Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության Կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարությունը, այսուհետ Կողմերը,
Ցանկանալով զարգացնել և խորացնել երկու երկրների միջև արդեն առկա բարեկամական հարաբերությունները,
Ձգտելով զարգացնել համագործակցությունը մշակույթի բնագավառում,
Պայմանավորվեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակույթի տարբեր ոլորտներում և մասնավորապես կխրախուսեն.
արվեստի, թատերական և երաժշտական խմբերի, ինչպես նաև անհատ կատարողների փոխանակումները,
համագործակցությունը կինոյի բնագավառում` ֆիլմերի փոխանակումների կամ մյուս Կողմի կազմակերպած կինոփառատոներին մասնակցության միջոցով,
գեղարվեստական ցուցահանդեսների փոխանակումները:
Հոդված 2
Կողմերը կխրախուսեն համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը երկու երկրների թանգարանների, գրադարանների և արխիվների միջև:
Հոդված 3
Կողմերը կկազմակերպեն մշակութային բնույթի կոնֆերանսների և միջազգային գիտաժողովներ` մասնագիտացված, պետական և մասնավոր կազմակերպությունների փորձագետների, ինչպես նաև ազգային մշակութային ժառանգության պահպանման ուսումնասիրմամբ զբաղվող մասնագետների մասնակցությամբ:
Հոդված 4
Յուրաքանչյուր Կողմ կօժանդակի իր ներկայացուցիչների մասնակցությունը մյուս Կողմի կազմակերպած մշակութային բնույթի կոնֆերանսներին, մրցույթներին ու հանդիպումներին:
Հոդված 5
Կողմերը կշարունակեն իրենց մայրաքաղաքներում փոխադարձության սկզբունքներով մշակութային կենտրոնների ստեղծման գործընթացները:
Կողմերը հատուկ համաձայնագրի միջոցով կորոշեն տվյալ կենտրոնների գործունեության իրավական հիմքը և պայմանները:
Հոդված 6
Կողմերը կխրախուսեն հանդիպումների անցկացումը և մշակույթի գործիչների, գեղարվեստի ուսուցման ոլորտներում մասնագետների և փորձի փոխանակումները:
Հոդված 7
Կողմերը կհիմնեն հայ-ուրուգվայական համատեղ հանձնաժողով, որը կազմված կլինի երկու երկրների ներկայացուցիչներից, որոնք հաջորդաբար հանդիպումներ կանցկացնեն Երևանում և Մոնտեվիդեոյում յուրաքանչյուր երեք տարին մեկ:
Հանձնաժողովը կմշակի համագործակցության ծրագրերը, ինչպես նաև կհաստատի դրանց ֆինանսավորման մանրամասները: Միաժամանակ այն կքննարկի սույն Համաձայնագրի կիրառմանն առնչվող բոլոր հարցերը:
Հոդված 8
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միջազգային պայմանագրերին համապատասխան Կողմերի ներքին օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ընթացակարգերն ավարտելու մասին միմյանց գրավոր կերպով տեղեկացնելու վերջին ծանուցման օրվանից:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրը կգործի հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար կերկարաձգվի հաջորդ հինգ տարիների համար, բացառությամբ, երբ Կողմերից մեկը համապատասխան ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով կտեղեկացնի Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Մոնտեվիդեոյում, 2000թ. մայիսի 23-ին, երկու բնօրինակից` յուրաքանչյուրը հայերեն և իսպաներեն լեզուներով, ընդ որում, երկուսն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2008թ. հուլիսի 7-ին: