«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 ապրիլի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2007 թվականի N 453-Ն
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1780-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի և «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները` համաձայն N 2 հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1780-Ն որոշումը:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների կողմից տրվող պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման ուղեգրի ձևը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների (այսուհետ` պարագաներ) տրամադրման հետ կապված հարաբերությունները:
2. Հաշմանդամներին, ինչպես նաև սույն կարգի 4-րդ կետում նշված անձանց պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Հաշմանդամներին պարագաները (բացառությամբ ձեռնափայտի) առաջին անգամ տրամադրվում են հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան: Վերականգնողական անհատական ծրագրի կազմման կամ փոփոխման անհրաժեշտության դեպքում հաշմանդամները դիմում են բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմին:
4. Պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ, բացառությամբ սույն կարգի 5-րդ կետում նշվածների և լսողական սարքերի, տրամադրվում են նաև ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող (այսուհետ՝ սոցիալապես անապահով) անձանց, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների այրիներին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, մինչև 18 տարեկան երեխաներին` անձի բնակության վայրն սպասարկող բժշկական կազմակերպության կողմից տրված գրավոր եզրակացության հիման վրա:
5. Վերին և ստորին վերջույթների պրոթեզները, օրթեզները, ձայնաստեղծ սարքերը, աչքի պրոթեզները, սայլակները և քայլակները տրամադրվում են միայն հաշմանդամություն ունեցող անձանց:
6. Պարագաները տրամադրում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընտրված կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն):
7. Պարագաների հերթական տրամադրման համար եզրակացությունը տալիս է կազմակերպության բժիշկը կամ համապատասխան մասնագետը, իսկ խնդրահարույց դեպքերում` բուժատեխնիկական հանձնաժողովը:
8. Երեխաներին օրթեզներ և կորսետներ կարող են տրամադրվել նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգով:
9. Տրամադրված պարագաները վերանորոգում է կազմակերպությունը: Վերանորոգումը կատարվում է պարագայի երաշխիքային ժամկետի լրանալուց հետո, ըստ անհրաժեշտության, կազմակերպության մասնագետի եզրակացությամբ և հիմնավորմամբ, երաշխիքային ժամկետում` կազմակերպության միջոցների հաշվին, իսկ երաշխիքային ժամկետի լրանալուց հետո` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
10. Պարագաները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետներին համապատասխան:
11. Հաշմանդամների վերին և ստորին վերջույթների առաջին անգամ պրոթեզավորումը և օրթեզավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կողմից ստեղծված բուժատեխնիկական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) գրավոր եզրակացության հիման վրա: Հանձնաժողովը եզրակացություն է տալիս նաև սահմանված ժամկետից շուտ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներով ապահովման անհրաժեշտության դեպքերում:
II. ՊՐՈԹԵԶՆԵՐԻ ԵՎ ՕՐԹԵԶՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
12. Առաջին անգամ ստորին վերջույթի պրոթեզավորման դեպքում, մինչև հիմնական պրոթեզի պատրաստումը, հաշմանդամի համար պատրաստվում և տրամադրվում է բուժամարզական պրոթեզ: Բուժամարզական պրոթեզը փոխարինվում է հիմնական պրոթեզով, երբ անդամահատված ծայրատի անատոմիական փոփոխությամբ պայմանավորված այն հնարավոր չէ օգտագործել:
13. Վերին վերջույթի պրոթեզի կարիք ունեցող հաշմանդամին չորս տարվա ընթացքում տրամադրվում են մեկ կոսմետիկ պրոթեզ և մեկ շարժողական պրոթեզ (ձգողական կամ բիոպրոթեզ):
14. Վերին կամ ստորին վերջույթի պրոթեզ կրող հաշմանդամին, անկախ նոր պրոթեզ տրամադրելու ժամկետից, յուրաքանչյուր տարի տրամադրվում է ծայրատի երեք ձեռնոց կամ գուլպա:
15. Հաշմանդամ և սոցիալապես անապահով կանանց, բժշկի եզրակացության հիման վրա, տրամադրվում է կրծքագեղձի պրոթեզ:
III. ՕՐԹՈՊԵԴԻԿ ԿՈՇԻԿՆԵՐԻ ԵՎ ՊՐՈԹԵԶԻ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
16. Հաշմանդամներին և սոցիալապես անապահով անձանց յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ, մեկ զույգ՝ առանց տաքացված տակդիրների և մեկ զույգ՝ կիսաճիտք կամ երկարաճիտք: Ելնելով հիվանդության առանձնահատկությունից՝ կարող են տրամադրվել տարեկան միայն երկու զույգ կիսաճիտք օրթոպեդիկ կոշիկներ: Պրոթեզավորված և օրթեզավորված հաշմանդամներին յուրաքանչյուր տարի տրվում է երկու զույգ պրոթեզի (օրթեզի) կոշիկ, մեկ զույգ՝ առանց տաքացված տակդիրների, և մեկ զույգ՝ կիսաճիտք կամ երկարաճիտք:
17. Վերին երկու վերջույթների ծայրատներով, ինչպես նաև մեկ ձեռքի ծայրատով, մյուս ձեռքի դաստակի ձևախեղումով հաշմանդամներին անվճար տրվում է կոշիկ` կողային ռետինե ժապավեններով:
IV. ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
18. Առաջին խմբի հաշմանդամներին և մինչև 18 տարեկան հաշմանդամ երեխաներին, վերականգնողական անհատական ծրագրին համապատասխան, տրամադրվում է հաշմանդամի սայլակ: Նկատի ունենալով հաշմանդամի առողջական վիճակը` սայլակը կարող է ստանալ նրա հարազատներից որևէ մեկը, ով սույն կարգով նախատեսված փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է նաև իր անձնագիրը:
19. Ստորին վերջույթների ազդրային հատվածների երկկողմանի անդամահատումից հետո, սայլակ ստացած հաշմանդամին, անհրաժեշտության դեպքում տրամադրվում է նաև փոքր տրամաչափի սայլակ:
20. Լսողական սարքերը տրամադրվում են հաշմանդամներին, տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած անձանց և մինչև 18 տարեկան երեխաներին` սուրդոլոգի եզրակացության հիման վրա:
21. Ելնելով անձի առողջական վիճակից, տարիքից և ծայրատի ձևից` կազմակերպության բժշկի կամ համապատասխան մասնագետի եզրակացությամբ, անձը կարող է ստանալ 1 կամ 2 արմնկային կամ 1 կամ 2 թևատակի հենակ, կամ 1 ձեռնափայտ և 1 հենակ կամ 2 ձեռնափայտ:
22. Ձեռնափայտը տրամադրվում է կազմակերպության մասնագետի եզրակացությամբ:
V. ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
23. Հաշմանդամները և սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք, պարագաներ ստանալու համար, դիմում են կազմակերպություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (մինչև 16 տարեկան երեխաների համար նրանց ծնողներից մեկը կամ այլ օրինական ներկայացուցիչը ներկայացնում է իր անձը հաստատող փաստաթուղթը և երեխայի ծննդյան վկայականը), հաշմանդամները ներկայացնում են հաշմանդամության վկայականը, վերականգնողական անհատական ծրագիրը, սույն կարգի 4-րդ կետում նշված անձինք` համապատասխան կարգավիճակը հավաստող փաստաթուղթ և բժշկական եզրակացություն: Լսողական սարք ստանալու համար կազմակերպություն է ներկայացվում նաև սուրդոլոգի եզրակացությունը, իսկ ձայնալարերի և աչքի պրոթեզավորման համար՝ համապատասխան մասնագիտացված բժշկական կազմակերպության եզրակացությունը:
24. Կազմակերպությունում պարագաներ ստացող անձանց համար լրացվում է անձնական քարտ, որտեղ նշվում են ստացողի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության վայրը, ծննդյան տարեթիվը, հիվանդության ախտորոշումը, պարագաների անվանումները, տրամադրման ամսաթիվը, սոցիալական կարգավիճակը: Հաշմանդամի փոխարեն սայլակ ստանալու դեպքում քարտում նշվում են նաև ստացողի անունը, հայրանունը, բնակության վայրը, անձնագրի սերիան և համարը:
25. Պարագան ստացող անձը կազմակերպությունից պարագաներ ստանալիս` ստորագրում է անձնական քարտում:
26. Անձնական քարտը պահպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
27. Կազմակերպությունը պարտավոր է անձի խնդրանքով նրան տրամադրել քաղվածք անձնական քարտից:
28. Կազմակերպությունը մատուցված ծառայության վերաբերյալ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրում կատարում է համապատասխան նշում, որը վավերացվում է կազմակերպության դրոշմակնիքով:
29. Պարագաները կազմակերպության կողմից հաշմանդամին տրամադրվում են անհատական հարմարեցումից և հաշմանդամին օգտագործման ձևը սովորեցնելուց հետո:
30. Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում վերականգնողական անհատական ծրագրով նախատեսված պարագաների կարիք ունեցող հաշմանդամների մասին:
31. Կազմակերպությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում պարագաներ ստացած (վերանորոգած) հաշմանդամների մասին հաշվետվություն:
32. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը ընտրված տեղեկատվական բազա շահագործող կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն նախորդ ամսվա ընթացքում պարագաներ ստացած անձանց մասին:
(Հավելվածը խմբ. 15.07.10 N 888-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Հավելված N 2 |
ՊՐՈԹԵԶԱՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ, ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
NN ը/կ |
Անվանումները | Օգտագործման ժամկետը |
1. |
Պրոթեզներ |
|
1) |
Ստորին վերջույթների պրոթեզներ |
երեք տարի, երեխաներին` մեկ տարի |
2) |
Վերին վերջույթների պրոթեզներ |
չորս տարի, երեխաներին` երկու տարի |
3) |
Սրունքի օրթոպրոթեզ |
երեք տարի |
2. |
Օրթեզներ |
վեց ամիս-մեկ տարի |
3. |
Ապարատներ |
երկու տարի |
4. |
Սեղմիրաններ |
երկու տարի, երեխաներին` վեց ամիս - մեկ տարի |
5. |
Աղեկապեր |
մեկ տարի |
6. |
Կոշիկներ |
|
1) |
Պրոթեզի, օրթեզի (տարեկան` երկու զույգ) |
վեց ամիս |
2) |
Օրթոպեդիկ (տարեկան` երկու զույգ) |
վեց ամիս |
7. |
Վերականգնման տեխնիկական միջոցներ |
|
1) |
Ձեռնափայտեր` մեկ լրացուցիչ ռետինով |
երկու տարի |
2) |
Հենակներ` մեկ լրացուցիչ ռետինով |
երկու տարի |
3) |
Սուպինատորներ |
մեկ տարի, երեխաներին` վեց ամիս |
4) |
Կրծքագեղձի պրոթեզ և կրծկալ-ամրակ |
մեկ տարի |
5) |
ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքեր |
երեք տարի |
5.1) |
Եվրոպական արտադրության լսողական սարքեր |
հինգ տարի |
6) |
Հաշմանդամի սայլակ |
երեք տարի |
7) |
Փոքր տրամաչափի սայլակ |
երկու տարի |
8) |
Քայլակներ |
երեք տարի |
8. |
Աչքի պրոթեզ |
երեխաների համար` մեկ տարի, մեծահասակների համար` երկու տարի |
9. |
Ձայնաստեղծ սարքեր |
հինգ տարի |
(Հավելվածը խմբ., լրաց. 15.07.10 N 888-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |