Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-905
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.07.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.28/34(768) Հոդ.845
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.07.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

20 հուլիսի 2010 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի: Գործով զեկուցող` Ռ. Պապայան.

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի ապրիլի 27-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 08.07.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ա. Մովսիսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրը կնքվել է 2010 թվականի ապրիլի 27-ին` Երևանում:

2. Համաձայնագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, ինչպես նաև նրա կարգավիճակի, անձեռնմխելիությունների, առավելությունների և արտոնությունների սահմանումը:

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

 ՀՀ կառավարության կողմից տրամադրել կապի, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կոյուղու, ջրահեռացման, թափոնների հավաքման և հակահրդեհային անվտանգության ոլորտներում անհրաժեշտ ծառայություններ Բանկին և Ներկայացուցչությանը,

 վերը նշված ծառայությունների դիմաց սահմանել նպաստավոր սակագներ` այն օրինաչափությամբ, ինչպես տրամադրվում է ՀՀ տարածքում գտնվող այլ միջազգային կազմակերպություններին կամ դիվանագիտական ներկայացուցչություններին,

 Բանկին, Ներկայացուցչությանը, նրանց եկամուտները, գույքը և այլ ակտիվները, ինչպես նաև Կանոնադրության համաձայն իրականացվող Բանկի գործողությունները և գործարքներն ազատել ցանկացած տեսակի հարկերից, տուրքերից, գանձումներից և այլ վճարումներից` բացառությամբ վերը նշված ծառայությունների դիմաց գանձվող վճարների,

 ազատել Բանկին և Ներկայացուցչությանն իրենց կողմից վճարվող աշխատավարձից և պարգևատրումներից սոցիալական և կենսաթոշակային ապահովագրման համար ապահովագրական մուծումների վճարման պարտականությունից, ենթադրաբար բացառելով ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատակիցների ապահովագրական մուծումները,

 ՀՀ-ում գտնվելու ընթացքում Բանկի, Ներկայացուցչության պաշտոնատար անձանց և աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին ազատել ներգաղթի հետ կապված սահմանափակումներից, արտասահմանցիների գրանցման ընթացակարգից և գրանցման վճարումներից,

 ձեռնարկել համապատասխան միջոցներ` լիազոր ներկայացուցիչների և նրանց տեղակալների, Բանկի պաշտոնատար անձանց և աշխատակիցների, նրանց ընտանիքների անդամների և մասնավոր տնային աշխատողների, Բանկի կողմից պաշտոնապես հրավիրված այլ անձանց ՀՀ տարածք մուտք գործելուն, ժամանելուն, բնակվելուն, մեկնելուն, ՀՀ-ում ազատ տեղաշարժվելուն աջակցելու նպատակով:

Համաձայնագրով սահմանված են նաև մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի կարգավորման, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու, ուժի մեջ մտնելու և դադարեցման ընթացակարգերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

1. 2010 թվականի ապրիլի 27-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Եվրասիական զարգացման բանկի գտնվելու պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

20 հուլիսի 2010 թ.

 ՍԴՈ-905