Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Իսրայելի Պետության Կառավարությունը, այսուհետ` «Պայմանավորվող կողմեր»,
Վստահությամբ, որ մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում համագործակցությունը կդյուրացնի իրենց ժողովուրդների միջև փոխըմբռնումն ու երկու երկրների փոխշահավետ համագործակցության զարգացումը,
Համաձայնեցին հետևյալին.
Հոդված 1
Պայմանավորվող Կողմերն աջակցում են մշակույթի, արվեստի, հումանիտար գիտության, կրթության, լրատվության, կինեմատոգրաֆիայի, երիտասարդության և սպորտի բնագավառներում իրենց իրավասու հաստատությունների կամ կազմակերպությունների միջև համագործակցության զարգացմանն ու խրախուսում է այն:
Հոդված 2
Պայմանավորվող Կողմերը խրախուսում և դյուրացնում են իրենց գիտական մարմինների, հետազոտական ինստիտուտների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև փոխշահավետ համագործակցությունը, ներառյալ.
1. Համաժողովներին, խորհրդակցություններին, դասընթացներին և փոխշահավետության հիման վրա, համատեղ հետազոտական ծրագրերին մասնակցելու նպատակով` հետազոտողների, գիտնականների, համալսարանական ուսանողների, փորձագետների փոխանակում և կրթական նպատակներով ուսանողների փոխանակում:
2. Գիտական և ակադեմիական գրականության, ուսումնական ձեռնարկների, պարբերականների, գիտատեխնիկական և կրթական բնույթի ժապավենների, ինչպես նաև կրթական ու գիտական նշանակության այլ նյութերի փոխանակումը:
Հոդված 3
Պայմանավորվող Կողմերը խրախուսում են կերպարվեստի, երաժշտության, թատրոնի, գրականության, կինեմատոգրաֆիայի, տպագրության, մշակութային հուշարձանների ու ազգային թանգարանների բնագավառներում համագործակցությունը:
Հոդված 4
Պայմանավորվող Կողմերն աջակցում են լրատվական գործակալությունների, ռադիո- և հեռուստատեսային հաստատությունների անմիջական համագործակցությանը:
Հոդված 5
Պայմանավորվող Կողմերը խրախուսում են սպորտի և երիտասարդության, ինչպես նաև մարզական և երիտասարդական մանկավարժության բնագավառներում անմիջական համագործակցությունը:
Հոդված 6
Սույն Համաձայնագրի շրջանակներում նախատեսվող բոլոր բնագավառներում համագործակցությունը իրականացվելու է Պայմանավորվող Կողմերի ներքին օրենսդրությանը համապատասխան: Երկու Կողմերն առավելագույն ջանքեր են գործադրում սույն Համաձայնագրի դրույթների ու նպատակների, փոխանակության ու համագործակցության կենսագործմանը նպաստող պայմաններ ապահովելու համար:
Հոդված 7
Սույն Համաձայնագրի կենսագործման նպատակով ստեղծվում է խառը հանձնաժողով, որը յուրաքանչյուր երեք տարին մեկ նստաշրջան է գումարում Երևանում և Երուսաղեմում, հաջորդաբար: Այդ նստաշրջանների անցկացման ժամկետն ու վայրը ճշտվում են դիվանագիտական խողովակներով: Խառը հանձնաժողովի իրավասության շրջանակում աշխատանքային ծրագրերի պատրաստումը, սույն Համաձայնագրի դրույթների կիրառմանը վերաբերող մանրամասների ճշտումը, դրա կենսագործման դիտարկումն ու Համաձայնագրով նախատեսվող փոխանակությունների իրականացմանն առնչվող ֆինանսական և վարչական խնդիրների հստակեցմամբ:
Հոդված 8
Պայմանավորվող Կողմերը, սույն Համաձայնագրի նպատակներին համապատասխան, խրախուսում են մշակույթի, գիտության ու կրթության մարզերում երկու երկրների շահագրգիռ այլ հաստատությունների, կազմակերպությունների կամ անհատ անձանց անմիջական համագործակցությունը:
Հոդված 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրներից յուրաքանչյուրում գործող օրենսդրական ընթացակարգի համաձայն սույն Համաձայնագրի վավերացման վերաբերյալ Պայմանավորվող Կողմերի միջև Նոտաների փոխադարձ փոխանակման պահից: Պայմանավորվող Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են լրացումներ և փոփոխություններ կատարվել: Համաձայնագրում որևէ փոփոխություն ենթակա է նույն ընթացակարգին, որով սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտել:
Համաձայնագիրը կնքվում է հինգ տարով և դրա գործողության ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է հավելյալ հնգամյա ժամկետներով, քանի դեռ Պայմանավորվող Կողմերից որևէ մեկը դիվանագիտական խողովակներով, գրավոր և համապատասխան ժամկետի սպառումից առնվազն 6 ամիս առաջ մյուսին չի տեղեկացրել Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կնքված է Երուսաղեմում, 1994թ. դեկտեմբերի 19-ին, համապատասխանաբար` 5755թ. 16-ի հայերեն, եբրայերեն ու անգլերեն երկու բնօրինակով, ընդ որում բոլոր տեքստերը համազոր են:
Մեկնաբանությունների տարբերության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2011 թ. օգոստոսի 22-ին
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|