանի 08.12.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

 

Դատարանի կողմից վճիռը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, իսկ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Խորեն Զորաբյանի (Զոհրաբյան) և Ալվարդ Գրիգորյանի ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցվել է 02.01.1960 թվականին (գ.թ. 93)։

2. Դանիել Զորաբյանը Խորեն Զորաբյանի և Ալվարդ Գրիգորյանի որդին է (գ.թ.22)։

3. Խորեն Զորաբյանը (Զոհրաբյան) մահացել է 27.04.1996 թվականին (գ.թ.23):

4. Դանիել Զորաբյանի և Անահիտ Եսայանի ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցվել է 19.09.1984 թվականին (գ.թ.12)։ Ալվարդ, Շողեր և Սադաֆ Զորաբյանները Դանիել Զորաբյանի զավակներն են (գ.թ.13-20)։

5. 27.12.2005 թվականին ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտարի կողմից հաստատված և սեղանամատյանում թիվ 5729 համարի տակ գրանցված սեփականության իրավունքի վկայագրի համաձայն` ՀՀ Արմավիրի Սահմանապահների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 21 տունը և հողամասը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է 27.04.1996 թվականին մահացած Խորեն Դանիելի Զորաբյանին (Զոհրաբյան) և կնոջը` Ալվարդ Գրիգորյանին (գ.թ.31)։

6. 27.12.2005 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5730 վկայագրի համաձայն` 27.04.1996 թվականին մահացած Խորեն Զորաբյանի (Զոհրաբյան) ժառանգական գույքի` ՀՀ Արմավիրի Սահմանապահների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 21 տան և հողամասի 1/2 բաժնի նկատմամբ ժառանգ է ճանաչվել կինը` Ալվարդ Գրիգորյանը (գ.թ.30)։

7. 23.01.2006 թվականի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2115409 վկայականի համաձայն` ՀՀ Արմավիրի Սահմանապահների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 21 տան և հողամասի նկատմամբ գրանցվել է Ալվարդ Գրիգորյանի սեփականության իրավունքը (հիմք` 27.12.2005 թվականի սեփականության իրավունքի թիվ 5729 վկայագիրը և 27.12.2005 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5730 վկայագիրը)( գ.թ.24-26)։

8. Դանիել Զորաբյանը մահացել է 02.04.2006 թվականին (գ.թ.21):

 9. Արմավիրի թիվ 23 թաղային լիազորի և Արմավիրի թիվ 6 թաղային կոմիտեի կողմից 18.05.2009 թվականին տրված տեղեկանքների համաձայն` Խորեն Դանիելի Զորաբյանի մահից հետո կինը` Ալվարդ Գրիգորյանը և որդին` Դանիել Խորենի Զորաբյանն իր ընտանիքի հետ բնակվել են ՀՀ Արմավիրի Սահմանապահների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 21 տանը, իսկ Դանիել Խորենի Զորաբյանի մահից հետո նշված տանը շարունակել են բնակվել մայրը` Ալվարդ Գրիգորյանը և կինը`Անահիտ Եսայանը զավակների հետ (գ.թ.27-29)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ և oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Նման համաձայնություն պարունակող փաստաթղթերի վրա ժառանգների դրած ստորագրությունները պետք է վավերացվեն նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված կարգով: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի կողմից նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի համաձայն` ժառանգության իրավունքի վկայագիրը ժառանգներին տրվում է ժառանգության բացման վայրի նոտարին ներկայացված գրավոր դիմումի հիման վրա՝ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում: Ժառանգության ընդունման ժամկետը բաց թողած ժառանգը կարող է ժառանգությունն ընդունել ժառանգությունն ընդունած մյուս բոլոր ժառանգների համաձայնությամբ, որը պետք է ներկայացվի գրավոր: Ժառանգների նման համաձայնությունը հիմք է նոտարի՝ նախկինում տրված ժառանգության վկայագիրը չեղյալ համարելու և նոր վկայագիր տալու համար:

Դատարանը հայցը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Ալվարդ Գրիգորյանն ամուսնու որպես օրենքով առաջին հերթի ժառանգ փաստացի տիրապետել և կառավարել է վիճելի գույքը, իսկ հայցվորները օրենքով սահմանված կարգով և ժամկետում չեն դիմել վիճելի գույքի ժառանգությունն ընդունելու համար, հետևաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով ժառանգությունն ընդունած ժառանգ է համարվել Ալվարդ Գրիգորյանը, թեև նա նույնպես ժամանակին չի դիմել ժառանգությունն ընդունելու համար, այսինքն` ՀՀ Արմավիրի նոտարական տարածքի նոտարը գործել է օրենքով, և Ալվարդ Գրիգորյանին ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր տրվել է օրենքին համապատասխան:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը վճիռ կայացնելիս անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործով ժառանգատու Խորեն Զորաբյանը (Զոհրաբյան) մահացել է 27.04.1996 թվականին, իսկ Ալվարդ Գրիգորյանն ըստ օրենքի ժառանգությունն ընդունելու համար դիմել է նոտարական գրասենյակ միայն 2005 թվականին։ Այսինքն` ամուսնու` Խորեն Զորաբյանի (Զոհրաբյան) ժառանգությունն ընդունելու համար Ալվարդ Գրիգորյանը դիմել է նոտարական գրասենյակ ժառանգությունն ընդունելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պայմաններում` առանց մյուս ժառանգների գրավոր համաձայնության: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածով սահմանված կարգով պետք է դիմեր նոտարին մյուս ժառանգների գրավոր համաձայնության դեպքում:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ալվարդ Գրիգորյանին 27.12.2005 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5730 վկայագիրը տրվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228-րդ հոդվածով և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածով սահմանված կարգի խախտմամբ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն, Դատարանի վճիռը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 08.12.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Անահիտ Եսայանի, Ալվարդ, Շողեր և Սադաֆ Զորաբյանների հայցը բավարարել` անվավեր ճանաչել Ալվարդ Գրիգորյանի անվամբ 27.12.2005 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա Ալվարդ Գրիգորյանի անվամբ ՀՀ Արմավիրի Սահմանապահների փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 21 տան նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան