Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.48
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ
ՎԴ/3905/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/3905/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ռ. Սարգսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆԻ

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. ՀԱՅՐԻՅԱՆԻ

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ

 

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով երրորդ անձ Աստղիկ Հովհաննիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 10.11.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Լևիկ Հովհաննիսյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշման հավելվածի 142-րդ կետն առ ոչինչ ճանաչելու, նույն որոշմամբ տրամադրված թիվ 4336-2007 հատակագծում ջնջման առկայությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ջնջումը կատարած համապատասխան աշխատակցի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լևիկ Հովհաննիսյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել Երևանի քաղաքապետի 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշման հավելվածի 142-րդ կետը, ոչ իրավաչափ ճանաչել նույն որոշմամբ տրամադրված թիվ 4336-2007 հատակագծում ջնջման առկայությունը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակցի գործողությունը։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 10.11.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Աստղիկ Հովհաննիսյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լևիկ Հովհաննիսյանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

ՀՀ վարչական դատարանի 13.06.2008 թվականի թիվ ՎԴ/0433/05/08 վճռով արդեն իսկ հաստատված է համարվել այն փաստը, որ Երևանի քաղաքապետի 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշմամբ Աստղիկ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը վերականգնվել է օրինական հիմքով, հետևաբար սույն գործով Դատարանը պարտավոր էր այն ընդունել որպես հաստատված փաստ, որը վերստին ապացուցման կարիք չունի։

2) Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի վճռով պատճառաբանվել է, որ Երևանի քաղաքապետի 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշմամբ չի կարող վերականգնվել Աստղիկ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը, քանի որ տվյալ հողամասը չի համապատասխանում Երևանի քաղաքապետի 14.08.2007 թվականի թիվ 2818-Ա և 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշումների ընդունման հիմքում ընկած ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի, 72-րդ հոդվածի, 118-րդ հոդվածի 6-րդ կետի, ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման 2-րդ կետի, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 և 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշումների պահանջներին։ Մինչդեռ Դատարանը պատշաճ իրավական գնահատական չի տվել այն հանգամանքին, որ վերոնշյալ դրույթներն ընկած են ոչ թե Երևանի քաղաքապետի 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշման, այլ Երևանի քաղաքապետի 14.08.2007 թվականի թիվ 2818-Ա որոշման հիմքում, որով Աստղիկ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը Երևանի Ֆիրդուսի 12/7 հասցեի անշարժ գույքի նկատմամբ չի վերականգնվել։ Ավելին, Երևանի քաղաքապետի 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշման 1-ին կետի «կ» ենթակետի համաձայն` հավելվածը լրացվել է 138-154 կետերով, որի 142-րդ կետում որպես հիշյալ հասցեի սեփականատեր` նշվել է Աստղիկ Հովհաննիսյանի անունը։ Այդ հավելվածի լրացման համար հիմք է ընդունվել ոչ թե 14.08.2007 թվականի թիվ 2818-Ա որոշման հիմքում ընկած դրույթները, այլ 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշման հիմքում ընկած դրույթները, այն է` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 13.07.2007 թվականի նիստի և Երևանի քաղաքապետի 16.07.2007 թվականի թիվ 2100-Ա որոշումներով ստեղծված հանձնաժողովի 11.09.2007 թվականի նիստի թիվ 10 և 03.10.2007 թվականի թիվ 15 արձանագրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.10.2007 թվականի թիվ 18-06/358 եզրակացությունը, ինչպես նաև 03.10.2007 թվականի 18-06/2-18097 եզրակացությունը, Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնությունները» ՊՓԲԸ-ի 03.10.2007 թվականի թիվ 20/2 Ե-513 գրությունը։ Դատարանը նշված փաստաթղթերը, որոնցով ապացուցվում է Աստղիկ Հովհաննիսյանի սեփականության իրավունքի իրավաչափությունը, նշել է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի կազմում, սակայն վճռի պատճառաբանական մասում ընդհանրապես չի անդրադարձել այդ փաստերին։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 10.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության կամ փոփոխել Դատարանի վճիռը և հայցը մերժել։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Սույն գործով քննվել է վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջ, ինչից հետևում է, որ Դատարանը պարտավոր էր ստուգել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքերի առկայությունը: Հետևաբար Դատարանը նշված տեսանկյունից կատարել է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:

Բացի այդ, վճռաբեկ բողոք բերած անձը նշել է, որ Դատարանը պետք է անդրադառնար ոչ թե Երևանի քաղաքապետի 14.08.2007 թվականի, այլ 05.10.2007 թվականի որոշման հիքում ընկած դրույթների կիրառելիության հարցին: Մինչդեռ «Երևանի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչների գույքային իրավունքները վերականգնելու մասին» հիմնական ակտը Երևանի քաղաքապետի 14.08.2007 թվականի թիվ 2818 Ա որոշումն է, իսկ 05.10.2007 թվականի որոշմամբ ընդամենը հիմնական ակտում կատարվել են փոփոխություններ և լրացումներ, ընդ որում` իրավական հիմքերը մնացել են նույնը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևանի քաղաքապետի 14.08.2007 թվականի թիվ 2818-Ա «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի մի խումբ բնակիչների գույքային իրավունքները վերականգնելու մասին» որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 13.07.2007 թվականի նիստի արձանագրությունը, Երևանի քաղաքապետի 16.07.2007 թվականի թիվ 2100-Ա որոշումները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.08.2007 թվականի թիվ 18-06/287 եզրակացությունը, Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնությունները» ՓԲԸ-ի 09.08.2007 թվականի թիվ 20/2 Ե-1410 և «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ի 09.08.2007 թվականի թիվ 20-248 գրությունները, ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը, 72-րդ հոդվածը, 118-րդ հոդվածի 6-րդ կետը, ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման 2-րդ կետը, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 և 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշումները (գ.թ.214)։

2) Երևանի քաղաքապետի 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա «Երևանի քաղաքապետի 14.08.2007 թվականի թիվ 2818-Ա որոշման հավելվածում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման համաձայն` 14.08.2007 թվականի թիվ 2818-Ա որոշման հավելվածը լրացվել է 138-145 կետերով։ Համաձայն հավելվածի 142-րդ կետի` Երևանի Ֆիրդուսի 12/7 հասցեի 97,06 քմ մակերեսով հողամասի, 93,0 քմ մակերեսով բնակելի շինության և 24,96 քմ մակերեսով նկուղի նկատմամբ ճանաչվել է Աստղիկ Հովհաննիսյանի սեփականության իրավունքը։ Երևանի քաղաքապետի 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշման հիման վրա 12.10.2007 թվականին Աստղիկ Հովհաննիսյանի անվամբ տրվել է հողամասի թիվ 4336-2007 գլխավոր հատակագիծ։ Նույն որոշմամբ տրամադրված թիվ 4336-2007 հատակագծում կատարված ջնջման արդյունքում ստացվել է Աստղիկ Հովհաննիսյանի անունը։

Այդ որոշման ընդունման համար հիմք են հանդիսացել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածը, «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 13.07.2007 թվականի նիստի և Երևանի քաղաքապետի 16.07.2007 թվականի թիվ 2100-Ա որոշումներով ստեղծված հանձնաժողովի 11.09.2007 թվականի նիստի թիվ 10 և 03.10.2007 թվականի թիվ 15 արձանագրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.10.2007 թվականի թիվ 18-06/358 եզրակացությունը, ինչպես նաև 03.10.2007 թվականի 18-06/2-18097 եզրակացությունը, Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնությունները» ՊՓԲԸ-ի 03.10.2007 թվականի թիվ 20/2-Ե513 գրությունը (գ.թ. 104, 109-113)։

3) ՀՀ վարչական դատարանի 13.06.2008 թվականի թիվ ՎԴ/0433/05/08 վճռով մերժվել է Լևիկ Հովհաննիսյանի հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և Աստղիկ Հովհաննիսյանի` Երևանի քաղաքապետի 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշումը` Աստղիկ Հովհաննիսյանի մասով, անվավեր ճանաչելու պահանջի մասին, պատճառաբանելով, որ նշված վարչական ակտում առկա չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի անվավերության հիմքերը (գ.թ. 18-23)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներում անդրադարձել է վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու իրավական խնդրին։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ » ենթակետը սահմանում է, որ առ ոչինչ է այն վարչական ակտը, որում առկա է, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալը. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն` անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ մեկնաբանման հետևանքով։ Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է վարչական ակտի առ ոչինչ լինելու հարցին։ Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը նշել է, որ նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը, կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը։ Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ։ Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը, կամ անձին «ոչ իրավաչափ իրավունք» տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առ ոչինչ դիտելու համար։ Այսինքն` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական ակտի առ ոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է,որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունը առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը, կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առ ոչինչ (տե'ս ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոստինվեստ» ՍՊԸ-ի` 1.269.000 ՀՀ դրամ գումար բռնագանձելու մասին ՀՀ Վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշում)։

Սույն վարչական գործով ներկայացվել է վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջ։ Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 05.10.2007 թվականի թիվ 3986-Ա որոշման հավելվածի 142-րդ կետով խախտվել է հայցվորի ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետը, ՀՀ կառավարության 31.12.1998 թվականի թիվ 867 որոշումը, ՀՀ կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշման 2-րդ կետը և նույն որոշմամբ հաստատված «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման» Կարգով ամրագրված իրավունքները։

Տվյալ դեպքում վիճարկվող վարչական ակտի առ ոչինչ լինելու մասին եզրահանգում կատարելիս Դատարանը կատարել է դրա հիմքում ընկած օրենքի և իրավական այլ ակտերի նորմերի վերլուծություն և արձանագրել է վարչական ակտի հիմքում դրված նորմերի սխալ կիրառելիությունը։ Այսինքն` Դատարանը անդրադարձել է վիճարկվող ակտի անվավերությանը, հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող ակտը չէր կարող լինել ակնհայտ ոչ իրավաչափ, հետևաբար նաև` առ ոչինչ։

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Դատարանը, անդրադառնալով և քննելով վեճի առարկա որոշումների անվավերության հարցը, անտեսել է, որ դրա վերաբերյալ արդեն իսկ առկա է օրինական ուժի մեջ մտած ՀՀ վարչական դատարանի 13.06.2008 թվականի թիվ ՎԴ/0433/05/08 վճիռ։ Նշված վճռով դատարանը, գնահատման առարկա դարձնելով վեճի առարկա վարչական ակտի վավերականության հարցը, հայցը մերժել է` պատճառաբանելով, որ նշված վարչական ակտում առկա չեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված վարչական ակտի անվավերության հիմքերը։

Փաստորեն, վեճի առարկա վարչական ակտի առ ոչինչ լինելու հարցը քննելիս Դատարանը կրկին անգամ գնահատել է դրա վավերականությունը` հաշվի չառնելով ՀՀ վարչական դատարանի արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը, որով արտահայտված դիրքորոշումը պարտադիր էր Դատարանի համար։

Վերոնշյալ պատճառաբանությամբ հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակցի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի այդ մասով առկա է ոչ պատշաճ հայցվոր, քանի որ այս պարագայում խնդիրն առնչվում է Լյուդմիլա Միհրաբյանի իրավունքների և շահերի հնարավոր խախտմանը, իսկ Լևիկ Հովհաննիսյանը լիազորված չէ դրանք դատարանում ներկայացնելու և պաշտպանելու համար։

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում Դատարանի կողմից վիճելի ակտը ոչ իրավաչափ ճանաչելու հիմքում ընկած պատճառաբանություններին։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 10.11.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Վճռաբեկ բողոքի համար նախատեսված պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ս. Անտոնյան

ՎԱբելյան

 

Վ. Ավանեսյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ