Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.07.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.07.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0051/02/09

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0051/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան

  Դատավորներ՝  Գ. Մատինյան
     Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հուլիսի 30-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Վարշամ Ղարիբյանի և «Արմեն-ՕՍՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքները ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Վարշամ Ղարիբյանի ընդդեմ Ընկերության` ոչ բնակելի տարածքի վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, որպես հետևանք օգտագործման իրավունքի պետական գրանցումը վերացնելու, զբաղեցրած տարածքն ազատելուն պարտավորեցնելու, չվճարված վարձավճարի և տուգանքի գումարները բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարշամ Ղարիբյանը պահանջել է վաղաժամկետ լուծել ք. Երևան, Հակոբյանց 1 ա հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի վարձակալության 28.02.2004 թվականի պայմանագիրը, որպես հետևանք վերացնել վարձակալության (օգտագործման) իրավունքի պետական գրանցումը, Ընկերությանը պարտավորեցնել ազատելու զբաղեցրած տարածքը, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել 330.000 ՀՀ դրամ չվճարված վարձավճարի գումարը, 330 ՀՀ դրամ` պայմանագրային տուգանքի գումարը, 98.640 ՀՀ դրամ` պայմանագրային տույժի գումարը:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 26.06.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.12.2009 թվականի որոշմամբ բեկանվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 26.06.2009 թվականի վճռի` 2006 թվականի համար չվճարված վարձավճարի և պայմանագրային տուգանքի գումարները բռնագանձելու պահանջը մերժելու մասը, և գործն այդ մասով ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Դատարանի վճռի մնացած մասերը թողնվել են օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոքներ են ներկայացրել Վարշամ Ղարիբյանը և Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքների պատասխան չի ներկայացվել:

 

2. Վարշամ Ղարիբյանի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ և 335-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածը, 622-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը ճիշտ չի գնահատել գործում առկա` 11.02.2008 թվականի թիվ 8021100902242 օրդերն ու «Դրամական գումարներ դեպոզիտ ընդունելու մասին» փաստաթուղթը, քանի որ դրանցում բացակայում են վճարման ենթակա վարձավճարի ժամանակաշրջանի առնչությամբ տեղեկությունները, ուստի նշված վճարումը (120.000 ՀՀ դրամ գումարի չափով) Վերաքննիչ դատարանի կողմից պետք է դիտվեր որպես նախկինում չվճարված 2004 թվականի երկու կիսամյակների վարձավճարներ, մասնավորապես` 60.000-ական ՀՀ դրամ 01.03.2004 թվականից մինչև 31.08.2004 թվականը և 01.09.2004 թվականից մինչև 28.02.2005 թվականի ժամանակաշրջանների համար: Նշված վճարային փաստաթղթերը հայցվորի կողմից ներկայացվել են ցույց տալու համար, որ Ընկերությունը, ընդունելով իր պարտքը, կատարել է որոշակի վճարումներ, սակայն այդ վճարումներն ամենայն հավանականությամբ վերաբերել են 2004-2005 թվականներին, ուստի Վարշամ Ղարիբյանի գումարային պահանջներն ուղղված են եղել 2005 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում գանձվող վարձավճարների գանձմանը, որոնց կապակցությամբ կիրառելի չեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ, 332-րդ և 335-րդ հոդվածների դրույթները:

Սակայն անկախ այն հանգամանքից, թե 11.02.2008 թվականի թիվ 8021100902242 օրդերով ու «Դրամական գումարներ դեպոզիտ ընդունելու մասին» փաստաթղթով 120.000 ՀՀ դրամ գումարը Ընկերության կողմից վճարվել է 2004-2005 թվականների համար, կամ թե նշված վճարումը պատասխանողի կողմից կատարվել է 2007 թվականի համար, ինչպես արձանագրել է Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ, անհրաժեշտ է նշել, որ ամեն դեպքում` Ընկերությունը, իրենից գանձվելիք 120.000 ՀՀ դրամ վարձավճարի պարտքը 11.02.2008 թվականին նոտարի դեպոզիտ մուծելով, կատարել է առկա պարտքի ճանաչումը վկայող գործողություն, որը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` հիմք է հայցային վաղեմության ժամկետի ընթացքի ընդհատման համար, առավել ևս, որ վճարումը կատարվել է դեռևս հայցային վաղեմության ժամկետի ընթացքը չավարտված։ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ «սույն քաղաքացիական գործով կիրառելի է հայցային վաղեմության ինստիտուտը», և «հայցվորի` պատասխանողից 2004-2005 թվականների վարձավճարը բռնագանձելու պահանջը ենթակա է մերժման հայցային վաղեմություն կիրառելու հիմքով», ուղղակի անհիմն է և հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներին:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Վարշամ Ղարիբյանը դատարան է դիմել ընդդեմ Ընկերության` բացառապես մինչև 2008 թվականն ընկած ժամանակահատվածը վերջինիս պայմանագրային պարտավորությունները չկատարելու փաստի կապակցությամբ, պատասխանողի կողմից վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելու պայմաններում, մի շարք հիմնավորումներ է ներկայացրել, որ պայմանագիրը լուծելու վերաբերյալ հայցվորի 14.01.2008 թվականի առաջարկը ստանալուց հետո Ընկերությունն ակտիվ քայլեր է կատարել իր պայմանագրային պարտավորությունները կատարելու համար, որի արդյունքում, ինչպես արձանագրել է Վերաքննիչ դատարանը նշված պարտավորությունները կատարվել են մինչև Վարշամ Ղարիբյանի կողմից դատարան դիմելը և ուղղված են եղել առաջացած տարաձայնությունները հարթելուն:

Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար հիմքեր չկան, քանի որ Ընկերությունը Վարշամ Ղարիբյանի կողմից 28.02.2004 թվականին կնքված գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու առաջարկը ներկայացնելուց հետո վճարել է 2007, 2008 և 2009 թվականների վարձավճարները, մինչդեռ գործի նյութերից երևում է, որ 14.01.2008 թվականին Վարշամ Ղարիբյանն Ընկերության տնօրենին վարձակալության պայմանագիրը վաղակետ լուծելու առաջարկ է ներկայացրել` պատճառաբանելով, որ վարձակալը պայմանագրի կնքման օրվանից չի վճարել վարձավճարները։ 26.01.2008 թվականին Ընկերության տնօրենը հրաժարվել է առաջարկն ընդունելուց: Փաստորեն, Վարշամ Ղարիբյանը պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արտադատական կարգը, որից հետո Ընկերության կողմից առաջարկի վերաբերյալ մերժումը ստանալուց հետո դիմել է իր իրավունքների դատական պաշտպանությանը: Նշված պայմաններում Ընկերության կողմից 2008 թվականից հետո իր պարտավորությունների պատշաճ կամ անպատշաճ կատարումը վերը նշված իրավանորմի տեսանկյունից չէր կարող հիմք լինել դատական կարգով վիճարկվող պայմանագիրը լուծելու մասին Վարշամ Ղարիբյանի պահանջը մերժելու համար:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանն ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն չի իրականացրել, հակառակ պարագայում կհանգեր հետևության, որ 11.02.2008 թվականին առանց ժամկետի նշման 120.000 ՀՀ դրամի վճարում կատարելով` Ընկերությունը կատարել է տվյալ վճարմանը նախորդող երեք տարիների պարտքի ճանաչումը վկայող գործողություն, ինչպես նաև կհանգեր հետևության, որ Ընկերության կողմից ոչ թե երկու, այլ առնվազն չորս անգամ չի վճարվել պայմանագրով նախատեսված վարձավճարները, որն ուղղակի հիմք է վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական ղատավարության օրենսգրքի 221-րդ հողվածի 1-ին կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված կարգով վիճարկվող որոշման պատճառաբանությունների 5-րդ մասում միանգամայն ճիշտ վերլուծելով Դատարանի սխալ պատճառաբանությունների հետևանքով առաջացած` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի խախտումները, Վերաքննիչ դատարանն այնուհետև անտրամաբանական և ոչ իրավաչափ կերպով արձանագրել է, որ Դատարանը կայացրել է ըստ էության վեճը ճիշտ լուծող դատական ակտ, սակայն այն սխալ է պատճառաբանել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2009 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը բավարարել։

 

2.1. «Արմեն-ՕՍՍ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին, 421-րդ հոդվածի 3-րդ, 422-րդ հոդվածի 1-ին և 424-րդ հոդվածի 3-րդ կետերը, 432-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը փաստել է, որ Դատարանը համապատասխան քննություն չի կատարել պարզելու 2006 թվականի չվճարված վարձավճարների և պայմանագրի 4-րդ մասով սահմանված տուգանքի և տույժի գումարները բռնագանձելու, դրանց չափը և հաշվարկման ժամկետը պարզելու ուղղությամբ, մինչդեռ դատաքննության ժամանակ ինչպես Ընկերության ներկայացուցչի բացատրությունով, այնպես էլ վկայի ցուցմունքով հաստատվել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից չեն կատարվել վարձակալության պայմանագրով ստանձնած պարտավորությունները, մասնավորապես` 2006 թվականի վարձավճարների մուծումները, քանի որ հայցվորը խուսափել է պարտավորությունների կատարումն ընդունելուց։ Այս մասին է վկայում նաև այն, որ Ընկերության կողմից 2007, 2008 և 2009 թվականների համար վարձավճարների մուծումը կատարվել է նոտարի դեպոզիտ:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գործով ձեռք բերված ապացույցները պատշաճ գնահատականի չի արժանացրել, մասնավորապես, Դատարանն իր վճռում փաստել է, որ Ընկերությունը չի համարվում կետանցող և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 409-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի հիմքով որևէ պատասխանատվություն չի կրում Վարշամ Ղարիբյանի հանդեպ։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք չեն կարող հանդիսանալ նման հետևություն կատարելու համար։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.12.2009 թվականի որոշումը` չվճարված վարձավճարի և տուգանքի գումարները բռնագանձելու պահանջի մասով, և այն փոփոխել` հայցն այդ մասով մերժել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Վարշամ Ղարիբյանի` որպես վարձատուի և «Արմեն-ՕՍՍ» ՍՊԸ-ի` որպես վարձակալի միջև 28.02.2004 թվականին կնքված գույքի վարձակալության պայմանագրի համաձայն` վարձատուն պարտավորվել է տարեկան 120.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց 10 տարի ժամկետով (01.03.2004 թվականից մինչև 01.03.2014 թվականը) վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Երևանի Հակոբյանց թիվ 1ա հասցեում գտնվող 1.794քմ արտադրամասը և 0,0555 հա հողամասը: Պայմանագրի 3.2 կետի համաձայն` վարձակալը վարձավճարը վճարում է վեց ամիսը մեկ անգամ, միանվագ, կանխիկ: Պայմանագրի 4.1 կետի համաձայն` վճարներն ուշացնելու համար վարձակալը վարձատուին վճարում է տուգանք` պայմանագրի գումարի 0,1 տոկոսի չափով, և կետանցի յուրաքանչյուր օրվա համար տույժ` պայմանագրի գումարի 0,1 տոկոսի չափով (հատոր 1, գ.թ. 11-12):

2. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 10.03.2004 թվականի թիվ 1158356 վկայականի համաձայն` Վարշամ Ղարիբյանի` որպես վարձատուի և «Արմեն-ՕՍՍ» ՍՊԸ-ի` որպես վարձակալի միջև 28.02.2004 թվականին կնքված գույքի վարձակալության պայմանագրից ծագող իրավունքները ստացել են պետական գրանցում (հատոր 1, գ.թ. 15-18):

3. Վարշամ Ղարիբյանը, հիմք ընդունելով վարձակալության պայմանագրի կնքման պահից Ընկերության կողմից 120.000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարները չվճարելու հանգամանքը, 14.01.2008 թվականի գրությամբ Ընկերությանն առաջարկել է վաղաժամկետ լուծել միմյանց միջև կնքված 28.02.2004 թվականին կնքված գույքի վարձակալության պայմանագիրը և 15-օրյա ժամկետում ազատել Երևանի Հակոբյանց 1 ա հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը, որպիսի դիմումի պահանջը, սակայն, մերժվել է Ընկերության կողմից 26.01.2008 թվականի պատասխան գրությամբ (հատոր 1, գ.թ. 13-14):

4. Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի «Դրամական գումարներ դեպոզիտ ընդունելու մասին» 11.02.2008 թվականի գրության և 11.02.2008 թվականի թիվ 8021100902242 օրդերի համաձայն` Աջափնյակ նոտարական տարածքի նոտարը Ընկերության տնօրեն Կարեն Պողոսյանից դեպոզիտ է ընդունել 120.000 ՀՀ դրամ գումար, որը վճարվել է որպես Վարշամ Ղարիբյանին հանձնման ենթակա` Երևանի, Հակոբյանց թիվ 1ա հասցեում գտնվող տարածքի վարձավճար (հատոր 1, գ.թ. 20-21):

5. Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի «Դրամական գումարներ դեպոզիտ ընդունելու մասին» 17.05.2008 թվականի գրության և 17.05.2008 թվականի թիվ 8051700955826 օրդերի համաձայն` Աջափնյակ նոտարական տարածքի նոտարը Ընկերության տնօրեն Կարեն Պողոսյանից դեպոզիտ է ընդունել 120.000 ՀՀ դրամ գումար, որը վճարվել է որպես Վարշամ Ղարիբյանին հանձնման ենթակա` Երևանի, Հակոբյանց թիվ 1ա հասցեում գտնվող տարածքի վարձավճար 2008 թվականի համար (հատոր 1, գ.թ. 22-23):

6. Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի «Դրամական գումարներ դեպոզիտ ընդունելու մասին» 01.04.2009 թվականի գրության համաձայն` Աջափնյակ նոտարական տարածքի նոտարը Ընկերության տնօրեն Կարեն Պողոսյանից դեպոզիտ է ընդունել 120.000 ՀՀ դրամ գումար, որը վճարվել է որպես Վարշամ Ղարիբյանին հանձնման ենթակա` Երևանի, Հակոբյանց թիվ 1ա հասցեում գտնվող տարածքի վարձավճար 28.08.2008 թվականից մինչև 28.08.2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար (հատոր 1, գ.թ. 64):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

1) Քննելով Վարշամ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն, այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը, ընդ որում պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 606-րդ և 616-րդ հոդվածների համաձայն` վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք, իսկ վարձակալը պարտավոր է ժամանակին մուծել գույքն օգտագործելու համար վճարը (վարձավճարը):

Սույն գործի փաստերի համաձայն` Վարշամ Ղարիբյանի` որպես վարձատուի և «Արմեն-ՕՍՍ» ՍՊԸ-ի` որպես վարձակալի միջև 28.02.2004 թվականին կնքվել է գույքի վարձակալության պայմանագիր, որի համաձայն` վարձատուն պարտավորվել է տարեկան 120.000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց 10 տարի ժամկետով (01.03.2004 թվականից մինչև 01.03.2014 թվականը) վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել Երևանի Հակոբյանց թիվ 1ա հասցեում գտնվող 1.794քմ արտադրամասը և 0,0555 հա հողամասը, ընդ որում վարձակալը պարտավորվել է վարձավճարը վճարել վեց ամիսը մեկ անգամ, միանվագ և կանխիկ ձևով: Այսինքն` պայմանագրի կնքման պահից մինչ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու պահը վարձակալը պարտավոր էր վարձատուին վճարել 60.000-ական դրամի չափով վարձավճարներ 9 անգամ (1-ինը` մինչ 30.08.2004 թվականը, 2-րդը` մինչ 01.03.2005 թվականը, 3-րդը` մինչ 29.08.2005 թվականը, 4-րդը` մինչ 01.03.2006 թվականը, 5-րդը` մինչ 29.08.2006 թվականը, 6-րդը` մինչ 01.03.2007 թվականը, 7-րդը` մինչ 29.08.2007 թվականը, 8-րդը` մինչ 29.02.2008 թվականը, 9-րդը` մինչ 29.08.2008 թվականը), սակայն Ընկերության կողմից Վարշամ Ղարիբյանին նոտարի դեպոզիտ հաշվին վճարելու եղանակով վճարվել է ընդամենը 360.000 ՀՀ դրամ, որից 120.000 ՀՀ դրամ 11.02.2008 թվականին (որում նշված չէ թե որ ժամանակահատվածի վարձավճար է վճարվում), 120.000 ՀՀ դրամ` 17.05.2008 թվականին (2008 թվականի համար), 120.000 ՀՀ դրամ` 01.04.2009 թվականին (28.08.2008 թվականից մինչև 28.08.2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար):

Վերաքննիչ դատարանը սույն գործով Դատարանի 26.06.2009 թվականի վճռի` 2006 թվականի համար չվճարված վարձավճարի և պայմանագրային տուգանքի գումարները բռնագանձելու պահանջը մերժելու մասը բեկանելիս, իսկ վճռի մնացած մասն օրինական ուժի մեջ թողնելիս պատճառաբանել է, որ «սույն քաղաքացիական գործով հայցվորը յուրաքանչյուր տարվա օգոստոսի 29-ին և մարտի 1-ին (իսկ նահանջ տարվա դեպքում փետրվարի 29-ին) պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, սակայն հայցը Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 22.01.2009 թվականին, ուստի մինչև 28.08.2005 թվականն առաջացած պարտավորությունների նկատմամբ կիրառելի է հայցային վաղեմության ինստիտուտը»:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմություն կիրառելիս Վերաքննիչ դատարանը չի իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների պատշաճ գնահատում, մասնավորապես` Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի «Դրամական գումարներ դեպոզիտ ընդունելու մասին» 11.02.2008 թվականի գրության և 11.02.2008 թվականի թիվ 8021100902242 օրդերի պատշաճ գնահատում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-333-րդ և 336-337-րդ հոդվածների համաձայն` իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, այն է` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանվել են հատուկ ժամկետներ: Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին, և հիմնական պահանջով հայցային վաղեմության ժամկետի ավարտմամբ լրանում է նաև լրացուցիչ պահանջներով (գրավ, տուժանք, պահում, երաշխավորություն, նախավճար) հայցային վաղեմության ժամկետը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվում է, որ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է միայն վիճող կողմի դիմումով, և հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվում է սահմանված կարգով հայցը հարուցելով, ինչպես նաև պարտավոր անձի կողմից պարտքի ճանաչումը վկայող գործողությունները կատարելով, և ընդհատումից հետո հայցային վաղեմության ժամկետի ընթացքը նորից է սկսվում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերության կողմից 11.02.2008 թվականին նոտարի դեպոզիտ հաշվին 120.000 ՀՀ դրամ վարձավճար վճարելու ուժով կատարվել է պարտքը ճանաչող գործողություն, որն էլ հիմք է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 340-րդ հոդվածի ուժով հայցային վաղեմության ժամկետի ընդհատման համար, որպիսի փաստական հանգամանքները հաստատող ապացույցները, սակայն, Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատականի չեն արժանացել: Վերը նշված ապացույցների պատշաճ գնահատման պարագայում ստորադաս դատարանների կողմից եզրահանգում կարող էր կատարվել միայն այն մասին, որ Վարշամ Ղարիբյանի կողմից բաց է թողնվել միայն մինչ 30.08.2004 թվականը վճարվելիք 60.000 ՀՀ դրամ վարձավճարի բռնագանձման հայցային վաղեմության ժամկետը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցային վաղեմություն կիրառելիս ստորադաս դատարանների կողմից հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ հայցվորի կողմից հայցապահանջ էր ներկայացվել 28.02.2006 թվականից մինչև 28.11.2008 թվականն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված վարձավճարները և պայմանագրային տույժ-տուգանքները բռնագանձելու մասին, և հայցվորի կողմից նշված հայցադիմումը Դատարան է ներկայացվել 22.01.2009 թվականին:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և վարձակալին տարածքից վտարելու պահանջի քննարկման տեսանկյունից Վերաքննիչ դատարանը ևս չի իրականացրել քաղաքացիական գործում առկա ապացույցների պատշաճ գնահատում, մասնավորապես` Վարշամ Ղարիբյանի` որպես վարձատուի և «Արմեն-ՕՍՍ» ՍՊԸ-ի` որպես վարձակալի միջև 28.02.2004 թվականին կնքված գույքի վարձակալության պայմանագրի, Ընկերությանը հասցեագրված` Վարշամ Ղարիբյանի` պայմանագրի վաղաժամկետ լուծման առաջարկի մասին 14.01.2008 թվականի գրության, Ընկերության կողմից Վարշամ Ղարիբյանին հասցեագրված 26.01.2008 թվականի պատասխան գրության, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի «Դրամական գումարներ դեպոզիտ ընդունելու մասին» 11.02.2008 թվականի, 17.05.2008 թվականի, 01.04.2009 թվականի գրությունների, ինչպես նաև 11.02.2008 թվականի թիվ 8021100902242 և 17.05.2008 թվականի թիվ 8051700955826 օրդերների պատշաճ գնահատում հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վարձատուի պահանջով վարձակալության պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե վարձակալը պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի մուծել վարձավճարը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսգրքով սահմանված հիմքով, այն է` պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի վարձակալի կողմից վարձավճարը չմուծելու հիմքով, վարձատուն իրավունք ունի դատական կարգով պահանջել վարձակալության պայմանագրի վաղաժամկետ լուծում:

Սույն գործի փաստերի համաձայն` Վարշամ Ղարիբյանի` որպես վարձատուի և «Արմեն-ՕՍՍ» ՍՊԸ-ի` որպես վարձակալի միջև 28.02.2004 թվականին կնքված գույքի վարձակալության պայմանագրի ուժով պայմանագրի կնքման պահից մինչ սույն գործով հայցադիմումը Դատարան ներկայացնելու պահը վարձակալը պարտավոր էր վարձատուին վճարել 60.000-ական դրամ վարձավճարներ 9 անգամ (1-ինը` մինչ 30.08.2004 թվականը, 2-րդը` մինչ 01.03.2005 թվականը, 3-րդը` մինչ 29.08.2005 թվականը, 4-րդը` մինչ 01.03.2006 թվականը, 5-րդը` մինչ 29.08.2006 թվականը, 6-րդը` մինչ 01.03.2007 թվականը, 7-րդը` մինչ 29.08.2007 թվականը, 8-րդը` մինչ 29.02.2008 թվականը, 9-րդը` մինչ 29.08.2008 թվականը), սակայն Ընկերության կողմից Վարշամ Ղարիբյանին նոտարի դեպոզիտ հաշվին վճարելու եղանակով վճարվել է ընդամենը 360.000 ՀՀ դրամ, որից 120.000 ՀՀ դրամ 11.02.2008 թվականին (որում նշված չէ, թե որ ժամանակահատվածի վարձավճար է վճարվում), 120.000 ՀՀ դրամ` 17.05.2008 թվականին (նշված է 2008 թվականի համար), 120.000 ՀՀ դրամ` 01.04.2009 թվականին (նշված է 28.08.2008 թվականից մինչև 28.08.2009 թվականն ընկած ժամանակահատվածի համար), և Վարշամ Ղարիբյանը, հիմք ընդունելով վարձակալության պայմանագրի կնքման պահից Ընկերության կողմից 120.000 ՀՀ դրամ տարեկան վարձավճարները չվճարելու հանգամանքը, 14.01.2008 թվականի գրությամբ Ընկերությանն առաջարկել է վաղաժամկետ լուծել միմյանց միջև կնքված 28.02.2004 թվականի գույքի վարձակալության պայմանագիրը և 15-օրյա ժամկետում ազատել Երևանի Հակոբյանց 1 ա հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը, որպիսի դիմումը, սակայն, մերժվել է Ընկերության կողմից 26.01.2008 թվականի պատասխան գրությամբ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և վարձակալին տարածքից վտարելու պահանջները մերժելու մասին Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելիս պատճառաբանել է, որ վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար հիմքեր առկա չեն, քանի որ «Ընկերության կողմից երկու անգամ չի վճարվել պայմանագրով նախատեսված 2006 թվականի փետրվարի և օգոստոսի վարձավճարները, որը վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար հիմք հանդիսանալ չի կարող», և բացի այդ «Ընկերությունը, Վարշամ Ղարիբյանի կողմից 28.02.2004 թվականին կնքված գույքի վարձակալության պայմանագիրը լուծելու առաջարկը ներկայացնելուց հետո, կատարել է 2007, 2008 և 2009 թվականների վարձավճարները»:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանների նշված եզրահանգումներն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53 հոդվածի խախտմամբ ապացույցների հետազոտման, որպիսի պատճառով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 622-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի անհիմն չկիրառման և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետի սխալ մեկնաբանման արդյունք են, քանի որ սույն գործի փաստերից հետևում է, որ վարձակալի կողմից վարձավճարները վճարվել են ընդամենը երեք անգամ, այն էլ պայմանագրով սահմանված ժամկետների խախտմամբ, իսկ վարձավճարների չվճարման դեպքերն էլ ավելին են, քան օրենսգրքով սահմանված նվազագույն քանակը` երկու անգամը, և բացի այդ էլ Վարշամ Ղարիբյանը մինչ դատական կարգով պայմանագրի վաղաժամկետ լուծման մասին հայց հարուցելը պահպանել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված` պայմանագրի լուծման կարգը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

2) Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն բաժնի 1-ին կետում նշված պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու պարագայում Ընկերության վճռաբեկ բողոքը` նրանում առաջ քաշված հիմնավորումներով, ենթակա է մերժման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. «Արմեն-ՕՍՍ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը մերժել, իսկ Վարշամ Ղարիբյանի վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

ՎԱբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ