Գլխավոր տեղեկություն
Համար
N 843-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.07.2010-21.08.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.07.21/33(767) Հոդ.830
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2010 թվականի N 843-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-Ի N 615 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի 124-րդ կետը, «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածի և Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոնֆերանսի «Անվտանգության կանոնակարգեր» ԴՈԿ. 30-ի պահանջներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի «Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու մասին» N 615 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հուլիսի 14
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հունիսի 17-ի N 843-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ԵՎ ՓԱՄՓՈՒՇՏՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով uահմանվում են քաղաքացիական ավիացիայի օդանավերով (այսուհետ` օդանավ) ուղևորների կողմից զենքի և փամփուշտների (այսուհետ` զենք) փոխադրման ընթացակարգերը:

2. Ուղևորն օդանավով զենք փոխադրելու համար պետք է ունենա «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված զենք ներկրելու կամ զենք արտահանելու թույլտվություն` տրված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից: Ուղևորի կողմից զենքը կարող է օդանավով փոխադրվել այն` փոխադրման համար օդանավի անձնակազմին պահպանության կամ որպես ուղեբեռ հանձնելու միջոցով կամ օդանավի ուղևորային սրահում:

3. Օդանավով փոխադրման համար պահպանության հանձնված զենքն ընդունվում, համապատասխան փաստաթղթերը ձևակերպվում, մեկնման օդանավակայանում օդանավ տեղափոխվում ու ժամանման օդանավակայանում ուղևորին են վերադարձվում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության լիազորված աշխատողների կողմից: Այն օդանավակայաններում, աերոդրոմներում և ուղղաթիռների թռիչքադաշտերում, որտեղ չկան ավիացիոն անվտանգության ծառայություններ, փոխադրման համար պահպանության փոխանցված զենքի ընդունման, համապատասխան փաստաթղթերի ձևակերպման, օդանավ տեղափոխման և ժամանման օդանավակայանում ուղևորներին վերադարձման աշխատանքներն իրականացնում է օդանավի հրամանատարի կողմից զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամը:

4. Թռիչքի ընթացքում պահպանության հանձնված զենքի համար օդանավի բեռնախցիկի առանձնացված հատվածում պետք է տեղադրվի փականով փակվող` մետաղյա չհրկիզվող արկղ կամ պահարան:

 

II. ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

5. Օդանավի անձնակազմին պահպանության հանձնվում է միայն կարճ ակոսափող հրազենը:

6. Ուղևորի կողմից զենքն օդանավով փոխադրելու համար պահպանության հանձնվելու դեպքում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննման գործառույթներ իրականացնող խմբի ավագը (այսուհետ` խմբի ավագ) ստուգում է զենքի մաքսային ձևակերպման փաստը և դրա առկայության դեպքում ուղևորին` ներկայացված զենքի հետ միասին ուղեկցում օդանավակայանի ոստիկանության գծային բաժին: Ոստիկանության գծային բաժնի համապատասխան աշխատողի կողմից ստուգվում է զենքը` այդ նպատակով հատկացված առանձնացված սենյակում, որի մասին գրանցում է կատարվում օդանավով փոխադրման ընդունված զենքի արձանագրության մեջ` համաձայն N 1 ձևի:

7. Խմբի ավագը պահպանության հանձնված զենքի մասին ծառայողական կապի միջոցներով տեղեկացնում է օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչին, իսկ նրա բացակայության դեպքում` օդանավակայանի կենտրոնական կարգավարական ծառայությանը` օդանավի անձնակազմին տեղեկացնելու համար:

8. Պահպանության հանձնված զենքի մասին կազմվում է արձանագրություն (N 1 ձև) չորս օրինակից, որն ստորագրում են խմբի ավագը, սույն կանոնների 6-րդ կետում նշված ոստիկանության աշխատողը, ուղևորը և օդանավի հրամանատարի կողմից զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամը:

9. Արձանագրության կազմման ընթացքում խմբի ավագն ուղևորին ծանոթացնում է ժամանման օդանավակայանում զենքն ստանալու կարգին:

10. Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է խմբի ավագին և պահվում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունում, իսկ մեկ օրինակը հանձնվում է ոստիկանության գծային բաժին:

11. Արձանագրության երկու օրինակները, որպես ուղեկցող փաստաթուղթ, փոխանցվում են օդանավի անձնակազմին: Մեկ օրինակը մնում է օդանավի անձնակազմի մոտ և կցվում չվերթի թռիչքային փաստաթղթերին: Ժամանման օդանավակայանում օդանավակայանի լիազորված անձն ստորագրում է արձանագրության օրինակները և զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամից ստանում փոխադրման ընդունված զենքը:

12. Ժամանման օդանավակայանում ուղևորին տրվում է արձանագրության օրինակը, որը հիմք է ուղևորի կողմից զենքն ստանալու համար:

13. Ուղևորի կողմից պահպանության հանձնված զենքը խմբի ավագի կողմից փաթեթավորվում է փամփշտակալից առանձին: Փափշտակալից առանձնացվում են նաև փամփուշտները և փաթեթավորվում առանձին: Փաթեթները դրվում են արկղի կամ պարկի մեջ: Փաթեթների վրա նշվում են երթուղին, չվերթի և արձանագրության համարները, զենքը փոխադրող անձի անունն ու ազգանունը:

14. Խմբի ավագը փոխադրման ընդունված զենքը տեղափոխում է օդանավ և հանձնում զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամին, ով այն տեղադրում է օդանավի բեռնային խցիկի համապատասխան արկղում, կնիքով կնքում է արկղը և համապատասխան նշում կատարում արձանագրության օրինակներում:

15. Թռիչքի ընթացքում օդանավի բեռնային խցիկում գտնվող արկղի բանալին պահվում է զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամի մոտ:

16. Վայրէջքի միջանկյալ կետերում փոխադրման համար զենք ընդունելու դեպքում զենքի արկղը կամ պարկը զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամի կողմից տեղադրվում է օդանավի բեռնային խցիկի համապատասխան արկղում և կնքում կնիքով:

17. Զենքի արկղը կամ պահարանը կնքելու համար նախատեսված կնիքն ամրագրվում է օդանավին և ստորագրությամբ փոխանցվում օդանավն ընդունող թռիչքային անձնակազմին:

18. Օտարերկրյա օդանավակայանից թռիչք կատարելիս` պահպանության համար հանձնված զենքն ընդունվում է օդանավ` սույն կանոնների և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայի N 17 «Անվտանգություն» հավելվածի պահանջներին համապատասխան, օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչի հսկողությամբ և օդանավակայանի գործադիր մարմնի համաձայնությամբ:

19. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից օտարերկրյա օդանավի թռիչքի դեպքում զենքն օդանավ հանձնվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից, սույն կանոններով սահմանված կարգով` օտարերկրյա ավիաընկերության ներկայացուցչի համաձայնությամբ և հսկողությամբ:

 

III. ԺԱՄԱՆՄԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

20. Օդանավի հրամանատարը վայրէջքից 20 րոպե առաջ օդանավակայանի կենտրոնական կարգավարական ծառայությանը տեղեկացնում է օդանավում զենքի առկայության մասին:

21. Օդանավակայանի կենտրոնական կարգավարական ծառայությունը ժամանման օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը հաղորդում է օդանավում զենքի առկայության մասին:

22. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը դիմավորում է օդանավը, զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամի հետ ստուգում կնիքի և զենքի առկայությունը, որից հետո ստորագրում է արձանագրության օրինակը` զենքն ստանալու համար:

23. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետն ուղևորի հետ զենքը և արձանագրության օրինակը ներկայացնում է օդանավակայանի մաքսային հսկողության կետ: Մաքսային ձևակերպում ստանալուց հետո զենքն արձանագրության օրինակի հետ միասին հանձնվում է ուղևորին:

24. Ժամանման օդանավակայանում ուղևորի կողմից չպահանջված զենքն օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողը պահպանության է հանձնում օդանավակայանի ոստիկանության գծային բաժին` արձանագրության օրինակում կատարելով համապատասխան գրառում:

25. Օտարերկրյա օդանավակայանում վայրէջքից հետո զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամը զենքը հանձնում է այդ օդանավակայանի պատասխանատու աշխատողին, որն ստորագրում է արձանագրության օրինակը` զենքն ստանալու համար:

 

IV. ԶԵՆՔԻ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԲԵՌՆԱՅԻՆ ԽՑԻԿՆԵՐՈՒՄ` ՈՐՊԵՍ ՈՒՂԵԲԵՌ

 

26. Որպես ուղեբեռ փոխադրման կարող են հանձնվել ակոսափող և ողորկափող որսորդական, ինչպես նաև կարճ ակոսափող հրազենները:

27. Որպես ուղեբեռ զենքը հանձնելու դեպքում օդանավակայանի ուղևորների փոխադրման ծառայության հերթափոխի պետը կամ օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցիչն ստուգում է զենքի մաքսային ձևակերպման առկայությունը և զենքի փոխադրման մասին տեղեկացնում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանն ու օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին: Ոստիկանության գծային բաժնի համապատասխան աշխատողն ստուգում է զենքը` այդ նպատակով հատկացված սենյակում:

28. Ուղևորը զենքը հանձնում է փաթեթավորված, փամփշտակալից և փամփուշտներից առանձին: Զենքը և փամփուշտները տեղադրվում են փականով փակվող արկղում:

29. Որպես ուղեբեռ փոխադրման ընդունված զենքը չպետք է գտնվի օդանավի անձնակազմի խցիկում կամ պահպանման հանձնվի օդանավի անձնակազմի անդամներից որևէ մեկին:

30. Որպես ուղեբեռ զենքի փոխադրման դեպքում օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչի կողմից լրացվում է օդանավի բեռնախցիկում զենքի փոխադրման պայմաններին ուղևորին ծանոթացնելու թերթիկ` համաձայն N 3 ձևի, չորս օրինակից, որոնցից մեկը մնում է ավիացիոն անվտանգության ծառայությունում, երկրորդը պահվում է տվյալ չվերթի փաստաթղթերի ծրարում, երրորդը տրվում է ուղևորին, իսկ չորրորդը հանձնվում է ոստիկանության գծային բաժին:

 

V. ԶԵՆՔ ԿՐԵԼԸ ԵՎ ՓՈԽԱԴՐԵԼՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ

 

31. Թռիչքի ընթացքում օդանավի ուղևորային սրահում կարող են զենք կրել և փոխադրել միայն այն պետական մարմինների և կազմակերպությունների աշխատողները, որոնց դա անհրաժեշտ է իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 9-ի N 722 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական ռազմականացված կազմակերպություններում մարտական և այլ զենքի, դրանց փամփուշտների ու ռազմամթերքի շրջանառության կարգին համապատասխան:

32. Օդանավի ուղևորային սրահում զենքի փոխադրման դեպքում օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցիչն ստուգում է զենքի մաքսային ձևակերպման փաստը։ Ուղևորների նախաթռիչքային զննումից առաջ ուղևորին ծանոթացնում են օդանավի ուղևորային սրահում զենքի փոխադրման կանոններին: Զենք փոխադրող ուղևորն ստորագրում է օդանավի ուղևորային սրահում զենք փոխադրող անձանց հրահանգավորման թերթիկում` համաձայն N 2 ձևի, որը լրացվում է երեք օրինակից, որոնցից մեկը տրվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը, երկրորդը պահվում է տվյալ չվերթի փաստաթղթերի ծրարում, երրորդը տրվում է զենք փոխադրող ուղևորին:

33. Ուղևորների զննման և օդանավ նստեցման գործընթացի անվտանգության ապահովման համար պատասխանատու օդանավակայանի աշխատողները, ինչպես նաև օդանավակայանի տարածքում զինված ծառայություն իրականացնող ծառայություններն օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցչի կողմից պարտադիր տեղեկացվում են զինված անձի մասին:

34. Օդանավի հրամանատարը տեղեկացվում է օդանավում զինված անձի գտնվելու և նրա նստատեղի մասին: Եթե օդանավում գտնվում են մի քանի զինված անձինք, ապա նրանցից յուրաքանչյուրին ևս պետք է տեղեկացվի մյուս զինված անձանց նստատեղերի մասին:

35. Այն դեպքում, եթե զինված անձը տարանցիկ թռիչքի միջանկյալ կետում տեղափոխվում է օդանավից մեկ այլ օդանավ, առաջին օդանավի օդանավ շահագործողը կամ օդանավի անձնակազմը զինված անձի մասին տեղեկացնում է մյուս օդանավը շահագործողին կամ օդանավի անձնակազմին:

36. Եթե օդանավի ուղևորային սրահում զենք փոխադրող անձի երթուղին նախատեսում է թռիչք այն պետության օդանավով, որի քաղաքացին չէ նա, ապա թռիչքի ընթացքում օդանավի ուղևորային սրահում զենք փոխադրելը նախապես համաձայնեցվում է օդանավ շահագործողի հետ:

37. Թռիչքի ընթացքում արգելվում է օդանավի ուղևորային սրահում զենք փոխադրող անձին ոգելից խմիչքներ մատուցելը:

38. Ուղևորային սրահում զենք փոխադրող անձն օդանավ շահագործողների կողմից տեղեկացվում է այն մասին, որ նա պետք է ձեռնպահ մնա թռիչքի ընթացքում տեղի ունեցած միջադեպերի լուծումից և չմիջամտի դրանց, եթե օդանավի հրամանատարը դրա մասին իրեն չի խնդրել:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Ձև N 1


Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N_____

 

ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Մեկնման օդանավակայան _______________ ____ _________ 201  թ.

 

Ավիացիոն անվտանգության ծառայության (ԱԱԾ) հերթափոխի պետ ________

 

_______________________________________և ոստիկանության գծային

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

բաժնի __________________________________ զենքը պահելու և կրելու,

(պաշտոնը, անունը, ազգանունը)

 

զենքը ՀՀ տարածք ներկրելու կամ ՀՀ տարածքից արտահանելու (նշել անհրաժեշտը) թույլտվության համաձայն

_________________________________________________________

(նշել թույլտվության համարը, տալու ժամանակը, ում կողմից է տրված)

 ________________________________________________________

 

չվերթ N ___________ բորտ N __________ երթուղի __________________

 

ուղևոր____________________________________________________

 (ազգանունը, անունը, հայրանունը, զենքի տեսակը, համարը, փամփուշտների թիվը)

 

_________ զենքն ընդունեց ԱԱԾ-ի հերթափոխի պետ ____________________։

(ազգանունը, անունը, հայրանունը, ստորագրությունը)

 

Զենքը և փաստաթղթերն ստուգեց ___________________________________

(ոստիկանության աշխատողի ստորագրությունը),               

________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը)

 

ԱԱԾ-ի հերթափոխի պետ ________________________________________։

                 (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ուղևոր ___________________________________________________

 (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, ստորագրությունը)

 ________________________________________________________

 

Անձնակազմի պատասխանատու անդամ _____________________________

                                                        (անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Զենքը տեղադրված է մետաղյա արկղում և կնքված է կնիքով _________________։

(նշել կնիքի համարանիշը)              

 

2. Ժամանման օդանավակայան ____________________________________

 

ԱԱԾ-ի հերթափոխի պետ ______________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

N______ արձանագրությամբ` անձնակազմի պատասխանատու անդամ________ - ից

(անունը, ազգանունը)          

 

ընդունեցի զենքը, փամփուշտները ___________________________________

                                                              (նշել զենքի մոդելը, ձևը, տեսակը, համարը, փամփուշտների թիվը)

 

ԱԱԾ-ի հերթափոխի պետ _____________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

3. Տրված է ուղևորին ______________________     չվերթ N _________

(անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

______________________________________________________

(զենքի տեսակը, համարը, փամփուշտների թիվը)

 

 

 

 

ԱԱԾ-ի հերթափոխի պետ ______________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ուղևոր __________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 


 

_____ _________ 201  թ.

Ձև N 2

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ա Վ Ո Ր Մ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ`

ՕԴԱՆԱՎԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՅԻՆ ՍՐԱՀՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ

ՓՈԽԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ

 

_________________________________
(ուղևորի անունը, ազգանունը, հայրանունը)

______________________________
(թույլատրող մարմնի անվանումը)

 

Չվերթի համարը _______, երթուղին _______, նստատեղ ______ (ընդգծել հարկավորը)

 

Իրավապահ մարմինների զինված աշխատող

Զենք կրող (զինված) անձ

Զինված ուղեկցող

 

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՆՍՏԵՑՄԱՆ ԵՎ ԹՌԻՉՔԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ`

 

1. Եթե Ձեզ թույլատրված է օդանավի ուղևորասրահներում կրել զենք, ապա խնդրում ենք թռիչքի ամբողջ ընթացքում այն պահել այլ ուղևորներից քողարկված և անտեսանելի:

2. Օդանավի հրամանատարը, բորտուղեկցորդը և օդանավում գտնվող մյուս զինած ուղևորները (եթե այդպիսիք կան) պետք է տեղեկացված լինեն Ձեր զինված լինելու փաստի մասին:

3. Օդանավի օդաչուները և բորտուղեկցորդները գիտեն ինչպես գործել ուղևորների միջև անկարգությունների առաջացման ժամանակ` առանց այլ ուղևորներից օգնություն հայցելու, ուստի, չեն ակնկալում Ձեր օգնությունը: Օդանավում հրազենից արձակված կրակոցից առաջացած հետևանքները կարող են լինել ավելի ծանր, քան ուղևորների միջև անկարգությունները, այդ թվում` օդանավի զավթման դեպքերում: Օդաչուներին պատահաբար շարքից հանելու դեպքում թռիչքը կարող է հանգեցնել աղետի, օդանավի կողային վահանակների, հետևի, հատակի ներքևի և առաստաղի վերևի մասերով անցնում են բազմաթիվ էլեկտրասնուցման և ղեկավարման մալուխներ, վառելիքի և հիդրավլիկայի խողովակաշարեր, որոնք կարևոր նշանակություն ունեն թռիչքի անվտանգության համար, և կարող են վնասվել հրազենից պատահաբար արձակված ուղիղ կամ հետդարձված գնդակից:

4. Զենք կրող անձանց` օդանավում չեն կարող մատուցվել ալկոհոլային խմիչքներ:

5. Եթե Դուք ուղեկցում եք կալանավորի`

1) Դուք պետք է նաև ունենաք գործողությունները սահմանափակող հատուկ միջոցներ, որոնք հարկ եղած դեպքում անհրաժեշտ կլինի կիրառել կալանավորի գործողությունները վերահսկելու, ինչպես նաև շրջապատող անձանց անվտանգությունն ապահովելու համար.

2) Դուք պետք է օդանավ նստեք մնացած ուղևորներից առաջ։ Ձեզ պետք է հատկացվեն նստատեղեր օդանավի ուղևորասրահի հետին մասում (վերջնամասում): Ձեր նստատեղը պետք է գտնվի կալանավորի նստատեղի և միջանցքի արանքում.

3) Դուք պետք է ուղեկցեք կալանավորին նաև զուգարանից օգտվելու ժամանակ.

4) օդանավի վայրէջքից հետո Դուք պետք է մնաք ձեր տեղերում մինչև վերջին ուղևորի` օդանավը լքելը.

5) Ձեզ և Ձեր կողմից ուղեկցվող կալանավորին արգելվում է օգտագործել ալկոհոլային խմիչքներ:

 

ՁԵՐ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ՁԵԶ ՄՈՏ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ` ԱՅՆ ՓԱՍՏԸ, ՈՐ ԴՈՒՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ԵՔ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ____________________________

 

____________________________________________ ՊԱՀԱՆՋՈՎ:

(կազմակերպության անվանումը)

 

Ուղևոր ____________ _________________________________

      (ստորագրությունը)

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ _________ 201  թ.

 

Ավիաընկերության ներկայացուցիչ _____________ _______________

 

      (ստորագրությունը)

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ _________ 201  թ.

 

Լրացուցիչ` Ավիաընկերության ներկայացուցիչը լրացված և ստորագրված փաստաթղթի առաջին օրինակը տալիս է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը, երկրորդ օրինակը տեղադրում է չվերթի փաստաթղթերի ծրարում, երրորդ օրինակը հանձնում է ուղևորին:

Բորտուղեկցորդը հավաքում է նստեցման կտրոնին կցված` լրացված և ստորագրված փաստաթղթերի օրինակները, ծանուցում օդանավի հրամանատարին և, առանց ավելորդ ուշադրություն գրավելու, օդանավում գտնվող զինված անձանց տեղեկացնում միմյանց գտնվելու տեղերի մասին:

 

Ձև N 3

 

ՕԴԱՆԱՎԻ ԲԵՌՆԱԽՑԻԿՈՒՄ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԶԵՆՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՈՒՂԵՎՈՐԻՆ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԹԵՐԹԻԿ

 

Ձեզ թույլատրվում է փոխադրել Ձեզ պատկանող զենքն օդանավի բեռնախցիկում գտնվող հաշվառված ուղեբեռով` պայմանով, որ`

1) օդանավ շահագործողն իրազեկված է փոխադրվող զենքի մասին.

2) զենքը գտնվում է պարպված (չլիցքավորված) և փամփուշտներից առանձին փաթեթավորված վիճակում.

3) օդանավի թռիչքի ընթացքում ուղևորների համար բեռնախցիկում փոխադրվող ուղեբեռները (զենքը) անհասանելի են.

4) ոչ մեծ քանակությամբ զինամթերք կարող է փոխադրման ընդունվել միայն վտանգավոր բեռների համար նախատեսված համապատասխան փաթեթավորումից հետո:

 

Զենքն ստուգված և փաթեթավորված է`

 

Ոստիկանության ներկայացուցիչ ___________________ ______________

(կոչումը, պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

(ստորագրությունը)

_____ _________ 201  թ.

 

Ծանոթանալով զենքի փոխադրման պայմաններին` օդանավ շահագործողին խնդրում եմ ապահովել

___________________________________________________ փոխադրումը`

(նշել զենքի տեսակը, զինամթերքի քանակը)

 

_______________________________________________________չվերթով:

 

Ուղևոր _____________________ _______________________________

   (ստորագրությունը)

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

_____ _________ 201  թ.

 

 

 

Ավիաընկերության

 

ներկայացուցիչ _____________________ __________________________

                (ստորագրությունը)

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

 

_____ _________ 201  թ.

 

Լրացուցիչ` Օդանավի բեռնախցիկում փոխադրվող զենքի փոխադրման պայմաններին ուղևորին ծանոթացնելու թերթիկի առաջին օրինակը տրվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը, երկրորդ օրինակը պահվում է տվյալ չվերթի փաստաթղթերի ծրարում, երրորդ օրինակը տրվում է ուղևորին, չորրորդ օրինակը` ոստիկանությանը: