Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.27
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/6427/05/08

Վարչական գործ թիվ ՎԴ/6427/05/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ք. Մկոյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 20.11.2009 թվականի վճռի դեմ` ըստ Նինա Առաքելյանի հայցի ընդդեմ Կոմիտեի` ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և ըստ Տեսչության հայցի ընդդեմ Նինա Առաքելյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նինա Առաքելյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` Ծառայություն) օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի 07.04.2008 թվականի թիվ 1307319 ակտը:

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Նինա Առաքելյանից 1.783.200 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.09.2009 թվականի որոշմամբ նշված վարչական գործերը միացվել են մեկ վարույթում:

Դատարանի 20.11.2009 թվականի վճռով Նինա Առաքելյանի հայցը մերժվել է, իսկ Տեսչության հայցը բավարարվել է մասնակիորեն` 220.418 ՀՀ դրամի մասով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նինա Առաքելյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածը, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ վիճարկվող ակտը կազմվել է Նինա Առաքելյանի ներկայացրած հաշիվ-ապրանքագրերի (ինվոյսների) հիման վրա, իսկ դրանց կեղծ լինելու վերաբերյալ ինչպես քրեական գործի նախաքննության, այնպես էլ Դատարանում գործի քննության ընթացքում որևէ ապացույց չի ներկայացվել:

Դատարանը, մերժելով Նինա Առաքելյանի հայցը, չի հիմնավորել, թե Տեսչության հայցն ինչ հիմքով է բավարարել մասնակիորեն:

Դատարանը վճիռ կայացնելիս չի գնահատել ապացույցները և վերջնական եզրահանգման չի եկել, թե որ իրավական ակտի հիման վրա պետք է Նինա Առաքելյանից բռնագանձվի 220.418 ՀՀ դրամ, այլ ոչ թե 1.783.200 ՀՀ դրամ:

Դատարանը քննության առարկա չի դարձրել նաև այն հանգամանքը, թե Նինա Առաքելյանի կողմից 2005 թվականից մինչև 2007 թվականը Վրաստանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքներն իրոք անձնական օգտագործման համար են, թե` ոչ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 20.11.2009 թվականի վճռի` Տեսչության հայցի մասը և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Բողոք բերած անձը նշել է, որ ստուգման ընթացքում ներկայացված փաստաթղթերից պարզվել է, որ Նինա Առաքելյանն առանց պետական գրանցման 2005-2007 թվականների ընթացքում Երևանի երկաթգծի տարածքում զբաղվել է առևտրային գործունեությամբ` իրացնելով Վրաստանի Հանրապետությունից ներկրած ապրանքները: Մինչդեռ նշված պնդումն անհիմն է, քանի որ վիճարկվող ակտը հիմնված է միայն Նինա Առաքելյանի մաքսային հայտարարագրերի վրա, որոնք ընդամենը վկայում են ապրանքների տեսակի, քանակի, արժեքի, ինչպես նաև վճարված մաքսատուրքի, մաքսավճարի և ավելացված արժեքի հարկի մասին: Այդ փաստաթղթերը որևէ կերպ չեն կարող վկայել Երևանի երկաթգծի տարածքում առևտրային գործունեությամբ զբաղվելու, առավել ևս շահույթ ստանալու և հարկեր չվճարելու մասին: Նշված հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ վճռաբեկ դատարանը 26.10.2006 թվականին թիվ 3-1758(ՏԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշմամբ:

Վիճարկվող ակտը կազմվել է միայն «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի կիրառմամբ` անտեսելով նույն հոդվածի 4-րդ մասը:

Գործում առկա ապացույցներով հիմնավորվել է, որ 2005-2007 թվականների ընթացքում Նինա Առաքելյանի ծավալած ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները չհաշվարկելու և չվճարելու հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմում է 405.518.6 ՀՀ դրամ, որից 185.100 ՀՀ դրամը վերջինս արդեն իսկ վճարել է: Հետևաբար, Նինա Առաքելյանի հարկային պարտավորությունները կազմում են 220.418 ՀՀ դրամ, որի բռնագանձման վերաբերյալ Դատարանը կայացրել է օրինաչափ և հիմնավորված վճիռ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Ծառայության քննչական բաժնի քննիչի 19.03.2008 թվականի «Մասնագիտական ստուգում նշանակելու մասին» որոշման հիման վրա Ծառայության պետի 31.03.2008 թվականի թիվ 1307319 հանձնարարագրով Նինա Առաքելյանի մոտ իրականացվել է առանց պետական գրանցման, առանց սահմանված ժամկետում հարկային մարմնում հաշվառման, առանց լիցենզիայի լիցենզավորման ենթակա, օրենսդրությամբ թույլատրված վայրերից դուրս, օրենսդրությամբ արգելված գործունեության վերստուգում (հատ. 1, գ.թ. 9):

2) Նշված վերստուգման արդյունքում Ծառայության օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժնի 07.04.2008 թվականի թիվ 1307319 ակտով Նինա Առաքելյանին վճարման է առաջադրվել 1.783.200 ՀՀ դրամ, որից «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված տուգանք` 1.486.000 ՀՀ դրամ, իսկ պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով` 297.200 ՀՀ դրամ (հատ. 1, գ.թ. 10-11):

3) Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 29.08.2008 թվականի դատավճռով Նինա Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (հատ. 1, գ.թ. 83-85):

4) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.12.2008 թվականի որոշմամբ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 29.08.2008 թվականի դատավճիռը բեկանվել է` քրեական գործի վարույթը կարճվել և քրեական հետապնդումը դադարեցվել է` Նինա Առաքելյանի արարքում հանցակազմի բացակայության պատճառով: Նշված որոշման կայացման համար հիմք է հանդիսացել քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին գործով մեղադրողի հայտարարությունը, որի համար էլ իր հերթին հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ լրացուցիչ դատահաշվապահական փորձաքննության 08.12.2008 թվականի եզրակացության համաձայն` 2005-2007 թվականներին Նինա Առաքելյանի ծավալած ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում հարկերը և պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները չհաշվարկելու և չվճարելու հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմում է 405.518.6 ՀՀ դրամ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվությունն առաջանում է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը զգալի վնաս պատճառելու դեպքում, որը կազմում է հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով գումար (հատ. 1, գ.թ. 77-82):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նույն օրենսգրքով նախատեսված որևէ գործ քննելիս պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց` հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը որևէ փաստի հաստատված լինելու հարցը որոշելիս բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է անմիջականորեն գնահատել գործում առկա բոլոր ապացույցները: Միաժամանակ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի ուժով քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը` որոշակի գործողությունների և դրանք կատարած անձանց վերաբերյալ հաստատված փաստերի մասով, ՀՀ վարչական դատարանի համար կրում է պարտադիր բնույթ:

Սույն գործով Դատարանը, հետազոտելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.12.2008 թվականի որոշումը, ինչպես նաև 185.100 ՀՀ դրամի չափով վճարումներ կատարելու վերաբերյալ անդորրագրերը, գտել է, որ Նինա Առաքելյանից բռնագանձման է ենթակա 220.418 ՀՀ դրամ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված եզրահանգումը հիմնավոր է, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.12.2008 թվականի որոշումը` Նինա Առաքելյանի գործողությունների վերաբերյալ հաստատված փաստերի մասով, Դատարանի համար կրել է պարտադիր բնույթ: Այսպես` նշված որոշմամբ հաստատվում է այն փաստը, որ 2005-2007 թվականների ընթացքում Նինա Առաքելյանի իրականացրած ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է 405.518.6 ՀՀ դրամի վնաս: Իսկ գործում առկա անդորրագրերով հաստատվում է այն հանգամանքը, որ այդ գումարից 185.100 ՀՀ դրամը վերջինս արդեն իսկ վճարել է: Հետևաբար, Նինա Առաքելյանը պարտավոր է վճարել միայն 405.518.6 ՀՀ դրամի չվճարված մասը, որը կազմում է 220.418 ՀՀ դրամ, որպիսի մասով էլ Դատարանը Տեսչության հայցն իրավացիորեն բավարարել է: Այսինքն` Դատարանը Նինա Առաքելյանի վճարման ենթակա պարտավորությունների վերջնական չափը հաստատել և դրա վերաբերյալ ներքին համոզման է հանգել` անմիջականորեն գնահատելով գործում առկա բոլոր ապացույցները:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ Դատարանը, մերժելով Նինա Առաքելյանի հայցը, չի հիմնավորել, թե Տեսչության հայցն ինչ հիմքով է բավարարել մասնակիորեն, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը Տեսչության հայցը մասնակիորեն բավարարելու հիմքում դրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.12.2008 թվականի որոշումը, որով հաստատվել է այն փաստը, որ Նինա Առաքելյանի իրականացրած ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը պատճառվել է 405.518.6 ՀՀ դրամի վնաս:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում Նինա Առաքելյանին առաջադրված մնացած` 1.377.682 ՀՀ դրամի պարտավորությունների մասով առկա էր վիճարկվող ակտի անվավեր ճանաչման իրավական հիմքը, և Դատարանը վճռի եզրափակիչ մասով պարտավոր էր անդրադառնալ այդ հարցին, ինչը չի արել: Սակայն Դատարանի թույլ տված նշված դատավարական խախտումը որևէ կերպ չի ազդել Տեսչության հայցի լուծման ելքի վրա, քանի որ անկախ վիճարկվող ակտը մասնակիորեն անվավեր ճանաչվելու կամ չճանաչվելու հանգամանքից` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Նինա Առաքելյանին կարող էր առաջադրվել միայն 405.518.6 ՀՀ դրամի վճարման պարտավորություն, որից 185.100 ՀՀ դրամը վերջինս արդեն իսկ վճարել է: Բացի այդ, սույն գործով Նինա Առաքելյանի հայցը մերժելու մասով վճռաբեկ բողոք չի բերվել:

Հետևաբար, վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի` ըստ էության ճիշտ վճիռը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի պատճառաբանված կամ սխալ պատճառաբանված է, ապա Վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը:

Նշված պատճառաբանություններից ելնելով` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկներին չի անդրադառնում, քանի որ վճռաբեկ բողոքի մերժման պայմաններում դրանք սույն գործի լուծման համար չունեն որևէ իրավական նշանակություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ և 118-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

 Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 20.11.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Սողոմոնյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան