Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.35
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
26.03.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
26.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՍԴ/0226/01/09

ՍԴ/0226/01/09

Նախագահող դատավոր՝ Մ. Սիմոնյան

Դատավորներ՝ Ս. Ավետիսյան, 
                       Ա. Խաչատրյան

 

 Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ասատրյանի

 

Ե. Դանիելյանի

Հ. Ղուկասյանի

Ա. Պողոսյանի

Ս. Օհանյանի

   
քարտուղարությամբ

Կ. Աբրահամյանի

մասնակցությամբ պաշտպան

 Կ. Մանուչարյանի

 

2010 թվականի մարտի 26-ին

 ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Արթուր Խաչիկի Անտոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2010 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա.Անտոնյանի պաշտպան Կ.Մանուչարյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2009 թվականի օգոստոսի 14-ին հարուցվել է թիվ 32104709 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով:

2009 թվականի օգոստոսի 15-ի որոշմամբ Ա.Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

2009 թվականի օգոստոսի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճռով, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, Արթուր Խաչիկի Անտոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 /երկու/ տարի ժամկետով:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Ս.Նուրիջանյանը, Ա.Մկրտչյանը, Ա.Ավետիսյանը, որոնց մասով դատական ակտը չի բողոքարկվել:

3. Ամբաստանյալ Ա.Անտոնյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2010 թվականի հունվարի 15-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռը:

4. Վերաքննիչ դատարանի 2010 թվականի հունվարի 15-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ա.Անտոնյանի պաշտպան Կ.Մանուչարյանը:

2010 թվականի մարտի 15-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանն ամբաստանյալ Ա.Անտոնյանի պաշտպան Կ.Մանուչարյանի վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Գործի փաստական հանգամանքները և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ա.Անտոնյանը դատապարտվել է այն արարքի համար, որ գողություն կատարելու համար նախնական համաձայնության գալով ընկերների` Արարատի մարզի Զոդ ավանի բնակիչներ Ս.Նուրիջանյանի, Ա.Մկրտչյանի, Ա.Ավետիսյանի հետ, 2009 թվականի օգոստոսի 11-ին Ս.Նուրիջանյանին պատկանող ՎԱԶ-2101 մակնիշի ավտոմեքենայով գնացել են Գորիս քաղաք և ժամը 03-ի սահմաններում գողացել Գորիս քաղաքի Այգեստան 16 տան բակում կայանված Մ.Ասկանդարյանին պատկանող Վազ-2101 մակնիշի ավտոմեքենայի հետևի ձախ անիվը, այնուհետև անասնագոմի դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք գործելով Մ.Ասկանդարյանի անասնագոմ` գաղտնի հափշտակել են 7 գլուխ ոչխար, վերջինիս պատճառելով զգալի չափերի` 210.000 ՀՀ դրամի նյութական վնաս:

6. Առաջին ատյանի դատարանը Ա.Անտոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա նախկինում դատված չի եղել, Արարատի մարզի Արարատ գյուղի գյուղապետարանի կողմից բնութագրվում է դրական, երիտասարդ է, զղջում է կատարածի համար, Արարատի մարզի Արարատ գյուղի գյուղապետարանի կողմից 2009 թվականի օգոստոսի 31-ին տրված տեղեկանքի համաձայն՝ նրա խնամքին ու հոգածությանն են պապն ու տատը:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ Ա.Անտոնյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտում նշել է նաև, որ «Ամբաստանյալների նկատմամբ պատժաչափ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ամբաստանյալներից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը, նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Նուրիջանյանի եղբոր միջոցով վերականգնվել է տուժողին պատճառված նյութական վնասը, վերջինս էլ գրավոր հայտնել է, որ ամբաստանյալներից պարտք ու պահանջ չունի»:

7. Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտում շարադրված վերոգրյալ հանգամանքները, հանգել է հետևության, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակվել է համաչափ պատիժ: Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(…) ինչպես բողոքում մատնանշված փաստարկները, այնպես էլ ամբատանյալի վատառողջ լինելը չեն կարող հիմք հանդիսանալ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման համար»:

8. Գործով հաստատվել է, որ անվադողի և ոչխարների հափշտակություն կատարելու ընթացքում Ա.Անտոնյանը գտնվել է դատապարտյալ Ս.Նուրիջանյանին պատկանող ավտոմեքենայում և մյուսների կողմից ոչխարներն անասնագոմից դուրս բերելուց հետո օգնել է դրանք տեղավորել ավտոմեքենայի մեջ:

9. Ա.Անտոնյանը նախկինում դատապարտված չի եղել, ընդունել է հանցանքը և զղջացել կատարածի համար, բնութագրվում է դրական, վատառողջ է՝ ըստ «ամբուլատոր հիվանդի բժշկական քարտի», «Արարատի մարզի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և «Արարատի մարզի բժշկական ամբուլատորիա» ՓԲԸ-ի կողմից տրված գրությունների՝ Արթուր Անտոնյանը 2001 թվականից բուժհաստատությունում հաշվառված լինելով, 2007 թվականի հոկտեմբերի 3-ին «Կոմա, կրկնվող ցնցումային նոպաներ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, սկսած նույն թվականից «Ցնցումային սինդրոմ, էպիլեպտիկ սինդրոմ» ախտորոշման հիման վրա վերցվել է դիսպանսեր հսկողության և ստանում է հակացնցումային դեղորայք /հատոր 2, էջեր 121-125/, նրա խնամքին և հոգածությանն են պապն ու տատը:

10. Գործով տուժող Մ.Ասկանդարյանը 2009 թվականի օգոստոսի 27-ին տվել է ստացական այն մասին, որ նույն օրն Արթուր Անտոնյանի եղբայր Գարիկ Անտոնյանից ստացել է իրեն պատճառված վնասի ողջ ծավալով հատուցումը և մեղադրյալներ Ա.Անտոնյանից և մյուսներից որևէ պարտք և պահանջ չունի /հատոր 2, էջ 50/:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

11. Բողոք բերած անձը փաստարկել է, որ առկա են վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հիմքերը, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, ինչպես նաև՝ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական օրենքի էական խախտում, որը կարող է ծանր հետևանքներ առաջացնել ծանր հիվանդությամբ տառապող Ա.Անտոնյանի համար:

Համաձայն բողոքի՝ նախաքննության ընթացքում և դատարաններում բավարար ուշադրություն չեն դարձրել այն հանգամանքին, որ ամբաստանյալ Ա.Անտոնյանը տառապում է ծանր հիվանդությամբ, որի վերաբերյալ Վերաքննիչ դատարանում գործի դատաքննության ընթացքում ներկայացվել են համապատասխան գրավոր ապացույցներ:

Բացի այդ, Ա.Անտոնյանն ամբողջովին վերականգնել է տուժողին պատճառած նյութական վնասը, ինչն էականորեն նվազեցնում է հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը, սակայն Առաջին ատյանի դատարանը կայացված դատավճռում սխալմամբ նշել է, որ վնասը հատուցվել է «ամբաստանյալ Նուրիջանյանի եղբոր կողմից»: Ա.Անտոնյանը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, ընդունել է մեղքը և զղջացել կատարածի համար, ընտանիքի միակ կերակրողն է, նրա խնամքին են տատն ու պապը:

Վերոգրյալի և ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 61-րդ, 48-րդ հոդվածների վերլուծության համատեքստում բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել առերևույթ դատական սխալ՝ դատավճռով նշանակված պատիժը չի համապատասխանում կատարված հանցանքի ծանրությանը և ամբաստանյալի անձին, բացի այդ՝ այն հակասում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման վերաբերյալ ԱՎԴ/0100/01/08, ՎԲ-197/07 գործերով Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշմանը:

12. Վերոգրյալի հիման վրա՝ բողոքի հեղինակը խնդրել է մասնակիորեն՝ Ա.Անտոնյանի նկատմամբ նշանակված պատժի մասով, բեկանել Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռն ու Վերաքննիչ դատարանի 2010 թվականի որոշումը, և Ա.Անտոնյանի նկատմամբ նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե հիմնավորված և պատճառաբանվա՞ծ է արդյոք Ա.Անտոնյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին Վերաքննիչ դատարանի հետևությունը:

14. Պատիժ նշանակելը քրեական գործերով արդարադատության իրականացման կարևոր և պատասխանատու բաղադրամասերից է, ուստի օրենսդրի կողմից մեծապես կարևորվում է յուրաքանչյուր դեպքում անձի նկատմամբ պատիժ նշանակելիս քրեաիրավական նորմերով ամրագրված օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքների պահպանումը:

15. ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ «Հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար»:

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող «պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները»:

16. Շարադրված հոդվածների վերլուծությունից երևում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ սոցիալական արդարությունը վերականգնելու նպատակը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման սկզբունքն ամրագրած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի բովանդակությունից: Մասնավորապես, նշված հոդվածի այն պահանջից, ըստ որի՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը և քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի` համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար լինեն նրան ուղղելու և նոր հանցագործությունները կանխելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 48-րդ հոդվածների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել ՎԲ-50/07, ՎԲ-192/07, ՎԲ-201/07, ԱՎԴ2/0059/01/08 որոշումներում):

17. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

Ամբաստանյալին մեղսագրվող հանցանքի հանրային վտանգավորության աստիճանի և բնույթի վերաբերյալ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է Գ.Մադաթյանի վերաբերյալ գործով կայացրած որոշման մեջ, որի համաձայն` «Արարքի հանրային վտանգավորության բնույթը հանցագործության որակական կողմն է, այն որոշվում է մեղքի ձևի և տեսակի, հանցագործության նպատակի և շարժառիթի, ինչպես նաև քրեական օրենսդրությամբ պահպանվող հասարակական հարաբերության` հանցանքի կատարման պահին ունեցած սոցիալական նշանակության վերաբերյալ փաստական տվյալների ամբողջությամբ:

Արարքի հանրային վտանգավորության աստիճանի որոշման ժամանակ դատարանը պետք է բացահայտի կատարված կոնկրետ հանցանքի առանձնահատուկ հատկանիշները, որոնք կարող են ազդել հանրության վտանգավորության վրա` հանցագործությամբ պատճառված վնասի չափը, հանցագործության կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հանցակցության դեպքում` հանցավորի կատարած արարքը և հանցագործությանը նրա մասնակցության աստիճանը» (տե՛ս Գարուշ Մադաթյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2009 թվականի փետրվարի 17-ի թիվ ԵՇԴ/0029/01/08 որոշումը, կետ 14):

Դատարանների կողմից պատիժ նշանակելիս հաշվի առնվող մեղմացնող հանգամանքների չափանիշների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Պ.Բայրամյանի վերաբերյալ գործով կայացրած որոշման մեջ, որի համաձայն` «(…) Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի՝ պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն՝ գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը, (…)» (տե՛ս Պարույր Բայրամյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի 2007 թվականի հունիսի 1-ի ՎԲ-84/07 որոշումը):

18. ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն` «Եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժ կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իր դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է մի շարք որոշումներում: Մասնավորապես, Հ.Բաղդասարյանի վերաբերյալ որոշմամբ արձանագրվել է, որ «(...) պատիժը կարող է պայմանականորեն չկիրառվել, եթե առկա է դատարանի համոզվածությունը, վստահությունն առանց իրական պատիժ նշանակելու ամբաստանյալի ուղղվելու հնարավորության մասին: Դատարանը նման հետևության հանգում է միայն օբյեկտիվ գոյություն ունեցող տվյալների վերլուծության հիման վրա, որոնք բնութագրում են արարքը, հանցավորի անձը և վկայում են պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերի առկայության մասին (...)» (տե՛ս Հուսիկ Սուրենի Բաղդասարյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԱՎԴ2/0059/01/08 որոշումը, կետ 24): Նմանատիպ մոտեցում է արտահայտվել նաև Վճռաբեկ դատարանի ՎԲ-50/07, ՎԲ-192/07, ՎԲ-01/08 որոշումներում:

19. Այսպիսով, ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի վերը թվարկված դրույթներից և Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներից հետևում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ինչպես պատժատեսակի և պատժաչափի, այնպես էլ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա՝ օրինականության, արդարության, պատասխանատվության անհատականացման և մարդասիրության սկզբունքներին համապատասխան, նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

20. Ինչպես երևում է գործի նյութերից, Առաջին ատյանի դատարանը Ա.Անտոնյանի նկատմամբ պատիժ նշանակելիս որպես նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ նա նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, երիտասարդ է, զղջում է կատարածի համար, խնամքին ու հոգածությանն են պապն ու տատը: Առաջին ատյանի դատարանը Ա.Անտոնյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չի արձանագրել:

Առաջին ատյանի դատարանն արձանագրել է նաև, որ պատժաչափ նշանակելիս դատարանը հաշվի է առնում ամբաստանյալներից յուրաքանչյուրի մասնակցության բնույթն ու աստիճանը, ինչպես նաև այն, որ ամբաստանյալ Ս.Նուրիջանյանի եղբոր միջոցով վերականգնվել է տուժողին պատճառված նյութական վնասը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հնարավորության և ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցերը, հանգել է հետևության, որ Ա.Անտոնյանի վերաքննիչ բողոքում բերված փաստարկներն արդեն իսկ հաշվի են առնվել Առաջին ատյանի դատարանի կողմից` պատժի տեսակը և չափը որոշելիս, և գործով բավարար հիմքեր չկան նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը կիրառելու համար (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

Փաստորեն, Վերաքննիչ դատարանն ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հարցը քննարկելիս հիմք է ընդունել Առաջին ատյանի դատարանի հետևությունները, որոնք ուղղակի վերարտադրել է իր որոշման մեջ` առանց անդրադառնալու այն հարցին, թե ամբաստանյալ Ա.Անտոնյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության մասին հետևությունն արդյոք համապատասխանում է գործի փաստական հանգամանքներին ու պատժի արդարացիության քրեաիրավական սկզբունքին:

21. Այս առումով հարկ է նշել, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել ամբաստանյալ Ա.Անտոնյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանին` կատարված հանցագործությանը նրա մասնակցության աստիճանի տեսանկյունից, մինչդեռ գործի նյութերից երևում է, որ Ա.Անտոնյանը հանցագործության կատարման մեջ ակտիվ դերակատարություն չի ունեցել (տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել նաև ամբաստանյալ Ա.Անտոնյանի առողջական վիճակի մասին ներկայացված փաստաթղթերը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը):

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել նաև հանցագործությամբ տուժողին պատճառված վնասը հարթելուն ուղղված գործողությունների վերաբերյալ գործի նյութերում առկա փաստաթղթի՝ տուժող Մ.Ասկանդարյանի տրված ստացականի, և հանցագործությամբ պատճառված վնասը Ս.Նուրիջանյանի եղբոր կողմից հատուցված լինելու մասին Առաջին ատյանի դատարանի հետևության միջև առկա հակասությանը, քանի որ տուժողի ստացականի բովանդակությունից հետևում է, որ նրան պատճառված վնասն ամբողջությամբ հարթվել է ամբաստանյալ Ա.Անտոնյանի եղբոր` Գարիկ Անտոնյանի կողմից (տե՛ս սույն որոշման 10-րդ կետը), որպիսի հանգամանքը ևս ենթակա է քննարկման ամբաստանյալ Ա.Անտոնյանի արարքի հանրային վտանգավորության աստիճանի գնահատման տեսանկյունից:

22. Այսպիսով՝ ամբաստանյալ Ա.Անտոնյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի դատավճռի վերանայման ընթացքում Վերաքննիչ դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել սույն որոշման 20-21-րդ կետերում նշված հանգամանքները, ինչի արդյունքում նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցով կայացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի պահանջներին չհամապատասխանող` չհիմնավորված որոշում:

23. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են ամբաստանյալ Ա.Անտոնյանի նկատմամբ նշանակված պատիժը կրելու հարցում գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է հանդիսանում:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա Ա.Անտոնյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է բեկանել` գործն ուղարկելով նույն դատարան` նոր քննության, ինչը պայմանավորված է վերոհիշյալ հանգամանքների պատշաճ քննարկման և գնահատման անհրաժեշտությամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված` պատժի նպատակների իրացվելիության ապահովման տեսանկյունից:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Արթուր Խաչիկի Անտոնյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի սեպտեմբերի 23-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2010 թվականի հունվարի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Դ. Ավետիսյան

Դատավորներ`

 

Հ. Ասատրյան

 

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան