Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր
Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների լիցենզիոն մարմինների կողմից տրվող շինարարական գործունեության իրականացման համար լիցենզիաների փոխադարձ ճանաչման մասին
Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները՝ ի դեմս Կառավարությունների, այսուհետ` Կողմեր,
կարևոր նշանակություն տալով Համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը,
հաշվի առնելով «Ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման բնագավառում համաձայնեցված քաղաքականություն անցկացնելու մասին» 1992 թվականի մարտի 13-ի՝ Համաձայնագրի և «Ներդրումային գործունեության բնագավառում համագործակցության մասին» 1993 թվականի դեկտեմբերի 24-ի՝ Համաձայնագրի դրույթները,
ղեկավարվելով շինարարական գործունեությունում համագործակցության մասին Համաձայնագրի դրույթներով,
համաձայնեցին ներքոհիշյալի մասին.
Հ ո դ վ ա ծ 1
Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ հասկացությունները նշանակում են.
լիցենզիա (պետական լիցենզիա)` հատուկ թույլտվություն (փաստաթուղթ), որը տրվում է Կողմի լիազորված պետական մարմնի կողմից, իրավունք է տալիս դրա տիրոջը Կողմի տարածքում իրականացնել շինարարական գործունեության որոշակի ձև սահմանված ժամկետի ընթացքում,
շինարարական գործունեություն` նախագծային և շինմոնտաժային աշխատանքների, շինարարության համար ինժեներական հետազոտությունների առանձին ձևեր, շինարարական նյութերի, առարկաների և կոնստրուկցիաների արտադրություն, ինժեներային և այլ աշխատանքների ու ծառայությունների մատուցում, որոնց Կողմի տարածքում իրականացման համար պահանջվում է լիցենզիայի ստացում,
լիցենզատու (լիցենզավորող մարմին)` Կողմի պետական մարմին, որը Կողմի ազգային օրենսդրության համաձայն լիազորված է վարել շինարարական գործունեություն,
լիցենզառու (լիցենզավորման սուբյեկտ)` իրավաբանական կամ ֆիզիկական անձ (անհատ ձեռներեց), որը Կողմի տարածքում շինարարական գործունեության առանձին ձևի իրականացման համար ունի լիցենզիա:
Հ ո դ վ ա ծ 2
Կողմերի լիցենզատուները փոխադարձ ճանաչում են իրենց կողմից տրված լիցենզիաները շինարարական գործունեության առանձին ձևերի համար, որոնցով նրանց մոտ լիցենզիաների տրման կարգը համարժեք է` համապատասխան ազգային լիցենզիայի ձևակերպման և լիցենզառուին տրման միջոցով:
Կողմերի լիցենզատուների կողմից տրվող լիցենզիաների փոխադարձ ճանաչման, լիցենզիաների ձևաթղթերի և կնիքների նմուշների փոխանակման կարգը, շինարարական գործունեության առանձին ձևերի համարժեքությունը (աշխատանքների և ծառայությունների համաձայնեցված ցանկով) և սույն Համաձայնագրի շրջանակներում այլ հարցերի լուծման կարգը սահմանում են շինարարության պետական կառավարման կենտրոնական մարմինները կամ Կողմերի այլ լիազորված պետական մարմինները` իրենց միջև կնքված առանձին պայմանագրերի հիման վրա:
Հ ո դ վ ա ծ 3
Լիցենզառուին տրված համապատասխան ազգային լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է այն Կողմի ազգային օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կկատարվի շինարարական գործունեություն, սակայն չպետք է գերազանցի մյուս Կողմի լիցենզատուի տված լիցենզիայի գործողության ժամկետը: Փոխադարձ ճանաչված լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կատարվում է այն Կողմի լիցենզատուի կողմից, որն իր կողմից հաստատված կարգով տվել է համապատասխան ազգային լիցենզիա:
Հ ո դ վ ա ծ 4
Փոխադարձ ճանաչված լիցենզիայի հանձնման համար վճարի չափը որոշվում է այն Կողմի լիցենզատուի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում կկատարվի շինարարական գործունեությունը: Այն դեպքում, եթե նման լիցենզիայի հանձնման համար վճարի չափը օրենսդրորեն սահմանված չի, ապա այն շինարարական գործունեության յուրաքանչյուր առանձին ձևի համար սահմանվում է 25 ԱՄՆ դոլար գումարին համարժեք չափով: Լիցենզիայի հանձնման համար վճարման կարգը, լրացուցիչ վճարների և գանձումների վճարման չափը և կարգը սահմանվում են այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որի լիցենզատուն տալիս է փոխադարձ ճանաչված ազգային լիցենզիա:
Վճարումը կատարվում է այն Կողմի ազգային արժույթով, որտեղ լիցենզառուն մտադրություն ունի իրականացնել շինարարական գործունեություն, ԱՄՆ դոլարի հանդեպ ազգային բանկի սահմանած այդ ազգային արժույթի կուրսով լիցենզառուի կողմից իրեն փոխադարձ ճանաչված ազգային լիցենզիայի հանձնման մասին հայտարարության ընդունման օրով:
Հ ո դ վ ա ծ 5
Կողմերի լիցենզատուները փոխգործակցում են լիցենզիաների միասնական ձևաթղթերի, լիցենզիաների փոխադարձ ճանաչման համար փաստաթղթերի ցանկի և լիցենզավորման ենթակա շինարարական գործունեության առանձին ձևերի ցանկի ստեղծման գործում, ինչպես նաև տեղեկություններ են փոխանակում իրենց կողմից կքնված առանձին պայմանագրերի, փոխադարձ ճանաչված ազգային լիցենզիաների գրանցման և լիցենզառուներին հանձնման մասին:
Հ ո դ վ ա ծ 6
Լիցենզառուի կողմից իրեն տրված լիցենզիայում նշված շինարարական գործունեության առանձին ձևերի իրականացման պայմանների և կանոնների խախտման դեպքում, լիցենզատուն կարող է չեղյալ հայտարարել (հետ կանչել) լիցենզիան կամ դադարեցնել դրա գործողությունը` այն Կողմի օրենսդրությանը համապատասխան, որին ներկայացնում է լիցենզատուն:
Հ ո դ վ ա ծ 7
Սույն Համաձայնագիրը չի շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներն են հանդիսանում Կողմերը, այդ թվում՝ Կողմերի լիցենզատուների կողմից մյուս պետության լիցենզառուներին և համատեղ ձեռնարկություններին տրված լիցենզիաների մասին:
Կողմերը համաձայնեցին, որ սույն Համաձայնագրի մասնակիցներ չհանդիսացող մյուս պետությունների հետ շինարարական գործունեության առանձին ձևերի համար լիցենզիաների փոխադարձ ճանաչման մասին պայմանագրերի կնքման դեպքում, նրանք հաշվի կառնեն սույն Համաձայնագրի դրույթները:
Հ ո դ վ ա ծ 8
Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և հանդիսանում են սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:
Սույն Համաձայնագրի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը կարգավորվում են Կողմերի շինարարության պետական կառավարման կենտրոնական մարմինների կամ այլ լիազորված պետական մարմինների միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
Բանակցությունների միջոցով վիճելի հարցերը կարգավորելու անհնարինության դեպքում, Կողմերի համաձայնությամբ, դրանց կարգավորումը կարող է փոխանցվել միջազգային ցանկացած արբիտրաժի:
Հ ո դ վ ա ծ 9
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ պետությունների համար, որոնց օրենսդրությունը Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում` ավանդապահին համապատասխան ծանուցումը հանձնելու օրվանից:
Հ ո դ վ ա ծ 10
Սույն Համաձայնագիրը գործում է այն ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ՝ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերն այլ որոշում չընդունեն:
Հ ո դ վ ա ծ 11
Յուրաքանչյուր Կողմ կարող է դադարեցնել կամ կասեցնել իր մասնակցությունը սույն Համաձայնագրին` ավանդապահին այդ մասին առնվազն վեց ամիս առաջ նախնական պաշտոնական գրավոր ծանուցում ուղարկելով:
Հ ո դ վ ա ծ 12
Սույն Համաձայնագրիրը բաց է դրա դրույթները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` ավանդապահին այդպիսի միացման փաստաթղթերի հանձնման միջոցով:
Հ ո դ վ ա ծ 13
Սույն Համաձայնագրի դրույթների համակարգումը և դրանց նկատմամբ հսկողությունը Կողմերից յուրաքանչյուրի որոշմամբ դրվում է Կողմերի շինարարության պետական կառավարման կենտրոնական մարմինների կամ այլ լիազորված պետական մարմինների վրա, ինչպես նաև շինարարական գործունեությունում համագործակցության գծով միջկառավարական Խորհրդի վրա, որը Տնտեսական միության Միջպետական տնտեսական կոմիտեին տարեկան ներկայացնում է հաշվետվություն Համաձայնագրի կատարման ընթացքի մասին:
Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի հունվարի 17-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:
*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1999 թվականի մարտի 4-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|