Գլխավոր տեղեկություն
Համար
N 954-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.08.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.11/38(772) Հոդ.909
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.07.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.08.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2010 թվականի N 954-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1392-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 5-րդ կետին, «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետին և 38-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 661 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և 1996 թվականի մայիսի 15-ի N 150 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1392-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության դրույթները չեն տարածվում մասնագիտացված հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոցների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. օգոստոսի 5
Երևան

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 15-ի N 954-Ն որոշման

 

«Հավելված N 3

 ՀՀ կառավարության 2002 թվականի

 հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման

O Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (նշել ըստ կրթական ծրագրի աստիճանի հաստատության լրիվ անվանումը), (այսուհետ` հանրակրթական դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում` հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է: Հանրակրթական դպրոցի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

2. Հանրակրթական դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):

3. Հանրակրթական դպրոցի գտնվելու վայրն է (նշել լրիվ իրավաբանական հասցեն):

4. Հանրակրթական դպրոցը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հանրակրթական դպրոցն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հանրակրթական դպրոցն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հանրակրթական դպրոցը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ:

6. Հանրակրթական դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

7. Հանրակրթական դպրոցը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

8. Հանրակրթական դպրոցն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

9. Հանրակրթական դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն արգելվում են՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Հանրակրթական դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (ընդհանուր), պետական և հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:

11. Հանրակրթական դպրոցի գործունեության նպատակը սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծումն ապահովելն է:

12. Հանրակրթական դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:

13. Հանրակրթական դպրոցը պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:

14. Հանրակրթական դպրոցի կողմից հանրակրթություն իրականացնելիս հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

5) սովորողների սննդի կազմակերպումը.

6) սովորողների` տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.

8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:

15. Հանրակրթական դպրոցը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:

16. Հանրակրթական դպրոցը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Հանրակրթական դպրոցը, ըստ կրթական մակարդակների, իրականացնում է հանրակրթական ծրագիր (նշել հանրակրթական դպրոցի կողմից իրականացվող տարրական, հիմնական, միջնակարգ ծրագիրը (ծրագրերը):

18. Հանրակրթական դպրոցներում ուսուցումն իրականացվում է գրական հայերենով` Հայաստանի Հանրապետության «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

19. Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համար ստեղծված հանրակրթական դպրոցում (դասարանում) հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` նախարարության) սահմանած կարգով:

20. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է հանրակրթական դպրոցը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

21. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

22. Հանրակրթական դպրոցի շրջանավարտին, ըստ կրթության մակարդակների, տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող ավարտական փաստաթուղթ` վկայական կամ ատեստատ:

23. Հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և ազատելը կատարվում է նախարարության սահմանած կարգով: Հանրակրթական դպրոցում հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

24. Հանրակրթական դպրոցի դասարանների կազմավորման կարգը, ըստ սովորողների տարիքի, դասարանի խտության և սովորողների կողմից ուսումնասիրվող հանրակրթական հիմնական, ընդհանուր, այդ թվում՝ հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի յուրացման արդյունքի, սահմանում է հիմնադիրը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել հանրակրթական դպրոցի լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին (այսուհետ` շահույթ)` կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ:

25. Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի՝

1) համաձայն ուսումնական պլանի.

2) խորհրդի որոշմամբ` շահույթի հաշվին:

26. Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:

27. Համաձայն նախարարության սահմանած կարգի, ըստ կրթական մակարդակի, կարող են կազմակերպվել բազմահամակազմ դասարաններ:

28. Հանրակրթական դպրոցում անհատական կրթությունը կարող է կազմակերպվել սովորողի հետ անհատական աշխատանքի, տնային ուսուցման, ինքնակրթության, ընտանեկան և կրթության կազմակերպման դրսեկության ձևի այլ եղանակներով` ըստ նախարարության սահմանած կարգի:

29. Հանրակրթական դպրոցում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

30. Հանրակրթական դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչով: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է` առաջին դասարանում՝ 30 շաբաթ, երկրորդ դասարանում՝ 32 շաբաթ, 3-12-րդ դասարաններում՝ 34 շաբաթ: Ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է հանրակրթական դպրոցը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

31. Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ: Արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է նախարարությունը: Բացառիկ դեպքերում արձակուրդների տրամադրման ժամկետները կարող են փոփոխվել նախարարության համաձայնությամբ:

32. Հանրակրթական դպրոցը կանոնադրությամբ սահմանված կարգով ուսումնական պլանները կազմում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա:

33. Հանրակրթական դպրոցն օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված, նախարարության կողմից երաշխավորված կամ հանրակրթական դպրոցի կողմից մշակված և նախարարության կողմից հավանություն ստացած առարկաներին:

34. Հանրակրթական դպրոցի ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:

35. Սովորողների կողմից կրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, փոխադրման և ավարտման կարգը սահմանում է նախարարությունը: Հանրակրթական ծրագրի (բացառությամբ նախադպրոցական) նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան:

36. Հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում են նախարարության կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում՝

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

37. Ուսումնական տարվա ընթացքում օրենքով սահմանված չափով դասերից բացակայած սովորողին քննություններին թույլատրելու, դասընթացը կրկնելու կամ հանրակրթական դպրոցը թողնելու կարգը և դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

38. Առողջական վիճակի պատճառով հանրակրթական դպրոց ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական դպրոցը կազմակերպում է տնային ուսուցում` համաձայն նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանի:

39. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է հիմնադիրը:

40. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձևից անցնել այլ ձևի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ ուսումնական հաստատություն` համաձայն նախարարության սահմանած կարգի:

41. Հանրակրթական դպրոցում ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած, կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած ավագ դպրոցի շրջանավարտը սահմանված կարգով ներկայացվում է ուսման «Գերազանցության մեդալով» պարգևատրման: Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է գովասանագրով, իսկ հիմնական դպրոցի շրջանավարտը, նախարարության սահմանած կարգով, գերազանցության վկայականով:

 

IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

42. Հանրակրթական դպրոցի կառավարման մարմիններն են`

1) հիմնադիրը.

2) նախարարությունը.

3) տարածքային կառավարման մարմինը և Երևանի քաղաքապետը.

4) խորհուրդը.

5) հանրակրթական դպրոցի տնօրենը:

43. Հանրակրթության կառավարման մարմինների իրավասությունները հանրակրթական դպրոցի կառավարման ոլորտում սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:

44. Հանրակրթության բնագավառում հիմնադրի իրավասություններն են՝

1) հանրակրթական դպրոցի, ինչպես նաև նրա մասնաճյուղի հիմնադրումը, վերակազմակերպումը և լուծարումը.

2) հաստատում է հանրակրթական դպրոցի օրինակելի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) սահմանում է հանրակրթական դպրոցի շահույթի տնօրինման կարգը.

4) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

45. Հանրակրթության բնագավառում նախարարության իրավասություններն են`

1) օրինակելի ուսումնական պլանների մշակումը և հաստատումը.

2) առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների, գործածության երաշխավորված փաստաթղթերի ձևերի մշակման, փորձաքննության և հրատարակման ապահովումը.

3) օրենքով, կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում խորհրդի ձևավորմանը մասնակցելը, կարող է վաղաժամկետ դադարեցնել (հետ կանչել) խորհրդի իր անդամների լիազորությունները.

4) իր ենթակայության հանրակրթական դպրոցներում օրենքով և սույն կանոնադրության 46-րդ կետով նախատեսված իրավասություններն իրականացնելը.

5) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:

46. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի իրավասություններն են`

1) դպրոցի կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և նախարարության ընդունած նորմատիվ ակտերի կատարման, կրթական ծրագրերի իրականացման վերահսկումը՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան.

2) հիմնադրի սահմանած կարգով ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը՝ 5 տարի ժամկետով, նախարարության փորձագիտական եզրակացության հիման վրա, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի լիազորությունները.

3) հանրակրթական դպրոցի կանոնադրության հաստատումը և դրանում կատարվող փոփոխությունները.

4) հանրակրթական դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է`

ա. ամենամյա ծախսերի նախահաշիվը,

բ. հանրակրթական դպրոցի հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակները,

գ. հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

5) օրենքով, կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում խորհրդի ձևավորմանը մասնակցելը, կարող է վաղաժամկետ դադարեցնել (հետ կանչել) իր կողմից առաջադրված խորհրդի անդամների լիազորությունները.

6) հանրակրթական դպրոցի ընդհանուր կառավարման իրականացումը, նրա բնականոն գործունեության ապահովումը և դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար պատասխանատվություն կրելը.

7) իր լիազորությունների սահմաններում հանրակրթական դպրոցի կառավարման մարմինների` խորհրդի, տնօրենի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և կանոնադրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.

8) հանրակրթական դպրոցի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշիռը հաստատելը.

9) հանրակրթական դպրոցին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում գույքի վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.

10) գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար համաձայնություն տալը.

11) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:

47. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները սահմանվում են օրենքով:

48. Հանրակրթական դպրոցի գործունեության վերահսկողությունն իրականացնում են`

1) հիմնադիրը և նախարարությունը.

2) մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում` մարզպետը.

3) Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում` Երևանի քաղաքապետը.

4) Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:

49. Հանրակրթական դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որի լիազորությունները սահմանվում են օրենքով և կանոնադրությամբ:

50. Խորհուրդը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով:

51. Հանրակրթական դպրոցի խորհրդի լիազորություններն են`

1) հիմնադրի սահմանած կարգով տնօրեն ընտրելը.

2) հանրակրթական դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը հաստատելը.

3) հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված նախահաշիվը, ինչպես նաև նպատակային ծրագրերը քննարկելը, որոնց քննարկումներին կարող է մասնակցել հոգաբարձուների խորհրդի լիազոր ներկայացուցիչը.

4) գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների վերաբերյալ տնօրենի ներկայացրած առաջարկությունները լսելը և դրանց հավանություն տալը.

 5) հիմնադրի սահմանած կարգով հանրակրթական դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և համամասնությունները սահմանելը:

52. Խորհրդի անդամի պարտավորությունների և լիազորությունների դադարեցման դեպքերը սահմանվում են օրենքով:

53. Խորհրդի անդամների թեկնածուներ, ըստ նախարարության կողմից հաստատված խորհրդի ընտրության կարգի, առաջադրում են`

1) մանկավարժական խորհուրդը.

2) ծնողական խորհուրդը.

3) տարածքային կառավարման մարմինը, նախարարությունը և տեղական ինքնակառավարման մարմինը:

54. Նախարարության սահմանված կարգով տարածքային կառավարման մարմինը հաստատում է խորհրդի անվանական կազմը տասնօրյա ժամկետում կամ խորհրդի ձևավորման կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է խորհրդի անվանական կազմում առաջարկած անձի կամ անձանց թեկնածությունը:

55. Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:

56. Հանրակրթական դպրոցի տնօրենը չի կարող առաջադրվել դպրոցի խորհրդի կազմում:

57. Խորհրդի առաջին նիստը գումարվում է տարածքային կառավարման մարմնի պահանջով` խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո յոթնօրյա ժամկետում:

58. Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ, ընտրվում է խորհրդի նախագահ:

59. Խորհրդի նախագահը (նախագահողը)`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) նախագահում է խորհրդի նիստերը.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:

60. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:

61. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, իսկ տնօրենի ընտրության ժամանակ` առնվազն վեց անդամ:

62. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տնօրենի ընտրության ժամանակ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

63. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:

64. Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ տնօրենի ընտրության նիստը կարող է նաև ձայնագրվել:

65. Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:

66. Խորհրդի անդամը դպրոցի տնօրենի պաշտոնակատար լինել չի կարող:

67. Հանրակրթական դպրոցի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որի լիազորությունները, պաշտոնի նկարագիրը, ինչպես նաև պաշտոնի նշանակումը, պաշտոնից ազատումը, սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

68. Հանրակրթական դպրոցի տնօրենը՝

1) խորհրդի հավանությանն է ներկայացնում հանրակրթական դպրոցի զարգացման ծրագիրը, հաստիքացուցակը` համաձայն մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և նկարագրի, տարիֆիկացիան, շահույթի բաշխման նախագիծը.

2) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է հանրակրթական դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և մանկավարժների հաշվետվությունները.

3) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

4) նախարարության կողմից հաստատված ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում հանրակրթական դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը.

5) իրականացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը` համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի, աշխատանքի ընդունումը, տեղաբաշխումը և աշխատանքային պայմանագրի լուծումը.

6) ուսուցչական աշխատանքի ընդունվելու բացառիկ դեպքը սահմանվում է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

7) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, կանոնադրության, պաշտոնի նկարագրի և աշխատանքային պայմանագրի համաձայն սահմանում է աշխատողների աշխատանքային պարտականությունները, աշխատանքային ռեժիմը, ստեղծում պայմաններ նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար: Խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.

8) նշանակում է իր տեղակալներին, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարներին, կատարում է աշխատանքի բաշխում նրանց միջև՝ համաձայն կանոնադրության և Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոնների նկարագրերի.

9) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, հանրակրթական դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

10) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

11) ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.

13) համակարգում և հսկում է կառուցվածքային ստորաբաժանումների, մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը.

14) սահմանում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում մասնաճյուղի կամ կառուցվածքային ստորաբաժանման իրավասությունները.

15) ապահովում է նախարարության և տարածքային կառավարման մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

16) ապահովում է կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը հանրակրթության կառավարման մարմինների հետ.

17) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ վիճակի, աշխատանքի անվտանգությանը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.

18) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է պայմաններ (տարածք, մասնագիտական, կազմակերպական, ինչպես նաև օրենքով չարգելվող այլ օժանդակություն) հանրակրթական դպրոցում մանկական, երիտասարդական և այլ մանկապատանեկան հասարակական կազմակերպությունների գործունեության համար.

19) սահմանված կարգով ձևավորում է հանրակրթական դպրոցի սովորողների համակազմը, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը: Ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.

20) ներկայացնում է հանրակրթական դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում.

21) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված պետական մարմնի և խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

22) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հանրակրթական դպրոցի կառավարման այլ մարմիններին չվերապահված այլ լիազորություններ:

69. Հանրակրթական դպրոցի տնօրենը պարտավոր չէ կատարել հանրակրթական դպրոցի կառավարման մյուս մարմինների Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

70. Տնօրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալը` անհնարինության դեպքում՝ այլ անձ, ով հանրակրթական դպրոցի խորհրդի անդամ չէ:

71. Տնօրենի լիազորությունները դադարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է համապատասխան լիազոր մարմնի կողմից` համաձայն հիմնադրի կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի:

72. Հանրակրթական դպրոցի տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը՝

1) պատասխանատու է հանրակրթական դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.

2) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

3) հանրակրթական դպրոցի տնօրենի հետ համատեղ իրականացնում է հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է նախարարության և տարածքային կառավարման մարմնի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

4) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվություններ.

5) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

6) կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն: Ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.

7) հսկում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը:

73. Հանրակրթական դպրոցի տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)`

1) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը.

2) ապահովում է հանրակրթական դպրոցի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

3) կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար.

4) հանրակրթական դպրոցի, նրա ստորաբաժանումների, մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում.

5) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար.

6) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը.

7) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.

8) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում` հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.

9) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը:

74. Հանրակրթական դպրոցի տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալը`

1) պատասխանատու է հանրակրթական դպրոցի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, դպրոցի սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի ուսումնական պարապմունքներին` դասասենյակների ժամանակին նախապատրաստման հակահրդեհային պաշտպանության և սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի համար.

2) միջոցներ է ձեռնարկում հանրակրթական դպրոցի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:

75. Հանրակրթական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)`

1) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության ճանաչողական բնույթի մանկապատանեկան միջոցառումներ.

2) նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.

3) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթական գործընթացի իրականացմանը.

4) պահպանում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

76. Դասարանի ղեկավարը (տարրական դպրոցում` դասվար)`

1) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.

2) նպաստում է հանրակրթական դպրոցի և ընտանիքի մանկավարժական միասնական պահանջների ապահովմանը սովորողների նկատմամբ.

3) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն.

4) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, հանրակրթական դպրոցի տնօրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.

5) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.

6) հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը.

7) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը:

 

V. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

77. Հանրակրթական դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, ծնողական, աշակերտական, հոգաբարձուների խորհուրդներ: Հանրակրթական դպրոցում կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:

78. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական կոլեկտիվի օգոստոսյան առաջին նիստում: Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի անվանական կազմը արձանագրվում է մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով՝

1) քառասուն մանկավարժներից ավելի համակազմ ունեցող հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են՝ տնօրենը, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի, հոգաբարձումների խորհրդի մեկական ներկայացուցիչներ, արհմիութենական կոմիտեի նախագահը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 մանկավարժներ, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ.

2) մինչև քառասուն մանկավարժներից կազմված հանրակրթական դպրոցներում բոլոր մանակավարժական աշխատողները համարվում են մանկավարժական խորհրդի անդամներ:

79. Մանկավարժական խորհուրդը, նախարարության սահմանած կարգով, իր կազմից, գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի անդամության թեկնածուներ:

80. Մանկավարժական խորհուրդը քննարկում է՝

1) հանրակրթական դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը.

2) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակություններին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.

3) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.

4) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.

5) հանրակրթական դպրոցում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.

6) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:

81. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում՝

1) հանրակրթական դպրոցի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության մասին.

2) հանրակրթական դպրոցի ավագ դասարանի հոսքերի ձևավորման մասին.

3) սովորողներին դասարանից-դասարան (այդ թվում՝ հանրակրթական դպրոցի կազմում` հիմնական կրթության 2-րդ մակարդակից 3-րդ մակարդակ փոխադրվելիս) փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.

4) ավագ դպրոցի փոխադրական դասարաններում տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.

5) սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.

 6) որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու մասին.

7) բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի մասին.

8) սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.

9) հանրակրթական դպրոցի շրջանավարտներին, ըստ կրթական մակարդակների ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ) տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու մասին.

10) օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին.

11) հանրակրթական դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխման մասին և ներկայացվում է տնօրենի հաստատմանը.

12) հանրակրթական դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հացերի մասին:

82. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է հանրակրթական դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), որն ի պաշտոնե խորհրդի նախագահն է:

83. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրությունների բարեխիղճ կազմման համար, նիստի արձանագրությունը՝ կազմվում է եռօրյա ժամկետում, ստորագրվում և վավերացվում է խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայնագրվել:

84. Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`

1) տնօրենի նախաձեռնությամբ.

2) մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.

3) նախարարության և (կամ) տարածքային կառավարման մարմնի, Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ:

85. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիստերին՝ խորհրդակցական ձայնի իրավունքով:

86. Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունքով, հրավիրվում են` ծնողներ, աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք: Հանրակրթական դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է դպրոցի աշխատակիցներին մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Մանկավարժական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ: Մանկավարժական խորհրդի նիստը իրավազոր է, եթե դրան մասնակցում են մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ խորհրդի ընտրության ժամանակ` առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:

87. Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամների ընտրությունն անցկացվում է փակ քվեարկությամբ: Ընտրված են համարվում երկու առավել ձայն հավաքած ներկայացուցիչները:

88. Մանկավարժական խորհրդի անդամների ձայների հավասար բաժանվելու դեպքում ընդունվում է տնօրենի առաջարկը: Եթե տնօրենը համաձայն չէ մանկավարժական խորհրդի ընդունած որոշման հետ, վերջնական որոշումը կայացնում է տարածքային կառավարման մարմինը (Երևանի քաղաքապետը)՝ մեկ շաբաթվա ընթացքում:

89. Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումը ապահովում է հանրակրթական դպրոցի տնօրենը և պարբերաբար զեկուցում է մանկավարժական խորհրդին` արդյունքների մասին:

90. Մեթոդական միավորումները ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում։ Մյուս դեպքերում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ հարակից առարկաների ուսուցիչներից։

91. Դասվարների համար ստեղծվում է տարրական կրթության մեթոդական միավորում:

92. Առարկայական կամ տարրական կրթության մեթոդական միավորումը`

1) քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները, և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին (դասվարներին) տալիս երաշխավորություններ.

2) ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում պրակտիկ աշխատանքում.

3) նպաստում է ուսուցիչների (դասվարների) որակավորման բարձրացմանը.

4) որակավորման տարակարգ չունեցող սկսնակ ուսուցիչներին (դասվարներին) նախապատրաստում է ատեստավորման.

5) կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական, խորհրդակցություններ, խորհրդատվություններ.

6) ուսուցիչներին (դասվարներին) հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճումներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ.

7) սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն.

8) մանկավարժական խորհրդում քննարկելուց հետո առաջարկություն է ներկայացնում հանրակրթական դպրոցի տնօրենին` ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին.

9) կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում և առաջարկություն է ներկայացնում հանրակրթական դպրոցի տնօրենին.

10) կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ և այլ միջոցառումներ։

93. Տարբեր հանրակրթական դպրոցների և ուսուցիչների նախաձեռնությամբ կարող են ստեղծվել միջդպրոցական մեթոդական միավորումներ։

94. Մեթոդական միավորումների նիստերը գումարվում են ամիսը առնվազն մեկ անգամ: Սահմանված կարգով նիստերն արձանագրվում են։

95. Դասարանների ծնողական խորհուրդները` նախագահ և երկուսից չորս անդամի կազմով ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից մեկ ուսումնական տարվա համար:

96. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:

97. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:

98. Դասարանական և դպրոցական ծնողական խորհուրդների նիստերը իրավազոր են, եթե դրանց մասնակցում են ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումը արգելվում է:

99. Ծնողական դասարանական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցականին` տնօրենը:

100. Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն հանրակրթական դպրոցի ուսումնադաստիարակչական պլանի, հրավիրվում են դասարանականը` ոչ պակաս չորս անգամ, համադպրոցականը` երկու անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ համադպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:

101. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը՝

1) հանրակրթական դպրոցի խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից առաջադրում է խորհրդի անդամության թեկնածուներ: Գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայն հավաքած երկու թեկնածուները.

2) հանրակրթական դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

3) մասնակցում է հանրակրթական դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման, պայմանագրերի կնքման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին.

4) աջակցում է հանրակրթական դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.

5) լսում է տնօրենի հաղորդումը հանրակրթական դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.

6) հանրակրթական դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում ձևավորում է միասնական պահանջներ.

7) ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.

8) օգնում է հանրակրթական դպրոցին սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում.

9) մասնակցում է սովորղների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է հանրակրթական դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.

10) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաներին նյութական օգնություն ցույց տալու գործին.

11) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.

12) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը հանրակրթական դպրոցում.

13) ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.

14) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

102. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը համագործակցում է հանրակրթական դպրոցի մանկավարժական և հոգաբարձուների խորհուրդների հետ:

103. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը տնօրենի նկատմամբ անվստահությունը կարող է ներկայացնել դպրոցի խորհրդին:

104. Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները:

105. Ծնողական խորհուրդը իր աշխատանքների մասին հաշվետվություն է տալիս խորհրդի կազմի վերընտրության ժամանակ:

106. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:

107. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:

108. Հաստատության աշակերտական ինքնավարության բարձրագույն մարմինը հանրակրթական դպրոցի բարձր դասարանների (6-12-րդ դասարաններ) աշակերտների ընդհանուր ժողովն է, որի նիստերին կարող են մասնակցել նաև ցածր դասարանների աշակերտները:

109. Նոր ուսումնական տարվա առաջին աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից` սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

110. Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է՝

1) տարեկան առնվազն երկու անգամ աշակերտական խորհրդի նախագահի կողմից.

2) արտահերթ ժողով կարող է հրավիրվել` աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով.

3) հանրակրթական դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ:

111. Աշակերտները կարող են ստեղծել նաև ըստ հետաքրքրությունների ակումբներ, միավորումներ, որոնք հանդիսանում են աշակերտական ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ:

112. Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հանրակրթական դպրոցի սեպտեմբերյան ժողովում ձևավորում է խորհրդակցական մարմին` աշակերտական խորհուրդ:

113. Աշակերտական ինքնավարության մարմինների (ընդհանուր ժողովի), դասարանական ժողովի, գործադիր մարմնի` աշակերտական խորհրդի, ինչպես նաև նրա ղեկավարության ձևավորման կարգը, լիազորությունները սահմանվում են հանրակրթական դպրոցի կանոնադրությամբ և նախարարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:

114. Աշակերտական խորհուրդը` ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան, անմիջականորեն աշակերտներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում հանրակրթական դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին:

115. Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է խորհրդի և մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր:

116. Հոգաբարձուների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հանրակրթական դպրոցի գործունեությամբ շահագրգիռ անձինք, անհատ ձեռներեցներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ:

117. Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է առնվազն հինգ հոգաբարձուներից:

118. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավասու է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին:

119. Հոգաբարձուների խորհրդի որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստեր գումարվում են տարվա ընթացքում առնվազն չորս անգամ: Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են:

120. Հոգաբարձուների խորհուրդը`

1) օժանդակում է հանրակրթական դպրոցի համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, արտաբյուջետային ֆոնդի ձևավորմանը.

2) նպաստում է հանրակրթական դպրոցի կողմից իրականացվող լրացուցիչ, ինչպես նաև օրենքին և հանրակրթական դպրոցի կանոնադրությանը չհակասող այլ ծրագրերի իրականացմանը.

3) աջակցում է սոցիալական ծրագրերի իրականացմանն ու սովորողների ամառային հանգստի կազմակերպմանը.

4) լսում է իր հատկացրած միջոցների նպատակային ծախսման վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը.

5) մասնակցում է հանրակրթական դպրոցի զարգացման ծրագրերի քննարկմանը.

6) իր կազմից ընտրում է հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի անդամ.

7) օժանդակում է այլ ուսումնական հաստատությունների հետ հանրակրթական դպրոցի համագործակցությանը, միջազգային կապերի ստեղծմանը:

121. Հոգաբարձուների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է ավագ հոգաբարձու` մեկ տարի ժամկետով:

122. Ավագ հոգաբարձուն`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, հրավիրում է խորհրդի նիստ և վարում այն.

2) հոգաբարձուների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում է հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն տրված լիազորությունները:

123. Հոգաբարձուների խորհրդի տրամադրած ֆինանսական միջոցները մուտքագրվում են հանրակրթական դպրոցի արտաբյուջետային հաշվին: Այդ միջոցների օգտագործումը կատարում է հանրակրթական դպրոցի տնօրենը` համաձայն խորհրդի կողմից հաստատված նախահաշվի: Խոշոր միանվագ մուծումների դեպքում` հոգաբարձուների խորհուրդը հանրակրթական դպրոցին կարող է առաջարկել նպատակային ծրագիր:

124. Հոգաբարձուների խորհրդի անդամները, խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել հանրակրթական դպրոցի խորհրդի նիստերին, եթե քննարկվում է հոգաբարձուների խորհրդի առաջարկությունը: Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը կարող է մասնակցել խորհրդի այն նիստին, երբ քննարկվում է հոգաբարձուների խորհրդի կողմից առաջարկված նախահաշիվը կամ նպատակային ծրագիրը:

125. Հանրակրթական դպրոցի տնօրենը, նրա տեղակալները, խորհրդի, ինչպես նաև խորհրդակցական մարմինների անդամները հանրակրթական դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող հանրակրթական դպրոցի:

 

VI. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

126. Հանրակրթական դպրոցում կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

127. Հանրակրթական դպրոցում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:

128. Սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

129. Հանրակրթական դպրոցն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ:

130. Յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն, որն իրականացվում է հանրակրթական դպրոցի բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

131. Հանրակրթական դպրոցում կարգապահությունն ապահովվում է օրենքով, կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

132. Հանրակրթական դպրոցի ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր:

133. Սովորողների համար հիմնադրի, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական դպրոցի, ինչպես նաև սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր` շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

134. Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունքը սահմանափակվում է օրենքով:

135. Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

136. Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս այն անձի կողմից, ում վրա դրված են այդ պարտականությունները, ըստ ծառայության, կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

VII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

137. Հանրակրթական դպրոցի սեփականությունը ձևավորվում է հանրակրթական դպրոցի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հանրակրթական դպրոցի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

138. Հանրակրթական դպրոցն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հիմնադրի անունից լիազորված պետական մարմնի համաձայնությամբ հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում հանրակրթական դպրոցի ստացած եկամուտները հանրակրթական դպրոցի սեփականությունն են:

139. Հանրակրթական դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները սահմանում է հիմնադիրը:

140. Հանրակրթական դպրոցը ֆինանսավորում է հիմնադիրը: Հանրակրթական դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից:

141. Հանրակրթական դպրոցի ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի` կախված սովորողների թվից՝

1) հանրակրթական դպրոցը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում.

2) լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է հիմնադիրը:

142. Հանրակրթական դպրոցի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

1) հիմնադրի սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.

2) բարեգործական, նպատակային ներդրումները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կանոնադրությանը չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

143. Հանրակրթական դպրոցի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված աուդիտորի կամ հիմնադրի ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:

 

VIII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

144. Հանրակրթական դպրոցը վերակազմակերպվում և լուծարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Հանրակրթական դպրոցի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան