Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (02.01.2015-02.01.2015)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.01.21/3(1092) Հոդ.28
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2008
Ստորագրման ամսաթիվ
12.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.01.2019

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ԶԱՐԳԱՑՈՂ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Բելառուսի Հանրապետության Կառավարությունը, Ղազախստանի Հանրապետության Կառավարությունը և Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

«Ապրանքների ծագման երկիրը որոշելու միասնական կանոնների մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագրի 1-ին հոդվածի իրականացման նպատակով,

ցանկանալով փոխշահավետության և միջազգային իրավունքի հիման վրա բարենպաստ պայմաններ ստեղծել առևտրի զարգացման համար,

ձգտելով ամրապնդել բազմակողմ առևտրային համակարգը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ Կողմի պետությունների միասնական մաքսային տարածքում կիրառվում են Զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից ապրանքների ծագման երկիրը որոշելու կանոնները՝ համաձայն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը կազմող հավելվածի:

 

Հոդված 2

 

Սույն Համաձայնագրի դրույթների կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են Կողմերի միջև անցկացվող խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով, իսկ համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում, այդ վեճերը շահագրգիռ Կողմերից յուրաքանչյուրի կողմից հանձնվում են Եվրասիական տնտեսական համայնքի դատարանի քննությանը:

 

Հոդված 3

 

Կողմերի պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են Կողմերի առանձին արձանագրություններով:

 

Հոդված 4

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու, դրան միանալու և դրանից դուրս գալու կարգը սահմանվում է «Մաքսային միության իրավապայմանագրային բազայի ձևավորմանն ուղղված միջազգային պայմանագրերն ուժի մեջ մտնելու, դրանցից դուրս գալու և դրանց միանալու կարգի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի արձանագրությամբ:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում, 2008 թվականի դեկտեմբերի 12-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն Համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական համայնքի ինտեգրման հարցերով կոմիտեում, որը, որպես սույն Համաձայնագրի ավանդապահը, յուրաքանչյուր Կողմին կտրամադրի դրա հաստատված պատճենը:

 

Բելառուսի
Հանրապետության
 Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

Ղազախստանի
Հանրապետության
Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

Ռուսաստանի
Դաշնության
Կառավարության կողմից

 

(ստորագրություն)

 

Հավելված

«Զարգացող և առավել թույլ

զարգացած երկրներից

ապրանքների ծագումը որոշելու

կանոնների մասին»

համաձայնագրի

 

ԶԱՐԳԱՑՈՂ ԵՎ ԱՌԱՎԵԼ ԹՈՒՅԼ ԶԱՐԳԱՑԱԾ ԵՐԿՐՆԵՐԻՑ
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սույն Կանոնները կիրառվում են զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ծագման ապրանքների նկատմամբ:

Զարգացող և առավել թույլ զարգացած երկրների ցանկերը հաստատված են Կողմերի միջև առանձին համաձայնագրով:

 

I. Ապրանքների ծագումը զարգացող և առավել թույլ զարգացած երկրներից, որոնց վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների (պրեֆերենցիալ) ռեժիմը

Ապրանքը համարվում է զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրի ծագում ունեցող, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը՝

1) եթե այն ամբողջությամբ արտադրված է տվյալ երկրում,

2) եթե այն արտադրված է տվյալ երկրում՝ այլ երկրի ծագման հումքանյութերից, կիսապատրաստվածքներից կամ պատրաստի արտադրատեսակներից կամ անհայտ ծագման ապրանքներից՝ պայմանով, որ այդ ապրանքները տվյալ երկրում ենթարկվել են բավարար մշակման կամ վերամշակման:

 

II. Ապրանքներ, որոնք ամբողջությամբ արտադրվել են զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրում, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը

Հետևյալ ապրանքները համարվում են ամբողջությամբ արտադրված զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրում, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը.

1) երկրի ընդերքից, դրա տարածքային ծովից (ջրերից) կամ այդ ծովի հատակից արդյունահանված օգտակար հանածոները,

2) տվյալ երկրում աճեցված կամ հավաքված՝ բուսական ծագման արտադրանքը,

3) տվյալ երկրում ծնված և բուծված կենդանի կենդանիները,

4) տվյալ երկրում բուծված կենդանիներից՝ այդ երկրում ստացված արտադրանքը,

5) տվյալ երկրում որսորդական և ձկնորսական արդյունագործության արդյունքում ստացված արտադրանքը,

6) ծովային ձկնորսական արդյունագործական արտադրանքը և տվյալ երկրի նավի միջոցով ստացված ծովային արդյունագործական այլ արտադրանք,

7) տվյալ երկրի վերամշակող նավի վրա՝ բացառապես սույն կետի 6-րդ ենթակետում նշված արտադրանքից ստացված արտադրանքը,

8) տվյալ երկրի տարածքային ծովի (ջրերի) սահմաններից դուրս՝ ծովի հատակից կամ ծովային ընդերքից ստացված արտադրանքը՝ պայմանով, որ տվյալ երկիրն ունի այդ ծովի հատակից կամ այդ ծովային ընդերքի ռեսուրսների մշակման բացառիկ իրավունքներ,

9) տվյալ երկրում արտադրական և վերամշակման այլ գործողությունների արդյունքում ստացված թափոնները և ջարդոնը (երկրորդային հումք), ինչպես նաև տվյալ երկրում հավաքված ու միայն որպես հումք վերամշակման համար պիտանի՝ նախկինում օգտագործված արտադրատեսակները,

10) բաց տիեզերքում տիեզերական օբյեկտներում ստացված բարձր տեխնոլոգիաների արտադրանքը, եթե տվյալ երկիրը համապատասխան տիեզերական օբյեկտի գրանցման պետությունն է,

11) տվյալ երկրում բացառապես սույն կետի 1-10-րդ ենթակետերով նախատեսված արտադրանքից պատրաստված ապրանքները:

 

III. Ապրանքներ, որոնք բավարար մշակման կամ վերամշակման են ենթարկվել զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրում, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը

1. Ապրանքը համարվում է զարգացող կամ առավել թույլ զարգացած այն երկրում բավարար մշակման կամ վերամշակման ենթարկված, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, եթե՝

1) ապրանքը մշակման կամ վերամշակման է ենթարկվել զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրում, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, և այդ գործընթացում օգտագործված՝ այլ երկրների ծագման ապրանքների (հումքանյութերի, կիսապատրաստվածքների և պատրաստի արտադրանքի) արժեքը, որոնց վրա չի տարածվում սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, կամ անհայտ ծագման ապրանքների արժեքը չի գերազանցում զարգացող կամ առավել թույլ զարգացած այն երկրի կողմից արտահանվող ապրանքի արժեքի 50 տոկոսը, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը,

2) ապրանքը մշակման կամ վերամշակման է ենթարկվել մի քանի զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներում, որոնց վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, և այդ ընթացքում օգտագործված՝ այլ երկրների ծագման ապրանքների արժեքը, որոնց վրա չի տարածվում սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, կամ անհայտ ծագման ապրանքների արժեքը չի գերազանցում զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրներից այնպիսի մեկ երկրի կողմից արտահանվող ապրանքի արժեքի 50 տոկոսը, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը,

3) ապրանքն արտադրվել է զարգացող կամ առավել թույլ զարգացած այն երկրներից մեկում, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, և մշակման կամ վերամշակման է ենթարկվել զարգացող կամ առավել թույլ զարգացած այլ երկրում, մեկ կամ մի քանի այնպիսի երկրներում, որոնց վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը:

2. Այն երկրի ծագման ապրանքի արժեքը, որի վրա չի տարածվում սույն բաժնի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, սահմանվում է այդ ապրանքի համար՝ արտահանվող ապրանքի արտադրման երկրում սահմանված մաքսային արժեքի հիման վրա:

Սույն բաժնի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նախատեսված՝ անհայտ ծագման ապրանքի արժեքը կիրառվում է արտահանվող ապրանքի արտադրման՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրի տարածքում այդ ապրանքի համար վճարված գնի չափով:

Այն ապրանքները (հումքանյութերը, կիսապատրաստվածքները և պատրաստի արտադրատեսակները), որոնք Կողմերի պետությունների միասնական մաքսային տարածքից արտահանվել են այնպիսի երկիր, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, և օգտագործվել են այնտեղ Կողմերի պետությունների միասնական մաքսային տարածք արտահանման ենթակա ապրանքների արտադրության համար, դիտարկվում են որպես զարգացող կամ առավել թույլ զարգացած՝ նշված արտահանող երկրում արտադրված ապրանքներ:

Զարգացող կամ առավել թույլ զարգացած այն երկրի կողմից արտահանվող ապրանքի արժեքը, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, սահմանվում է ապրանքն արտադրողի ֆրանկո-գործարանային գնի հիման վրա՝ «Ինկոթերմս» առևտրային եզրույթները մեկնաբանելու համար՝ Կողմերի պետությունների կողմից մաքսային նպատակներով կիրառվող միջազգային կանոնների համաձայն:

 

IV. Գործողություններ, որոնք չեն ազդում կամ աննշան ազդեցություն են ունենում ապրանքի հիմնական բնութագրերի կամ հատկանիշների վրա

Բավարար վերամշակման չափանիշներին չեն համապատասխանում՝

1) ապրանքի պահպանման կամ տրանսպորտային փոխադրման ժամանակ դրա պահպանվածության ապահովմանն ուղղված գործողությունները,

2) վաճառքի և տրանսպորտային փոխադրման համար ապրանքի նախապատրաստման գործողությունները (խմբաքանակների մասնատումը, առաքումների կազմավորումը, տեսակավորումը, վերափաթեթավորումը), ինչպես նաև փաթեթվածքի կազմատման և հավաքման գործողությունները,

3) պարզ հավաքման գործողությունները և ապրանքի կազմատման հետ կապված գործողությունները, ինչպես նաև այլ գործողություններ, որոնց իրականացման արդյունքում էապես չի փոփոխվում ապրանքի վիճակը՝ ըստ այն անվանացանկի, որը սահմանվում է «Մաքսային միության հանձնաժողովի մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի պայմանագրով հիմնադրված Մաքսային միության հանձնաժողովի կողմից,

4) ապրանքների (բաղադրամասերի) խառնումը, ինչի արդյունքում ստացված արտադրանքն էապես չի տարբերվում ելակետային բաղադրիչներից,

5) կենդանիների սպանդը և մսի մասնատումը (տեսակավորումը),

6) լվացումը, մաքրումը, փոշեհեռացումը, օքսիդապատումը, յուղով կամ այլ նյութերով պատումը,

7) տեքստիլի (մանրաթելի և մանվածքի ցանկացած տեսակներ, մանրաթելի և մանվածքի ցանկացած տեսակներից գործվածքներ և դրանցից արտադրատեսակներ) արդուկումը կամ մամլումը,

8) ներկման կամ փայլեցման գործողությունները.

9) հացահատիկների և բրնձի թեփահանումը, մասնակի կամ ամբողջական սպիտակեցումը, հղկումն ու ողորկումը,

10) շաքարը ներկելու կամ շաքարի կտորներ պատրաստելու գործողությունները,

11) մրգերի, բանջարեղենի ու ընկուզեղենի կեղևահանումը, սերմերի հեռացումը և մասնատումը,

12) սրումը, պարզ աղումը կամ պարզ կտրատումը,

13) մաղով կամ քարամաղով մաղումը, տեսակավորումը, դասակարգումը, ընտրումը և հավաքումը (այդ թվում՝ արտադրատեսակների կոմպլեկտների կազմումը),

14) բանկաների, սրվակների, պարկերի, արկղերի, տուփերի մեջ լցնելը, չափածրարելը և փաթեթավորման այլ պարզ գործողություններ,

15) ապրանքների բաժանումը բաղադրամասերի, ինչի արդյունքում ստացված բաղադրամասերն էապես չեն տարբերվում ելակետային ապրանքից,

16) վերոհիշյալ երկու կամ ավելի գործողությունների համակցությունը:

 

V. Ապրանքների ծագման հատուկ դեպքերը

Մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ միասին օգտագործման համար նախատեսված հարմարանքների, պարագաների, պահեստամասերի և գործիքների ծագման երկիր է համարվում մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների ծագման՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած այն երկիրը, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, եթե այդ հարմարանքները, պարագաները, պահեստամասերը ու գործիքները ներմուծվում և օգտագործվում են վերոհիշյալ մեքենաների, սարքավորումների, ապարատների կամ տրանսպորտային միջոցների հետ այն կոմպլեկտայնությամբ ու քանակով, որոնք, տեխնիկական փաստաթղթերի համաձայն, սովորաբար մատակարարվում են տվյալ սարքավորանքների հետ:

Ներմուծվող ապրանքի փաթեթվածքի ծագման երկիր է համարվում տվյալ ապրանքի ծագման՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած այն երկիրը, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը` բացառությամբ այն դեպքերի, երբ փաթեթվածքը, հաշվի առնելով Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը, ենթակա է հայտարարագրման` ապրանքից առանձին: Այդ դեպքում փաթեթվածքի ծագման երկիրը որոշվում է ապրանքի ծագման երկրից առանձին:

Եթե ներմուծվող ապրանքի փաթեթվածքի ծագման երկիր է համարվում ապրանքի ծագման՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած այն միևնույն երկիրը, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, ապա ապրանքի ծագման երկիրը որոշելու համար հաշվի է առնվում միայն այն փաթեթվածքը, որով ապրանքն իրացվում է մանրածախ առևտրում:

Ծագման երկիրը որոշելիս հայտարարատուի ցանկությամբ որպես մեկ ամբողջական ապրանք են դիտարկվում կազմատված կամ չհավաքված ապրանքները, որոնք մատակարարվում են մի քանի խմբաքանակներով՝ արտադրական կամ տրանսպորտային պայմաններից ելնելով դրանց բեռնառաքումը մեկ խմբաքանակով իրականացնելու անհնարինության դեպքում, ինչպես նաև այն ապրանքները, որոնց խմբաքանակը սխալմամբ մասնատվել է մի քանի խմբաքանակի:

Այդ կանոնը կիրառվում է հետևյալ պայմանների միաժամանակյա կատարման դեպքում՝

նախնական ծանուցում ներմուծման երկրի մաքսային մարմնին մի քանի խմբաքանակով մատակարարվող՝ կազմատված կամ չհավաքված տեսքով ապրանքների կամ ապրանքները մի քանի խմբաքանակի մասնատելու մասին՝ նշելով նման մասնատման պատճառները, կից ներկայացնելով յուրաքանչյուր խմբաքանակի մասնագրիրը՝ նշելով Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի համաձայն սահմանված ապրանքների ծածկագրերը, յուրաքանչյուր խմբաքանակում ներառված ապրանքների արժեքները և ծագման երկրները, կամ ապրանքները սխալմամբ մի քանի խմբաքանակի մասնատելու մասին փաստաթղթային հաստատումը,

ապրանքների բոլոր խմբաքանակների մատակարարում մեկ մատակարարի կողմից զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրից, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը,

ապրանքների բոլոր խմբաքանակների համար հայտարարագրի ներկայացում մեկ մաքսային մարմին,

ապրանքների բոլոր խմբաքանակների մատակարարում մեկ պայմանագրի շրջանակներում,

ապրանքների բոլոր խմբաքանակների մատակարարում մաքսային հայտարարագրի ընդունման ամսաթվից հետո մեկ տարին չգերազանցող ժամկետում կամ մինչև հայտարարագիրն ապրանքների առաջին խմբաքանակի համար ներկայացնելու ժամկետի ավարտը: Հայտարարատուի հիմնավորված հայտի հիման վրա՝ ապրանքն ստացողից անկախ պատճառներով ապրանքների բոլոր խմբաքանակների մատակարարման անհնարինության դեպքում այդ ժամկետները կարող են մաքսային մարմնի կողմից երկարաձգվել ապրանքների բոլոր խմբաքանակների մատակարարման համար անհրաժեշտ՝ սակայն մեկ տարին չգերազանցող ժամկետով:

Ապրանքների ծագման երկիրը որոշելիս հաշվի չի առնվում դրանց արտադրության կամ վերամշակման համար օգտագործվող ջերմային և էլեկտրական էներգիայի, մեքենաների, սարքավորումների ու գործիքների ծագումը:

 

VI. Անմիջական մատակարարման և ուղղակի գնումների կանոնները

Զարգացող կամ առավել թույլ զարգացած այն երկրների ծագման ապրանքների նկատմամբ, որոնց վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, սակագնային առանձնաշնորհումներ (պրեֆերենցիաներ) տրամադրվում են միայն այդ ապրանքների՝ այդ երկրներում ուղղակի գնման և դրանք Կողմերի պետությունների միասնական մաքսային տարածք անմիջականորեն մատակարարելու պայմանով:

Ապրանքը համարվում է ուղղակիորեն գնված, եթե ներմուծողն այն ձեռք է բերել այնպիսի անձից, որը սահմանված կարգով որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ գրանցված է զարգացող կամ առավել թույլ զարգացած այնպիսի երկրում, որտեղից ծագում է այդ ապրանքը, և որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը:

Անմիջական մատակարարում է համարվում այն ապրանքների մատակարարումը, որոնք առանց այլ պետության տարածքով անցնելու Կողմերի պետությունների միասնական տարածք են փոխադրվում զարգացող կամ առավել թույլ զարգացած այնպիսի երկրից, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը:

Անմիջական մատակարարման կանոնին համապատասխանում են նաև այն ապրանքները, որոնց տրանսպորտային փոխադրումն իրականացվում է մեկ կամ մի քանի երկրների տարածքով՝ պայմանավորված աշխարհագրական, տրանսպորտային, տեխնիկական կամ տնտեսական հանգամանքներով՝ պայմանով, որ ապրանքները մաքսային հսկողության տակ գտնվեն տարանցման երկրներում, այդ թվում՝ այդ երկրների տարածքում դրանց ժամանակավոր պահեստավորման դեպքում:

Անմիջական մատակարարման կանոնին համապատասխանում են նաև այն ապրանքները, որոնք ներմուծողի կողմից գնվել են ցուցահանդեսներում կամ տոնավաճառներում՝ հետևյալ պայմանների պահպանմամբ.

1) ապրանքները զարգացող կամ առավել թույլ զարգացած այնպիսի երկրի տարածքից, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, մատակարարվել են այն երկրի տարածք, որտեղ կազմակերպվում է ցուցահանդեսը կամ տոնավաճառը, և դրանց անցկացման ընթացքում գտնվել են մաքսային հսկողության տակ,

2) ցուցահանդես կամ տոնավաճառ ուղարկվելու պահից սկսած՝ ապրանքները չեն գործածվել ցուցադրությունից բացի որևէ այլ նպատակով,

3) ապրանքները ներմուծվում են Կողմերի պետությունների միասնական մաքսային տարածք նույն վիճակում, որում դրանք ուղարկվել են ցուցահանդես կամ տոնավաճառ՝ առանց հաշվի առնելու բնական մաշվածության կամ կորստի հետևանքով փոխադրման կամ պահպանման բնականոն պայմաններում ապրանքների վիճակի փոփոխությունը:

 

VII. Փաստաթղթային ապացույցը

Որպես ապրանքի՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած այնպիսի երկրից ծագման ապացույց, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, ապրանքները տեղափոխող անձը ներկայացնում է ապրանքի ծագման հայտարարագիր-հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր)՝ Առանձնաշնորհումների ընդհանուր համակարգի շրջանակներում ընդունված «Ա» ձևի համաձայն (հավելված 1), որը լրացվում է «Ա» ձևի համաձայն՝ ապրանքի ծագման հայտարարագիր-հավաստագրերը ձևակերպելու համար ներկայացվող պահանջներին համապատասխան (հավելված 2):

Սակագնային առանձնաշնորհումներ տրամադրելու նպատակով հավաստագիրը կիրառվում է 12 ամիս ժամկետով՝ սկսած դրա տրամադրման ամսաթվից:

Հավաստագիրը մաքսային մարմիններ է ներկայացվում թղթային կրիչով, տպագիր՝ ռուսերենով կամ անգլերենով:

Անհրաժեշտության դեպքում, մաքսային մարմինները կարող են պահանջել հավաստագրի թարգմանությունը պետական լեզվով:

Մատակարարված ապրանքի փաստացի քանակը չի կարող գերազանցել հավաստագրում նշված քանակն ավելի, քան հինգ տոկոսով:

Հավաստագրի կորստի դեպքում ընդունվում է դրա պաշտոնապես հաստատված կրկնօրինակը (պատճենը):

Ապրանքների ոչ մեծ խմբաքանակների (որոնց մաքսային արժեքը համարժեք է ոչ ավելի, քան 5000 ԱՄՆ դոլարին) ծագումը հաստատելու համար անհրաժեշտ չէ ներկայացնել հավաստագիր: Այդ դեպքում արտահանողը կարող է ապրանքի ծագման երկիրը հայտարարագրել առևտրային կամ ապրանքներն ուղեկցող այլ փաստաթղթերում:

Ապրանքի ծագման մասին ներկայացված տեղեկությունների հավաստիության վերաբերյալ հիմնավորված կասկածներ առաջանալու դեպքում մաքսային մարմինն իրավասու է պահանջելու ապրանքի ծագման հավաստագիր:

 

VIII. Վարչական համագործակցությունը

Մաքսային միության հանձնաժողովն ստանում է հավաստագրերը վավերացնելու համար լիազորված իրավասու մարմինների անվանումները, հասցեները, կնիքների դրոշմվածքները զարգացող կամ առավել թույլ զարգացած այն երկրներից, որոնց մասով տրամադրվել են սակագնային առանձնաշնորհումներ: Սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը չի տարածվում զարգացող կամ առավել զարգացած այն երկրի ծագման ապրանքի վրա, որը չի տրամադրել նման տեղեկություն:

Հավաստագրի կամ դրանում պարունակվող տեղեկությունների, ինչպես նաև ապրանքի ծագման վերաբերյալ տեղեկությունների հավաստիության վերաբերյալ հիմնավորված կասկածներ առաջանալու դեպքում Կողմերի մաքսային կամ մյուս լիազոր մարմինները կարող են դիմել հավաստագիրը հաստատած՝ զարգացող կամ առավել թույլ զարգացած երկրի իրավասու ազգային մարմիններ՝ լրացուցիչ կամ ճշգրտված տեղեկություններ հայտնելու հիմնավորված խնդրանքով:

Հավաստագիրը կարող է անվավեր ճանաչվել այն դեպքում, երբ՝

վեց ամսվա ընթացքում արտահանման երկրի կամ ապրանքի ծագման երկրի իրավասու մարմիններից հարցվող հավաստագրի վերաբերյալ պատասխան չի ստացվել,

առկա են հաստատված տեղեկություններ արտահանման երկրի իրավասու մարմիններից այն մասին, որ հավաստագիրը չի տրամադրվել (կեղծված է) կամ տրամադրվել է անվավեր փաստաթղթերի և (կամ) ոչ հավաստի տեղեկությունների հիման վրա,

ներմուծման երկրի մաքսային մարմինների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում և (կամ) արտահանման երկրի կամ ապրանքի ծագման երկրի իրավասու մարմիններին ուղարկված հարցումների արդյունքում ստացված տեղեկությունների հիման վրա պարզվել է, որ հավաստագիրը տրամադրվել է սույն Կանոններով սահմանված պահանջների խախտմամբ:

Ապրանքի ծագման երկիրը չի համարվում զարգացող կամ առավել թույլ զարգացած այն երկիրը, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, այնքան ժամանակ, քանի դեռ չի ներկայացվել ապրանքի ծագման մասին պատշաճ կերպով կազմված հավաստագիրը կամ հարցվող տեղեկությունները:

Այդպիսի ապրանքի համար սակագնային առանձնաշնորհումներ են տրամադրվում միայն այն երկրի իրավասու ազգային մարմիններից դրական պատասխան ստանալուց հետո, որի վրա տարածվում է սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը:

 

Հավելված 1
Զարգացող և առավել թույլ
զարգացած երկրներից
ապրանքների ծագումը որոշելու
կանոնների

 

1. Արտահանող
(արտահանողի անվանումը, հասցեն, երկիրը)

N
ԱՌԱՆՁՆԱՇՆՈՐՀՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱԿԱՐԳ

ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ(Հայտարարագիր–հավաստագիր)

 ՁԵՎ Ա

Տրված է` ………………………………………..…..
(երկիրը)

Տե՛ս պարզաբանումները դարձերեսին

2. Ստացող
(ներմուծողի անվանումը, հասցեն, երկիրը)

3. Տրանսպորտային միջոցները և երթուղին (որքանով հայտնի է)

4. Պաշտոնական նշումների համար

5. Թիվ
ը/կ

6. Փաթեթվածքների նշագրերը և համարները

7. Փաթեթվածքների թիվը և տեսակը, ապրանքների նկարագրությունը

8. Ծագման չափանիշը (տե՛ս պարզաբանումները դարձերեսին)

9. Բրուտտո քաշը կամ այլ տվյալներ ապրանքի քանակի մասին

10. Հաշիվ–ապրանքագրի համարը և ամսաթիվը

11. Հավաստում

Սույնով հավաստվում է, որ հայտարարատուի հայտարարագիրը համապատասխանում է իրականությանը

........................................................................

Վայրը և ամսաթիվը, ստորագրություն և կնիք

 

 

12. Արտահանողի հայտարարագիր
Ներքոստորագրյալը հայտարարում է, որ վերոնշյալ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, որ բոլոր ապրանքներն ամբողջությամբ արտադրված են ………............................................................-ում

(երկիրը)

և դրանք համապատասխանում են այն պահանջներին, որոնք Առանձնաշնորհումների ընդհանուր համակարգով կիրառվում են տվյալ ապրանքների համար, որոնք արտահանվում են

..................................................................

(ներմուծող երկիրը)

..................................................................

Վայրը և ամսաթիվը, ստորագրություն

 

1. Экспортер
(наименование экспортера, адрес, страна)

N

ОБЩАЯ СИСТЕМА ПРЕФЕРЕНЦИЙ

 

СЕРТИФИКАТ О ПРОИСХОЖДЕНИИ

ТОВАРА

 

(Декларация-сертификат)

           ФОРМА А

 

Выдан в ...................................

           (страна)

 

Смотри пояснения на обороте

2. Получатель
(наименование экспортера, адрес, страна)

3. Средства транспорта и маршрут
следования (насколько известно)

4. Для официальных отметок

5.
N
п/п

6. Обозначение
и количество упаковок

7. Номера
и вид упаковок, описание товаров

8. Критерий происхождения (смотри
пояснения на обороте)

9. Вес брутто
или другие данные о количестве товара

10. Номер и дата счета

11. Удостоверение
Настоящим удостоверяется, что декларация заявителя соответствует действительности

 

 

 

 

 

........................................................................

Место и дата, подпись и печать

12. Декларация экспортера
Нижеподписавшийся заявляет, что вышеуказанные сведения соответствуют действительности, что все товары полностью произведены в

.............................................................................

(страна)

и что они отвечают требованиям, применяемым Общей системой преференций, к данным товарам, экспортируемым в

.......................................................................

(импортирующая страна)

.......................................................................

Место и дата, подпись

 

1. Goods consigned from (exporter's
business name, address, country)

Reference   N

 

GENERALIZED SYSTEM OF PREFERENCES

CERTIFICATE OF ORIGIN

(Combined declaration and certificate)
FORM A

 

Issued in ....................................................(country)

See notes overleaf

2. Goods consigned to (consignee's
name, address, country)

3. Means of transport and route (as far as known)

 

5.
Item
num-
ber

6. Marks and
numbers of
packages

7. Number
and kind of
packages;
description
of goods

8. Origin
criterion
(see notes overleaf)

9. Gross
weight or
other guantity

10. Number
and date of
invoices

11. Certification
It is hereby certified, on the basis
of control carried out, that the
declaration by the exporter is
correct.

 

 

 

 

 

 

..................................................................
Place and date, signature sad stamp
of certifying authority

12. Declaration by the exporter
The undersigned hereby declares
that the above details and
statements are correct, that all
the goods were

produced in
........................................................

(country)

and that they comply with the
origin reguiremeats specified for
those goods in the generalized
system of preferences for goods
exported to

..................................................................
(importing country)

..................................................................
Place SIIQ date, signature of
aumonzea signatory

 

Հավելված 2

Զարգացող և առավել թույլ

զարգացած երկրներից

ապրանքների ծագումը որոշելու

կանոնների

 

«Ա» ՁԵՎԻ ԱՊՐԱՆՔԻ ԾԱԳՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ-ՀԱՎԱՍՏԱԳՐԻ

ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

Ընդհանուր դրույթներ

«Ա» ձևի ապրանքի ծագման հայտարարագիր-հավաստագրի (այսուհետ՝ հավաստագիր) բլանկը պատրաստվում է տպագրական եղանակով՝ պաշտպանիչ ցանցով կամ պաշտպանիչ գունային դաշտ ունեցող թղթի վրա (կից ներկայացվում են հավաստագրի օրինակներն անգլերենով և ռուսերենով):

Հավաստագիրը լրացնելու պահանջների վերաբերյալ ծանոթագրությունները կարող են տպագրական եղանակով տպվել բլանկի դարձերեսին ինչպես այն լեզվով, որով լրացվում է հավաստագիրը, այնպես էլ ցանկացած այլ լեզվով կամ կարող են ամբողջությամբ կամ մասնակիորեն բացակայել:

Հավաստագիրը պետք է լրացվի տպագիր (բացառությամբ ստորև նշված առանձին նշագրումների):

Հավաստագրում չի թույլատրվում անձանց ֆաքսիմիլային ստորագրության կիրառումը, որևէ ջնջման և վրիպակի առկայությունը: Հավաստագրում ուղղումներ կարող են կատարվել սխալ տվյալների վրա գիծ քաշելու և անհրաժեշտ տեղեկությունները տպագրելու միջոցով: Յուրաքանչյուր ուղղում հաստատվում է հավաստագրեր տալու համար լիազորված իրավասու մարմնի կնիքով:

Մեկ հավաստագրում կարելի է տեղեկություններ հայտարարագրել մի քանի ապրանքի մասին:

Հավաստագրում պետք է պարտադիր նշվի հղման (գրանցման) համարը, ինչպես նաև պետք է լրացվեն 1-ին, 5-րդ (հավաստագրում մի քանի ապրանք նշելու դեպքում), 7-9-րդ, 11-րդ և 12-րդ վանդակները:

5-10-րդ վանդակներում չօգտագործված մասերի վրա պետք է գիծ քաշվի՝ դրանցում որևէ լրացուցիչ տեղեկության գրանցումը կանխելու նպատակով:

 

Հավաստագրի վերին աջ անկյունում տեղադրված վանդակը

Նշվում է հավաստագրի հղման (գրանցման) համարը: Թույլատրվում է հավաստագրի հերթական (գրանցման) համարը լրացնել ձեռքով: Նշվում է այն երկրի անվանումը, որտեղ տրվել է հավաստագիրը:

 

Վանդակ 1

Նշվում են ապրանքն արտահանող (մատակարարող) անձի (պայմանագրի համաձայն ապրանքը վաճառողի կամ այլ անձի, եթե նրան են փոխանցվել ապրանքը մատակարարելու իրավունքները, այդ թվում՝ ապրանքն արտադրողի) անվանումը և հասցեն:

 

Վանդակ 2

Նշվում են ապրանքն ստացող անձի անվանումը և հասցեն: Այն դեպքում, եթե հավաստագիրը տալու պահին հստակորեն որոշված չէ՝ ով է ստանում ապրանքը, ապա վանդակում կատարվում է «to order» («по распоряжению»/«ըստ պահանջի») նշումը կամ Կողմերից մեկի՝ ապրանքը ներմուծող պետության անվանումն այն լեզվով, որով լրացվում է հավաստագիրը:

Հնարավոր է նաև ապրանքն ստացողի անվանումը և հասցեն տպագիր լրացնել հետագայում՝ «to order» («по распоряжению»/«ըստ պահանջի») գրառումից կամ Կողմերից մեկի՝ ապրանքը ներմուծող պետության անվանումից հետո այն լեզվով, որով լրացվում է հավաստագիրը:

 

Վանդակ 3

Նշվում են տեղեկություններ ապրանքների փոխադրման երթուղու և տրանսպորտային միջոցների մասին (որքանով հայտնի է):

 

Վանդակ 4

Օգտագործվում է հատուկ նշումների համար:

Վնասված կամ կորցված հավաստագրի փոխարեն դրա կրկնօրինակը տալու դեպքում ապրանքի ծագման երկրի լիազոր մարմնի կողմից 4-րդ վանդակում կատարվում է «duplicate» («дубликат»/ «կրկնօրինակ») նշումը: Ընդ որում, հավաստագրի կրկնօրինակի գործողության ժամկետը հաշվարկվում է հավաստագրի բնօրինակի տրման ամսաթվից:

Այն դեպքում, երբ հավաստագիրը տրվել է ապրանքն ուղարկելուց հետո, վանդակում կատարվում է «issued retrospectively» («выдан впоследствии» / «տրված է ուղարկելուց հետո») նշումը:

Ապրանքի ծագման երկրի լիազոր մարմնի կողմից ավելի վաղ տրամադրված հավաստագիրը որևէ պատճառով չեղյալ ճանաչվելու դեպքում կրկին տրված հավաստագրի 4-րդ վանդակում կատարվում է «issued instead» («выдан взамен» / «տրված է փոխարեն») գրառումը՝ չեղյալ ճանաչված հավաստագրի համարի և տրման ամսաթվի նշումով:

Թույլատրելի է, որ վանդակը չլրացվի:

 

Վանդակ 5

Մեկ հավաստագրում մի քանի ապրանքի մասին տեղեկություններ հայտարարագրելու դեպքում յուրաքանչյուր ապրանքի դիմաց նշվում է այդ ապրանքի՝ հավաստագրում նշված հերթական համարը: Թույլատրելի է, որ վանդակը չլրացվի:

 

Վանդակ 6

Նշվում են տեղեկություններ բեռնատեղիների քանակի և նշագրումների վերաբերյալ: Եթե հավաստագրում նշվում են տեղեկություններ մի քանի ապրանքների մասին, ապա տվյալները գրառվում են առանց դրանց միջև միջանկյալ տարածության, կամ այդ միջանկյալ տարածության վրա գիծ է քաշվում: Կարելի է կատարել «no marks» («без маркировки»/«առանց նշագրումների») գրառումը:

Թույլատրելի է, որ վանդակը չլրացվի:

 

Վանդակ 7

Նշվում է ապրանքի առևտրային անվանումը, դրա մոդելը, մակնիշը, մոդիֆիկացիան, ապրանքատեսակը (արտիկուլ), այլ տվյալներ, որոնք թույլ են տալիս միանշանակորեն նույնականացնելու ապրանքը մաքսային ձևակերպման նպատակով հայտարարագրված ապրանքի հետ, ինչպես նաև բաժնեծրարումը, փաթեթվածքի տեսակը և ապրանքի տեղերի քանակը:

Եթե վանդակում հատկացված դաշտը բավարար չէ ապրանքի նկարագրության համար, ապա օգտագործվում են հավաստագրի հիմնական թերթիկի նույն ձևով կազմված լրացուցիչ թերթեր, որոնք պետք է հաստատված լինեն հավաստագիրը տված իրավասու մարմնի ստորագրությամբ ու կնիքով և ունենան նույն գրանցման համարը, ինչ հավաստագրի հիմնական թերթիկը:

Եթե այդ վանդակում առկա է հղում պայմանագրի մասնագրին, ապա վերջինիս օրինակը նույնպես պետք է հաստատված լինի հավաստագիրը տված ազգային իրավասու մարմնի ստորագրությամբ և կնիքով:

Եթե հավաստագրում տեղեկություններ են նշվում մի քանի ապրանքների մասին, ապա ապրանքների նկարագրությունները ներկայացվում են առանց միջանկյալ տարածության, կամ այդ միջանկյալ տարածության վրա գիծ է քաշվում:

 

Վանդակ 8

Նշվում է ապրանքի ծագման չափանիշը.

«P»՝ ապրանքն ամբողջությամբ արտադրվել է արտահանման երկրում,

«Y»՝ (արտահանվող ապրանքի՝ արտադրողի ֆրանկո-գործարանային գնի հիման վրա սահմանվող արժեքում ապրանքի արտադրության համար օգտագործված՝ այլ երկրի ծագման կամ անհայտ ծագման հումքանյութերի, կիսապատրաստվածքների կամ պատրաստի արտադրատեսակների արժեքի տոկոսային բաժնի մասին նշումով, օրինակ՝ «Y 15%»)՝ ապրանքը ենթարկվել է մշակման կամ վերամշակման,

«Pk»՝ ապրանքն արտադրվել է այն երկրներից մեկում, որոնց վրա տարածվում է Կողմի պետության սակագնային առանձնաշնորհումների ռեժիմը, և ենթարկվել է մշակման կամ վերամշակման (մեկ կամ մի քանի) այդպիսի այլ երկրներում:

Ապրանքի ծագման չափանիշը պետք է նշված լինի հավաստագրի 7-րդ վանդակում հայտարարագրված յուրաքանչյուր ապրանքի համար:

Եթե հավաստագրով հայտարարագրված են տարբեր ապրանքներ, որոնց մի մասը դասակարգվում է Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի մեկ քառանիշ ապրանքային դիրքում, ապա 8-րդ վանդակում տվյալ քառանիշ ապրանքային դիրքի բոլոր ապրանքների համար թույլատրվում է նշել ծագման չափանիշի մեկ տառանշան:

 

Վանդակ 9

Նշվում է ապրանքի (բրուտտո) քաշը կամ ապրանքի քանակի վերաբերյալ այլ տվյալներ: Եթե հավաստագրով հայտարարագրված է մի քանի ապրանք, ապա ապրանքի (բրուտտո) քաշի կամ ապրանքի քանակի վերաբերյալ մյուս տվյալները ներկայացվում են յուրաքանչյուր նշված ապրանքի համար առանձին:

 

Վանդակ 10

Նշվում է հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի) կամ փոխանցման հաշվի համարը և ամսաթիվը: Վանդակում կարող է նշվել ինչպես մեկ ընդհանուր հաշիվ-ապրանքագիր (ինվոյս) կամ փոխանցման հաշիվ՝ հավաստագրով հայտարարագրված բոլոր ապրանքների համար, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, մի քանի հաշիվ-ապրանքագրեր (ինվոյսներ) կամ փոխանցման հաշիվներ որոշ առանձին նշված ապրանքների համար:

Եթե հավաստագիրը տալու պահին 1-ին վանդակում նշված՝ հավաստագիրը ստացող անձին հայտնի չեն հաշիվ-ապրանքագրի (ինվոյսի) կամ փոխանցման հաշվի տվյալները, ապա թույլատրելի է, որ 10-րդ վանդակը չլրացվի:

 

Վանդակ 11

11-րդ վանդակը պարունակում է տվյալներ հավաստագրի հաստատման ամսաթվի և վայրի մասին, ապրանքների ծագումը հաստատելու համար օրենսդրությանը համապատասխան լիազորված մարմնի անվանումը և կնիքը, ինչպես նաև նշված մարմնի պաշտոնատար անձի ստորագրությունը, որը լիազորված է հաստատելու հավաստագրի արժանահավատությունը:

Կնիքը պետք է ունենա հստակ դրոշմվածք, որն անհրաժեշտության դեպքում հնարավորություն է տալիս նույնականացնելու կնիքի իսկությունը:

 

Վանդակ 12

Լրացման ենթակա վերևի տողում նշվում է ապրանքի ծագման երկրի անվանումը:

Լրացման ենթակա մեջտեղի տողում նշվում է ապրանքի նշանակման երկրի անվանումը:

Լրացման ենթակա ներքևի տողում նշվում է հավաստագիրը լրացնելու վայրը և ամսաթիվը: Հավաստագրում ներկայացված տեղեկությունները հաստատվում են այս վանդակում՝ 1-ին վանդակում նշված արտահանողի (մատակարարի) լիազորված անձի ստորագրությամբ: Արտահանողի (մատակարարի) կնիքի առկայությունը վանդակում պարտադիր պահանջ չէ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.05.2014, 02.01.2015,
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան