ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2010 թվականի N 945-Ն
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել որ`
1) Երևան քաղաքում առաջնահերթության կարգով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ են հանդիսանում հանրապետական նշանակության վարչական հետևյալ շենքերը և համալիրները`
ա. Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրը,
բ. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի շենքն իր տարածքով,
գ. Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի շենքն իր տարածքով,
դ. Հանրապետության հրապարակը և այն ձևավորող համակառույցները.
2) Երևան քաղաքում առաջնահերթության կարգով քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են առանձնացվել քաղաքամերձ համայնքների (բնակավայրերի) հետ սահմանակից հատվածներում:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին» N 792-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
1) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը.
2) որոշմամբ հաստատված կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ բաժնով.
«VI. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
15. Երևան քաղաքում քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների առաջադրման և տարածքների առանձնացման առաջարկությունները Երևանի քաղաքապետի կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության համաձայնեցմանը:
16. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունն առաջարկությունն ստանալուց հետո Երևանի քաղաքապետի, անհրաժեշտության դեպքում համապատասխան հարակից համայնքի (համայնքների) տեղական ինքնակառավարման մարմնի և տարածքային կառավարման մարմնի հետ քննարկելուց հետո, առաջարկություններն իր եզրակացությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն:
17. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքների առանձնացման առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:
18. Սույն կարգով առանձնացված, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում Երևանի քաղաքապետը քաղաքաշինության բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներն իրականացնում է սույն կարգի 10-րդ կետի 3-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «զ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|