Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.12/20(754) Հոդ.493.35
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ3/0168/05/09

վարչական գործ թիվ ՎԴ3/0168/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սաթենիկ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 06.07.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ հայցի Մհեր Ղահրամանյանի ընդդեմ Արարատի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան), Սաթենիկ Վարդանյանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Արարատի տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ Արարատի քաղաքապետի որոշումը, դրա հիման վրա կատարած պետական գրանցումը և վարձակալության պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Մհեր Ղահրամանյանը պահանջել է անվավեր ճանաչել Արարատի քաղաքապետի 12.04.2004 թվականի թիվ 87 որոշումը, դրա հիման վրա Սաթենիկ Վարդանյանի անվամբ 28.04.2004 թվականին կատարած իրավունքի պետական գրանցումը, ինչպես նաև 16.04.2004 թվականին կնքված հողի վարձակալության թիվ 858 պայմանագիրը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 06.07.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սաթենիկ Վարդանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին կետը, 26-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասը, 191-րդ, 224-րդ հոդվածները, «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 7-րդ, 32-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի պարզել, թե արդյոք 01.08.1995 թվականի թիվ 1103 սեփականաշնորհման համաձայնագրով «Ռոզա Սերոբյան» անհատական ձեռնարկությանը սեփականաշնորհված անշարժ գույքը Ռոզա Սերոբյանի սեփականությունն է, այլ համասեփականատերեր կան, թե ոչ, Մհեր Ղահրամանյանը այդ գույքի համասեփականատերն է, թե ոչ և հիմք ընդունելով միայն Ռոզա Սերոբյանի և Մհեր Ղահրամանյանի ամուսնության վկայականն ու «Ռոզա Սերոբյան» անհատական ձեռնարկության անվամբ տրված սեփականության իրավունքի վկայագիրը՝ Մհեր Ղահրամանյանին դիտել է որպես այդ գույքի նկատմամբ իրավունքներ ունեցող անձ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 06.07.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` հայցը մերժել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Արարատի քաղաքապետի 12.04.2004 թվականի թիվ 87 որոշմամբ Սաթենիկ Վարդանյանի կողմից Արարատ քաղաքի Խանջյան փողոցի թիվ 52 շենքին կից իրականացված 13,7 քմ մակերեսով ինքնակամ կառույցը ճանաչվել է օրինական (գ.թ. 13):

2. Քաղաքապետարանի և Սաթենիկ Վարդանյանի միջև 16.04.2004 թվականին կնքվել է 13,7 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ հիմք ընդունելով Արարատի քաղաքապետի 12.04.2004 թվականի թիվ 87 որոշումը (գ.թ. 57-58):

3. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03002-4-2 մատյանի 000051 համարի տակ գրանցվել է Սաթենիկ Վարդանյանի սեփականության և հողի վարձակալության իրավունքները, և տրվել է թիվ 1765721 վկայականը (գ.թ. 16-17):

4. «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության Արարատի բյուրոյի կողմից Արարատի Խանջյան 52 հասցեում, «Ռոզա Սերոբյան» անհատական ձեռնարկության անվամբ, թիվ 3/260 գրանցման գրքում, 01.08.1995 թվականի թիվ 1103 սեփականաշնորհման համաձայնագրի հիման վրա սեփականության իրավունքով գրանցվել է 59,23 քմ մակերեսով ոչ բնակելի տարածք, և 26.09.1995 թվականին տրվել է սեփականության վկայագիր (գ.թ. 81):

5. Ռոզա Սերոբյանը և Մհեր Ղահրամանյանը ամուսիններ են: Արարատի Խանջյան 52 հասցեում գտնվող 59,23 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը ձեռք է բերվել նրանց համատեղ ամուսնության ընթացքում:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի առաջին պարբերության համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով:

Դատարանի վճռի հիմքում դրվել է այն հանգամանքը, որ Մհեր Ղահրամանյանը և Ռոզա Սերոբյանը դեռևս 01.09.1958 թվականից օրինական ամուսիններ են, և թիվ 43 խանութը վերջինիս կողմից սեփականաշնորհվել է 01.08.1995 թվականին: Դատարանը գտել է, որ Արարատ քաղաքի Խանջյան 52 բազմաբնակարան շենքի 1-ին հարկում գտնվող 59,23 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը, որը ներկայումս օգտագործվում է որպես խանութ, վերը նշված օրենքի ուժով Մհեր Ղահրամանյանի և Ռոզա Սերոբյանի ընդհանուր համատեղ սեփականությունն է, քանի որ ձեռք է բերվել նրանց ամուսնության ընթացքում:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Ռոզա Սերոբյանը և Մհեր Ղահրամանյանը ամուսիններ են: Արարատի Խանջյան 52 հասցեում գտնվող 59,23 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը ձեռք է բերվել նրանց համատեղ ամուսնության ընթացքում: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումն այն մասին, որ հիշյալ հասցեի անշարժ գույքը ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունն է օրենքի ուժով: Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մհեր Ղահրամանյանը նույնպես այդ գույքի նկատմամբ իր իրավունքը պաշտպանելու իրավունք ունի:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վարչական դատարանի 06.07.2009 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան