Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-892
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.614
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.06.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
03.06.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.06.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 3 հունիսի 2010 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԼԻՆՍԻ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող, զեկուցող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ա. Գյուրջյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում բանավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մայիսի 27-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 27 մայիսի 2010թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի բացատրությունը, հետազոտելով Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիրն ստորագրվել է 2010թ. մայիսի 27-ին:

Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի նպատակն է Հայաստանում իրականացնել լրացուցիչ ծրագիր` ուղղված Հայաստանի ժողովրդի բարեկեցության ապահովմանը` կրթական հաստատությունների բարենորոգման և վերակառուցման միջոցով («Դպրոցաշինության երկրորդ ծրագիր»):

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի II հոդվածի 2.1. բաժնի «ա» կետի (i) ենթակետի 2-րդ պարբերությունում նախատեսված ֆինանսական պարտավորությունները կատարել բարեխղճորեն, այն հաշվով, որպեսզի Ծրագիրն ավարտին հասցվի նախատեսված ժամկետին:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի II հոդվածի 2.1. բաժնի «ա» կետի (i) ենթակետի 4-րդ պարբերությունում նախատեսված հանգամանքների առկայության դեպքում հաջորդ տարվա պետական բյուջեով միջոցներ հատկացնել Ծրագրի գերազանցող գումարների տարբերությունը փակելու համար:

Հայաստանի Հանրապետությունը, Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի IV հոդվածի 4.6. բաժնի համաձայն, պարտավորվում է «Լինսից», նրա լիազորված ներկայացուցիչներից, որոնք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն կամ ՀՀ օրենսդրությամբ ստեղծված մարմիններ չեն, ինչպես նաև Ծրագրի համար օգտագործված նյութերի և ծառայությունների դիմաց ոչ մի տեսակի հարկեր, տուրքեր և կառավարական մարմինների կողմից պահանջվող գանձումներ չգանձել, բացառությամբ այն դեպքերի, երբ դա նախապես գրավոր կերպով համաձայնեցված է «Լինսի» հիմնադրամի հետ:

Կողմերը համաձայն են, որ Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագիրն ընդունվի Հայաստանում որպես միջազգային պայմանագիր և ՀՀ կառավարության համար պարտադիր բնույթ ունեցող ներպետական և միջազգային պարտավորություն: Հայաստանի Հանրապետության համար նշված պարտավորության համար իրավական հիմք են հանդիսանում «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» 2007թ. փետրվարի 22-ի ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի դրույթներն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտ կարող է լինել նաև միջազգային կամ oտարերկրյա պետության ոչ կառավարական կազմակերպությունը կամ միավորումը, որը Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում է կամ մտադիր է իրականացնել բարեգործական, մարդասիրական, զարգացման կամ տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական աջակցությանն ուղղված գործունեություն կամ Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է կամ տրամադրելու է մարդասիրական կամ ֆինանսական oգնություն»:

Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրի VII հոդվածը նախատեսում է, որ կողմերի միջև հնարավոր վեճերի կարգավորման ժամանակ Հուշագիրը պետք է մեկնաբանվի Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքի օրենքների համաձայն և պետք է գերակայեն բոլոր փաստաթղթերի անգլերեն տարբերակները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի մայիսի 27-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և «Լինսի» հիմնադրամի միջև Վերաձևակերպված երկրորդ փոխըմբռնման հուշագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան


3 հունիսի 2010 թ.
 ՍԴՈ-892