Գլխավոր տեղեկություն
Համար
N 655-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.640
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.05.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2010

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2010 թվականի N 655-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1523-Ն որոշման N 4 հավելվածի 27-րդ, 28-րդ, 29-րդ և 30-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

  

27.

Տարածքային համաչափ զարգացման ռազմավարության իրականացում

 

1. Տարածքային զարգացման անհամամասնությունների մեղմում. մարզերի համար մարզային զարգացման ծրագրերի մշակում

 

Հաշվետու ժամանակահատվածում նախատեսվում է մշակել ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի զարգացման ծրագրերը:

 

2. Տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման, սահմանամերձ համագործակցության զարգացման գործում Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում տարածաշրջանային վիճակագրական համակարգի ստեղծմանն օժանդակում և նպատակային ծրագրերի իրականացում

 

ԵՄ-ում կիրառվող` Վիճակագրության համար տարածքային միավորների անվանացանկի (ՆԱԹՍ) չափանիշների ներդրման համար առաջարկությունների մշակում:

28.

Տարածքային կառավարման մարմինների աշխատանքի կազմակերպման նոր մոտեցումների ներդրում

 

1. Տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետության բարձրացում

 

Իրավական և մասնագիտական հսկողության ամենամյա աշխատանքային ծրագրի քննարկում և հաստատում: Տարածքային կառավարման մարմինների կողմից իրականացված հսկողության արդյունքների (ակտերի) վերլուծություն և առաջարկությունների ներկայացում, հայտնաբերված խախտումների ուղղման նպատակով առաջարկությունների ներկայացում և վերահսկողություն: Որպես իրավական հսկողության բարձրագույն մարմին համայնքում իրավական հսկողության իրականացման, տեղական ինքնակառավարման մարմինների և համայնքին պատկանող հաստատությունների գործողությունների և անգործության իրավաչափության ստուգման նպատակով այցելությունների իրականացում, արդյունքների վերլուծություն և վերահսկողություն:

 

2. Տարածքային կառավարման համակարգում բարեփոխումների իրականացում

 

Նախատեսվում է ՀՀ Նախագահի նոր հրամանագրի կազմում շահագրգիռ մարմինների և հանրության հետ քննարկում ու ներդրում, ինչպես նաև ՀՀ Նախագահի նոր հրամանագրի ներդրման արդյունավետության գնահատում:

 

3. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման` ՀՀ տարածքային կառավարման նախարարության մասով միջոցառումների ծրագրի կատարման ապահովում

 

ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման` ՀՀ տարածքային կառավարման նախարարության մասով միջոցառումների ծրագրի կատարման ապահովմանն ուղղված գերակա խնդիրը պայմանավորված է նշված ծրագրով 2010թ-ին նախատեսված միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ:

29.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական եկամուտների ապահովման նոր կարողությունների ձևավորում

 

1. Ֆինանսական համահարթեցման նոր համակարգի ներդրում

 

Պետության կողմից համայնքներին հատկացվող դոտացիաները հնարավորինս արդար բաշխելու նպատակով նոր օրենքով դրա հաշվարկման բանաձևում հաշվի են առնվում նախկինում դերակատարություն չունեցած լրացուցիչ մի շարք ցուցանիշներ։ Դրանցից են համայնքի բարձրադիրությունը, տրանսպորտային մատչելիության գործակիցը կամ համայնքի հեռավորությունը մայրաքաղաքից, մարզկենտրոնից ու շրջկենտրոնից։ Կարևորվում է նաև համայնքի բնակչության թիվը, անգամ տարիքային կառուցվածքը (համայնքի բնակիչներից քանիսն են մինչև 16 տարեկան, քանիսն են աշխատունակ և քանիսը` թոշակառու) նոր օրենքով դոտացիայի հաշվարկման առաջարկվող բանաձևում հաշվի է առնվում նաև համայնքային ծառայությունների որակի գործակիցը։ «Ֆինանսական համահարթեցման մասին» նոր օրենքի ընդունմամբ ներդրվում է ֆինանսական համահարթեցման նոր համակարգ:

 

2. Համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործում, տեղական նոր հարկատեսակների ներմուծում («Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների կատարում)

 

ՀՀ-ում տեղական հարկերի համակարգի առկայությունը սահմանադրական պահանջ է: Այն ձևավորելու, կանոնակարգելու և ներդնելու նպատակով անհրաժեշտ է ընդունել տեղական հարկերի մասին օրենք և կատարել որոշ փոփոխություններ գործող օրենսդրական ակտերում: Այն բխում է նաև Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի պահանջներից։

 

3. Համայնքների համար գույքահարկի և հողի հարկի համար տեղեկատվական միասնական բանկի ստեղծում

 

Որպես ՀՀ-ի բոլոր համայնքներին առնչվող տվյալների տեղեկատվական միասնական բանկի ստեղծման առաջին քայլ անհրաժեշտ է կազմակերպել գույքահարկի և հողի հարկի տվյալների հետ կապված տեղեկատվական հոսքերի կառավարումը, քանի որ գույքային հարկերը տեսակարար մեծ կշիռ ունեն համայնքների սեփական եկամուտների մեջ և դրանց մեծությունն էական ցուցանիշ է պետական բյուջեից համայնքային բյուջեներին տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկներում: ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում տեղադրվելիք գույքահարկի և հողի հարկի տվյալների միասնական շտեմարանը հնարավորություն կտա հետևելու և պարբերական տեղեկատվություն ստանալու ՏԻՄ-երի կողմից` ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքահարկի և հողի հարկի հավաքագրման գործընթացին, ընթացիկ ցուցանիշներին և դրանց դինամիկային: Բացի դրանից, միասնական շտեմարանում ներածվելիք տվյալների հիման վրա հնարավոր կլինի ստանալ համայնքային բյուջեների մոնիթորինգին, ինչպես նաև, ընդհանրապես, տարածքային կառավարմանն առնչվող այլ վերլուծություններին և կանխատեսումներին անհրաժեշտ ամփոփ վիճակագրական տվյալներ և ցուցանիշներ:

30.

Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սեփական և պատվիրակված լիազորությունների իրականացման որակի բարձրացում

 

1. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ տարածքային կառավարման նախարարության` Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ արդյունավետ հարաբերություններ ապահովող կարողությունների ձևավորում

Նախատեսվում է ներդնել վարչական և ֆինանսական հսկողության մեխանիզմների արդյունավետ համակարգ:

2. Վարչատարածքային բարեփոխումների իրականացում

Եվրոպայի խորհրդի հետ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի քննարկում, տեխնիկական և փորձագիտական օժանդակության ապահովում

Համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունում կա 915 համայնք: Այդ համայնքների հիմնական մասի համայնքային բյուջեի ծավալները բավականին փոքր են, կան նույնիսկ համայնքներ, որոնք գործնականում բյուջե չունեն, հետևաբար հնարավորություն չունեն իրականացնելու օրենքով իրենց վրա դրված խնդիրները: Միջհամայնքային միավորումների ստեղծումն ու համայնքների խոշորացումը հնարավորություն կընձեռեն փոքր բյուջե ունեցող համայնքներին միավորել իրենց ֆինանսական միջոցներն ու դրանց առավել օպտիմալ և նպատակային օգտագործման արդյունքում արդյունավետ իրականացնել իրենց սեփական, ինչպես նաև պետության կողմից համայնքներին պատվիրակված լիազորությունները: Հաշվի առնելով 2004թ. Հայաստանի և Եվրոպայի խորհրդի գործողությունների պլանը` ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն իր առջև դրված գերակա խնդիրներից է համարում Եվրոպայի խորհրդի հետ տեղական ինքնակառավարման համակարգում իրականացվող բարեփոխումների ընթացքի քննարկումը, տեխնիկական և փորձագիտական օժանդակության ապահովումը: ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգում բարեփոխումներ իրականացնելու, ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը կատարելագործելու և եվրոպական չափանիշներին համապատասխան տեղական ինքնակառավարում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ուսումնասիրել եվրոպական փորձը, համագործակցել Եվրոպայի խորհրդի փորձագետների հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


 2010 թ. հունիսի 3

 Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան