Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.5
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական
դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0688/02/08

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0688/02/08

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ն. Հովսեփյան

Դատավորներ՝ Ա. Մկրտչյան

               Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Տ. Պետրոսյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Տիգրան Սանասարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Խաչիկ Գալստյանի ընդդեմ Տիգրան Սանասարյանի, երրորդ անձ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շենգավիթի տարածքային ստորաբաժանման՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին և Տիգրան Սանասարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Խաչիկ Գալստյանի՝ գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Խաչիկ Գալստյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի «Նոյ» թաղամասի 10/2 հասցեի հողամասի` տան մի հատվածով ծանրաբեռնված 250 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Տիգրան Սանասարյանը պահանջել է Խաչիկ Գալստյանի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնել Երևանի «Նոյ» թաղամասի 10/2 հասցեի 250 քմ մակերեսով հողամասը։

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 11.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 01.10.2009 թվականի որոշմամբ Դատարանի 11.06.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տիգրան Սանասարյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները։ Ավելին, Վերաքննիչ դատարանը չի պարզել, թե վիճելի հողամասը երբ է անցել Խաչիկ Գալստյանի տիրապետմանը, այլ միայն 1994 թվականին շինանյութեր ձեռք բերելու վերաբերյալ փաստաթղթերի առկայությունն անհասկանալիորեն կապել է սույն վեճի հետ և եզրահանգել, որ Խաչիկ Գալստյանն այդ թվականից տիրապետում է վիճելի հողամասը։ Մինչդեռ, սույն գործում առկա չէ որևէ հիմնավոր ապացույց վիճելի հողամասը Խաչիկ Գալստյանի տիրապետմանն անցնելու և դրա վրա բնակելի տուն կառուցելու ժամանակի վերաբերյալ։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցադիմումով հաստատվում է Խաչիկ Գալստյանի` իր տիրապետման անբարեխղճության մասին իմանալու հանգամանքը, քանի որ Տիգրան Սանասարյանը միշտ դեմ է եղել շինարարությանը։

Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել այն հանգամանքին, թե արդյոք գույքի սեփականատերը հրաժարվել է իր գույքից, մասնավորապես` անտեսել է, որ Տիգրան Սանասարյանը 1991 թվականից անընդմեջ բնակվում է «Նոյ» թաղամասի 10/2 հասցեում, վճարում է հողի, ջրի, էլեկտրաէներգիայի վարձերը և այդտեղ տնտեսություն է վարում։ Ավելին, նշված հասցեում գտնվող հողակտորի մնացած մասը 2005 թվականին օրինականացրել է և դրա համար մեծ գումարներ է վճարել, ինչը վկայում է այն մասին, որ Տիգրան Սանասարյանը չէր կարող հրաժարվել անհատույց տրամադրված հողամասից։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.10.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վերաքննիչ դատարանը լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր փաստաթղթերը և նյութերը, սխալ է վերլուծել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, քանի որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայություն։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Երևան քաղաքի Ժողովրդական պատգամավորների Շահումյանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի 24.03.1994 թվականի թիվ 9/149 որոշման համաձայն` ինը քաղաքացիների, այդ թվում` Խաչիկ Գալստյանին և Տիգրան Սանասարյանին Շահումյանի անվան նախկին կոլտնտեսությանը տրամադրված հողամասից (ներկայումս` «Նոյ» թաղամաս) բնակելի տուն կառուցելու համար հատկացվել են 400-ական քմ մակերեսով տնամերձ հողամասեր (հ. 1, գ.թ. 28)։

2) Երևանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության 15.02.1999 թվականի շինարարության թույլտվության համաձայն` Խաչիկ Գալստյանին թույլատրվել է Շահումյանի անվան նախկին կոլտնտեսության թիվ 10/1 հողակտորում իրականացնել բնակելի տուն կառուցելու շինարարական աշխատանքներ (հ. 1, գ.թ. 16, 17-22)։

3) Անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 23.08.2005 թվականի թիվ 2030024 վկայականի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.02.2009 թվականի գրության համաձայն` Երևանի քաղաքապետի 26.04.2005 թվականի թիվ 875-Ա որոշմամբ «Նոյ» թաղամասի 10/2 հասցեում Տիգրան Սանասարյանի կողմից կառուցված ինքնակամ շինությունն օրինականացվել է և 1618.2 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով գրանցվել է Տիգրան Սանասարյանի անվամբ, որի մեջ վիճելի 250 քմ մակերեսով հողամասը ներառված չէ (հ. 1, գ.թ. 30-31, 77-78)։

4) Գործում առկա շինանյութերի ձեռքբերման անդորրագրերում բացակայում է այն ձեռքբերողի անուն-ազգանունը (հ. 1, գ.թ. 17-22)։

5) Տիգրան Սանասարյանին պատկանող Երևանի «Նոյ» թաղամասի 10/2 հասցեի 250 քմ մակերեսով հողամասը ծանրաբեռնված է Խաչիկ Գալստյանի կողմից Երևանի «Նոյ» թաղամասի 10/1 հասցեում կառուցված շինությամբ։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ օրենսգրքի 187-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ գույքի տիրապետումն սկսվել է 1999 թվականի հունվարի 1-ից առաջ և շարունակվում է օրենսգիրքը գործողության մեջ դնելու պահին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով՝ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից՝ այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին՝ առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն)։

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը։ Մասնավորապես դրանք են՝

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ։ Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանն անցնելիս։ Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման։ Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով։ Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն՝ գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում։ Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ։ Այսինքն՝ 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի։ Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն՝ փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս ըստ հայցի Մարուսյա Աբրահամյանի, Ռուբիկ Սիմոնյանի ընդդեմ Միխաել Սիմոնյանի, Ջուլիետա Հակոբջանյանի, Արթուր Սիմոնյանի, Լարիսա Գևորգյանի, Արման, Անահիտ և Ջուլիետա Սիմոնյանների` բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու և վտարելու պահանջի մասին թիվ 3-1451(ՎԴ) գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ։

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, հաստատված համարելով, որ վեճի առարկա հողամասի վրա է գտնվում Խաչիկ Գալստյանի կառուցած բնակելի տան մի մասը, այդ հողամասն առանձնացված է Տիգրան Սանասարյանի հողամասից, 1994 թվականից Խաչիկ Գալստյանն սկսել է հողամասի վրա շինարարական աշխատանքներ, ինչպես նաև Տիգրան Սանասարյանը, 23.08.2005 թվականին սեփականաշնորհելով իր կողմից օգտագործվող ամբողջ հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը, դրանում չի ներառել վիճելի հողամասը, հանգել է այն հետևության, որ Խաչիկ Գալստյանն ավելի քան տասը տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ օգտագործում է վիճելի հողամասը որպես սեփական գույք։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված պատճառաբանությունները բավարար չեն եզրահանգելու, որ անշարժ գույքի սեփականատերը հրաժարվել է գույքի սեփականության իրավունքից կամ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտ վկայում են առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության գույքի տիրապետումից, oգտագործումից և տնoրինումից նրա մեկուսացման մասին։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Խաչիկ Գալստյանը որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, թե որ հանգամանքն է իրեն բավարար հիմքեր տվել ենթադրելու, որ ինքը վիճելի հողամասը ձեռք է բերում օրինական հիմքերով և տիրապետելու է որպես սեփականություն, որպիսի պայմաններում ապացուցված չէ տիրապետողի բարեխղճությունը։

Բացի այդ, վիճելի հողամասը Խաչիկ Գալստյանի կողմից տասը տարուց ավելի տիրապետելու փաստը Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել 1994 թվականի շինանյութերի ձեռքբերման անդորրագրերի հիման վրա` եզրակացնելով, որ այդ ժամանակից վիճելի հողամասի վրա շինարարական աշխատանքներ են իրականացվել։

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` չի անդրադարձել Երևանի քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչության շինարարության թույլտվությանը, որով Խաչիկ Գալստյանին շինարարություն իրականացելու թույլտվություն է տրվել միայն 15.02.1999 թվականին։ Այսինքն` նշված փաստական հանգամանքը հակասում է վիճելի հողամասը Խաչիկ Գալստյանի կողմից 1994 թվականից տիրապետելու փաստին։ Բացի այդ, 1994 թվականի շինանյութերի ձեռքբերման անդորրագրերը հիմք չեն ապացուցված համարելու, որ դրանցում նշված շինանյութերը ձեռք են բերվել և օգտագործվել են կոնկրետ Խաչիկ Գալստյանի կողմից նրա տան կառուցման համար, առավել ևս այն դեպքում, երբ դրանցում բացակայում է ձեռքբերողի անուն-ազգանունը։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել վեճի առարկա հողամասի սեփականատիրոջ կողմից իր գույքից հրաժարվելու, ինչպես նաև Խաչիկ Գալստյանի կողմից այն ձեռքբերման վաղեմության ուժով ձեռք բերելու, այն է՝ տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ, անընդմեջ և որպես սեփական գույք տիրապետելու փաստը, առանց հիմնավորելու իր եզրահանգումները։

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է համարում՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.10.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Տ. Պետրոսյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան