Գլխավոր տեղեկություն
Համար
N 1563-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (08.07.2010-28.01.2012)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.01.14/2(668) Հոդ.35
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2008
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2008
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.01.2009

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2008 թվականի N 1563-Ն

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, բնականոն զարգացման ու օգտագործման, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի տարածքում քաղաքաշինական գործունեության կանոնակարգման անհրաժեշտությունից և հիմք ընդունելով «Սևանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «ա» կետի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի, «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 31-ի N 812-Ն որոշման 2-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ առանձնացված` Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության էկոլոգիական գոտիներում ընդգրկված տարածքները, ըստ կառուցապատման ռեժիմների, տարանջատվում են միմյանց հարող հետևյալ հաջորդական ենթագոտիների`

1) Սևանա լճի կենտրոնական էկոլոգիական գոտում`

ա. առաջին ենթագոտի` Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ջրածածկման և ողողման ենթակա տարածքները, որը ներառում է «Սևան» ազգային պարկի լճի ջրային սահմանից մինչև 1905.0 մետր բացարձակ նիշը (լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշները նշված են N 3 հավելվածում),

բ. երկրորդ ենթագոտի` առաջին ենթագոտու սահմանից դեպի ցամաք` մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված «Սևան» ազգային պարկի սահմանն ընդգրկող տարածքները.

2) Սևանա լճի անմիջական ազդեցության էկոլոգիական գոտում` երրորդ ենթագոտի` «Սևան» ազգային պարկի սահմանից դուրս` դեպի ցամաք մինչև 500 մետր լայնությամբ շերտն ընդգրկող տարածքները (N 1 հավելվածում թվարկված համայնքների վարչական սահմաններում ընդգրկված տարածքային հատվածների ներառմամբ):

(1-ին կետը լրաց. 24.06.10 N 788-Ն)

1.1. Հաստատել Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշները` համաձայն N 3 հավելվածի:

(1.1 կետը լրաց. 24.06.10 N 788-Ն)

2. Սույն որոշմամբ սահմանված ենթագոտիների, լողափի, բուֆերային և այլ գոտիների տարանջատումն ու դրանց կառուցապատման չափորոշիչները ճշգրտվում և ամրագրվում են սահմանված կարգով մշակված ու հաստատված գոտևորման նախագծերով և կառուցապատման էսքիզներով (սխեմաներով):

3. Սույն որոշմամբ սահմանված առաջին և երկրորդ ենթագոտիներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման ու օգտագործման իրավունքի տրամադրման համար ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` սույն որոշման 14-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան: Սահմանել, որ`

1) միջգերատեսչական հանձնաժողովը`

ա. իրականացնում է հողամասերի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործառույթները, որոնք իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` հաշվի առնելով սույն որոշմամբ սահմանված առանձնահատկությունները,

բ. հողամասերի մրցույթի պայմանները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի քննարկմանը.

2) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված այլ դեպքերում (առանց մրցույթի անհատույց օգտագործման և այլն) հողամասը տրամադրվում է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում.

3) սույն կարգին համապատասխան տրամադրված հողամասի կառուցապատման կամ օգտագործման իրավունքի մասին պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանված`

ա. առաջին և երկրորդ ենթագոտիներում` «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ,

բ. (Պարբերությունն ուժը կորցրել է 26.11.09 N 1353-Ն)

(3-րդ կետը փոփ. 26.11.09 N 1353-Ն)

4. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ենթագոտիներում`

1) կառուցապատման նպատակով հողամասերն ու ճարտարապետահատակագծային առաջադրանքները տրամադրել, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերը մշակել սահմանված կարգով հաստատված գոտևորման նախագծերի և կառուցապատման էսքիզների (սխեմաների) դրույթներին համապատասխան.

2) ապահովել նախագծային փաստաթղթերի պարտադիր փորձաքննությունը` բացառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 96 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված դրույթների կիրառումը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.

3) մինչև սույն կետի 1-ին ենթակետով սահմանված գոտևորման նախագծերի և կառուցապատման էսքիզների (սխեմաների) հաստատումը ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծերը` կառուցապատման համար առաջարկվող հողամասերի տեղադրությամբ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի ներկայացմամբ, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ.

4) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագրգիռ մարմինների և Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի հետ համաձայնեցվելուց հետո, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.

5) կառուցապատման էսքիզները (սխեմաները) հաստատում է պատվիրատուն` նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ:

5. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված առաջին ենթագոտին ներառում է լողափի և բուֆերային գոտու տարածքները: Առաջին ենթագոտում`

1) արգելվում է հիմնական օբյեկտների կառուցումը (բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի): Հանգստի և սպասարկող օբյեկտների ֆունկցիոնալ կահավորումն ու բարեկարգումն իրականացնել միայն ոչ հիմնական շինություններով` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան.

2) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու նպատակով կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը չի կարող գերազանցել 3 տարին, իսկ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով վարձակալության ժամկետը` 5 տարին, եթե նշված տարածքների մասով` օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ.

3) ափապաշտպան, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքների և (կամ) հիդրոտեխնիկական բնույթի հիմնական օբյեկտների կառուցման անհրաժեշտության դեպքում` քաղաքաշինական գործունեության իրականացման նպատակով հողամասերը տրամադրել ու կառուցապատման գործընթացն իրականացնել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի (հողամասի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորումների ներառմամբ) հիման վրա` հաշվի առնելով բնապահպանական սահմանափակումները։

6. Սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված երկրորդ ենթագոտու կառուցապատման համար նախատեսված տարածքները, կախված ռելիեֆի առանձնահատկություններից, կարող են ներառել ջրի մակարդակի բարձրացմամբ պայմանավորված նոր (ապագա) լողափի, հին և նոր լողափերի բուֆերային գոտիները, ինչպես նաև հիմնական շենքերով ու շինություններով կառուցապատումը:

7. Երկրորդ ենթագոտու տարածքում կառուցապատման նպատակով պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը կարող են տրամադրվել մինչև 25 տարի ժամկետով, իսկ եթե կառուցապատման համար ներդրումները կազմում են 150 մլն և ավելի դրամ, ապա հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրերը դրանց գործողության ընթացքում կամ դրանց գործողության ժամկետներն ավարտվելուց հետո կարող են երկարաձգվել մինչև 2060 թվականի դեկտեմբերի 31-ը, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ ժամկետ սահմանված չէ:

8. Եթե առաջին ենթագոտում վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվող հողամասն ընդգրկում է նաև երկրորդ ենթագոտու տարածքային հատվածներ, որոնք կազմում են հողամասի ընդհանուր մակերեսի 50 և ավելի տոկոսը, ապա ամբողջ հողամասը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրվում է երկրորդ ենթագոտու տարածքային հատվածների համար սահմանված ժամկետով: Ընդ որում, սույն որոշմամբ ամրագրված այլ սահմանափակումները կիրառվում են յուրաքանչյուր ենթագոտու համար նախատեսված կանոնակարգերով` համապատասխան նշում կատարելով հողամասի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրում:

9. Օրենքով սահմանված` Սևանա լճի էկոտոնի ցամաքային ջրամերձ տարածքներում առանձնացվում են լողափի, իսկ դրան կից` դեպի ցամաք` բուֆերային գոտիներ: Գոտիների սահմանագծերը, ելնելով տարածքային առանձնահատկություններից, ենթակա են ճշգրտման` նախագծային փաստաթղթերի համաձայն:

10. Լողափերի կազմակերպման համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող հողամասերի մակերեսների գումարային չափը չի կարող գերազանցել լողափի գոտու ընդհանուր տարածքի 80 տոկոսը` մնացած հատվածում ապահովելով հանրության կողմից լողափի անարգել օգտագործման հնարավորությունը:

11. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ լողափի և բուֆերային գոտիներում գտնվող տարածքների նկատմամբ կնքվող համապատասխան պայմանագրերում անհրաժեշտ է նախատեսել դրույթներ՝ կապված հետևյալ պահանջների պահպանման հետ`

1) գործող սանիտարական կանոններին և նորմերին լողափի ջրի որակի և տարածքի սանիտարական վիճակի համապատասխանության ապահովում.

2) դեպի ջուր տանող հարմար, անվտանգ մոտեցումների կազմակերպում.

3) ջրի հատակի ռելիեֆի անվտանգության ապահովում (փոսերի, սուր առարկաների, ջրային բույսերի և այլնի բացակայություն).

4) բարենպաստ հիդրոլոգիական ռեժիմով (ջրապտույտների` 0,5 մ/վրկ ավելի հոսանքների բացակայություն) լողալու գոտու ջրային սահմանի, ինչպես նաև ջրային տրանսպորտի և սպորտային ինքնաշարժ միջոցների` դեպի ցամաք մուտքերի տարանջատում տարբերիչ նշաններով.

5) առանց փրկարարական և բուժսպասարկման ծառայությունների լողափերի շահագործման բացառում.

6) լողափի գոտու տարածքում տրանսպորտային միջոցների (բացառությամբ փրկարարական ու շտապ բուժօգնության մասնագիտացված ավտոտրանսպորտի և այլ արտակարգ իրավիճակները կանխարգելող միջոցների) մուտքի արգելում: Ջրային տրանսպորտի և սպորտային ինքնաշարժ միջոցներն օգտագործել լողալու գոտու ջրային սահմանից դուրս, իսկ դեպի ցամաք դրանց մուտքերը նախատեսել լողափերից դուրս` հատուկ առանձնացված տեղամասերում.

7) ավտոմեքենաների և այլ տրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպում` ավտոմոբիլային ճանապարհներին հարակից հատվածներում: Տրանսպորտի կայանատեղերին կից` դեպի լիճ ուղղությամբ նախատեսել սանիտարապաշտպան կանաչ գոտի.

8) լողափի գոտում բաժանիչ պարիսպների կամ ցանկապատերի տեղադրման արգելում: Բուֆերային գոտում առանձին տարածքային հատվածներ կարող են սահմանազատվել ուղղահայաց կանաչապատմամբ ցանկապատերի (մինչև 1,5 մետր բարձրությամբ) կամ բուսական պատնեշների տեղադրման միջոցով.

9) բացառապես մաքրման կայանների միջոցով կեղտաջրերի մաքրման ապահովում` ըստ նորմատիվներով սահմանված չափաքանակների: Զուգարանների հորերը կոնսերվացնել ախտահանումից և սանիտարական ծառայությունների կողմից ակտավորումից հետո.

10) բազմամյա տնկիների աճեցման, բույսերի և կենդանիների նոր տեսակների ներմուծման և կլիմայավարժեցման, վնասատուների դեմ պայքարի ու հողերի պարարտացման նպատակով բույսերի պաշտպանության քիմիական միջոցների և պարարտանյութերի օգտագործման բացառում.

11) սույն որոշման N 2 հավելվածում նշված կահավորման ու սարքավորումների տարրերի տեխնիկական բնութագրերի ապահովում:

12. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված երրորդ ենթագոտում հողամասերը տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առանց լրացուցիչ ժամկետային սահմանափակումների:

13. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Սևան» ազգային պարկի տարածքում հողամասերի օգտագործման առանձնահատկությունները:

14. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից`

1) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով սահմանված ենթագոտիներում հողամասերի տրամադրման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման և գործունեության կարգի վերաբերյալ.

2) 4-ամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Սևան» ազգային պարկ» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Սևան» ազգային պարկի և «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 927-Ն որոշումը սույն որոշման դրույթներին համապատասխանեցնելու վերաբերյալ.

3) մեկամյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով կնքված «Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացված հողատարածքներից վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման մասին պայմանագրերի` սույն որոշման պահանջներին համապատասխանեցումը:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2008 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՍԱՀՄԱՆԻՑ ԴՈՒՐՍ` ԴԵՊԻ ՑԱՄԱՔ ՄԻՆՉԵՎ 500 ՄԵՏՐ ԼԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՇԵՐՏՆ ԸՆԴԳՐԿՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
(Հավելվածը խմբ. 24.06.10 N 788-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Բ Ն ՈՒ Թ Ա Գ Ր Ե Ր

 

ԼՈՂԱՓԻ ԵՎ ԲՈՒՖԵՐԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՏԱՐՐԵՐԻ

 

1. Լողափի գոտու տարածքի կահավորման և սարքավորումների տարրերի տեխնիկական բնութագրերն են`

1) հանդերձարան-խցիկներ (հանգստացողների 20 տոկոսի հաշվարկով` 100 մարդու համար` 5 խցիկ, 1 մարդու համար` 1,2-1,3 քառ. մետր մակերեսով).

2) սոլյարիում (հանգստացողների 30 տոկոսի հաշվարկով` 1 մարդու համար` 3-5 քառ. մետր մակերեսով).

3) օդահարթակ-աերարիում (հանգստացողների 8-10 տոկոսի հաշվարկով` 1 մարդու համար` 3,5-4,5 քառ. մետր).

4) տենտեր, հովանոցներ (հանգստացողների 30 տոկոսի հաշվարկով` 1 մարդու համար` 3,5 քառ. մետր).

5) լողափի գոտու մանկական հատվածը կարող է կահավորվել տոբոգանով (H = 2,5-3,0 մետր` մեկ ելքով դեպի լիճ), շվաքարաններով, ավազամաններով, մանկական ջրավազաններով, ճոճանակներով, ընդ որում, մանկական հատվածի լողալու գոտու հատակը պետք է ունենա փոքր թեքություն` ոչ ավելի, քան 70 սանտիմետր խորությամբ.

6) աղբանոթներ` 50 մարդու համար` 1 աղբանոթ հաշվարկով.

7) լողափի գոտու տարածքի մակերեսը որոշվում է` ելնելով մեկ չափահաս հանգստացողի համար` առնվազն 8 քառ. մետր, մեկ երեխայի համար` առնվազն 5 քառ. մետր հաշվարկից, ընդ որում, լողափի գոտու եզրագծի նվազագույն ձգվածությունը մեկ մարդու համար կազմում է 0,25 մետր, իսկ լողալու գոտու ջրի հայելու մակերեսը` մեկ մարդու համար` 10 քառ. մետր:

2. Բուֆերային գոտու տարածքի կահավորման և սարքավորումների տարրերի տեխնիկական բնութագրերն են`

1) դրամարկղային տաղավարները` վճարովի ծառայություններ տրամադրող լողափերում (առանձին տաղավարի տեսքով կամ վարչական մասի կազմում` 1 դրամարկղը` 0,5-1,0 հազ. հաճախորդի համար հաշվարկով).

2) ցնցուղարանները (75 մարդու համար` 2-4 ցնցուղ, բայց առնվազն 2 ցնցուղ հաշվարկով), խմելու ջրի ծորակները (200-300 մարդու համար` 1 ծորակ, բայց առնվազն 1 ծորակ հաշվարկով): Թույլատրվում է ցնցուղարանների ջուրը տաքացնել արևի ճառագայթների ջերմությամբ.

3) զուգարանները, որոնք տեղադրվում են լողափի գոտուց առնվազն 50 մետր հեռավորության վրա (50 մարդու համար` 1 զուգարանակոնք և 1 միզաման, բայց առնվազն 2 զուգարանակոնք և 1 միզաման).

4) աղբի կոնտեյներները, որոնք պետք է ունենան կողպվող կափարիչներ, տեղադրված լինեն հարթակների վրա և ունենան հարմար մերձատար ուղիներ.

5) բուֆերային գոտում կարող են տեղադրվել գույքի վարձույթի կետեր, բուժկետ, սրճարան-տաղավարներ, առևտրի կրպակներ (հյութեր, պաղպաղակ և այլ սննդամթերք, հուշանվերներ, լողի պարագաներ և այլն), լողափի սպասարկումն ապահովող այլ ոչ հիմնական օբյեկտներ.

6) բուֆերային գոտու սպորտային հատվածը կարող է ներառել վոլեյբոլի, բադմինթոնի և այլ մարզահրապարակներ, ինչպես նաև այլ հարթային շինություններ:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2008 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1563-Ն որոշման

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացման հաշվարկի մեթոդաբանությունը`

1) Սևանա լճի ակտիվ ջրատվության հաշվարկի մեթոդաբանությունը մշակելիս` ելակետային տվյալներ են հանդիսացել`

ա. մասնագիտացված գիտահետազոտական ինստիտուտների կողմից Սևանա լճի ջրաբանական ցուցանիշների բազմամյա ուսումնասիրությունների արդյունքները,

բ. հիդրոլոգիական, հիդրոմետրիկական և կլիմայական դիտարկումների բազմամյա տվյալները,

գ. լիճ տեղափոխվող ջրերի, լճի ջրի մակարդակի, լճի ջրի ջերմաստիճանի դիտարկումների տվյալները,

դ. լճի մակարդակի հաշվարկային նիշը` 1899.70 մ, 2011թ. հունվարի 1-ի դրությամբ (2010 թ. մայիսի 25-ի դրությամբ լճի մակարդակի բացարձակ նիշը կազմել է 1899.87 մ).

2) հաշվարկի մեթոդաբանությունը մշակելիս` դիտարկվել են լճի մակարդակի վրա ազդող երեք հիմնական գործոնները`

ա. լճի ակտիվ ջրատվությունը,

բ. Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխվող ջրի ծավալը,

գ. ոռոգման նպատակով լճի ջրի բացթողումների տարեկան ծավալները.

3) հիմնվելով 1995-2009 թվականների ընթացքում լճի մակարդակի բարձրացման գործընթացի տվյալների վրա` լճի մակարդակի հետագա բարձրացման գործընթացն ընդունվում է 20 սմ ինտենսիվությամբ, որի դեպքում լճի մակարդակի բարձրացումը 3.8 մ մինչև հաշվարկային 1903.5 մ նիշը տեղի կունենա 19 տարիների ընթացքում.

4) Արփա-Սևան թունելով ջրի տեղափոխումը լիճ ընդունվել է 2011-2013 թթ., 140-160 մլն մ3, կապված թունելի վերականգնողական աշխատանքների հետ, իսկ հաջորդ տարիներին նախագծային հզորությունը` 250 մլն մ3.

5) ոռոգման նպատակով ջրի բացթողումն առաջին հինգ տարիներին (2011-2013 թթ.) նախատեսվում է 150 մլն մ3, իսկ հետագա տարիներին` ոռոգելի հողերի ընդլայնման հետ կապված, ընդունվել է 170 մլն մ3.

6) համաձայն հաշվարկի, լիճ մուտք գործող ջրի ծավալը 19 տարիների ընթացքում կկազմի 8430 մլն մ3, ոռոգման նպատակով բաց կթողնվի 3170 մլն մ3 և մակարդակի նիշը կհասցվի 1903.5 մ և լճի ծավալը կավելանա 5260 մլն մ3 - ով.

7) աղյուսակում լճի մակարդակի բարձրացման բոլոր ցուցանիշները հաշվարկային են և ենթակա են եռամյա ճշգրտման` կապված լճի ջրատվության և այլ ցուցանիշների փաստացի տվյալներից, հաշվի առած 1.5 մ ալիքի ազդեցության գոտին:

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ (հաշվարկային)

 

Տարե-թվերը

Լճի ջրի մակարդակի ծրագրա-վորվող բարձրա-ցումը
(մետր)

Լճի ջրի մակարդակի բարձրացման համար պահանջվող ջրի ծավալը
(մլն մ3)

Լճի ակտիվ ջրատվու-թյունը
(մլն մ3)

Արփա-Սևան թունելով լիճ տեղափոխ-
վող ջրի ծավալը
(մլն մ3)

Ընդամենը լիճ մուտք գործող ջրի ծավալը
(4+5)
(մլն մ3)

Ոռոգման նպատակով լճից բաց թողնվող ջրի ծավալը
(մլն մ3)

Ջրածածկ-ման նիշը` հաշվի առած 1.5մ ալիքի բարձրու-թյունը
(մետր)

1

2

3

4

5

6

7

8

2011

0.2

255

245

160

405

150

1901.4

2012

0.2

255

245

160

405

150

1901.6

2013

0.2

255

245

160

405

150

1901.8

2014

0.2

315

235

250

485

170

1902.0

2015

0.2

305

225

250

475

170

1902.2

2016

0.2

300

220

250

470

170

1902.4

2017

0.2

300

220

250

470

170

1902.6

2018

0.2

295

215

250

465

170

1902.8

2019

0.2

290

210

250

460

170

1903.0

2020

0.2

285

205

250

455

170

1903.2

2021

0.2

285

205

250

455

170

1903.4

2022

0.2

280

200

250

450

170

1903.6

2023

0.2

280

200

250

450

170

1903.8

2024

0.2

270

190

250

440

170

1904.0

2025

0.2

270

190

250

440

170

1904.2

2026

0.2

260

180

250

430

170

1904.4

2027

0.2

260

180

250

430

170

1904.6

2028

0.2

250

170

250

420

170

1904.8

2029

0.2

250

170

250

420

170

1905.0

Ընդա-մենը

3.8

5260

3950

4480

8430

3170

 

 

(Հավելվածը լրաց. 24.06.10 N 788-Ն)