Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-883
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.05.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.605
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.05.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2010

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

 25 մայիսի 2010 թ.

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2009-2010 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2010 թվականի մարտի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2009-2010 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի՝ 26.04. 2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2010թ. մարտի 16-ին` Երևանում:

2. Համաձայնագրով նախատեսված է սոցիալ-տնտեսական զարգացման նպատակով ֆինանսական և վարկային աջակցություն ցուցաբերել բնապահպանության, տնտեսության, էներգետիկայի և ժողովրդավարության ոլորտներում:

3. Համաձայնագրով նախատեսված գումարներն ուղղվելու են, մասնավորապես, հետևյալ ծրագրերի իրագործմանը`

«Բնապահպանական ծրագիր. արգելոցների աջակցության բաղադրիչ»` ֆինանսական օժանդակություն մինչև չորս միլիոն եվրո,

հանրային զարգացման համագործակցության շրջանակում «Էներգետիկայի ծրագիր. Վերականգնվող Էներգակիրների վարկավորման բաղադրիչ»` վերականգնման վարկերի բանկից մինչև տասնութ միլիոն եվրո գումարի չափով իջեցված տոկոսադրույքով վարկ, ինչպես նաև մինչև մեկ միլիոն հինգ հարյուր հազար եվրո գումարի չափով ֆինանսական օժանդակություն վերոհիշյալ ծրագրի անհրաժեշտ հարակից միջոցառումների անցկացման և համակարգման նպատակով,

հանրային զարգացման համագործակցության շրջանակում «Ժողովրդավարության, համայնքային զարգացման, իրավական պետության ծրագիր. Համայնքային ենթակառուցվածքների բաղադրիչ»` վերականգնման վարկերի բանկից մինչև քառասուն միլիոն եվրո գումարի չափով իջեցված տոկոսադրույքով վարկ,

հանրային զարգացման համագործակցության շրջանակում «Էներգետիկայի ծրագիր. Հիդրոէլեկտրակայանների Որոտան կասկադ բաղադրիչ» ծրագրի համար` վերականգնման վարկերի բանկից մինչև քսաներկու միլիոն եվրո գումարի չափով իջեցված տոկոսադրույքով վարկ:

4. Համաձայնագրով նախատեսվում է նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համատեղ, փոխադարձ համաձայնությամբ ընտրվող հասցեատեր, որին հնարավորություն կտրվի ստանալու վարկային գումարներ` Վերականգնման վարկերի բանկից:

5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

երաշխավորել Վերականգնման վարկերի բանկի օգտին վճարումները եվրոյով` ի կատարումն երրորդ պետության` ՀՀ միջնորդությամբ ստանձնած վարկային պարտավորությունների,

ազատել Վերականգնման վարկերի բանկին բոլոր տեսակի հարկերից և պետական այլ տուրքերից, երբ պայմանագրի կնքման գործընթացը տեղի է ունենալու ՀՀ տարածքում,

վարկի և ֆինանսական օժանդակության օգտագործումից անհրաժեշտաբար բխող ծովային, ցամաքային և օդային ճանապարհներով անձանց և գույքի տեղափոխման համար ուղևորներին և առաքողներին տրամադրել տրանսպորտային ձեռնարկության ազատ ընտրության հնարավորություն, ընդ որում` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գործող տրանսպորտային ձեռնարկությունների իրավահավասար մասնակցությամբ, անհրաժեշտության դեպքում տրամադրել պահանջվող թույլտվություններ տրանսպորտային հիշյալ ձեռնարկությունների մասնակցության համար:

Համաձայնագրով սահմանված են նաև դրա ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2010 թվականի մարտի 16-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2009-2010 թվականների ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Նախագահող

Գ. Հարությունյան


25 մայիսի 2010 թ.
 ՍԴՈ-883

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան