Գլխավոր տեղեկություն
Համար
N 666-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.670
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 666-Ն

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2010 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2010 թվականի ծրագրի միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 7
Երևան

 
 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 20-ի N 666-Ն որոշման

 

2 0 1 0  Թ Վ Ա Կ Ա Ն Ի  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2010 թվականի ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ընդհանուր նկարագիրը

 

Վերջին տասնամյակում տեղեկատվական տեխնոլոգիաների (այսուհետ` ՏՏ) արդյունաբերության զարգացումն ու տեղեկատվական հասարակության կայացումը կարևորագույն խթան են հանդիսացել աշխարհի բոլոր զարգացած երկրների տնտեսության մրցունակության և արտադրողականության բարձրացման, կառավարման, ինովացիոն և գիտակրթական համակարգերի, ինչպես նաև համապատասխան ենթակառուցվածքների զարգացման համար, և այն ճանաչվել է գերակա ուղղություն` որպես գիտելիքահենք տնտեսության կառուցման հիմնաքար։

ՀՀ կառավարությունը, կարևորելով ՏՏ-ի արդյունաբերության զարգացումը ոչ միայն որպես առանձին ոլորտ, այլ նաև որպես Հայաստանի տնտեսության ընդհանուր առաջընթացի, արտադրողականության բարձրացման և համաշխարհային տնտեսության մեջ մրցունակությունն ապահովելու հիմնական գործոն, հատուկ շեշտադրել է Հայաստանում ՏՏ-ի ոլորտի արդյունավետության շարունակական աճի ապահովումը, տնտեսության այլ բնագավառներում ոլորտի արտադրանքի և ծառայությունների կիրառումն ու երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումը։

Դեռևս 2000 թ. դեկտեմբերի 28-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը ճանաչվեց ՀՀ տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը։ Այնուհետև` 2001 թ-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ ՀՀ ինֆորմացիոն (տեղեկատվական) տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման հայեցակարգը, իսկ 2008 թ-ին Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգը։ ՀՀ Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի ՆՀ-896 հրամանագրով ստեղծվեց Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը, որի նախագահը ՀՀ վարչապետն է։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը (ՏՏԶԱԽ), հանդիսանալով կապող օղակ կառավարության և ՏՏ-ի բիզնեսի, կրթական հաստատությունների, ՏՏ-ի հասարակական կազմակերպությունների, դոնոր և միջազգային կազմակերպությունների միջև, կազմակերպում և անցկացնում է տեղեկատվական հասարակության կայացմանը և ՏՏ-ի արդյունաբերության խնդիրների լուծմանը նպաստող քննարկումներ։

Հայաստանի Հանրապետության ՏՏ-ի ոլորտը միջազգային չափանիշներին հասցնելու համար նախապայմաններ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարության 2001 թ. նոյեմբերի 27-ի N 1165 որոշմամբ` Համաշխարհային բանկի հետ կնքված վարկային պայմանագրի շրջանակներում հիմնվեց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը:

Կնքվել են համագործակցության մի շարք պայմանագրեր և փոխըմբռնման հուշագրեր ինչպես այլ պետությունների` Հնդկաստանի Հանրապետության, Եգիպտոսի Արաբական Հանրապետության և այլն, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են Մայքրոսոֆթը, Ալկատելը, Հյուլեթ Փակարդը, Սան Մայքրոսիսթեմսը, Նեյշնլ Ինսթրումենթսը, Մենթոր Գրաֆիքսը և այլն։

Ավանդական են դարձել ամենամյա «Դիջիթեք» տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների մասնագիտացված միջազգային ցուցահանդեսի և «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրի ներքո անցկացվող բազմաթիվ միջոցառումների, ինչպես նաև «Արմթեք» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների միջազգային համաժողովի կազմակերպումը։

2009 թ. հայաստանյան ոլորտի ընդհանուր հասույթը կազմել է շուրջ 129.9 մլն ԱՄՆ-ի դոլար:

Ներկայումս Հայաստանում գործում են մոտ 196 ՏՏ-ի ընկերություններ, որոնցից 74-ը` օտարերկրյա (կազմելով ՏՏ-ի արտադրանքի շուկայի մոտ 38%-ը)։ Վերջին տասնամյակում հայաստանյան ՏՏ-ի շուկա են ներգրավվել բազմաթիվ օտարերկրյա ներդրողներ։

ՏՏ-ի ոլորտի ընկերությունների շուրջ 55%-ի արտադրանքն ու ծառայություններն ունեն արտահանման ուղղվածություն` ավելի քան 20 երկրներ։ 2009 թ. ոլորտի արտահանման ծավալները կազմել են շուրջ 71.5 մլն ԱՄՆ-ի դոլար։ Արտահանման ծավալների շուրջ 49%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 24%-ը` Եվրամիության երկրներին, 16%-ը` Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին։

2009 թ. դրությամբ ՏՏ-ի ոլորտում ներգրավված է մոտավորապես 5200 մասնագետ։

Այնուամենայնիվ, հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներկայիս իրավիճակը բնութագրվում է որպես հիմնականում մասնակի նվաճումների ամբողջություն, որի արդյունքները միջազգային շուկայի մասշտաբներով էական չեն կարող համարվել։

Վերջին տարիների ընթացքում Հայաստանը ձգտում է դառնալ առաջատար երկիր ընտրված թիրախային ՏՏ-ի շուկաներում, ինչպես նաև ունենալ զարգացած և առաջադեմ տեղեկատվական հասարակություն ու գիտելիքների վրա հիմնված տնտեսություն։ Այս նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է արտապատվիրվող ցածր արժեք ունեցող ՏՏ-ի ծառայություններ մատուցող երկրից դառնա բարձր արժեքով առաջատար ՏՏ-ի արտադրանք և ծառայություններ տրամադրող երկիր։

ՀՀ կառավարությունը հետևողականորեն և աստիճանական կերպով շարունակում է աջակցել ոլորտի հետագա զարգացմանը։

2009 թ-ին ՀՀ պետական բյուջեով հատկացվել էր 170 մլն դրամ` որպես պետական աջակցություն` ուղղված ՏՏ-ի ոլորտի զարգացմանը։ Նշված ծրագրի շրջանակում կատարվել են հետևյալ միջոցառումները`

1. «ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ոլորտի ներկա իրավիճակի վերլուծություն, ոլորտի ցուցանիշների և կազմակերպությունների վերաբերյալ ուղեցույցի պատրաստում» միջոցառման շրջանակում իրականացվել է ՏՏ-ի ոլորտի կազմակերպությունների վիճակագրական տվյալների հավաքագրման պիլոտային ծրագրի մեկնարկ: Իրավաբանական անձանցից որոշակի տվյալների հավաքագրում և դրանց հիման վրա բազմաբնույթ վերլուծություններ իրականացնելու, ինչպես նաև կազմակերպություններին աջակցելու համար ստեղծվել է «ICT STAT» վիճակագրական համակարգը, որը հնարավորություն է տալիս, օգտագործելով վեբ տեխնոլոգիաները, անհրաժեշտ տեղեկատվությունը կուտակել էլեկտրոնային տարբերակով: Միջոցառման շրջանակում նաև իրականացվել են ոլորտի հետազոտություն և վերլուծություն, կատարվել են ՏՏ-ի ոլորտի ցուցանիշների թարմացման աշխատանքները: Մասնավորապես, մշակվել է համապատասխան հարցաթերթիկը, ձևավորվել է հարցազրուցավարների թիմ, իրականացվել է հարցազրուցավարների վերապատրաստումը: ՏՏ-ի ընկերությունների հետ իրականացվել են հարցազրույցներ, որոնց արդյունքում ստացվել են պատասխաններ 70 ընկերություններից: Իրականացվել են ստացված արդյունքների մշակում և ամփոփում, որի հիման վրա հաշվարկվել են ոլորտի հիմնական ցուցանիշները և պատրաստվել են համապատասխան աղյուսակներ և գրաֆիկներ: Արդյունքում պատրաստվել է 2009 թ-ի ոլորտի հետազոտության տեքստն անգլերեն և հայերեն տարբերակներով: Իրականացվել է նաև ՏՏ-ի ընկերությունների տվյալների հստակեցում` ՏՏ-ի ընկերությունների ուղեցույցի թարմացման նպատակով: Պատրաստվել է ՏՏ-ի ընկերությունների ուղեցույցի առցանց տարբերակ: Համաձայն կատարված հետազոտության` 2009 թ-ի ընթացքում ոլորտում գրանցվել է 17% աճ: Այս միջոցառման իրականացման համար պետական բյուջեից նախատեսվել էր 10000 հազ. դրամ ֆինանսավորում, որից կատարվել է մոտավորապես 7213,9 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք և 2786,1 հազ. դրամի տնտեսում։

2. «Արտերկրում կազմակերպվող ցուցահանդեսների, համաժողովների համաֆինանսավորում» միջոցառման շրջանակում CeBIT 2009 (Գերմանիա) ցուցահանդեսին ներկայացվել է հայաստանյան ՏՏ-ի ոլորտը, և ապահովվել է հայկական պատվիրակության մասնակցությունը։ 2009 թ. մարտի 3-9-ը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվել է CeBIT 2009-ը, որին Հայաստանից մասնակցել են հինգ կազմակերպություններ` Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` ի դեմս իր դուստր կազմակերպության` «Յու Այ Թի Ի Էքսպո» ՍՊԸ` որպես Հայաստանի տաղավարի կազմակերպիչ, ինչպես նաև ներկայացնելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտի հետևյալ ընկերություններին` «Դիվելըփ Ուէյե», «Սմարթ Սիսթեմս», «Մակադամյան», «Սորսիո»: Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 8000 հազ. դրամ, իսկ փաստացի կատարված ծախսերը կազմել են 4170 հազ. դրամ։

Նույն միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև «ԱրմԹեք 2009» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովն ԱՄՆ-ում, որտեղ ապահովվել են հայաստանյան ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և հայկական պատվիրակության մասնակցությունը։ Համաժողովի ընթացքում կայացել են գործնական հանդիպումներ, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Մասնավորապես, ամերիկյան «Ինթել» ընկերությունում ունեցած հանդիպման արդյունքների հիման վրա ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայումս «Intel» ընկերության հետ վարվում են բանակցություններ` «Համակարգիչ բոլորի համար» ծրագրում Ինթելի մասնակցության, ՎայՄաքս տեխնոլոգիաների օգտագործմամբ փորձնական ծրագրի իրականացման, դպրոցների համակարգչային ապահովման, ուսուցիչների վերապատրաստման, համատեղ հետազոտական կենտրոնի հիմնման վերաբերյալ: Ներկայումս քննարկվում են համագործակցության ուղղություններն ու ժամանակացույցը` համագործակցության հուշագիր ստորագրելու նպատակով: Նաև բանակցություններ են տարվել «Սիսկո» ընկերության հետ: Մասնավորապես, ընկերության հետ քննարկվել է համագործակցության հնարավորությունները հետևյալ ոլորտներում` Հայաստանում լայնաշերտ ցանցի ստեղծման համար պետական-մասնավոր հատվածի մոդելի ձևավորման գործընթացում Սիսկոյի կողմից տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցը, բիզնես մոդելների և Գյումրու տեխնոքաղաքի արդիականացմանն ուղղված տեխնիկական նախագծերի մշակմանը մասնակցություն, համատեղ կրթական և ուսուցողական ծրագրերի մշակում, հատուկ նախագծերով 4 CISCO ուսումնական լաբորատորիաների հիմնում (ներառյալ` սարքավորումները, դասընթացները, 3 Երևանում, 1-ը` Գյումրիում), Հայաստանում Սիսկոյի ներկայացուցչական գրասենյակի հիմնում, համատեղ կրթական և ուսուցողական նախագծերի մշակում և իրականացում, այլ նախագծերի մշակում և իրականացում: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել «Սիսկո» ընկերության հետ նախապատրաստել և ստորագրել փոխհամաձայնության հուշագիր, որում կամրագրվեն համագործակցության ներկայացված ուղղությունները և ժամանակացույցը: Համաժողովի շրջանակում բանակցվել է նաև Սիլիկոնյան Հովտում 2010 թվականի առաջին կիսամյակում ՏՏ-ի ոլորտի ներկայացուցչություն հիմնելու հարցը: Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 4000 հազ. դրամ, սակայն միջոցառման կարևորությունից ելնելով` ծրագրի մյուս միջոցառումների համար նախատեսված գումարների խնայողության հաշվին, նշված միջոցառման անցկացման համար տրամադրվել է 19000 հազ. դրամ:

3. «Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում անցկացվել են մի շարք համաժողովներ, ցուցահանդեսներ, մրցույթներ: Դրանք են`

2009 թ. հոկտեմբերի 2-4-ը Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ ամենամյա «ԴիջիԹեք 2009» բարձր, տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ցուցահանդեսը, որին ներկա էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանը, շվեդական Էրիկսոն ընկերության փոխնախագահ Յ. Քեմփելը և այլն: Անցած տարիների համեմատ այս տարի արձանագրվել է ցուցահանդեսի այցելուների աննախադեպ աճ` ցուցահանդես այցելեց 12000 մարդ, իսկ ցուցահանդեսին մասնակցել է 52 ընկերություն, որի աճը նախորդ տարիների համեմատ կազմել է 15 տոկոս: Այս տարի առաջին անգամ ԴիջիԹեքին մասնակցեց ամերիկյան «Օրակլ» ընկերությունը:

2009 թ. հունիսի 19-20-ը Երևանում անցկացվել է Դիջիթեք բիզնես 2009 ֆորումը: Միջոցառման բացումը տեղի ունեցավ հունիսի 19-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում` ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ: Դիջիթեք բիզնես ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ներդրումների գործընթացին` բիզնեսի ամենատարբեր ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների բոլոր այն ապրանքները և ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության այլ ոլորտների արդիականացման համար: Բիզնես ֆորումին մասնակցում էին Հայաստանում գործող շուրջ 30 ընկերություններ, այցելուների թիվը կազմեց մոտավորապես 1500: Որպես կից միջոցառում` ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ընկերությունը համատեղ կազմակերպեցին նաև «Մայքրոսոֆթ ինովացիոն համաժողով» միջոցառումը: Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 4500 հազ. դրամ:

2009 թ. օգոստոսի 10-ին հայտարարվել է Բիզնես համագործակցության աջակցման մրցույթը, որն ուղղված է խթանելու մասնավոր ընկերությունների և գիտնականների թիմերի միջև գործընկերությունը գիտահետազոտական ոլորտում` երկու կողմերի համար տնտեսապես փոխշահավետ նոր հնարավորություններ զարգացնելու նպատակով: Ներկայացվել են տեղեկատվական, բարձր և բիոտեխնոլոգիաների ոլորտներին առնչվող 22 առաջարկ: Բոլոր հայտերը գնահատվել են տեխնիկական և գործարար մասնագետներից կազմված փորձագիտական խմբի կողմից: Գնահատող խմբում ներգրավված էին տեղական և ԱՄՆ մասնագետներ: Գնահատման արդյունքում ընտրվել են 14 առաջարկներ, որոնք անցել են 2-րդ փուլ: Կիսաեզրափակիչ անցած թիմերի համար կազմակերպվել են 2 վերապատրաստման դասընթացներ: Դասընթացների հետ մեկտեղ թիմերն ստացել են անհատական խորհրդատվություն Վենչուրային համաժողովում իրենց ծրագրերի ներկայացումները պատրաստելու վերաբերյալ:

Դեկտեմբերի 2-ին Անի Պլազա հյուրանոցում կազմակերպվել է Վենչուրային համաժողովի ամփոփիչ կոնֆերանս: Համաժողովին ներկայացվել են 14 առաջարկներ: Հայտերը գնահատվել են տեխնիկական և գործարար մասնագետներից կազմված խմբի կողմից: Գնահատող խմբում ներգրավված էին 2 տեղական և 3 ԱՄՆ մասնագետներ: Գնահատման արդյունքում ընտրվել են 5 հաղթող թիմեր, որոնցից յուրաքանչյուրն ստացել է 15000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ դրամաշնորհ-մրցանակ: Ընդ որում, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը համաֆինանսավորել է բոլոր մրցանակների 50%-ը: ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի դրամաշնորհ-մրցանակների համաֆինանսավորումը կազմում է 37500 ԱՄՆ-ի դոլար: Վերջինս համաֆինանսավորել է նաև ԱՄՆ-ի գնահատող փորձագետներին: Միջոցառման իրականացման նպատակով հատկացվել էր 17926 հազ. դրամ գումար, որից կատարվել է մոտավորապես 16935,9 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք և 990,1 հազ. դրամի տնտեսում:

«Հայաստանում կազմակերպվող ցուցահանդեսներ, համաժողովներ» միջոցառման շրջանակում նաև անցկացվել է հայկական ծրագրավորման բաց մրցույթ, որի իրականացման նպատակն էր ի հայտ բերել Հայաստանում բնակվող տաղանդավոր երիտասարդներին ծրագրային ապահովման զարգացման բնագավառում: Մրցույթն իրականացվել է 3 հիմնական հաջորդական փուլերով` անհատական մրցույթ, ուսումնական ճամբար, թիմային մրցույթ: Ընդհանուր առմամբ գրանցվել էր 120 մասնակից, սակայն մասնակցեց 78 մասնակից: Լավագույն 33 մասնակիցները մասնակցեցին թիմային մրցույթին: Մրցույթի լավագույն մասնակիցներին և հաղթողներին տրվեցին վկայագրեր և դրամային մրցանակներ: Միջոցառման իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 7000 հազ. դրամ գումար, որից կատարվել է մոտ 5505,1 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք և 1494,9 հազ. դրամի տնտեսում:

«Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր հովանու ներքո իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների ամիս» խորագրով միջոցառումների կազմակերպման համաֆինանսավորում» միջոցառման շրջանակում նախատեսված միջոցառումներից ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվել է «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» գիտաժողովը և «Տեսողության խանգարումով հաշմանդամները համակարգչի դեմ» մրցույթը։ «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ» գիտաժողովն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ և հանդիսանում է հայ գիտնականների համար եզակի հնարավորություն աշխարհի գիտական կենտրոնների և Հայաստանի գիտական ինստիտուտների ու բուհերի ներկայացուցիչների հետ քննարկելու արդի խնդիրները և ներկայացնելու նվաճումները: Գիտաժողովին ներկա էին 17 երկրներից մոտավորապես 180 գիտաշխատողներ: «Տեսողության խանգարումով հաշմանդամները համակարգչի դեմ» մրցույթն անցկացվել է տեսողության խանգարումներով երեխաների N 14 դպրոցի սաների միջև: Մրցույթի ընթացքում երեխաներին տրվեցին առաջադրանքներ, որոնք նրանք կատարեցին համակարգչի օգնությամբ` ժամանակային սահմանափակումներով և սխալների հաշվառումով: Արդյունքում առաջին երեք տեղերը գրաված մասնակիցներին հանձնվեցին վկայականներ և մրցանակներ: Միջոցառման իրականացման համար տրամադրվել է 2300 հազ. դրամ, որից կատարվել է 2228.8 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք։

«ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» արտագնա հանդիպում-քննարկումների ֆինանսավորում» միջոցառման շրջանակում կազմակերպվել են 5 արտագնա հանդիպում-քննարկումներ Հայաստանում: Հանդիպում-քննարկումների նպատակն է ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել Հայաստանի բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջնային խնդիրները: Հանդիպումներին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ն. Երիցյանը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և ՏՀՏ-ի ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև շուրջ 20 լրագրող: Հանդիպումների ընթացքում բարձրացված խնդիրների քննարկման արդյունքում ձևավորվել են մի շարք առաջարկություններ, որոնք ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը: Մի շարք խնդիրներ ստացել են իրենց լուծումները: Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 2000 հազ. դրամ:

2009 թ. հունվարից սկսվել են «Հայաստանի ռոբոտների բաց առաջնություն» 2009 և 2010 թթ-ին նախատեսվող մրցույթների կանոնակարգերի մշակումը: 2009 թ-ին նախատեսվում է անցկացնել հետևյալ մրցույթները` ռոբոտների համակարգչային սիմուլյացիա, գծին հետևող ռոբոտներ, իրեր տարբերակող և դասակարգող ռոբոտներ: 2009 թ. հոկտեմբերի 2-4-ը ԴիջիԹեք ցուցահանդեսի շրջանակում անցկացվեց Գծին հետևող ռոբոտների մրցույթը, որի հաղթող ճանաչվեց Աուտոտեք թիմը, որը նվազագույն ժամանակում առանց սխալների իրականացրեց իր առջև դրված խնդիրը: Մրցույթի շրջանակում նաև պետք է իրականացվեին Ական փնտրող ռոբոտ և Համակարգչային սիմուլյացիա մրցույթները, սակայն, պայմանավորված այդ մրցույթների բարդությամբ, մասնակիցների անհրաժեշտ ժամանակի տրամադրմամբ և սփյուռքի թիմերի ներգրավմամբ, մրցույթների անցկացումը տեղափոխվել է 2010 թ-ի մայիսի 8-9-ին, որը տեղի կունենա Շուշի քաղաքում: Մրցույթի տեղափոխման մասին նախապես հայտարարվել է: Միջոցառման իրականացման համար նախատեսված էր 8000 հազ. դրամ, իսկ փաստացի կատարված ծախսերը կազմել են 4508.3 հազ. դրամ։

4. «Միջազգային համագործակցություն» միջոցառման շրջանակում իրականացվել են «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հիմնում» և «Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնում» միջոցառումները։

«Մայքրոսոֆթ» ինովացիոն կենտրոնի հիմնում» ծրագրի իրականացման համար ամփոփվել և վերջնական տեսքի են բերվել ծրագրի հայեցակարգը, իրականացման և ֆինանսական պլանները, ծրագրի իրականացման համար բանակցություններ են տարվել դոնոր կազմակերպությունների հետ, որոնց արդյունքում ստորագրվել է դրամաշնորհային համաձայնագիր ԱՄՆ ՄԶԳ-ի հետ` 849,870 ԱՄՆ-ի դոլար գումարի չափով` ծրագրի իրականացման համաֆինանսավորման նպատակով: Ծրագրի ամբողջական բյուջեն կազմում է 2187004 ԱՄՆ-ի դոլար, որից` 1337134 ԱՄՆ-ի դոլարը կտրամադրվի Մայքրոսոֆթ ընկերության կողմից: Մշակվել և տեղադրվել է կենտրոնի վեբ կայքը, իրականացվել են կենտրոնի տարածքի նախագծման աշխատանքներ, ծրագրի իրազեկման միջոցառումների մասով նախնական աշխատանքներ են ծավալվել հեռուստաալիքների հետ համապատասխան հեռուստահաղորդումների պատրաստման ուղղությամբ, Մայքրոսոֆթի տեխնոլոգիաների դասընթացների կազմակերպման համար իրականացվել է դասախոսական անձնակազմի վարձակալություն, իրականացվել է էլեկտրոնային կրթության փորձնական համակարգի մշակում և թեստավորում և այլն: Միջոցառման շրջանակում նաև իրականացվել է դրամաշնորհների տրամադրման մրցութային ծրագիրը, որին մասնակցեց 8 թիմ: Թիմերը ներկայացրեցին նորարարական առաջարկներ, և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված 3 թիմերին տրամադրվեց յուրաքանչյուրին 1 մլն դրամի չափով դրամաշնորհներ` ներկայացրած առաջարկներն իրագործելու նպատակով: ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 30000 հազ. դրամ գումար, որից կատարվել է մոտավորապես 28078,8 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք և 1921,2 հազ. դրամի տնտեսում:

«Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնի հիմնում» միջոցառման շրջանակում ամփոփվել են ծրագրի նպատակները և ընդհանուր իրականացման սխեման և պլանը, մշակվել և հնդկական կողմի հետ համաձայնեցվել է կենտրոնի համակարգչային սարքավորումների ցանկը և սերտիֆիկացիաները: Հնդկական կողմը հայտարարել է մրցույթ սարքավորումների գնման նպատակով: Քննարկվել և ամփոփվել են Հնդկաստանում կազմակերպվելիք 6 դասընթացների ուղղությունները, բովանդակությունը, ժամկետային բաշխվածքը և մասնակիցների որակական չափանիշները: Հնդկաստանում վերապատրաստված 8 հայ մասնագետները կշարունակեն այդ ուղղություններով դասախոսությունները Հայաստանում` հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոնում: Հնդկական փորձագետների պատվիրակության` Երևան այցելության ժամանակ անցկացվեցին դիմորդների որակավորման գնահատման համար հարցազրույցներ: Այցի արդյունքում մանրամասն քննարկվեցին, հստակեցվեցին և համաձայնեցվեցին ծրագրի իրականացման ժամանակացույցը, կողմերի պատասխանատվության շրջանակները, ուսումնասիրվեցին կենտրոնի հնարավոր տարածքների տարբերակները: Որպես լավագույն տարբերակ ընտրվեց Երևանի պետական համալսարանի կողմից առաջարկվող` մոտավորապես 300 քառ. մ տարածքը, որը սակայն հիմնովին վերանորոգման կարիք ունի: Հնդկաստանի և տեղական փորձագետների մասնակցությամբ կազմակերպվեց նաև սեմինար` Հնդկաստանի և տեղական փորձագետների մասնակցությամբ, որի ընթացքում ներկայացվեցին կենտրոնի հիմնական գործունեության շրջանակը, նպատակները, ուղղվածությունը: Ծրագրի շրջանակում ձևավորվել է նաև փորձնական ուսումնական լաբորատորիա Երևանի պետական համալսարանում` մինչև հիմնական ուսումնական ծրագրերի մեկնարկը փորձնական դասընթացներն իրականացնելու նպատակով: Միջոցառման իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 10000 հազ. դրամ գումար, որից կատարվել է 7512,9 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք և 2487,1 հազ. դրամի տնտեսում:

5. «Միջազգային ՏՏ կազմակերպությունների հետ (Ինթել, ԷյչՊի) «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մշակում» միջոցառումն իրականացվում է Ինթել և ԷյչՊի կազմակերպությունների հետ համատեղ։ Ծրագրի նպատակն է ապահովել բնակչության համար համակարգիչների ձեռքբերման մատչելիությունը և հասանելիությունը, պատրաստել համակարգչային տեխնիկական և համապատասխան ծրագրային փաթեթներին տիրապետող աշխատուժ, մեծացնել ինտերնետի հասանելիությունը բնակչության համար, ինչպես նաև նվազեցնել ոչ լիցենզավորված ծրագրային փաթեթների օգտագործումը: Ծրագրի տևողությունն է մոտավորապես 4 տարի, որի ընթացքում կստեղծվեն կոնցեպտին համապատասխան կառույցներ և բիզնես պրոցեսներ: Նախատեսվում է իրացնել մոտ 30000 համակարգիչ, որոնք ապահովված կլինեն լիցենզավորված օպերացիոն համակարգով, ուսումնական և այլ ծրագրային փաթեթներով, ինչպես նաև մինչև 3 ամիս անվճար օգտվելու հնարավորությամբ: Հիմնական ծրագրին նախապատրաստվելու համար մշակվել է պիլոտային ծրագիր, որն իրականացվեց Երևանում, Գյումրիում և Վանաձորում: Պիլոտային փուլը կօգնի ավելի հստակորեն պատկերացնել ծրագիրը և պատրաստել ծրագրի գործընկերներին, վաճառականներին, բանկերին, ինչպես նաև բնակչությանը` հիմնական ծրագրի իրագործմանը: Պիլոտային փուլի շրջանակում 2009 թ-ի հոկտեմբերից դեկտեմբեր ամիսների ընթացքում նախատեսված 500 համակարգչի փոխարեն վաճառվել է մոտավորապես 1400 համակարգիչ: Ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել էր 10000 հազ. դրամ գումար, որից կատարվել է 9037.9 հազ. դրամ գումարի չափով փաստացի աշխատանք և 962.1 հազ. դրամի տնտեսում:

6. «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» բաց բաժնետիրական ընկերության ֆինանսավորում» միջոցառման իրականացման նպատակով նախատեսվել է 30000 հազ. դրամ, որի շրջանակում իրականացվել են հետևյալ աշխատանքները`

Հիմնվել է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային ստորագրություն տրամադրող և սպասարկող ընկերություն, իրականացվել է ընկերության անձնակազմի ընտրություն. հայտարարվել է մրցույթ թափուր աշխատատեղերի համար` համաձայն պլանի: Ընկերության գրեթե ամբողջ անձնակազմը համալրված է: Կնքվել է պայմանագիր ՀՀ կառավարության աշխատակազմի հետ` CoSign էլեկտրոնային ստորագրությունների ապարատածրագրային սարքավորման սպասարկման և շահագործման հետ կապված խնդիրները պարզաբանելու նպատակով: ԷԿԵՆԳ ԲԲԸ-ում տեղադրվել է CoSign ծրագրի Admin ծրագրային ապահովումը, հաստատվել է էլեկտրոնային ստորագրության տրամադրման ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերը: Հստակեցվել է կենսաչափական փաստաթղթերի համակարգի և հավաստագրման կենտրոնի ներդրման վերաբերյալ տեխնիկական առաջադրանքների կազմման համար անհրաժեշտ ISO միջազգային ստանդարտների ցանկը: ՀՀ կառավարություն է ներկայացվել Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի, նույնականացման քարտերի և հավաստագրման կենտրոնի ներդրման ծրագրի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների ամփոփ տարբերակը: Ընկերության կողմից սեպտեմբերի 30-ի դրությամբ տրամադրվել է 26 էլեկտրոնային ստորագրություն, էլեկտրոնային ստորագրությունների տրամադրման նպատակով իսրայելական Ալգորիտմիկ Ռիսերչ ՍՊԸ-ից ձեռք է բերվել 400 հավաստագիր, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարվա վերջ ևս 600 հավաստագիր գնելու վերաբերյալ:

Նշված բոլոր միջոցառումների իրականացումն ուղղված է եղել հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացմանը, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի լուծումների ներդրման խթանմանը, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրմանը երկրում, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնմանը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը և երկրի տնտեսական դաշտի համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավմանը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացմանը, բնակչության համար համակարգիչների ձեռքբերման մատչելիության և հասանելիության ապահովմանը, էլեկտրոնային գրագիտության մակարդակի բարձրացմանը, տնային տնտեսություններում համակարգչային հագեցվածությունը մինչև 40% հասցնելու ապահովմանը։ Ծրագրի շրջանակում իրականացված բոլոր միջոցառումներն ապահովել են նշված արդյունքները:

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հիմնախնդիրները

 

ՏՏ-ի ոլորտի զարգացման միտումների հետ մեկտեղ, ոլորտի մասնավոր հետազոտությունների, փորձագիտական ուսումնասիրությունների և վերլուծությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հիմնախնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններով։ Դրանք են, մասնավորապես, տեղեկատվական հասարակության և դրա տարբեր բաղադրիչների ձևավորման, ներդրման և զարգացման խնդիրները, ՏՏ-ի ոլորտում ներդրումների խթանման և կազմակերպությունների ապրանքների և ծառայությունների տեղական և միջազգային շուկաներ առաջմղման հետ կապված խնդիրները, գործարար և տեխնիկական խորհրդատվության ստացման և կադրերի մասնագիտական ուսուցման և վերապատրաստման առկա դժվարությունները, ՏՏ-ի մասնավոր հատվածի և կրթական համակարգի միջև կապերի թերի զարգացումը, սկսնակ գործարարների համար ձեռնարկատիրական գործունեության խթանման մեխանիզմների անբավարարությունը և (կամ) համապատասխան հմտությունների պակասը։

Նշված հիմնախնդիրների հաղթահարմանն են ուղղված 2010 թ. ընթացքում նախատեսվող ծրագրային միջոցառումները` կարևոր նախապայման հանդիսանալով ոլորտի զարգացման նոր ռազմավարության և երկրի ընդհանուր տնտեսական աճի ապահովման համար։

 

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. ՏՏ-ի ոլորտի խթանման ծառայությունների 2010 թվականի ծրագրի (այսուհետ` ծրագիր) մշակման և իրականացման հիմքը «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն է։

2. Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել նաև`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 28-ի «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների արդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման գերակա ճյուղերից մեկը ճանաչելու մասին» արձանագրային որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի «Կայուն զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 1207-Ն որոշումը.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հաստատելու մասին» N 380-Ա որոշումը.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008-2012 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 878-Ն որոշումը.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշումը։

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

1. Ծրագրի իրականացման հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական և գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության և զարգացած ու համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի ոլորտի կայացմանը։ Մասնավորապես`

1) ստեղծել միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածք, որը կխթանի Հայաստանում ՏՏ-ի ոլորտի և տեղեկատվական հասարակության զարգացմանը.

2) ամրապնդել Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքը, ինչպես նաև ապահովել հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ներթափանցումն ու ներկայությունը համաշխարհային շուկայում և, հատկապես, աճի բարձր պոտենցիալով շուկայական թիրախային սեգմենտներում.

3) տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքների և տեղեկատվական հասարակության զարգացմամբ ապահովել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտների աճին, եկամուտների բարձրացմանը և գիտելիքահենք տնտեսության կայացմանը։

2. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`

1) ՏՏ-ի ոլորտի հետազոտության, ներկա իրավիճակի վերլուծության և գնահատման արդյունքում հիմնական խնդիրների և մարտահրավերների, ռազմավարական զարգացման հեռանկարների և վերջին տարիներին գրանցած նվաճումների բացահայտում և դրանք ներկայացնելը.

2) հայաստանյան ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները տեղական ցուցահանդեսներում, համաժողովներում և այլ միջոցառումներում ներկայացնելու արդյունքում հասարակական իրազեկման բարձրացում, տնտեսության այլ ճյուղերում ՏՏ-ի լուծումների ներդրման խթանում, որի արդյունքում արտադրողականության աճի ու ապրանքների և ծառայությունների արտահանման ավելացում, Հայաստանի Հանրապետությունում կայուն տնտեսական զարգացմանը նպաստում.

3) ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատման և ընդլայնման միջոցով նշված երկրների փորձի ներդրում երկրում, աշխարհի հիմնական ՏՏ-ի շուկաներում հայկական ՏՏ-ի ներկայացուցչությունների հիմնում և զարգացում, սփյուռքահայության հետ համագործակցության ընդլայնում, ներդրումների ներգրավում, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացում և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավում` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացում` հասցնելով այն զարգացած երկրների վարկանիշի մակարդակին.

4) բնակչության համար համակարգիչների ձեռքբերման մատչելիություն և հասանելիություն, էլեկտրոնային գրագիտության մակարդակի բարձրացում, բնակչության կենսապայմանների բարելավում, էլեկտրոնային ծառայությունների պահանջարկի և դրանց կիրարկման խթանում, տնային տնտեսություններում համակարգչային հագեցվածությունը մինչև 40% հասցնելու ապահովում։

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

Ծրագիրն իրականացվում է պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությամբ` որպես պետական աջակցություն` ուղղված Հայաստանում ՏՏ-ի ոլորտի շարունակական զարգացմանը և միջազգային շուկաներում դիրքավորմանը։

 

IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

1. Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը

 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգով» առաջնային խնդիրներից է հանդիսանում ոլորտը ներկայացնելն արտերկրում և Հայաստանում, ՏՏ-ի ոլորտում հաջողությունների հասած երկրների և համապատասխան միջազգային կառույցների հետ համագործակցության խթանումն ու ապահովումը, միջազգային ՏՏ-ի կազմակերպություններին անդամակցումը, Հայաստանի վարկանիշի ձևավորումը` որպես ՏՏ-ի տարածաշրջանային կենտրոն, այդ թվում` նպաստելով Հայաստանում մի շարք միջազգային նշանակության միջոցառումների պարբերական անցկացմանը, նպատակային երկարաժամկետ ծրագրերի իրականացումը և երկրի տնտեսական դաշտ համաշխարհային ճանաչում ունեցող ՏՏ-ի կազմակերպությունների ներգրավումը` վերջիններիս փորձի, հեղինակության ու կապերի շնորհիվ Հայաստանի վարկանիշի բարձրացման և հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի առաջխաղացման նպատակով։

Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հասարակության իրազեկումը պատշաճ կերպով կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան նյութերի նախապատրաստում և տպագրում։ Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել ոլորտին վերաբերող հետազոտություններ և վերլուծություններ, որոնք կներկայացնեն ՏՏ-ի ոլորտի ներկա իրավիճակը, այդ թվում` հիմնական խնդիրները և մարտահրավերները, ռազմավարական զարգացման հեռանկարները և վերջին տարիներին գրանցած նվաճումները։ Դրանք կհանդիսանան կարևոր գործիք ոչ միայն բազմաթիվ միջոցառումների, հանդիպումների ընթացքում հայկական ՏՏ-ի ոլորտն ամփոփ և դիտարժան ներկայացնելու, այլև տեղեկատվական աղբյուր կհանդիսանան ՏՏ-ի ոլորտի առջև ծառացած հիմնական խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների, ոլորտի աճի հեռանկարների, ներդրումների խթանման և հետագա զարգացման ռազմավարության մշակման համար։

Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը միջազգային և տեղական շուկաներում, խոշորագույն ցուցահանդեսներում և գագաթաժողովներում հանդիսանում է կրիտիկական գործոն Հայաստանի` որպես ՏՏ-ի երկրի վարկանիշի ձևավորման, հայկական ՏՏ-ի ոլորտի կարողությունների և ձեռքբերումների ցուցադրման, առանձին ընկերությունների կողմից իրենց ծրագրային փաթեթները և ծառայությունները ներկայացնելու և բիզնես կապերի ստեղծման, միջազգայնորեն մրցունակ Հայկական ՏՏ-ի ապրանքային նշանի ձևավորման, ինչպես նաև ոլորտի վերջին միջազգային նվաճումներին ծանոթանալու և շուկայական ուսամնասիրություններ կատարելու համար։

Հայաստանում կազմակերպվող միջոցառումները (ցուցահանդեսները, կոնֆերանսները, մրցույթները և այլն) նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները և նվաճումները, կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները։ Դրանք կնպաստեն նաև իրազեկության բարձրացմանը և ոլորտի ներքին կապերի ամրապնդմանը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի և առավել լայն հանրության միջև կապերի ամրապնդման համար։

 

2. Միջազգային համագործակցություն

 

Հայաստանի տնտեսության և, մասնավորապես, երկրի ՏՏ-ի ոլորտի մրցունակության բարձրացման համար կարևոր նշանակություն ունի ՏՏ-ի խոշոր վերազգային կազմակերպությունների ներկայությունը Հայաստանում և դրանց հետ կառավարության և (կամ) մասնավոր հատվածի մակարդակով համատեղ ներդրումային և կրթական ծրագրերի մշակումը և իրականացումը։ Այդ գործընթացի հիմնական նպատակն է խթանել արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը։ Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում նաև նախապայման։

 

3. Միջազգային ՏՏ-ի կազմակերպությունների հետ (HP, Intel) «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացումը

 

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի գերնպատակներից մեկը երկրում տեղեկատվական հասարակության ձևավորումն է` իր տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կատարելագործված ենթակառուցվածքներով, համակարգչային բարձր գրագիտությամբ, համակարգչային հագեցվածության և ինտերնետ հասանելիության բարձր աստիճանով, համատարած կիրառվող էլ-ծառայությունների համակարգերով, մեծածավալ տեղական ՏՏ-ի շուկայի առկայությամբ և առաջադեմ գիտելիքահենք արդյունաբերությամբ։ Այս նպատակին հասնելուն է ուղղված «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրագործումը։

Նմանատիպ ծրագիր իրականացվում է Ինթել և ԷյչՊի ընկերությունների կողմից այլ զարգացող երկրներում մի շարք պետական և մասնավոր կազմակերպությունների հետ համատեղ։ Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել Հայաստանի բնակչության կողմից համակարգիչների օգտագործման մակարդակը` առաջարկելով ժամանակակից համակարգիչներ և ծրագրային ապահովում` մատչելի գներով։ Այն հնարավորություն կտա Հայաստանի բնակչությանը ձեռք բերելու ժամանակակից համակարգիչներ` մատչելի գներով։ Համակարգիչները կունենան լիցենզավորված ծրագրային փաթեթներ։ Այսպիսով, ծրագիրը նաև կփորձի լուծել Հայաստանում մտավոր սեփականության հետ կապված խնդիրներից մեկը՝ ոչ լիցենզավորված ծրագրային փաթեթների տարածված օգտագործումը։ Ծրագիրը կխթանի նաև բնակչության կողմից ինտերնետի օգտագործման աճին, որը բարենպաստ պայմաններ կստեղծի ինտերնետային ծառայությունների զարգացման համար։ ՏՏ-ի ոլորտի զարգացման պետական աջակցության 2009 թ. ծրագրով մշակվել է Հայաստանում ծրագրի իրականացման հնարավոր մեխանիզմները, և ապահովվել է ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկումը, նաև իրականացվել է համակարգիչների վաճառքի պիլոտային ծրագիր Երևանում, Վանաձորում և Գյումրիում։ 2010 թ-ից սկսած նախատեսվում է ծրագիրն իրականացնել Հայաստանի նաև մյուս քաղաքներում։

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով` որպես ծրագրի իրականացմանը պետական աջակցության կողմնորոշիչ, չափաքանակ է սահմանվել 80000.0 հազ. դրամը:

2. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2010 թվականի ծրագիրը կֆինանսավորվի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 20-ի N 666-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԽԹԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումը

Կատարողը

Կատարման ժամկետը

Կատարման արդյունքները

1

2

3

4

5

1.

Հայաստանի ՏՏ-ի ոլորտը ներկայացնելը և խթանելը Հայաստանում և արտերկրում, հետազոտությունը, հասարակական իրազեկումը

   

Այս միջոցառումները նպատակ ունեն ցուցադրելու հայկական ՏՏ-ի ոլորտի ձեռքբերումները և նվաճումները,
ՀՀ կառավարության, մասնավոր հատվածի, գիտական և կրթական հաստատությունների և դոնոր կազմակերպությունների համագործակցության, միասնության և համատեղ ջանքերի արդյունքները։

 

Դիջիթեք 2010 ցուցահանդեսի և դրա շրջանակում իրականացվող այլ միջոցառումներին ակնկալվում է շուրջ 14000 մարդու այցելություն:

 

1.1. ՏՏ-ի ոլորտի հետազոտություն, ձեռնարկությունների վերաբերյալ ուղեցույց և ներկա իրավիճակի վերլուծություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2010 թվականի ընթացքում

 

1.2. Դիջիթեք 2010 ցուցահանդեսի և դրա շրջանակում այլ միջոցառումների ֆինանսավորում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2010 թվականի երկրորդ կիսամյակ

 

1.3. «Գիտության և Տեխնոլոգիաների ձեռներեցության ծրագրի (STEP) շրջանակում «VC» վենչուրային համաժողովի ֆինանսավորում» միջոցառման կազմակերպում և իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2010 թվականի երկրորդ կիսամյակ

Դրանք կնպաստեն նաև հասարակության իրազեկության բարձրացմանը և ոլորտի ներքին կապերի ամրապնդմանը` հիմք ստեղծելով նորարարությունների, արտադրողականության բարձրացման և ՏՏ-ի ոլորտի ու հանրության միջև առավել լայն կապերի ամրապնդման համար, ինչպես նաև կտպագրվեն մոտավորապես 5000 բուկլետներ և մոտավորապես 2000 էջ միջոցառումների հետ կապված այլ նյութեր։ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» հանդիպումներին ակնկալվում է, որ կմասնակցեն`

ոլորտի 80 կազմակերպությունների ներկայացուցիչներ
պետական 5 գերատեսչությունների ղեկավարներ
15 նորաստեղծ ընկերությունների ներկայացուցիչներ
ոլորտի գործունեությունը լուսաբանող 15 լրագրող

Էլեկտրոնային բովանդակության 4-րդ Համահայկական մրցույթի կազմակերպումը և մրցույթի արդյունքում ընտրված 16 լավագույն մասնակիցներին մրցանակների տրամադրում

 

1.4. ՏՏ-ի ոլորտի մասնավոր հատվածի հետ «ՏՀՏ լիդերները` առանց փողկապների» խորագրով անցկացվող պարբերաբար արտագնա հանդիպում-քննարկումների կազմակերպում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (համաձայնությամբ)

2010 թվականի ընթացքում

 

1.5. ԱրմԹեք 2010 Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի Գլոբալ համաժողովի կազմակերպում, Երևան

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Զարգացման հայկական գործակալություն (համաձայնությամբ)

2010 թվականի երկրորդ կիսամյակ

 

1.6. Էլեկտրոնային բովանդակության IV համահայկական մրցույթ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ (համաձայնությամբ)

2010 թվականի երկրորդ կիսամյակ

2.

Միջազգային համագործակցություն

   

Այս միջոցառման հիմնական նպատակներն են խթանել արտասահմանյան ներդրումները Հայաստանում, ստեղծել նոր աշխատատեղեր, ինչպես նաև ծանոթանալ և կիրառել լավագույն միջազգային փորձը։ Նման նախաձեռնությունները պահանջում են երկարաժամկետ պետական պարտավորությունների ստանձնում, քանի որ նման պարտավորության առկայությունը հանդիսանում է համագործակցության երաշխավորման հիմնական գրավական, իսկ որոշ դեպքերում նաև նախապայման։ Նախատեսվում է 20 հոգու համար ապահովել մոտավորապես 6 ամսվա աշխատանք:

 

2.1. Հայ-հնդկական ՏՀՏ-ի ուսումնական կենտրոնի հիմնման ծրագիր

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2010 թվականի ընթացքում

 

2.2. Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2010 թվականի երկրորդ կիսամյակ

3.

Միջազգային ՏՏ-ի կազմակերպու-թյունների հետ (HP, Intel) «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացում

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ (համաձայնությամբ)

2010 թվականի երկրորդ կիսամյակ

Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել Հայաստանի բնակչության կողմից համակարգիչների օգտագործման մակարդակը` առաջարկելով ժամանակակից համակարգիչներ և ծրագրային ապահովում` մատչելի գներով։ Այն հնարավորություն կտա Հայաստանի բնակչությանը ձեռք բերել ժամանակակից համակարգիչներ մոտավորապես 400 ԱՄՆ-ի դոլարի սահմաններում, ինչը շուկայականից 3-4 անգամ ավելի ցածր է։ Համակարգիչները կունենան Վինդոուզ օպերացիոն համակարգ, ինչպես նաև այլ լիցենզավորված ծրագրային փաթեթներ։

       

Այսպիսով, ծրագիրը նաև կփորձի լուծել Հայաստանում մտավոր սեփականության հետ կապված խնդիրներից մեկը ոչ լիցենզավորված ծրագրային փաթեթների տարածված օգտագործումը։ Ծրագիրը կխթանի նաև բնակչության կողմից ինտերնետի օգտագործման աճը, որը բարենպաստ պայմաններ կստեղծի ինտերնետային ծառայությունների զարգացման համար։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան