ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 2010 թվականի N 475-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի նիստի N 7 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած` Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհրդի աշխատակարգը` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում կազմակերպել և անցկացնել Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհրդի առաջին նիստը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2010 թվականի հունիսի 28-ի N 475-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ վարչապետ |
Խորհրդի նախագահ |
ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
ՀՀ էկոնոմիկայի նախարար
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
ՀՀ կրթության և գիտության նախարար
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության
ծառայության տնօրեն
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2010 թվականի հունիսի 28-ի N 475-Ն որոշման |
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն աշխատակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման խորհրդի (այսուհետ` խորհուրդ) գործունեության կարգը:
2. Խորհրդի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին կից ժամանակացույցով նախատեսված միջոցառումների (այսուհետ` միջոցառումներ) իրականացման աշխատանքների համակարգումն է և աշխատանքների նկատմամբ մոնիթորինգի իրականացումը:
II. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ
3. Խորհրդի խնդիրներն են`
1) միջոցառումների իրականացումը, ինչպես նաև դրանց մոնիթորինգի և գնահատման աշխատանքների համակարգումը.
2) միջոցառումների իրականացման մասին ընթացիկ հաշվետվությունների մշակման աշխատանքների համակարգումը.
3) միջոցառումների ճշգրտման, վերանայման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգի ներքո ռազմավարական և մարտավարական այլ փաստաթղթերի մշակման ու իրականացման աշխատանքների համակարգումը և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.
4) միջոցառումների իրականացման տարեկան և միջնաժամկետ միջոցառումների ծրագրերի մշակման աշխատանքների համակարգումը.
5) միջոցառումների իրականացման գործընթացում պետական և մասնավոր, միջազգային համագործակցության համակարգումը.
6) միջոցառումների իրականացման նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության կողմից (այսուհետ` աշխատանքային խումբ) կատարվող աշխատանքների ղեկավարումը.
7) կիբեռանվտանգության հայկական խորհրդի ստեղծման համար Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը:
III. ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
4. Խորհուրդն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, ինչպես նաև արտահերթ նիստերի միջոցով` սույն աշխատակարգի 6-րդ կետին համապատասխան:
5. Խորհրդի նիստերը հրավիրում է խորհրդի նախագահը:
6. Խորհուրդն իր արտահերթ նիստերը գումարում է միջոցառումների իրականացման աշխատանքների ընթացքում առաջացած հարցերի ու խնդիրների լուծման համար` խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կամ խորհրդի անդամների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:
7. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի կազմի առնվազն 2/3-ը:
8. Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է:
9. Խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ խորհրդի ընդունած որոշմանը, ներկայացնում է իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը:
10. Խորհրդի նիստի օրակարգը տրամադրվում է խորհրդի անդամներին և սույն աշխատակարգի 14-րդ կետով նախատեսված անձանց` նիստից առնվազն 2 օր առաջ:
11. Հարցի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն պահանջվելու դեպքում հարցի քննարկումը կարող է տեղափոխվել խորհրդի հաջորդ նիստ:
12. Յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի մասին տեղեկատվությամբ:
13. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում են աշխատանքային խմբի ղեկավարը և խորհրդի քարտուղարության ներկայացուցիչը:
14. Խորհրդի աշխատանքներին խորհրդակցական ձայնի իրավունքով մշտապես հրավիրվում են խորհրդին կից գործող` խորհրդատու մարմնի և շահառուների խմբի ներկայացուցիչները:
15. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել հրավիրված պետական պաշտոնյաներ, փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
IV. ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ
16. Խորհրդի նախագահը`
1) վարում է խորհրդի նիստերը.
2) ստորագրում է խորհրդի որոշումները.
3) իր բացակայության դեպքում խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել խորհրդի նիստերը.
4) խորհրդի հաստատմանն է ներկայացնում խորհրդի նիստի օրակարգը.
5) ներկայացնում է խորհուրդը Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ այլ կազմակերպություններում կամ խորհրդի անդամներին հանձնարարում է խնդիրները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությունում կամ միջազգային կազմակերպությունների հետ իրականացնել քննարկումներ:
V. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ
17. Խորհրդի անդամն իր պաշտոնից ազատվելու պահից կորցնում է խորհրդին անդամակցությունը: Նրա փոխարեն խորհրդին անդամակցում է նույն պաշտոնը ստանձնած անձը:
18. Խորհրդի նիստին խորհրդի անդամի մասնակցության անհնարինության դեպքում խորհրդի նիստին մասնակցում է խորհրդի տվյալ անդամի լիազորած ներկայացուցիչը` խորհրդի նախագահի համաձայնությամբ:
VI. ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆԸ
19. Խորհրդի քարտուղարությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական հասարակության ձևավորման և էլեկտրոնային կառավարման վարչությունն է:
20. Խորհրդի քարտուղարությունը`
1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու կազմակերպում նյութերի տրամադրումը խորհրդի անդամներին.
2) ապահովում է խորհրդի նիստի որոշումների նախագծերի կազմումը.
3) հետևում է խորհրդի որոշումների կատարմանը և խորհրդի նիստում զեկուցում դրանց կատարման ընթացքի մասին.
4) վարում է խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.
5) գրանցում է խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.
6) կազմակերպում է խորհրդի որոշումների տրամադրումը խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|