Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներով տարանցման կարգի մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
ղեկավարվելով Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի՝ Պայմանագրի, Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի 1995 թվականի փետրվարի 10-ի՝ որոշմամբ ընդունված Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային օրենսդրությունների հիմունքների դրույթներով, ինչպես նաև ազատ առևտրի գոտու ստեղծման մասին 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Համաձայնագրում ու դրա փոփոխությունների և լրացումների մասին 1999 թվականի ապրիլի 2-ի՝ Արձանագրությունում, մաքսային գործերում համագործակցության ու փոխօգնության մասին 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Համաձայնագրում ամրագրված սկզբունքներով,
հաստատելով իրենց կողմնակցությունը տարանցման ազատության սկզբունքներին,
ցանկանալով աջակցել ապրանքների միջազգային տարանցիկ փոխադրումների պարզեցմանը՝ մաքսային ընթացակարգերի միասնականացման միջոցով,
նկատի ունենալով, որ միջազգային տարանցիկ փոխադրումների պայմանների բարելավումը համագործակցության զարգացման էական գործոններից մեկն է,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագիրը սահմանում է Կողմերի մաքսային տարածքներով ապրանքների և տրանսպորտային միջոցների տարանցման կարգը:
Սույն Համաձայնագրի նպատակների համար օգտագործվում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների 1995 թվականի փետրվարի 10-ի՝ մաքսային օրենսդրությունների հիմունքներով սահմանված տերմինները:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերի տարածքներով տարանցիկ փոխադրվող ապրանքները պետք է մնան անփոփոխ վիճակում, բացի բնական մաշվածության հետևանքով փոփոխություններից, կամ սովորական պայմաններում փոխադրման ու պահպանման ընթացքում կորստից,
չպետք է օգտագործվեն որևէ այլ նպատակներով բացի տարանցումից,
պետք է հասցվեն մաքսային նշանակման մարմին առաքող մաքսային մարմնի կողմից սահմանված ժամկետներում՝ ելնելով ապրանքը փոխադրող տրանսպորտային միջոցի հնարավորություններից, նշանակված երթուղուց և փոխադրման այլ պայմաններից:
Հ ո դ վ ա ծ 3
Կողմերը չեն հարկում մաքսատուրքերով և հարկերով այն տրանսպորտային միջոցները և ապրանքները, որոնք՝
Կողմի մաքսային տարածք են ներմուծվում սույն Համաձայնագրին չմասնակցող պետություններից տարանցիկ, մյուս Կողմերի մաքսային տարածքներով,
Կողմի մաքսային տարածքից արտահանվում են սույն Համաձայնագրին չմասնակցող պետություններ տարանցիկ, մյուս Կողմերի մաքսային տարածքներով,
փոխադրվում են Կողմերի միջև տարանցիկ, մյուս Կողմերի մաքսային տարածքներով:
Նշված ապրանքների ու դրանք փոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ չեն կիրառվում տնտեսական քաղաքականության միջոցները (ապրանքների ներմուծման և արտահանման սահմանափակումներ, որոնք ներառում են քվոտավորում, լիցենզավորում, առավելագույն և նվազագույն գների հաստատում, ինչպես նաև ազգային տնտեսության և համաշխարհային տնտեսության փոխգործողությունը կարգավորող այլ միջոցներ):
Հ ո դ վ ա ծ 4
Կողմերի ազգային օրենսդրությամբ կարող են հաստատվել ապրանքների առանձին տեսակների ցանկերը, որոնց տարանցումն արգելված է, ինչպես նաև ապրանքների առանձին տեսակների ցանկերը, որոնց տարանցման համար պահանջվում է Կողմերի լիազորված մարմինների հատուկ թույլտվությունների ստացում:
Հ ո դ վ ա ծ 5
Ապրանքների և դրանք փոխադրող տրանսպորտային միջոցների՝ մաքսային սահմանը հատելու վայրերը, ինչպես նաև այլ տրանսպորտային միջոցների վրա, այդ թվում խմբաքանակների մասնատմամբ, դրանց վերաբեռնման վայրերը, ազգային օրենսդրությանը համապատասխան որոշվում են այն Կողմի մաքսային մարմնի կողմից, որի տարածքով իրականացվում է տարանցումը:
Կողմերի մաքսային տարածքներով ապրանքների փոխադրումն իրականացվում է ցանկացած երթուղիներով և ուղղություններով, եթե Կողմերի ազգային օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
Վթարի կամ անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման պատճառով տարանցման ընդհատման դեպքում փոխադրողն առաջնորդվում է այն Կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված նորմերով, որի տարածքում տեղի է ունեցել տարանցման ընդհատումը:
Հ ո դ վ ա ծ 6
Կողմերի մաքսային մարմինները փոխադարձաբար ճանաչում են նույնականացման ազգային միջոցները, ինչպես նաև փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների ու դրանք փոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության համար:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագրի իրագործման նպատակով Կողմերը կհանձնարարեն իրենց մաքսային մարմիններին՝ Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
ա) փոխանակել
ապրանքների և դրանք փոխադրող տրանսպորտային միջոցների՝ ազգային սահմաններով անցման վայրերի ցուցակները,
իրենց մաքսային տարածքներով ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված ապրանքների ցուցակները,
նույնականացման միջոցների նմուշները, փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են ապրանքների ու դրանք փոխադրող տրանսպորտային միջոցների նկատմամբ վերահսկողության համար,
այն ապրանքների ցուցակները, որոնք թույլատրվում են արտահանման, ներմուծման ու տարանցման՝ Կողմերի լիազորված մարմինների կողմից տրված ներմուծման, արտահանման և տարանցման թույլտվությունների առկայության դեպքում,
բ) միմյանց տեղեկացնել սույն հոդվածի «ա» ենթակետում նշված փաստաթղթերում կատարված ցանկացած փոփոխության և լրացման մասին՝ նման փոփոխությունների և/կամ լրացումների ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում,
գ) պատրաստել առաջարկություններ ապրանքների մաքսային ձևակերպման և մաքսային ուղեկցման կանոնների միասնականացման մասին՝ ներառելով ապրանքների մաքսային ուղեկցման համար գանձումների չափերի սահմանման սկզբունքները:
Հ ո դ վ ա ծ 8
Տարանցման պետությունում ապրանքների տարանցումն ապահովող միջոցները և ծառայությունները արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին տրամադրվում են այն պայմաններով, որոնք ավելի վատ չեն, քան նրանք, որոնցով նույն միջոցներն ու ծառայությունները տրամադրվում են ազգային արտահանողներին, ներմուծողներին կամ փոխադրողներին:
Կողմի մաքսային տարածքում տարանցման մաքսային ռեժիմը կարգավորող օրենսդրությունը հավասար չափով տարածվում է ինչպես մշտական, այնպես էլ ոչ մշտական բնակիչներ հանդիսացող արտահանողների, ներմուծողների և փոխադրողների վրա:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագրով չկարգավորված և Կողմերի մաքսային տարածքներով ապրանքների ու դրանք փոխադրող տրանսպորտային միջոցների տեղաշարժման հետ կապված հարցերը լուծվում են նրանց ազգային օրենսդրությանը համապատասխան:
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ Կողմերի լիազորված մարմինների միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Հ ո դ վ ա ծ 10
Կողմերի ընդհանուր համաձայնությամբ, սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ ու լրացումներ, որոնք կձևակերպվեն արձանագրություններով և ուժի մեջ կմտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով:
Հ ո դ վ ա ծ 11
Սույն Համաձայնագիրը, բոլոր Կողմերի համաձայնությամբ, բաց է դրա նպատակներն ու սկզբունքները կիսող Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կողմից միանալու համար` այդպիսի միացման մասին համապատասխան փաստաթղթերն ավանդապահին փոխանցելու միջոցով:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից բոլոր անհրաժեշտ՝ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:
Ներպետական ընթացակարգերն ավելի ուշ կատարած Կողմերի համար այն ուժի մեջ է մտնում ավանդապահին համապատասխան փաստաթղթերը հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագիրը կնքվում է 5 տարի ժամկետով՝ սկսած դրա ուժի մեջ մտնելու օրվանից: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրն ինքնաբերաբար կերկարաձգվի յուրաքանչյուր անգամ հաջորդ հնգամյա ժամանակահատվածով, եթե Կողմերն այլ որոշում չեն կայացնում:
Ցանկացած Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից, այդ մասին գրավոր տեղեկացնելով ավանդապահին ոչ ուշ, քան դուրս գալուց վեց ամիս առաջ՝ նախապես կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:
Կատարված է Մինսկ քաղաքում 1999 թվականի հունիսի 4-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի ապրիլի 27-ից: