Գլխավոր տեղեկություն
Համար
N 670-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.09.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.09.01/42(776) Հոդ.973
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.08.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 օգոստոսի 2010 թվականի N 670-Ն

 

 ՄԱՐԱԼԻԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՕԹԵՎԱՆ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ՝ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Ստեղծել Մարալիկում սոցիալական բնակարանների համալիրի կազմակերպման և կառավարման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել՝

1) Մարալիկում սոցիալական բնակարանների համալիրի կազմակերպման և կառավարման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետությունում անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող այլ սոցիալական խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հայեցակարգի կիրարկումն ապահովող՝ 2010-2013 թվականներին իրականացվելիք միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն N 3 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. օգոստոսի 24

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2010 թվականի

օգոստոսի 24-ի N 670-Ն որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԱՐԱԼԻԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Ա. Գրիգորյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Ջ. Բաղդասարյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Հ. Գալստյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության պետ

 

Ե. Աթայան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային ապահովման, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ քաղաքականության վարչության պետ

 

Հ. Արշակյան

- ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ

 

Ա. Գևորգյան

- ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի գյուղական համայնքի ղեկավար (համաձայնությամբ)

 

Ա. Նազինյան

- Սոցիալական բնակարանային հիմնադրամի նախագահ (համաձայնությամբ)

 

Ա. Մինասյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ

 

Ա. Կեսոյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2010 թվականի

օգոստոսի 24-ի N 670-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՐԱԼԻԿՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Մարալիկում սոցիալական բնակարանների համալիրի կազմակերպման և կառավարման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գործունեության կարգը:

2. Հանձնաժողովը խորհրդակցական մարմին է:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան:

4. Հանձնաժողովն ունի 9 անդամ:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

5. Հանձնաժողովի խնդիրը Մարալիկում սոցիալական բնակարանների համալիրի (այսուհետ` սոցիալական տուն) կազմակերպման և կառավարման գործընթացի արդյունավետ կազմակերպումն ու համակարգումն է:

6. Հանձնաժողովը`

1) քննարկում և հավանություն է տալիս՝

ա. Մարալիկի սոցիալական տանը բնակվելու ցանկություն հայտնած անձանց հաշվառման կարգին և ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատմանը,

բ. բնակարանային կարիքավորության չափանիշներին` միայնակ տարեցների և սատարող ընտանիքների համար սահմանում է առաջնահերթությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատմանը,

գ. սոցիալական տանը բնակվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատմանը,

դ. սոցիալական տան բնակչի և սատարող ընտանիքի հետ կնքվելիք պայմանագրի օրինակելի ձևերին և ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատմանը,

ե. յուրաքանչյուր շենքում պարտադիր չափաքանակներին` ըստ կարգավիճակների (միայնակ տարեց, երիտասարդ ընտանիք) և ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հաստատմանը.

2) գնահատում է Մարալիկի սոցիալական համալիրի շենքերի պահպանման ծախսերի կատարման մասով համայնքի կարողությունները և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

3) քննարկում է սոցիալական բնակարանների համալիրի որոշակի քանակի բնակարաններ վարձակալությամբ տալու հնարավորության հարցը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում է առաջարկություններ վարձակալությամբ տրվող բնակարանների քանակի, դրանց վարձակալների կարգավիճակների ու վարձավճարների չափերի վերաբերյալ:

7. Հանձնաժողովն ընդունում է որոշումներ և դրանք տրամադրում շահագրգիռ կողմերին:

8. Հանձնաժողովը համագործակցում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 7-ի N 401-Ն որոշմամբ ստեղծված` բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդի հետ և անհրաժեշտության դեպքում կազմակերպում համատեղ քննարկումներ:

9. Հանձնաժողովը սոցիալական տան կառավարման հարցերով համագործակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ (համաձայնությամբ):

10. Հանձնաժողովն իրականացնում է նաև սոցիալական տան կազմակերպման և կառավարման գործընթացին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

11. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք հրավիրվում են յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անգամ, ինչպես նաև` ըստ անհրաժեշտության:

12. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների պարզ մեծամասնությունը:

13. Հանձնաժողովի նիստերն ու դրանցում ընդունված որոշումներն արձանագրվում են:

14. Հանձնաժողովի նիստերը վարում է հանձնաժողովի նախագահը, իսկ նախագահի բացակայության դեպքում` հանձնաժողովի նախագահի տեղակալը:

15. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը որոշիչ է: Հանձնաժողովի որոշումներն ստորագրում է հանձնաժողովի նախագահը:

16. Հանձնաժողովի նիստերին առանձին դեպքերում կարող են հրավիրվել շահագրգիռ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ (համաձայնությամբ):

17. Հանձնաժողովը սոցիալական տան բնակիչների և սատարող ընտանիքի փաստաթղթերի հաշվառման, ընտրության և գնահատման աշխատանքները, ինչպես նաև հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ընթացիկ աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծում է մասնագիտական աշխատանքային խումբ, որն ապահովում է հանձնաժողովի գործավարությունը, նախապատրաստում հանձնաժողովի նիստերում քննարկվող հարցերը և ներկայացնում առաջարկություններ:

18. Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի և Մարալիկի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

19. Աշխատանքային խումբը հաշվետու է հանձնաժողովին:

20. Հանձնաժողովն իր գործունեության մասին զանգվածային լրատվության միջոցներով պարբերաբար իրազեկում է հասարակայնությանը:

21. Հանձնաժողովի նախագահն ապահովում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը և ներկայացնում հանձնաժողովը պետական կամ այլ մարմիններում:

22. Հանձնաժողովը յուրաքանչյուր տարվա մինչև մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության վարչապետին է ներկայացնում տեղեկատվություն նախորդ տարվա գործունեության մասին:

 

IV. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

23. Հանձնաժողովի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2010 թվականի

օգոստոսի 24-ի N 670-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր - Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՕԹԵՎԱՆ ՄԻԱՅՆԱԿ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ՝ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Աշխատանքի բովանդակությունը

Պատասխանատու կատարողը

ժամկետը

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

1.

Անօթևան միայնակ տարեցների շրջանում բնակարանային պայմանների կարիքավորության մասին իրավիճակային վերլուծություն, կարիքների ուսումնասիրություն և գնահատում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

2.

Սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման հարցերով քննարկման կազմակերպում՝ միջազգային դոնոր կազմակերպությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման, ինչպես նաև շահագրգիռ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

Հանձնաժողովի գործունեության կարգին համապատասխան՝ անհրաժեշտ փաստաթղթերի ու ձևերի մշակում և հաստատում (քաղաքացիների հաշվառման կարգ, բնակարանային կարիքավորության չափանիշներ և այլն)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
սեպտեմբեր-հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

Մարալիկի սոցիալական համալիրի շենքերի պահպանման ծախսերի կատարման մասով համայնքի կարողությունների գնահատում և, անհրաժեշտության դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
սեպտեմբեր-հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

5.

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թ. հունիսի 7-ի N 401-Ն որոշմամբ ստեղծված` բնակարանային ծրագրերի իրականացման աշխատանքների համակարգման խորհրդում սույն միջոցառումների ծրագրի իրականացման հարցերի վերաբերյալ քննարկման կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
սեպտեմբեր-հոկտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

6.

Համալիրի գազիֆիկացման, ջեռուցման և տաք ջրամատակարարման տարբերակի ընտրություն և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2010 թ.
հոկտեմբեր

Ֆինանսավորման
հարցը քննարկել ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացվող շինվերանորոգման աշխատանքների մրցույթների արդյունքներում առաջացած հնարավոր տնտեսումների շրջանակներում
(6.0 մլն դրամ):

6.1.

 Համալիրի գազիֆիկացման և ջեռուցման համակարգի շինարարական աշխատանքների իրականացում, անհրաժեշտ սարքավորումների տեղադրում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2011-2013 թթ.` ըստ փուլերի` շենքերը շահագործման հանձնելու ժամկետներին համապատասխան

ըստ նախագծի` ֆինանսավորման առկայության դեպքում

7.

Համալիրի տարածքի բարեկարգման և կանաչապատման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2010 թ.
հոկտեմբեր

Ֆինանսավորման
հարցը քննարկել ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրատվությամբ իրականացվող շինվերանորոգման աշխատանքների մրցույթների արդյունքներում առաջացած հնարավոր տնտեսումների շրջանակներում
(2.5 մլն դրամ):

8.

Համալիրի տարածքի բարեկարգման և կանաչապատման աշխատանքների իրականացում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2011-2013 թթ.
ըստ փուլերի` շենքերը շահագործման հանձնելու ժամկետներին համապատասխան

ըստ նախագծի` ֆինանսավորման առկայության դեպքում

9.

Շենքի բնակարանների կահավորում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
սեպտեմբեր-հոկտեմբեր

դոնոր կազմակերպություն

10.

Սոցիալական տանը բնակվելու նախնական ցանկություն հայտնած քաղաքացիների ցուցակների ճշգրտում, նրանց դիմումների վերջնական հաշվառում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

11.

Անօթևան երիտասարդ ընտանիքների հաշվառում, որոնք ցանկություն ունեն բնակվելու սոցիալական տանը՝ որպես սատարող ընտանիքներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

12.

Ընտրված սատարող ընտանիքների հետ ուսուցողական սեմինարի անցկացում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
սեպտեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

13.

Սոցիալական տան բնակեցում, բնակիչների և սատարող ընտանիքի հետ պայմանագրերի կնքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
հոկտեմբեր-նոյեմբեր

Ֆինանսավորում չի պահանջվում:

14.

Շարունակական վերահսկում և մոնիթորինգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

մշտապես

 

15.

Սոցիալական տան տարածքում բուժկետի կազմակերպում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2010 թ.
հոկտեմբեր

դոնոր կազմակերպություն

16.

Համալիրի 8 շենքի շինարարություն և շահագործման հանձնում

ՀՀ քաղաքաշինության նախարարություն

2010 թ.՝
1 շենք`
15 բնակարան
2011 թ.՝
1 շենք`
24 բնակարան
2012-2013 թթ.՝
6 շենք` 121 բնակարան

ՀՀ 2010 թ. պետական բյուջե`

140.0 մլն դրամ

2011-13 թթ. ՄԺԾ ծրագրի համաձայն`

2011 թ.` 140,0 մլն դրամ

2012 թ.՝ 352.6 մլն դրամ

2013 թ.` 400,0 մլն դրամ

17.

Սոցիալական բնակարանների համալիրի (թաղամասի) ձևավորում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

2011-2013 թթ.

 

18.

Սոցիալական թաղամասում սոցիալական սպասարկման կենտրոնի ստեղծում՝ երեք հաստիքային աշխատողով` կառավարիչ, սոցիալական աշխատող, բուժքույր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
 
Մարալիկի քաղաքապետարան
(համաձայնությամբ)

2011-2012 թթ.

դոնոր կազմակերպություն

19.

ՀՀ վարչապետին իրականացված աշխատանքների մասին տեղեկատվություն ներկայացնելը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

յուրաքանչյուր տարվա մինչև
մարտի 1-ը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան