Գլխավոր տեղեկություն
Համար
N 1810-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.07.2010-26.05.2011)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2002.11.29/52(227) Հոդ.1223
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2002
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.03.2019

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

27 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2002 թվականի N 1810-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերն ու 11-րդ հոդվածի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետը, ինչպես նաև ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության համակարգի բարեփոխումների մասին» N 1750-Ն որոշման 2-րդ ու 4-րդ կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

ա) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության կառուցվածքը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 27
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը (այսուհետ՝ տեսչություն) Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կազմում գործող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում, նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ տրանսպորտի բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Տեսչությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Տեսչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:

 

II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Տեսչության նպատակները և խնդիրներն են՝

ա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.10 N 756-Ն)

գ) (ենթակետն ուժը կորցրել է 03.06.10 N 756-Ն)

դ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրումների նկատմամբ վերահսկողության իրականացման միջոցով Հայաստանի Հանրապետության կողմից կնքված միջազգային համաձայնագրերի պահանջների կատարմանը նպաստելը:

(7-րդ կետը փոփ. 03.06.10 N 756-Ն)

 

III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

բ) Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա փոխադրողների կողմից միջազգային հաղորդակցությունում փոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.

գ) ավտոկայարանային ու երթակարգավարական ծառայությունների կողմից փոխադրողների և ուղևորների սպասարկմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, սպասարկման ու ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

դ) Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան` ավտոտրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպմանը մասնակցություն, ուղևորափոխադրումներին ներկայացվող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ե) սահմանված կարգով լիցենզավորված տրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.

զ) տրանսպորտի օբյեկտների ու դրանց պաշտպանական գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի, գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացում.

 է) տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտման համար` օրենքով սահմանված կարգով վարչական տուգանքների կիրառում.

ը) ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացում.

թ) ջրային, էլեկտրատրանսպորտային, մետրոպոլիտենային և երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժ) երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում տեխնիկական վերահսկողության իրականացում.

ժա) երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման ու երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության և հաշվառման աշխատանքների կազմակերպում.

ժբ) երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման ու վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության իրականացում.

ժգ) երկաթուղային տրանսպորտում անվտանգության կանոնների, տեխնիկական նորմերի ապահովման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժդ) Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցներ վարել ուսուցանելու գործունեության իրականացման լիցենզիա ստանալու համար ուսումնական տարածքների` անհրաժեշտ տեխնիկական միջոցներով հագեցվածության մասին հայտատուի կողմից ներկայացվող տեղեկանքի վերաբերյալ եզրակացության տրամադրման ապահովում.

ժե) ապահովել երկաթուղային տրանսպորտում տրանսպորտային պատահարների և երկաթուղային տրանսպորտի շահագործման ու երթևեկության անվտանգության կանոնների խախտման հետ կապված միջադեպերի ծառայողական քննության և մոնիթորինգի, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխատեսման ու վերացման, երկաթուղային տրանսպորտի գործունեության հետ կապված այլ տեխնիկական միջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության իրականացումը.

ժզ) երկաթուղային տրանսպորտի շահագործման և երթևեկության անվտանգության պահանջների պահպանության, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերը հատող ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի, երկաթուղային շարժակազմի ու բեռնարկղերի տեխնիկական վիճակի, ինչպես նաև բեռնատար վագոնների ու բեռնարկղերի բեռնման ու բեռնաթափման աշխատանքների նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժէ) երկաթուղային տրանսպորտի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից և կոնցեսիոն պայմանագրից բխող նորմերի ու կանոնների նկատմամբ վերահսկողության իրականացում.

ժը) տրանսպորտի բնագավառի գործունեությունը կարգավորող գերատեսչական նորմատիվ ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.

ի) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների վերահսկողության իրականացում:

(8-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 21.06.07 N 723-Ն, խմբ. 03.06.10 N 756-Ն)

 

IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որին, մինչև քաղաքացիական պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

 Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

10. Տեսչության պետը պատասխանատու է նախարարության տրանսպորտի բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:

11. Տեսչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

12. Տեսչության պետը՝

ա) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.

բ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) վերահսկողություն է իրականացնում տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև տեսչության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

13. Տեսչության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված՝ փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից՝ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

15. Տեսչությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Իր առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

16. Տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

17. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան 

 


Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 21-ի N 1810-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

- Կենտրոնական վերահսկողության և հաշվառման բաժին

- Տեխնիկական վերահսկողության բաժին

 

II. Տարածքային մարմիններ

 

1. Երևան քաղաքի տարածքային բաժին

2. Արմավիրի մարզի տարածքային բաժին

3. Արարատի մարզի տարածքային բաժին

4. Լոռու մարզի տարածքային բաժին

5. Տավուշի մարզի տարածքային բաժին

6. Շիրակի մարզի տարածքային բաժին

7. Արագածոտնի մարզի տարածքային բաժին

8. Սյունիքի մարզի տարածքային բաժին

9. Վայոց ձորի մարզի տարածքային բաժին

10. Գեղարքունիքի մարզի տարածքային բաժին

11. Կոտայքի մարզի տարածքային բաժին:

 

(Հավելվածը խմբ. 03.08.06 N 1076-Ն, 29.11.07 N 1404-Ն, 26.03.09 N 425-Ն, 03.06.10 N 756-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
     
Մ. Թոփուզյան 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան