Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.4
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0279/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0279/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝ Ա. Պետրոսյան

               Կ. Չիլինգարյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Է. Հայրիյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆԻ

Ե. Սողոմոնյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արեն Տեպանոսյանի և «Միջազգային բիզնես կենտրոն» Հ/Ձ ՓԲ ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Սերգեյ Թաիրյանի հայցի ընդդեմ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտարի` ժառանգական գույքը պարտքի դիմաց պարտատիրոջը հանձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սերգեյ Թաիրյանը պահանջել է Էդուարդ Արաբխանյանից բռնագանձել 16.000.000 ՀՀ դրամ։

Էդուարդ Արաբխանյանը մահացել է 11.08.2007 թվականին (հատոր 1-ին, գ.թ.24)։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 17.09.2007 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև Էդուարդ Արաբխանյանի մահից հետո իրավահաջորդության հարցի լուծումը։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 14.02.2008 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է և քաղաքացիական գործն առարկայական և տարածքային ընդդատության կանոններով ուղարկվել է Երևանի քաղաքացիական դատարան։

Սերգեյ Թաիրյանը, փոփոխելով հայցի հիմքը և առարկան, ինչպես նաև որպես պատասխանող ընդգրկելով Էդուարդ Արաբխանյանի կնոջը` Միլենա Աղամալյանին և դստերը` Դանիելա Արաբխանյանին, պահանջել է Էդուարդ Արաբխանյանին պատկանող «Հայներարտբանկ» ՓԲ ընկերությունում (ներկայիս «Ամերիա Բանկ») 302 հատ 40.000 անվանական արժեքով բաժնետոմսերը հանձնել պարտքի դիմաց որպես սեփականություն։

 Սերգեյ Թաիրյանը, հետագայում միայն որպես պատասխանող ընդգրկելով Էդուարդ Արաբխանյանի ժառանգության բացման վայրի նոտարին, պահանջել է Էդուարդ Արաբխանյանին պատկանող «Հայներարտբանկ» ՓԲ ընկերությունում (ներկայիս «Ամերիա Բանկ») 302 հատ 40.000 անվանական արժեքով բաժնետոմսերը հանձնել պարտքի դիմաց որպես սեփականություն։

Երևանի քաղաքացիական դատարանի 27.02.2009 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ըստ տարածքային ընդդատության կանոններով ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։ Վճռվել է «Էդուարդ Արաբխանյանին պատկանող` Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայում հաշվառված, նախկին «Հայներարտբանկ» ՓԲԸ, ներկայիս «Ամերիա Բանկ» ՓԲԸ կողմից թողարկված թվով 302 հատ (40.000 ՀՀ դրամ անվանական արժեքով) հասարակ անվանական բաժնետոմսերը պարտքի դիմաց որպես սեփականություն հանձնել հայցվոր Սերգեյ Թաիրյանին»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 14.12.2009 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձված անձանց Արեն Տեպանոսյանի և «Միջազգային բիզնես կենտրոն» Հ/Ձ ՓԲ ընկերության վերաքննիչ բողոքները մերժվել են, և Դատարանի 10.04.2009 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ` օրինական ուժի մեջ։

 Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Արեն Տեպանոսյանը և «Միջազգային բիզնես կենտրոն» Հ/Ձ ՓԲ ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Սերգեյ Թաիրյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում խախտել է ՀՀ Սահմանադրության 19-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, ինչպես նաև անտեսել է այն հանգամանքը, որ Արեն Տեպանոսյանը և «Միջազգային բիզնես կենտրոն» Հ/Ձ ՓԲ ընկերությունը որպես պարտատերեր օրենքով սահմանված ժամկետում իրենց պահանջները ներկայացրել են ժառանգատու Էդուարդ Արաբխանյանի ժառանգության բացման վայրի նոտարին, մինչդեռ Դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձված անձանց` պարտատերերի իրավունքների վերաբերյալ` խախտելով վերջիններիս արդար դատաքննության իրավունքը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածով ամրագրված ժառանգության հաշվին ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները բավարարելու պարտատերերի իրավունքը։

 

2. Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 3-րդ մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Էդուարդ Արաբխանյանի և Սերգեյ Թաիրյանի միջև կնքված փոխառության պայմանագրով Էդուարդ Արաբխանյանի կողմից ստանձնած պարտավորությունը չկատարելու պայմաններում Սերգեյ Թաիրյանը իրավունք է ունեցել պահանջելու փոխառության գումարը, մինչդեռ դրամական պարտավորությունը փոխվել է գույք հանձնելու պարտավորությամբ` Դատարանի կողմից չնշվելով դրա վերաբերյալ որևէ հիմնավորում։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 14.12.2009 թվականի որոշումը և փոփոխել` հայցը մերժել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացվել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա, հետևաբար վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։

Բողոք բերած անձինք անտեսել են այն հանգամանքը, որ Սերգեյ Թաիրյանը օրենքով սահմանված ժամկետում իր պահանջը ներկայացրել է ժառանգատու Էդուարդ Արաբխանյանի ժառանգության բացման վայրի նոտարին, ինչպես նաև դատաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Էդուարդ Արաբխանյանի ժառանգությունը ժառանգները չեն ընդունել, ավելին հրաժարվել են այն ընդունել։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. 28.12.2005 թվականի փոխառության պայմանագրով «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲ ընկերությունը տրամադրել է Էդուարդ Արաբխանյանին 50.000.000 ՀՀ դրամ մեկ տարվա ընթացքում վերադարձնելու պայմանով (հատոր 3-րդ, գ.թ.56-57)։

2. 19.12.2006 թվականի փոխառության պայմանագրով Արեն Տեպանոսյանը տրամադրել է Էդուարդ Արաբխանյանին 9.000 ԱՄՆ դոլար 19.03.2007 թվականին վերադարձնելու պայմանով (հատոր 3-րդ, գ.թ.91-93)։

3. Նոտարական կարգով վավերացված 29.03.2007 թվականի փոխառության պայմանագրով Սերգեյ Թաիրյանը տրամադրել է Էդուարդ Արաբխանյանին 16.000.000 ՀՀ դրամ 29.06.2007 թվականին վերադարձնելու պայմանով (հատոր 1-ին, գ.թ.5)։

4. Էդուարդ Արաբխանյանի և Միլենա Աղամալյանի ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցվել է 17.03.1990 թվականին (հատոր 1-ին, գ.թ.23)։

5. Էդուարդ Արաբխանյանը մահացել է 11.08.2007 թվականին (հատոր 1-ին, գ.թ.24)։

6. «Հայներարտբանկ» ՓԲ ընկերության 16.04.2007 թվականի թիվ 08-235 տեղեկանքի համաձայն` Էդուարդ Արաբխանյանն ընկերության բաժնետեր է և նրան պատկանում է 24.160.000 ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող սովորական քվեարկվող 604 հատ բաժնետոմս (հատոր 1-ին, գ.թ.7)։

7. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` օրինական ուժի մեջ մտած 13.12.2007 թվականի վճռով բավարարվել է Միլենա Աղամալյանի դիմումը Էդուարդ Արաբխանյանին պատկանող «Հայներարտբանկ» ՓԲ ընկերությունում 604 հատ սովորական քվեարկվող բաժնետոմսերից 302 հատի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ.66-67)։

8. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին հասցեագրված 17.01.2008 թվականի դիմումով Սերգեյ Թաիրյանը պահանջ է ներկայացրել ժառանգատու Էդուարդ Արաբխանյանի ժառանգության բացման վայրի նոտարին (հատոր 2-րդ, գ.թ.18)։

 9. Էդուարդ Արաբխանյանի ժառանգներին հասցեագրված 20.10.2007 թվականի և 20.11.2007 թվականի դիմումներով, ինչպես նաև ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին հասցեագրված 11.02.2008 թվականի դիմումով Արեն Տեպանոսյանը պահանջ է ներկայացրել ժառանգատու Էդուարդ Արաբխանյանի ժառանգության բացման վայրի նոտարին և ժառանգներին` Միլենա Աղամալյանին, Ջուլիետա Աբրահամյանին, Միխայել և Դանիել Արաբխանյաններին (հատոր 3-րդ, գ.թ. 78,82,85)։

 10. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանին և Էդուարդ Արաբխանյանի ժառանգներին հասցեագրված 04.02.2008 թվականի դիմումով «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲ ընկերությունը պահանջ է ներկայացրել ժառանգատու Էդուարդ Արաբխանյանի ժառանգության բացման վայրի նոտարին և ժառանգներին` Միլենա Աղամալյանին, Ջուլիետա Աբրահամյանին, Միխայել և Դանիել Արաբխանյաններին (հատոր 3-րդ, գ.թ.60)։

 11. ՀՀ վարչական դատարանի` օրինական ուժի մեջ մտած 29.09.2008 թվականի վճռով բավարարվել է Միլենա Աղամալյանի հայցն ընդդեմ Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի նոտարի, երրորդ անձանց «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲ ընկերության, Սերգեյ Թաիրյանի` նոտարական գործողությունների վիճարկման պահանջի մասին։ Վճռվել է«վերացնել Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կողմից Միլենա Աղամալյանին որպես հանգուցյալ Էդուարդ Արաբխանյանի ժառանգությունը ընդունած ժառանգ ճանաչելու հետևանքները։ Հաստատել, որ պատասխանող Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Էմմա Շաբոյանի կողմից հայցվորի 2007թ. հոկտեմբերի 31-ին ներկայացված դիմումի մուտքագրումը 5430 համարի տակ` չի հանգեցնում հայցվոր Միլենա Աղամալյանին ճանաչել Էդուարդ Արաբխանյանի ժառանգությունն ընդունած ժառանգ դիտելուն» (հատոր 1-ին, գ.թ.122-128)։

12. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի 25.12.2008 թվականի գրության համաձայն` ժառանգատու Էդուարդ Արաբխանյանի մայրը հրաժարվել է ընդունել ժառանգությունը (հատոր 2-րդ, գ.թ.22)։

13. ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի 12.02.2009 թվականի գրության համաձայն` ժառանգատու Էդուարդ Արաբխանյանի հայրը` Միշիկ Արաբխանյանը, 12.02.2009 թվականի հայտարարությամբ հրաժարվել է ընդունել ժառանգությունը (հատոր 1-ին, գ.թ.179)։

 14. «Ռասկո» ապահովագրական ՍՊ ընկերության 23.06.2009 թվականի թիվ Ռ/ՊԿ-335 գրությամբ հայտնվել է, որ «Ռասկո» ապահովագրական ՍՊ ընկերության կանոնադրության համաձայն` 50.000.000 ՀՀ դրամ անվանական արժեք ունեցող 10 % բաժնեմասը պատկանում է Էդուարդ Արաբխանյանին (հատոր 3-րդ, գ.թ.19)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` ժառանգության հետ կապված ծախսերը հատուցվում են հետևյալ հերթականությամբ` երրորդ հերթին բավարարվում են ժառանգատուի պարտքերով պարտատերերի պահանջները, իսկ 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո։ Ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքն անբավարար լինելու դեպքում այն համապատասխան հերթի պարտատերերի միջև բաշխվում է բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն։

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1243-րդ հոդվածի համաձայն` պարտատերերն իրավունք ունեն ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացնել իրենց պահանջները։ Պահանջները, մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, կարող են ներկայացվել ժառանգությունն ընդունած ժառանգին կամ կտակակատարին, իսկ նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին։

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ օրենսդիրը հնարավորություն է ընձեռել ժառանգատուի պարտատերերին ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում մինչև ժառանգների կողմից ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը ներկայացնել իրենց պահանջները նախ հետևյալ անձանց`

- ժառանգությունն ընդունած ժառանգին, կամ

- կտակակատարին։

Ապա միայն նշված անձանց բացակայության դեպքում` ժառանգության բացման վայրի նոտարին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածով նախատեսվել է ժառանգության հետ կապված ծախսերի հատուցման հերթականություն` սահմանելով յուրաքանչյուր հերթի պահանջների բավարարումը նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարելուց հետո։ Ընդ որում, ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքն անբավարար լինելու դեպքում այն համապատասխան հերթի պարտատերերի միջև բաշխվում է բավարարման ենթակա պահանջների գումարներին համամասնորեն։

Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։

Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի հավասարության և մրցակցային դատավարության սկզբունքների խախտում և բեկանել է դատական ակտը (տե՛ս, ըստ հայցի Լաուրա Մկրտչյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության՝ պետական մարմնի անգործությունը վիճարկելու պահանջի մասին թիվ ՎԴ/4107/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.08.2009 թվականի որոշումը)։

Սույն գործի փաստերի համաձայն` Արեն Տեպանոսյանը և «Միջազգային բիզնես կենտրոն» ՀՁ ՓԲ ընկերությունը որպես պարտատերեր օրենքով սահմանված ժամկետում իրենց պահանջները ներկայացրել են ժառանգատու Էդուարդ Արաբխանյանի ժառանգության բացման վայրի նոտարին։

Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ Դատարանի վճռով խախտվել է պարտատերեր Արեն Տեպանոսյանի և «Միջազգային բիզնես կենտրոն» Հ/Ձ ՓԲ ընկերության իրավունքները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1242-րդ հոդվածով ամրագրված ժառանգության հաշվին պարտատերերի պահանջները բաշխելու կարգը և եղանակը։

 

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի դատական ակտով պարտատերեր Արեն Տեպանոսյանը և «Միջազգային բիզնես կենտրոն» Հ/Ձ ՓԲ ընկերությունը զրկվել են ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով ամրագրված արդար դատաքննության իրավունքից։

 

Նկատի ունենալով, որ սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը Վճռաբեկ դատարանը համարում է հիմնավոր և դրա առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, հետևաբար Վճռաբեկ դատարանը բողոքի երկրորդ հիմքի քննարկմանը չի անդրադառնում։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 14.12.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Է. Հայրիյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ