Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.06.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.28/46(780).1 Հոդ.1084.61
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ3/0374/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ3/0374/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Սողոմոնյանի

 

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

2010 թվականի հունիսի 25-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ռադիկ Բազիկյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 01.02.2010 թվականի վճռի դեմ` ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) հայցի ընդդեմ Ռադիկ Բազիկյանի` 80.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ռադիկ Բազիկյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կոմիտեի` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

 ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կոմիտեն պահանջել է արձակել Ռադիկ Բազիկյանից 80.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ` Դատարան) 23.10.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն:

Հակընդդեմ հայցով դիմելով Դատարան` Ռադիկ Բազիկյանը պահանջել է անվավեր ճանաչել «Կոմիտեի նախագահի 10.09.2009 թվականի թիվ 0018 որոշումը»:

Դատարանը 23.11.2009 թվականի որոշմամբ վճարման կարգադրության վարույթից անցում է կատարել հայցային վարույթի:

Դատարանի 01.02.2010 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռադիկ Բազիկյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ, 267-րդ, 275-րդ, 279-րդ, 281-րդ, 285-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ, 6-րդ, 8-րդ հոդվածները, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 1-ին մասը, 24-րդ հոդվածը, 26-րդ հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Դատարանն անտեսել է, որ սույն գործում առկա փաստաթղթերով և դատավարության ընթացքում վկաների տված ցուցմունքներով չի ապացուցվել այն փաստը, որ Ռադիկ Բազիկյանը կատարել է ինքնակամ ջրօգտագործում, որի համար ենթակա է վարչական պատասխանատվության:

Դատարանն անտեսել է նաև, որ «Վեդի» ջրօգտագործողների ընկերության աշխատակիցները 08.08.2009 թվականին ըստ էության իրականացրել են ստուգում: Մինչդեռ ստուգում իրականացնելու հանձնարարագիր առկա չէր և հասկանալի չէ, թե ակտ կազմողները ստուգում իրականացնելու որևէ իրավասություն ունեցել են, թե` ոչ: Չի կազմվել նաև ստուգման ակտ, ինչպես նաև Ռադիկ Բազիկյանը ստուգման գործընթացին չի ներգրավվել: Ուստի և ստուգման ամբողջ գործընթացը, ինչպես նաև իրականացված վարչարարությունը չեն կարող որևէ իրավական հետևանք առաջացնել: Վարչական վարույթ հարուցելու համար հիմք է հանդիսացել 08.08.2009 թվականի «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների խախտման մասին» թիվ 12 ակտը, որը զուրկ է որևէ իրավական հիմքից և չի կարող ունենալ որևէ ապացուցողական ուժ:

Դատարանը չի պարզել, թե վարչական մարմինը պահպանել է արդյոք Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ, 267-րդ, 275-րդ, 279-րդ և 281-րդ հոդվածների պահանջները, որոնցով պետք է ղեկավարվեր վարչարարություն իրականացնելիս: Մինչդեռ վարչական իրավախախտման վերաբերյալ ըստ էության որևէ գործ չի քննվել, որն ապացուցվում է թեկուզ այն հանգամանքով, որ ինչպես արձանագրությունը, այնպես էլ որոշումը գրված են նույն անձի կողմից, իսկ որոշման տեքստն արտագրվել է արձանագրությունից:

Դատարանը սույն գործի շրջանակում պետք է կիրառեր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, քանի որ դատաքննության ընթացքում Ռադիկ Բազիկյանը հերքել է ինքնակամ ոռոգում կատարելու փաստը, իսկ Կոմիտեի աշխատակիցների տված ցուցմունքներով հակառակը չի հաստատվել: Հետևաբար Ռադիկ Բազիկյանի վկայակոչած փաստերը պետք է համարվեին հավաստի:

Դատարանը սույն գործով վարույթ է ընդունել վճարման կարգադրության դեմ ներկայացված հակընդդեմ հայցը, դրանք միացրել է մեկ վարույթում, գործը նշանակել է դատաքննության, որի ընթացքում պարզել է գործի հանգամանքները և լսել կողմերի բացատրությունները: Ուստի այն պայմաններում, երբ ըստ էության բոլորի համար պարզ էր, որ հակընդդեմ հայցով վիճարկվել է հայցի համար հիմք հանդիսացած վարչական ակտը, Դատարանը, չանդրադառնալով վարչական ակտի իրավաչափության հարցի քննարկմանը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ, 22-րդ և 24-րդ հոդվածները:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 01.02.2010 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել, իսկ հակընդդեմ հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) «Վեդի» ջրօգտագործողների ընկերության ներկայացուցչի 08.08.2009 թվականի «Ոռոգման ջրի մատակարարման և օգտագործման կանոնների խախտման մասին» թիվ 12 ակտի համաձայն` ջրօգտագործող Ռադիկ Բազիկյանն առանց համապատասխան թույլտվության ինքնակամ ոռոգել է իր 0.6հա մակերեսով խաղողի այգին (գ.թ. 11):

2) Կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ-տեսուչի 03.09.2009 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ» թիվ 0038 արձանագրության համաձայն` Ռադիկ Բազիկյանը Վեդի գետից սնվող ջրատարից իրականացրել է ինքնակամ ոռոգում` առանց «ջրբաշխին» և «մելորատորին» տեղեկացնելու (գ.թ. 8):

3) Կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի 10.09.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 0018 որոշմամբ Ռադիկ Բազիկյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը խախտելու համար ենթարկվել է 80.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ.թ. 5):

4) Դիմելով ՀՀ վարչական դատարան` Կոմիտեն պահանջել է արձակել Ռադիկ Բազիկյանից 80.000 ՀՀ դրամ բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն` պահանջի հիմքում դնելով Կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի 10.09.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 0018 որոշումը (գ.թ. 2-3):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձևավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ վարչական դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը և միայն այդ պահանջի պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Սույն գործով Դատարանը հայցը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ռադիկ Բազիկյանը հակընդդեմ հայցով վիճարկում է սույն գործում բացակայող, հայցի և հակընդդեմ հայցի հիմքում չընկած վարչական ակտ, քանի որ հակընդդեմ հայցապահանջը վերաբերում է Կոմիտեի նախագահի 10.09.2009 թվականի թիվ 0018 որոշումն անվավեր ճանաչելուն: Մինչդեռ հայցապահանջի հիմքում ընկած է Կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի 10.09.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 0018 որոշումը, այլ ոչ թե Կոմիտեի նախագահի 10.09.2009 թվականի թիվ 0018 որոշումը: Նշվածի արդյունքում Դատարանը եզրակացրել է, որ սույն գործով հակընդդեմ հայցի առարկան չի ընդգրկում Կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի 10.09.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 0018 որոշման իրավաչափության հարցի քննարկումը և ըստ էության լուծումը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման և գնահատման չի ենթարկել հակընդդեմ հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հայցապահանջի վերաբերյալ Ռադիկ Բազիկյանի տված բացատրություններն իրենց ամբողջության մեջ, որոնցով միանշանակ հաստատվում է, որ Ռադիկ Բազիկյանն ըստ էության վիճարկել է ոչ թե Կոմիտեի նախագահի 10.09.2009 թվականի թիվ 0018 որոշումը, այլ Կոմիտեի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր պետական տեսուչի տեղակալի 10.09.2009 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ 0018 որոշումը: Այսինքն` սույն գործով հակընդդեմ հայցի առարկան ընդգրկում է հայցի հիմքում ընկած վարչական ակտի իրավաչափության վիճարկումը:

Հետևաբար Դատարանը, անտեսելով հակընդդեմ հայցապահանջը բովանդակային առումով բացահայտող նշված ապացույցները և հիմնվելով միայն հակընդդեմ հայցադիմումի վերջնամասում տեղ գտած հակընդդեմ հայցապահանջի ձևակերպման վրա, որով Ռադիկ Բազիկյանը պահանջել է անվավեր ճանաչել «Կոմիտեի նախագահի 10.09.2009 թվականի թիվ 0018 որոշումը», անմիջականորեն չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները:

Այսինքն` Դատարանը սույն գործով հակընդդեմ հայցի առարկան ըստ էության չի քննել և չի լուծել: Հետևաբար հակընդդեմ հայցի առարկան կազմող նշված վարչական ակտի իրավաչափության ստուգումն ապահովելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի մյուս փաստարկներին չի անդրադառնում, քանի որ հակընդդեմ հայցը չքննելու պատճառով դրանք Դատարանի կողմից քննության առարկա չեն դարձվել:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

 ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 01.02.2010 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Պետական տուրքի լուծման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան