ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2010 թվականի N 734-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում (15 թվական)» և «Խաչքարի մոտ» որմնանկարներն ամրացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարական N 1 շենք տեղափոխելու և վերականգնելու ծախսերն իրականացնելու նպատակով «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2010 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
3. «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» փակ բաժնետիրական ընկերության նախկին ճաշարանի շենքում գտնվող «Հանդիպում (15 թվական)» և «Խաչքարի մոտ» որմնանկարները հետ վերցնել և սահմանված կարգով ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
4. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված որմնանկարների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 18 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|