Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.47
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/3775/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/3775/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով երրորդ անձ Անահիտ Վանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 14.12.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Հայկուշ Պողոսյանի, Կարինե Մուրադյանի և Զարուհի Շահնազարյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Անահիտ Վանյանի` 24.07.2009 թվականի վարչական ակտն անվավեր ճանաչելու, Կադաստրի գործողությունը «անգործությունը» անօրինական ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Հայկուշ Պողոսյանը, Կարինե Մուրադյանը և Զարուհի Շահնազարյանը պահանջել են անվավեր ճանաչել 24.07.2009 թվականի վարչական ակտը, անօրինական ճանաչել Կադաստրի գործողությունը «անգործությունը» և Կադաստրին պարտավորեցնել կատարելու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրից ծագող Երևանի Կովկասյան թիվ 90 հասցեում գտնվող 19.35քմ բնակելի և 13.54քմ օժանդակ մակերեսների ու 300քմ ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող հողամասի 1/2 բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը։

ՀՀ վարչական դատարանի 14.12.2009 թվականի (այսուհետ` Դատարան) վճռով հայցը բավարարվել է։ Վճռվել է`«անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանման 24.07.2009թ. թիվ Կ/Ղ ԵԼ-1623 վարչական ակտը: ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Արաբկիրի տարածքային ստորաբաժանմանը պարտավորեցնել Երևան քաղաքի Կովկասյան թիվ 90 հասցեում գտնվող անշարժ գույքի` 22.05.2001թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրից բխող` բնակելի 19,35քմ և օժանդակ 13,54քմ մակերեսների և տան 300քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողատարածքի 1/2 մասի նկատմամբ գրանցել Հայկուշ Պողոսյանի, Կարինե Մուրադյանի և Զարուհի Շահնազարյանի սեփականության իրավունքները»:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Անահիտ Վանյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Հայկուշ Պողոսյանը, Կարինե Մուրադյանը և Զարուհի Շահնազարյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի, 16-րդ հոդվածի 6-րդ կետը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները: Դատարանը, Անահիտ Վանյանին դատավարության մեջ ընդգրկելով որպես երրորդ անձ, հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը չի ուղարկել, ավելին, գործի քննության ամբողջ ընթացքում կողմերին չի ապահովել հավասար հնարավորություններ, որի արդյունքում խախտել է հավասարության և մրցակցության սկզբունքները: Անահիտ Վանյանին չի ընձեռել հնարավորություն ինչպես իր դիրքորոշումը լիարժեք ներկայացնելու, այնպես էլ ապացույցներ ներկայացնելու համար: Բացի այդ, նախնական դատական նիստի ընթացքում Դատարանին հայտնի է եղել, որ Երևանի Կովկասյան թիվ 90 հասցեում գտնվող 300քմ հողամասն առանձնացնելու վերաբերյալ առկա է դատական ակտ, որի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը գտնվում է քննության փուլում, սակայն դատական նիստը չի հետաձգել ապացույցներ ներկայացնելու համար:

Ավելին, վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է Երևանի Կովկասյան թիվ 90 հասցեում գտնվող 300քմ հողամասն առանձնացնելու վերաբերյալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 22.05.2009 թվականի վճիռը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.12.2009 թվականի վճռի` Երևանի Կովկասյան թիվ 90 հասցեում գտնվող 300քմ հողամասի 1/2 բաժնի նկատմամբ Հայկուշ Պողոսյանի, Կարինե Մուրադյանի և Զարուհի Շահնազարյանի սեփականության իրավունքի գրանցում կատարելուն պարտավորեցնելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Դատարանի վճիռը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար նշված վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը պետք է վերադարձնել, իսկ Դատարանի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 22.05.2001 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Մյասնիկ Մուրադյանի ժառանգական գույքի` Երևանի Կովկասյան թիվ 90 հասցեում գտնվող 1/5 բաժնի և 300քմ ընդհանուր հողամասի նկատմամբ ժառանգներ են ճանաչվել Հայկուշ Պողոսյանը, Կարինե Մուրադյանը և Զարուհի Շահնազարյանը (գ.թ. 23)։

2. Կադաստրի 24.07.2009 թվականի թիվ Ել-1623 գրությամբ մերժվել է Կարինե Մուրադյանի դիմումը` 22.05.2001 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրից ծագող իրավունքները պետական գրանցման ենթարկելու մասին, հողամասին կից 51.5քմ ինքնակամ հողամաս և 20.0քմ ինքնակամ կառույց առկա լինելու հիմքով (գ.թ. 19)։

3. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 22.05.2009 թվականի վճռով բավարարվել է Անահիտ Վանյանի հայցն ընդդեմ Հայկուշ Պողոսյանի, Կարինե Մուրադյանի և Զարուհի Շահնազարյանի` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող հողամասից բաժինն առանձնացնելու պահանջի մասին, հակընդդեմ հայցը` ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող հողամասից բաժինն առանձնացնելու պահանջի մասին քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ ապօրինի կառուցված ինքնակամ շինությունները քանդելու պահանջի մասին` մերժվել: Վճռվել է «Անահիտ Վանյանի հայցը բավարարել: 1. Երևան քաղաքի Կովկասյան փողոցի թիվ 90 տանը պատկանող ընդհանուր 326քմ փաստացի հողատարածքից առանձնացնել հայցվոր Անահիտ Վանյանի բաժնեմասը: ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ աշխատակազմի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից 29.04.2009թ. տրված հատակագծում սև գույնով եզրագծված 59քմ բնակելի տան կառուցապատ հատվածով ծանրաբեռնված հողամասը հատկացնել հայցվոր Անահիտ Վանյանին, իսկ 46.2քմ մակերեսով ծանրաբեռնված կառուցապատ հատվածը թողնել հայցվոր Անահիտ Վանյանին և պատասխանողներ Հայկուշ Պողոսյանին, Կարինե Մուրադյանին և Զարուհի Շահնազարյանին` որպես ընդհանուր համատեղ սեփականություն: Հատակագծում կարմիր գույնով եզրագծված շինություններով ծանրաբեռնված հողատարածքը և «բակ» նշված ազատ հողատարածքը սեփականության իրավունքով հատկացնել հայցվոր Անահիտ Վանյանին: 2. Կարինե Մուրադյանի և Հայկուշ Պողոսյանի հակընդդեմ հայցը` ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողատարածքում կառուցված ապօրինի շինությունները քանդել պարտավորեցնելու պահանջի մասին, մերժել: 3. Ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողատարածքից բաժինն առանձնացնելու մասին հակընդդեմ հայցապահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել»:

4. ՀՀ վարչական դատարանի 15.03.2010 թվականի որոշմամբ ուղղվել է ՀՀ վարչական դատարանի 14.12.2009 թվականի վճռում թույլ տրված վրիպակը: Այն է` «Դատաքննությամբ պարզված հանգամանքներ» մասում ուղղել թույլ տրված վրիպակը, այն է`«22.05.2001թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն Հայկուշ Պողոսյանը, Կարինե Մուրադյանը և Զարուհի Շահնազարյանը հանդիսանում են Երևանի Կովկասյան 90 հասցեում գտնվող վերը նշված բնակելի 19,35քմ և օժանդակ 13,54քմ մակերեսների և տան 300քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողատարածքի 1/2 մասի անշարժ գույքի նկատմամբ ժառանգներ» բառերի փոխարեն կարդալ «22.05.2001թ. ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն Հայկուշ Պողոսյանը, Կարինե Մուրադյանը և Զարուհի Շահնազարյանը հանդիսանում են Երևանի Կովկասյան 90 հասցեում գտնվող վերը նշված բնակելի 19,35քմ և օժանդակ 13,54քմ մակերեսների և տան 300քմ ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ ժառանգներ»:

5. Նախնական դատական նիստի ընթացքում Անահիտ Վանյանը հայտնել է, որ Երևանի Կովկասյան թիվ 90 հասցեում գտնվող 300քմ հողամասն առանձնացնելու վերաբերյալ առկա է դատական ակտ, որի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը գտնվում է դեռևս քննության փուլում (տես` դատական նիստի արձանագրության կրիչը):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` գործի փաստերը դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

Նույն հոդվածի երրորդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալու դատական նիստի:

Վճռաբեկ դատարանը նախկինում ընդունած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին։

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 (2008թ.) որոշումը)։

Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` Անահիտ Վանյանի կողմից նախնական դատական նիստի ժամանակ հայտնած տեղեկության հիման վրա Դատարանին հայտնի է դարձել, որ Երևանի Կովկասյան թիվ 90 հասցեում գտնվող 300քմ հողամասն առանձնացնելու վերաբերյալ առկա է դատական ակտ, որի դեմ ներկայացված վճռաբեկ բողոքը գտնվում է քննության փուլում : Այնուամենայնիվ, Դատարանը գործի փաստերը չի պարզել ի պաշտոնե և կողմին զրկել է նշված դատական ակտը դատարան ներկայացնելու հնարավորությունից:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 14.12.2009 թվականի վճռի` Երևանի Կովկասյան թիվ 90 հասցեի ընդհանուր համատեղ սեփականության ներքո գտնվող 300քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնի նկատմամբ Հայկուշ Պողոսյանի, Կարինե Մուրադյանի և Զարուհի Շահնազարյանի սեփականության իրավունքի գրանցում կատարելուն պարտավորեցնելու մասը և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության։ Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ