ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0126/02/09 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/0126/02/09 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան | |
Դատավորներ՝ Կ. Հակոբյան Տ. Նազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի |
2010 թվականի մայիսի 27-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Կարինե Գալստյանի և Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2010 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Քնքուշ Գալստյանի ընդդեմ Կարինե Գալստյանի` նվիրատվության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Քնքուշ Գալստյանը պահանջել է անվավեր ճանաչել Կարինե Գալստյանի և իր միջև կնքված 01.08.1996 թվականի նվիրատվության պայմանագիրը:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 13.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.02.2010 թվականի որոշմամբ Դատարանի 13.11.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Կարինե Գալստյանը և Ելենա Գրեչկոն:
Վճռաբեկ բողոքների պատասխան է ներկայացրել Քնքուշ Գալստյանը:
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքի`
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը գործի քննությանը մասնակից չի դարձրել Ելենա Գրեչկոյին, որի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ կայացրել է որոշում:
Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը առանց Ելենա Գրեչկոյին գործին մասնակից դարձնելու անվավեր է ճանաչել 01.08.1996 թվականի բնակելի տան նվիրատվության պայմանագիրը, համաձայն որի` Քնքուշ Գալստյանը Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանը նվիրել է Կարինե Գալստյանին այն պարագայում, երբ Ելենա Գրեչկոն այժմ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանի սեփականատերն է:
Վերոգրյալի հիման վրա Ելենա Գրեչկոն պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
Ըստ Կարինե Գալստյանի վճռաբեկ բողոքի՝
Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 600-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ վիճելի բնակարանի օտարման պարագայում Քնքուշ Գալստյանը կդառնա անօթևան, ինչը կառաջացնի կենսամակարդակի էական իջեցում:
Մինչդեռ նվիրատվության պայմանագիրը կնքվել է օրենքի բոլոր պահանջների պահպանմամբ և չի պարունակում որևէ պայման` գույքը ապագայում հանձնելու վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա Կարինե Գալստյանը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
2.1 Կարինե Գալստյանի վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Քնքուշ Գալստյանի բնակարանը չի հանձնվել և չէր կարող հանձնվել Կարինե Գալստյանին, քանի որ այն ազատելու մտադրություն Քնքուշ Գալստյանը չի ունեցել և չունի: Քնքուշ Գալստյանը կնքել է նվիրատվության պայմանագիր իրեն հոգալու և խնամելու պայմանով:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 01.08.1996 թվականի բնակելի տան նվիրատվության պայմանագրի համաձայն` Քնքուշ Գալստյանը Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանը նվիրել է Կարինե Գալստյանին (1-ին հատոր, գ.թ. 6):
2. 27.03.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Կարինե Գալստյանը Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի, թիվ 5 շենքի 56 բնակարանը վաճառել է Գարիկ Վարդանյանին (ներկայացվել է Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքին կից):
3. 11.05.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի համաձայն` Գարիկ Վարդանյանը Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանը վաճառել է Ելենա Գրեչկոյին (ներկայացվել է Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքին կից):
4. 13.05.2009 թվականի թիվ 2455337 սեփականության իրավունքի վկայականի համաձայն՝ Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանի նկատմամբ գրանցվել է Ելենա Գրեչկոյի սեփականության իրավունքը (ներկայացվել է Ելենա Գրիչկոյի վճռաբեկ բողոքին կից):
5. Ելենա Գրեչկոն սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե´ս, ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը):
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական խնդրին:
Սույն գործով Քնքուշ Գալստյանը վիճարկում է 01.08.1996 թվականին կնքված բնակելի տան նվիրատվության պայմանագիրը, որով Քնքուշ Գալստյանը իրեն պատկանող Երևանի Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 5 շենքի 56 բնակարանը նվիրել է Կարինե Գալստյանին: Կարինե Գալստյանը նշված բնակարանը 27.03.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով վաճառել է Գարիկ Վարդանյանին, իսկ վերջինս էլ 11.05.2009 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով` Ելենա Գրեչկոյին:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կայացված դատական ակտն առնչվում է Ելենա Գրեչկոյի իրավունքներին և պարտականություններին, մինչդեռ վերջինս գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Այսինքն՝ Ելենա Գրեչկոն զրկվել է իր դատավարական իրավունքներից օգտվելու և դատավարական պարտականությունները կատարելու հնարավորությունից, ինչի արդյունքում խախտվել է վերջինիս՝ ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իրենց գործի հրապարակային քննության իրավունքը:
Այսպիսով, Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ինչ վերաբերում է Կարինե Գալստյանի վճռաբեկ բողոքին, ապա Ելենա Գրեչկոյի գործին մասնակից չդարձվելու պայմաններում Վճռաբեկ դատարանը դրանում առկա փաստարկներին չի անդրադառնում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412 -րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Ելենա Գրեչկոյի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.02.2010 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
|
Ս. Սարգսյան |
Դատավորներ` |
|
Մ. ԴՐՄԵՅԱՆ |
Վ. Աբելյան | ||
Ս. Անտոնյան | ||
Վ. Ավանեսյան | ||
Ա. Բարսեղյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան |