Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Ինկորպորացիա (10.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2015.04.22/1(31)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
07.07.2014
Ստորագրման ամսաթիվ
07.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2014

 Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Արգենտինայի Հանրապետության կառավարությունը (այսուհետ` «Կողմեր»),

 

նպատակ ունենալով զարգացնել երկարամյա բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը երկու պետությունների միջև,

 

ձգտելով փոխշահավետության հիման վրա զարգացնել և ամրապնդել իրենց տնտեսական համագործակցությունը,

 

համոզված լինելով, որ համապատասխան իրավական դաշտի ձևավորումը կնպաստի համագործակցության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը,

 

ղեկավարվելով գործող ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

Առարկա

 

Կողմերը սույն Համաձայնագրին, գործող ազգային օրենսդրության և միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին և նորմերին համապատասխան, կնպաստեն տնտեսական համագործակցության փոխշահավետ կապերի ընդլայնմանն ու դիվերսիֆիկացմանը տնտեսական զարգացմանն առնչվող բոլոր ոլորտներում, հատկապես.

 

1. երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանը նպաստող գործունեության խթանման,

 

2. գործարար կապերի ստեղծման և ընդլայնման,

 

3. երկկողմ ներդրումների ընդլայնման դյուրացման և հատկապես` իրենց պետություններում տնտեսական և ներդրումային հնարավորությունների ուսումնասիրման,

 

4. երկու պետություններում տնտեսական կապերի ամրապնդման նպատակով համագործակցության ուժեղացման միջոցով:

 

Հոդված 2

Տնտեսական համագործակցություն

 

Կողմերը, իրենց պետությունների տարածքներում գործող օրենսդրության համաձայն, պարտավորվում են խթանել և դյուրացնել համագործակցության ընդլայնումը ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև, ներառյալ` բիզնես-կազմակերպությունների, կազմավորումների և գործակալությունների: Այդ նպատակով նրանք համաձայնում են.

 

1. փոխանակել տեղեկատվություն տնտեսական զարգացման և երկկողմ առևտրի, ինչպես նաև տնտեսական ծրագրերի, կանխատեսումների և ռազմավարությունների վերաբերյալ,

 

2. միմյանց տեղեկացնել առևտրային տոնավաճառների, ցուցահանդեսների գործարար առաքելությունների և խթանմանն ուղղված այլ միջոցառումների վերաբերյալ,

 

 

3. դյուրացնել պետական ու մասնավոր հատվածի փորձագետների, ներդրողների և գործարար ներկայացուցիչների փոխանակումը,

 

4. հայտնաբերել երրորդ երկրներում հայաստանյան և արգենտինյան ընկերությունների կողմից համատեղ գործարարության զարգացման հնարավորությունները և աջակցել դրանց:

 

Հոդված 3

Համագործակցության մեխանիզմներ

 

Կողմերը, գործող ազգային օրենսդրությանը համապատասխան, կձգտեն ընդլայնել և խթանել իրենց համագործակցությունը հետևյալ միջոցներով.

 

ա) տնտեսական զարգացման համար պատասխանատու` իրենց կառավարման մարմինների, մասնագիտական կազմակերպությունների, բիզնես միավորումների, առևտրաարդյունաբերական պալատների, տարածքային և տեղական միավորների միջև կապերի ամրապնդում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական բնույթի տեղեկատվության փոխանակման խթանում, ինչպես նաև տնտեսության մեջ ներգրավված իրենց ներկայացուցիչների կամ այլ պատվիրակությունների այցերի կազմակերպում,

 

բ) երկու պետությունների գործարար շրջանակների միջև նոր կապերի ստեղծման արագացում և սերտացում` անհատների և ընկերությունների այցերի, հանդիպումների և փոխգործակցության այլ միջոցներով,

 

գ) գործարար տեղեկատվության փոխանակում, տոնավաճառներին և ցուցահանդեսներին մասնակցության, ինչպես նաև սեմինարների, խորհրդակցությունների և գործարար համաժողովների կազմակերպման խթանում,

 

դ) երկկողմ տնտեսական կապերում փոքր և միջին ձեռնարկությունների առավել ակտիվ մասնակցության խթանում,

 

ե) երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում խորհրդատվության, մարքեթինգի և փորձագիտական ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցության խթանում,

 

զ) իրենց ֆինանսական մարմինների և բանկերի միջև ավելի սերտ համագործակցության խթանում,

 

է) երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում միջտարածաշրջանային և միջազգային համագործակցության խթանում,

 

ը) համագործակցություն երրորդ երկրների շուկաներում:

 

Հոդված 4

Համատեղ միջկառավարական հանձնաժողով

 

1. Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման նպատակով Կողմերը կստեղծեն տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-արգենտինական միջկառավարական հանձնաժողով (այսուհետ` Միջկառավարական Հանձնաժողով):

 

2. Միջկառավարական Հանձնաժողովը բաղկացած կլինի Կողմերի պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներից` յուրաքանչյուր Կողմի նախարարության և/կամ դրան համարժեք կառավարման մարմնի ղեկավարի նախագահությամբ:

 

3. Հանձնաժողովի նիստերը անց կկացվեն անհրաժեշտությունից ելնելով, սակայն ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ, հաջորդականության սկզբունքով` Հայաստանի Հանրապետությունում և Արգենտինայի Հանրապետությունում:

 

4. Միջկառավարական Հանձնաժողովը իր աշխատանքներին մասնակցելու նպատակով կարող է հրավիրել Կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչներին:

 

5. Միջկառավարական Հանձնաժողովի հիմնական նպատակներն են.

 

ա) սույն Համաձայնագրի գործունեության և նրա կիրառման ընթացքում ծագող բոլոր հարցերի քննարկումն ու հետևումը,

 

բ) երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տնտեսական համագործակցության ծրագրերի քննարկում,

 

գ) Կողմերի միջև տնտեսական համագործակցության և առևտրի հնարավոր խոչընդոտների զննում:

 

Հոդված 5

Փոփոխություններ և լրացումներ

 

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ: Այդ փոփոխությունները և լրացումները կձևակերպվեն սույն Համաձայնագրի անբաժանելի մասը հանդիսացող առանձին Արձանագրություններով և ուժի մեջ կմտնեն սույն Համաձայնագրի 7-րդ Հոդվածով նախատեսված կարգով:

 

Հոդված 6

Վեճերի կարգավորում

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված բոլոր վեճերը Կողմերի միջև կլուծվեն դիվանագիտական ուղիներով բանակցությունների միջոցով:

 

Հոդված 7

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում Կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին դիվանագիտական ուղիներով վերջին ծանուցագրի ստացման օրվանից:

 

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է հինգ (5) տարի ժամկետով և դրա գործողությունը կարող է շարունակել ինքնաբերաբար հաջորդական նույնական ժամանակահատվածներով, բացառությամբ այն դեպքի, երբ Կողմերից մեկը գրավոր կերպով և դիվանագիտական ուղիներով ծանուցի մյուսին` այն դադարեցնելու իր մտադրության մասին դադարեցման ամսաթվից առնվազն վեց ամիս առաջ:

 

ԿԱՏԱՐՎԱԾ և ստորագրված է Բուենոս Այրեսում 2014թ. հուլիսի 7-ին երկու բնօրինակից, յուրաքանչյուրը` հայերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների առաջացման դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն լեզվով տեքստին:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2014թ. դեկտեմբերի 10-ին

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան