Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Կառավարությունը և Քուվեյթի Պետության Կառավարությունը, այսուհետ` Կողմեր,
ցանկանալով հաստատել ավելի սերտ համագործակցություն զբոսաշրջության բնագավառում և կարևորելով զբոսաշրջությունը որպես երկու Կողմերի պատմությունը, մշակութային ժառանգությունը, ժողովուրդների կենցաղն ու ապրելակերպը ճանաչելու գործուն միջոց և որպես ժողովուրդների միջև բարի կամքի դրսևորման եղանակ,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
Կողմերը համաձայնում են համագործակցել զբոսաշրջության բնագավառում` սույն Համաձայնագրին և իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան:
Կողմերի միջև սույն Համաձայնագրով նախատեսվող համագործակցությունն իրականացվում է, մասնավորապես, հետևյալ ուղղություններով.
- աջակցություն երկու երկրներում տնտեսավարող սուբյեկտների միջև համագործակցության հաստատմանն ու զարգացմանը,
- աջակցություն հասարակական և շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների միջև զբոսաշրջության բնագավառում հարաբերությունների հաստատմանը,
- երիտասարդության մասնակցություն երկու երկրների զբոսաշրջության զարգացման գործընթացին, ներառյալ երիտասարդների փոխայցելությունները,
- աջակցություն զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավմանը,
- զբոսաշրջության բնագավառի տեղեկատվության փոխանակում,
- զբոսաշրջության պետական կարգավորման բնագավառում փորձի փոխանակում,
- երկու երկրների զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպում:
Հոդված 2
Կողմերն իրենց պետական լիազորված մարմինների միջոցով աջակցում են զբոսաշրջության բնագավառում ներդրողների, տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառի հասարակական և շահույթ չհետապնդող այլ կազմակերպությունների միջև համագործակցության հաստատմանը և զարգացմանը:
Հոդված 3
Կողմերը համագործակցում են երկու երկրներում զբոսաշրջային ռեսուրսների ուսումնասիրության և գնահատման, զբոսաշրջային վայրերի կառավարման, հյուրանոցային շինարարության, ոլորտի շուկայագիտության և այլ բնագավառներում: Կողմերը, իրենց օրենսդրությանը համապատասխան, նպաստում են վերը նշված բնագավառներում աշխատանքների իրականացմանը:
Հոդված 4
Կողմերը, իրենց երկրների օրենսդրությանը համապատասխան, ձգտում են դյուրացնել երկու երկրների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերը:
Հոդված 5
Կողմերը փոխանակում են մասնագիտական խմբեր, որոնք կմասնակցեն մարզական, երաժշտական, թատերական միջոցառումներին և ազգային փառատոներին, զբոսաշրջության ոլորտին վերաբերող ցուցահանդեսներին, գիտաժողովներին և խորհրդաժողովներին:
Հոդված 6
Կողմերն օժանդակում են միմյանց զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և խրախուսում են զբոսաշրջության բնագավառում մասնագետների, փորձագետների և լրագրողների փոխանակումը:
Հոդված 7
Կողմերը ակտիվացնում են համագործակցությունը զբոսաշրջության բնագավառի միջազգային կազմակերպություններին անդամակցության շրջանակներում:
Հոդված 8
Կողմերը հանձնարարում են զբոսաշրջության ոլորտը կառավարող իրենց համապատասխան պետական մարմիններին կիրարկել սույն Համաձայնագիրը:
Հոդված 9
Անհրաժեշտության դեպքում սույն Համաձայնագրի կիրարկմանն առնչվող հարցերը կարգավորելու նպատակով Կողմերը ստեղծում են համատեղ հանձնաժողով` բաղկացած իրենց հավասար թվով լիազորված ներկայացուցիչներից: Հանձնաժողովի նիստերը, ըստ անհրաժեշտության, գումարվում են Երևանում և Քուվեյթում: Համատեղ հանձնաժողովը գործում է իր հաստատած աշխատակարգին համապատասխան:
Հոդված 10
Սույն Համաձայնագրի դրույթների կիրարկման կամ մեկնաբանման ընթացքում ծագած տարաձայնությունները Կողմերը կարգավորում են դիվանագիտական ուղիներով:
Հոդված 11
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և ուժի մեջ մտնում սույն Համաձայնագրի 11-րդ հոդվածով նախատեսված կարգով և հանդիսանում են դրա անբաժանելի մասը:
Հոդված 12
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին ծանուցումը դիվանագիտական ուղիներով Կողմերի ստանալու օրվանից:
Պայմանավորվող կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ. փոփոխություններն ուժի մեջ են մտնում նախորդ պարբերությունում նշված ընթացակարգով:
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում հինգ տարի ժամկետով և ինքնաբերաբար երկարաձգվում է նույն ժամկետներով, եթե Պայմանավորվող կողմերից մեկը գրավոր չի ծանուցում մյուս Կողմին սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին նախնական կամ ցանկացած երկարաձգված ժամանակահատվածի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում:
Կատարված է Քուվեյթ քաղաքում, 2009 թվականի նոյեմբերի 3-ին, որը համապատասխանում է 1430 թվականի ալ-քադահի 15-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, արաբերեն և անգլերեն, բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի մեկնաբանման ժամանակ առաջացած տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2012 թ. հոկտեմբերի 10-ին
