Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.03.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.05.12/20(754) Հոդ.493.7
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.03.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.03.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0134/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0134/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Գ. Մատինյան

               Ա. Թումանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի մարտի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2009 թվականի որոշման դեմ` ըստ Ընկերության դիմումի` Երևանի քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած 31.10.2008 թվականի վճիռը պարզաբանելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Էմմա Ավագյանը պահանջել է պարտավորեցնել Ընկերությանը տրամադրել նոր կառուցվող շենքից բնակարան կամ համարժեք դրամական փոխհատուցում։

Երևանի քաղաքացիական դատարանի 31.10.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է, վճռվել է. «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 05.10.2001թ. որոշման պահանջների համաձայն՝ պարտավորեցնել պատասխանող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին հայցվոր Էմմա Ավագյանի իրավունքների դադարման դիմաց որպես սեփականություն հայցվորին տրամադրել Գինու գործարանին հարող տարածքում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից բնակարան կամ տրամադրել համարժեք փոխհատուցում»։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.03.2009 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Երևանի քաղաքացիական դատարանի 31.10.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է պարզաբանել, թե ինչ է նկատի ունեցել Երևանի քաղաքացիական դատարանը 31.10.2008 թվականի վճռի եզրափակիչ մասում` «կամ տրամադրել դրամական հատուցում» եզրահանգմամբ։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.09.2009 թվականի որոշմամբ պարզաբանվել է, որ «Երևանի քաղաքացիական դատարանը 31.10.2008թ. ԵՄԴ/0134/02/08թ. վճռի եզրափակիչ մասի 1-ին կետով սահմանված «կամ տրամադրել համարժեք դրամական հատուցում» եզրահանգմամբ, նկատի է ունեցել «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 05.10.2001թ. թիվ 950 որոշման 1-ին կետով հաստատված՝ «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու» կարգի 8-րդ կետով նախատեսված դրամական հատուցումը»։

Վերաքննիչ դատարանի 20.11.2009 թվականի որոշմամբ Էմմա Ավագյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և Դատարանի 02.09.2009 թվականի վճիռը պարզաբանելու մասին որոշումը բեկանվել և փոփոխվել է՝ վճիռը պարզաբանելու պահանջի մասին Ընկերության դիմումը մերժվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էմմա Ավագյանի ներկայացուցիչը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածով նախատեսված՝ պարտավորությունների պատշաճ կատարման պայմանների ու պահանջների հիմքերը, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 950 որոշման 8-րդ կետը, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, 130-րդ հոդվածի 3-րդ կետը և 143-րդ հոդվածի 1-ին կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները` չկատարելով գործի ապացույցների օբյեկտիվ հետազոտություն և վերլուծություն, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է սխալ հետևության։

Դատական ակտով Ընկերությանը պարտավորեցվել է Էմմա Ավագյանին «տրամադրել Գինու գործարանին հարող տարածքում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից բնակարան կամ տրամադրել համարժեք փոխհատուցում», սակայն ներկայումս Ընկերությունը հնարավորություն չունի Գինու գործարանին հարող տարածքում տրամադրել բնակարան, մինչդեռ կարող է կատարել «կամ համարժեք դրամական հատուցում» տրամադրելու պահանջը։

Այս դեպքում վճռի պարզաբանումը չի փոփոխել վճռի բովանդակությունը և էությունը, քանի որ դրա հիմքում դրված է իրավական ակտի էությունը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 20.11.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.09.2009 թվականի վճիռը պարզաբանելու մասին որոշմանը։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում։ Էմմա Ավագյանը 1982 թվականից հաշվառվել է Երևանի Շահումյան (ներկայիս Խորհրդարանի) 40 փողոցի թիվ 11 հասցեում և օտարվող գույքի նկատմամբ ունի գույքային իրավունք։

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

Էմմա Ավագյանը 28.08.1982 թվականից հաշվառվել է Երևանի Շահումյան (ներկայիս Խորհրդարանի) 40 փողոցի թիվ 11 հասցեում (հատոր 1-ին, գ.թ. 6)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանի վճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված։ Դատարանի վճիռը հիմնավորվում է միայն դատական նիստում հետազոտված ապացույցներով։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-րդ կետի համաձայն` վճիռ կայացրած դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձանց դիմումով կամ իր նախաձեռնությամբ պարզաբանել վճիռը, ուղղել թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալները՝ չփոփոխելով վճռի բովանդակությունը և էությունը։

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի համաձայն, եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «կամ» շաղկապով բաժանված պայմաններով, ապա այդ նորմի կիրառման համար բավական է թվարկված պայմաններից առնվազն մեկի առկայությունը։ Երևանի քաղաքացիական դատարանի 31.10.2008 թվականի վճռով վճռվել է. «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 05.10.2001թ. որոշման պահանջների համաձայն՝ պարտավորեցնել պատասխանող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ին հայցվոր Էմմա Ավագյանի իրավունքների դադարման դիմաց որպես սեփականություն հայցվորին տրամադրել Գինու գործարանին հարող տարածքում «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքից բնակարան կամ տրամադրել համարժեք փոխհատուցում»։

Դատարանի 02.09.2009 թվականի որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանը 31.10.2008թ. վճռի եզրափակիչ մասի 1-ին կետով սահմանված «կամ տրամադրել համարժեք դրամական հատուցում» եզրահանգումը պարզաբանվել է որպես «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու» կարգի 8-րդ կետով նախատեսված դրամական հատուցում վճարելու պարտավորություն, քանի որ Երևանի քաղաքացիական դատարանի վճռի հիմքում դրվել էր հենց վերոնշյալ կարգը։

Վերաքննիչ դատարանի որոշման հիմքում դրվել է այն հանագամանքը, որ «վճռի պարզաբանման խնդիրն ընդհանրապես բացակայում է», ինչպես նաև արձանագրել է, որ «Դատարանը փոփոխել է վճռի էությունը»։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Էմմա Ավագյանը սեփականատեր չէ, այլ միայն գրանցված անձ, ուստի Դատարանի 02.09.2009 թվականի վճիռը պարզաբանելու մասին որոշմամբ Երևանի քաղաքացիական դատարանի 31.10.2008 թվականի վճռի բովանդակությունը և էությունը չի փոփոխվել, քանի որ գրանցված անձանց տրամադրման ենթակա գումարային աջակցության չափը որոշվում է ՀՀ կառավարության 05.10.2001 թվականի թիվ 950 որոշման 1-ին կետով հաստատված՝ «Երևան քաղաքի օտարման գոտիներում գտնվող հողամասերն ու անշարժ գույքը վերցնելու, փոխհատուցելու, գնային առաջարկը ձևավորելու և իրացնելու» կարգի 8-րդ կետով, ինչն էլ պարզաբանվել է Դատարանի 02.09.2009 թվականի որոշմամբ։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի վերը նշված հիմքերի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։

Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով՝ Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.11.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի 02.09.2009 թվականի որոշմանը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան