Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (25.12.1991-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
14.07.1967
Ստորագրման ամսաթիվ
14.07.1967
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.1991

 

Մ Ա Դ Ր Ի Դ Յ Ա Ն   Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ

14 ապրիլի, 1891 թվական

 

Վերանայված է Բրյուսելում` 1900 թվականի դեկտեմբերի 14-ին, Վաշինգտոնում` 1911 թվականի հունիսի 2-ին, Հաագայում 1925 թվականի նոյեմբերի 6-ին, Լոնդոնում 1934 թվականի հունիսի 2-ին,

Նիցցայում` 1957 թվականի հունիսի 15-ին և Ստոկհոլմում` 1967 թվականի հուլիսի 14-ին:

 

Հ ո դ վ ա ծ 1

 

1. Երկրները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Համաձայնագիրը, կազմում են նշանների միջազգային գրանցման հատուկ Միություն:

2. Յուրաքանչյուր Պայմանավորվող երկրի քաղաքացի կարող է սույն Համաձայնագրի մյուս բոլոր մասնակից պետություններում ապահովել ծագման երկրում գրանցված և արտադրանքների վրա ու ծառայությունների մատուցման ժամանակ կիրառվող իրենց նշանների և պահպանությունը՝ նշված ծագման երկրի Վարչակազմի միջնորդությամբ Մտավոր սեփականության Միջազգային բյուրո (այսուհետ՝ Միջազգային բյուրո) հայտի ներկայացման միջոցով, ինչը նախատեսված է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը հիմնադրող Կոնվենցիայով (այսուհետ՝ Կազմակերպություն):

3. Ծագման երկիր է համարվում Միության երկիրը, որտեղ հայտատուն ունի իրավական և լուրջ արդյունաբերական կամ առևտրային ձեռնարկություն. եթե հայտատուն չունի նման ձեռնարկություն Միության երկրում, Միության այն երկիրը, որտեղ ունի բնակության վայր. եթե նա Միության երկրում չունի բնակության վայր՝ նրա քաղաքացիության երկիրը, քանի որ նա հանդիսանում է Միության երկրներից մեկի քաղաքացի:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Պայմանավորվող երկրների քաղաքացիներին են հավասարեցվում այն երկրների քաղաքացիները, որոնք չեն միացել սույն Համաձայնագրին, եթե միայն սույն Համաձայնագրով հիմնադրված հատուկ Միության տարածքում նրանք բավարարում են «Արդյունաբերական սեփականության պահպանության մասին» Փարիզյան կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված պայմաններին:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

1. Միջազգային գրանցման համար ցանկացած հայտ պետք է ներկայացվի Համաձայնագրի կատարման Աշխատակարգով նախատեսված ձևաթղթով, նշանների ծագման երկրի Վարչակազմը հավաստում է, որ այդ հայտում ներկայացվող տեղեկությունները համապատասխանում են ազգային գրանցամատյանի տվյալներին և մատնանշում է ծագման երկրում հայտի և նշանների գրանցման ամսաթիվը և համարները, ինչպես նաև միջազգային գրանցման համար հայտի ամսաթիվը:

2. Հայտատուն պետք է նշի այն արտադրանքները և ծառայությունները, որոնց համար պահանջվել է նշանի պահպանություն, ինչպես նաև, եթե հնարավոր է, Նշանների գրանցման արտադրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման մասին Նիցցայի Համաձայնագրով սահմանված դասակարգմանը համապատասխան՝ դրանց համապատասխան դասը կամ դասերը: Եթե հայտատուն նման ցուցում չի տալիս, Միջազգային բյուրոն ինքն է դասակարգում արտադրանքները կամ ծառայությունները՝ նշված դասակարգմանը համապատասխան դասերով: Հայտատուի կողմից արված դասակարգումը ենթակա է ստուգման Միջազգային բյուրոյի կողմից, որն այն իրականացնում է ազգային Վարչակազմի հետ համատեղ: Ազգային Վարչակազմի և Միջազգային բյուրոյի միջև տարաձայնության դեպքում վերջինի որոշումը վերջնական է:

3. Եթե հայտատուն իր նշանի տարբերակիչ նշաններին վերաբերում է գույնը, ապա նա պարտավոր է.

1.1 հայտնել դրա մասին և հայտում նշել գույնը կամ գույների համադրությունը, որոնք ենթակա են պահպանման:

2.1 Հայտում ներառել նշված նշանների օրինակները գունային կատարմամբ, որոնք կկցվեն Միջազգային բյուրոյի կողմից ուղարկվող ծանուցումներին: Այդ օրինակների քանակը որոշվում է Համաձայնագրի կատարման Աշխատակարգով:

4. Միջազգային բյուրոն անմիջապես գրանցում է 1-ին հոդվածի համապատասխան ներկայացված նշանները: Գրանցման ամսաթիվ է համարվում ծագման երկրում միջազգային գրանցման համար հայտի ներկայացման ամսաթիվը, միայն եթե Միջազգային բյուրոն ազգային Վարչակազմում գրանցման օրվանից երկու ամսվա ընթացքում ստանում է հայտը: Եթե հայտը չի ստացվում այդ ժամկետում, Միջազգային բյուրոն անմիջապես հայտի ստացման ամսաթվով գրանցում է: Միջազգային բյուրոն անմիջապես գրանցման մասին հայտնում է շահագրգիռ Վարչակազմերին: Գրանցված նշանները հրապարակվում են պարբերական ամսագրում, որը հրատարակվում է Միջազգային բյուրոյի կողմից, գրանցման համար հայտում պարունակվող տվյալների հիման վրա: Համաձայնագրի կատարման Աշխատակարգում պետք է սահմանված լինի, թե արդյո՞ք հայտատուն պարտավոր է ներկայացնել նշանների կլիշե, որոնք պարունակում են պատկերված տարրեր կամ հատուկ գրաֆիկական գրառումներ:

5. Պայմանավորվող երկրներում գրանցված նշանների հրատարակման նպատակներով յուրաքանչյուր Վարչակազմ Միջազգային բյուրոյից ստանում է նշված հրատարակման որոշակի քանակ անվճար, և օրինակների որոշակի քանակ՝ իջեցված զեղչերով, որոնք հավասարաչափ են միավորների քանակին՝ համաձայն Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 16-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» ենթակետի դրույթների և Համաձայնագրի կատարման Աշխատակարգով սահմանված պայմաններով: Այդ հրապարակումը բոլոր Պայմանավորվող երկրներում կհամարվի բավարար և ոչ մի այլ հրապարակում չի պահանջվի հայտատուից:

 

Հ ո դ վ ա ծ  3 b i s

 

1. Յուրաքանչյուր Պայմանավորվող երկիր կարող է յուրաքանչյուր ժամանակ Կազմակերպության Գլխավոր տնօրենին գրավոր ծանուցել այն մասին, որ միջազգային գրանցման հետևանքով ծագած պահպանությունը կտրամադրվի այդ երկրում, միայն այն դեպքում, երբ նշանի տերը ուղղակիորեն դրա մասին կնշի իր հայցում:

2. Այդ ծանուցումն ուժի մեջ է մտնում միայն հայտարարության ամսաթվից վեց ամիս հետո, որը այդ առիթով կարվի Գլխավոր տնօրենի կողմից այլ Պայմանավորվող երկրներին:

 

Հ ո դ վ ա ծ  3 t e r

 

1. 3 bis հոդվածով նախատեսվող իրավունքը կիրառող երկրում նշանի պահպանության պահանջի տրամադրման մասին դրա միջազգային գրանցման հիման վրա պետք է հատուկ նշված լինի հայցում՝ նախատեսված 3-րդ հոդվածի առաջին պարբերությամբ:

2. Միջազգային գրանցումից հետո ներկայացված տարածքային պահպանության տրամադրման մասին պահանջը պետք է ուղարկվի ծագման երկրի Վարչակազմի միջոցով, Համաձայնագրի կատարման Աշխատակարգով սահմանված ձևաթղթի վրա: Այդ պահանջը պետք է անմիջապես գրանցվի Միջազգային բյուրոյի կողմից, որն անհապաղ ծանուցում է դրա մասին շահագրգիռ Վարչակազմերին: Պահանջը հրապարակվում է Միջազգային բյուրոյի պարբերական ամսագրում: Տարածքային պահպանությունը ուժի մեջ է մտնում Միջազգային գրանցամատյանում համապատասխան գրանցման ամսաթվից, այն դադարեցնում է իր գործողությունը նշանի միջազգային գրանցման ժամկետը լրանալուց հետո, որին այն վերաբերում է:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

1. 3-րդ և 3ter հոդվածների դրույթներին համապատասխան, այդ կարգով Միջազգային բյուրոյում կատարված գրանցման պահից, յուրաքանչյուր Պայմանավորվող երկրում նշանին տրամադրվում է նույնպիսի պահպանություն, ինչպիսին եթե ներկայացված լիներ այնտեղ անմիջականորեն: 3-րդ հոդվածով սահմանված արտադրությունների կամ ծառայությունների դասակարգումը, չի կապում Պայմանավորվող երկրները նշանի պահպանման ոլորտի որոշման առնչությամբ:

2. Միջազգային գրանցման առարկա յուրաքանչյուր նշան օգտվում է նախապատվության իրավունքով՝ սահմանված Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 4-րդ հոդվածով. այդ դեպքում պարտադիր չէ ձևականությունների կատարումը, որոնք նախատեսված են այդ հոդվածի «Դ» մասում:

 

Հ ո դ վ ա ծ  4 b i s

 

1. Մեկ կամ մի քանի Պայմանավորվող երկրներում ներկայացված նշանը հետագայում գրանցվում է Միջազգային բյուրոյի կողմից այդ նույն սեփականատիրոջ անունով կամ նրա իրավահաջորդ, համարվում է, որ միջազգային գրանցումը փոխարինում է նախորդ ազգային գրանցումները՝ առանց իրավունքներին վնասելու, որոնք ձեռք են բերվել այդ նախորդ գրանցումների ժամանակ:

2. Ազգային Վարչակազմը պարտավորվում է պահանջի դեպքում իր գրանցամատյանում կատարել միջազգային գրանցման մասին նշում:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

1. Այն երկրներում, որտեղ դա նախատեսվում է օրենսդրությամբ, Վարչակազմերը, որոնք ծանուցվել են Միջազգային բյուրոյի կողմից, նշանի գրանցման մասին կամ 3ter հոդվածին համապատասխան, պահպանություն տրամադրելու պահանջի մասին, իրավունք ունեն հայտնելու, որ այդ նշանի պահպանությունը իրենց տարածքում չի կարող տրամադրվել: Նման մերժումը կարող է բողոքարկվել միայն Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի ուժով, ազգային գրանցման համար ներկայացված նշանի նկատմամբ կիրառելի պայմաններով: Սակայն պահպանությունը չի կարող մերժվել, նույնիսկ մասնակիորեն, միայն այն հիմքով, որ ազգային օրենսդրությունը նախատեսում է միայն սահմանափակ քանակով դասերի կամ արտադրանքների կամ ծառայությունների սահմանափակ թվով գրանցում:

2. Վարչակազմերը, որոնք ցանկանում են օգտվել այդ իրավունքից, պետք է հայտնեն իրենց մերժման մասին՝ նշելով բոլոր հիմքերը Միջազգային բյուրոյին՝ իրենց ազգային օրենսդրությամբ նախատեսված ժամկետներում և ամենաուշը մինչև տարվա ավարտը, որը, միջազգային նշանի կամ 3ter հոդվածին համապատասխան հաշվարկվում է պահպանության տրամադրման մասին հայցի գրանցման սկզբից:

3. Միջազգային բյուրոն անմիջապես վերահասցեագրում է նշանի ծագման երկրի Վարչակազմին և նշանի սեփականատիրոջը կամ նրա կողմից լիազորվածին, եթե վերջինի մասին հիշյալ Վարչակազմը հայտնել է Բյուրոյին, մերժման մասին ծանուցման օրինակներից մեկը: Շահագրգիռ անձին տրամադրվում են նույնպիսի պայմաններ բողոքարկման համար, ինչպես եթե նշանը ներկայացված լիներ անմիջականորեն այն երկրում, որտեղ պահպանության գործում մերժվել է:

4. Նշանի պահպանության գործում մերժման հիմքերը պետք է հայտնվեն Միջազգային բյուրոյի կողմից բոլոր այն շահագրգիռ անձանց, որոնք նրանից այդ կպահանջեն:

5. Վարչակազմերը, որոնք վերոհիշյալ՝ մեկ տարի մաքսիմալ ժամկետում չեն հայտնում Միջազգային բյուրոյին նշանի գրանցման կամ պահպանության տրամադրման իրենց որոշման ժամանակավոր կամ վերջնական մերժման մասին, կորցնում են նշանի նկատմամբ իրավունքը՝ նախատեսված սույն հոդվածի առաջին պարբերությամբ:

6. Միջազգային նշանի անվավերությունը չի կարող հայտարարվել իրավասու իշխանությունների կողմից առանց նշանի սեփականատիրոջ բավարար ժամկետի տրամադրման իրենց իրավունքների ապացույցի համար: Միջազգային նշանի ճանաչման մասին որոշումը անվավեր է ճանաչվում Միջազգային բյուրոյի կողմից:

 

Հ ո դ վ ա ծ  5 b i s

 

Եթե նշաններում այնպիսի առանձին տարրերի օգտագործման օրինականությունը հավաստող, ինչպիսին են զինանշանները, զինանշանային վահանակները, նկարները, տարբերանշանները, կոչումները, առևտրային անվանումները կամ հայտատուի սեփական անունից տարբերվող անձանց անունները, ինչպես նաև նման նշումներ, փաստաթղթերը պահանջվում են Պայմանավորվող երկրների Վարչակազմերի կողմից, ապա նրանք ազատվում են ցանկացած օրինականացումից և ցանկացած հաստատումից, բացի նրանից, որոնք իրականացնում է ծագման երկրի Վարչակազմը:

 

Հ ո դ վ ա ծ  5 t e r

 

1. Միջազգային բյուրոն ցանկացած անձի խնդրանքով՝ տուրքի վճարման պայմանով, որը սահմանված է կատարման Աշխատակարգով, տրամադրում է գրանցամատյանում կատարված նշանի գրանցման մասին նշման պատճենը:

2. Միջազգային բյուրոն կարող է նաև վարձատրությամբ իրականացնել միջազգային նշանների նյութերի փորձաքննություն:

3. Պայմանավորվող երկրներից մեկում վերարտադրելու նպատակով պահանջվող գրառումները Միջազգային գրանցամատյանից ազատվում են ցանկացած օրինականացումից:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

1. Միջազգային բյուրոյում նշանի գրանցումը իրականացվում է 20 տարի ժամկետով, 7-րդ հոդվածով նախատեսված պայմաններով, պահպանության վերականգնման հնարավորության տրամադրմամբ:

2. Նշանի միջազգային գրանցման պահից հինգ տարին լրանալուց հետո, վերջինը դառնում է անկախ ծագման երկրում նախկինում գրանցված ազգային նշանից՝ հաջորդ դրույթների պայմանով:

3. Նշանի միջազգային գրանցման հետևանքով առաջացած պահպանությունը, վերազինված կամ ոչ, չի կարող դադարեցվել ամբողջովին կամ մասնակիորեն, եթե միջազգային գրանցման ամսաթվից հինգ տարի հետո ազգային նշանը, որը 1-ին հոդվածին համապատասխան նախկինում ծագման երկրում գրանցվել էր, արդեն ամբողջովին կամ մասամբ չի օգտվում տվյալ երկրում օրինական պահպանությունից: Այդ դրույթը վերաբերում է նաև այն դեպքին, երբ նման օրինական պահպանությունը դադարեցվում է հետագայում դատական հայցի քննարկման արդյունքում, որը հարուցվել է հնգամյա ժամկետը լրանալուց հետո:

4. Նշանի կամավոր կամ պարտադրաբար չեղյալ հայտարարելու մասին: Դատական քննության դեպքում հիշյալ Վարչակազմը Միջազգային բյուրոյին է ուղարկում իր նախաձեռնությամբ կամ դիմումով հայցվորի հայցադիմումի պատճենը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը հաստատում է այդ հայցը, ինչպես նաև դատարանի վերջնական որոշումը: Բյուրոն այդ որոշումը մտցնում է Միջազգային գրանցամատյան:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

1. Գրանցումը միշտ կարող է երկարաձգվել 20 տարի ժամկետով, սկսած նախորդ ժամանակաշրջանի ավարտից, հիմնական տուրքի վճարման միջոցով և, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ և հավելյալ տուրքի, որոնք նախատեսված են 8-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ:

2. Նախորդ գրանցման գործողության ժամկետի երկարաձգման դեպքում դրանում չի կարող կատարվել որևէ փոփոխություն:

3. Առաջին երկարաձգումը, որը իրականացվում է 1957 թվականի հունիսի 15-ի Նիցցայի Ակտի կամ սույն Ակտի դրույթներին համապատասխան, պետք է բովանդակի Միջազգային դասակարգման դասերին մատնանշում, որոնց վերաբերում է գրանցումը:

4. Պահպանության գործողության ժամկետի ավարտից վեց ամիս առաջ Միջազգային բյուրոն, պահպանության գործողության ավարտի ժամկետի ճշգրիտ ամսաթիվը նշելով, պաշտոնական ծանուցում է ուղարկում նշանի սեփականատիրոջը կամ նրա լիազորված անձին:

5. Կատարման Աշխատակարգով սահմանված Հավելյալ տուրքի վճարման միջոցով տրամադրվում է արտոնյալ՝ վեցամսյա ժամկետ, միջազգային գրանցումը երկարաձգելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

1. Ծագման երկրի Վարչակազմը, իր հայեցողությամբ, իրավունք ունի նշանների սեփականատիրոջից սահմանել կամ գանձել իր օգտին ազգային տուրք, որի համար պահանջվում է միջազգային գրանցում կամ երկարաձգում:

2. Միջազգային բյուրոյում նշանի գրանցումը իրականացվում է միջազգային տուրքի նախնական վճարման պայմանով, որը իր մեջ ներառում է.

ա) հիմնական տուրքը,

բ) լրացուցիչ տուրք յուրաքանչյուր միջազգային դասակարգման դասի համար արտադրանքների և ծառայությունների երեք դասերից ավելի, որոնց համար պահանջվում է նշանը,

գ) հավելյալ տուրք 3ter հոդվածին համապատասխան պահպանության ընդլայնման ցանկացած պահանջի համար:

3. Սակայն լրացուցիչ տուրքը, որը նախատեսվում է 2-րդ պարբերության «բ» ենթակետով, կարող է վճարվել կատարման Աշխատակարգով սահմանվող ժամկետում, եթե արտադրանքների և ծառայությունների դասերի քանակը սահմանված է եղել կամ վիճարկված Միջազգային բյուրոյի կողմից և այդ չի վերաբերում գրանցման ամսաթվին: Եթե նշված ժամկետի ավարտին լրացուցիչ տուրքը չի վճարվել և եթե արտադրանքի ու ծառայությունների ցանկը չի կրճատվել անհրաժեշտ քանակությամբ հայտատուի կողմից, համարվում է, որ հայտատուն հրաժարվել է միջազգային գրանցման հայտից:

4. Միջազգային գրանցման համար տարեկան վճարների տարբեր մուտքերը, բացառությամբ 2-րդ պարբերության «բ» և «գ» կետերով նախատեսված մուտքերի, բաշխվում են Միջազգային բյուրոյի կողմից սույն Ակտի մասնակից պետությունների միջև հավասար չափերով՝ նշված Ակտի կատարման համար ծախսերը և անհրաժեշտ ծախսումները հանելուց հետո: Եթե սույն Ակտի ուժի մեջ մտնելու պահին որևէ մի երկիր դեռ չի վավերացրել այն կամ միացել նրան, նա մինչև դրա վավերացնելու կամ միանալու ուժի մեջ մտնելու ամսաթիվը իրավունք կունենա միայն ստացված գումարների մի մասի նկատմամբ, որը հաշվարկվել է նախորդող Ակտի հիման վրա, որը նրա նկատմամբ կիրառվում է:

5. Լրացուցիչ տուրքից ստացվող գումարներից ձևավորվող գումարները, որոնք նշված են 2-րդ պարբերության «բ» ենթակետում, բաշխվում են յուրաքանչյուր տարվա ավարտին՝ սույն Ակտի կամ 1957 թվականի հունիսի 15-ի՝ Նիցցայի Ակտի մասնակից երկրների միջև նշանների թվին համամասնորեն, որոնց համար անցած տարվա ընթացքում այդ երկրներից յուրաքանչյուրում պահանջվել է պահպանություն, իսկ նախնական փորձաքննությամբ երկրների նկատմամբ այդ թիվը կհաշվարկվի կատարման Աշխատակարգով սահմանված գործակցի օգնությամբ: Եթե սույն Ակտի ուժի մեջ մտնելու պահին երկիրը դեռ չի վավերացրել այդ Ակտը կամ չի միացել դրան, նա ունի մինչև իր կողմից վավերացման կամ միացման ամսաթիվը Նիցցայի Ակտի համաձայն հաշվարկված գումարների ստացման իրավունք:

6. Հավելյալ տուրքից ստացվող գումարներից ձևավորվող գումարները, որոնք նշված են 2-րդ պարբերության «գ» կետում, բաշխվում են 5-րդ պարբերության կանոններին համապատասխան, որոնք օգտվում են 3bis հոդվածով նախատեսված իրավունքներից:

Եթե սույն Ակտի ուժի մեջ մտնելու պահին երկիրը դեռ չի վավերացրել այդ Ակտը կամ միացել դրան, նա իրավունք ունի վավերացման կամ միացման պահից առաջ ստանալու հաշվարկված գրանցումները, համաձայն Նիցայի Ակտի:

 

Հ ո դ վ ա ծ  8 b i s

 

Միջազգային գրանցման ներկայացված նշանի սեփականատերը, ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել մեկ կամ մի քանի Պայմանավորվող երկրի պահպանությունից իր երկրի Վարչակազմին ուղարկվող դիմումի միջոցով, Միջազգային բյուրոյին տեղեկացնելու նպատակով, որը այդ մասին ծանուցում է այն երկրներին, որոնց վերաբերում է պահպանությունից հրաժարումը: Նման դիմումի ներկայացումը չի բերում տուրքի վճարման:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

1. Նշանի սեփականատիրոջ երկրի Վարչակազմը Միջազգային բյուրոյին նաև հայտնում է չեղյալ հայտարարելու, ցուցակներից բացառությունների, իրավունքների փոխանցման և այլ փոփոխությունների մասին, որոնք կատարվել են նշանների մասին գրառումների ազգային գրանցամատյանում, եթե այդ փոփոխությունները վերաբերում են նաև միջազգային գրանցմանը:

2. Միջազգային բյուրոն այդ փոփոխությունները ներկայացնում է Միջազգային գրանցամատյան և իր հերթին հայտնում է դրանց մասին Պայմանավորվող երկրների Վարչակազմերին և հրատարակում է դրանք իր ամսագրում:

3. Նույնը տեղի է ունենում, երբ այն նշանի սեփականատերը, որը ներկայացվել է միջազգային գրանցման, հայտնում է արտադրանքների և ծառայությունների ցուցակի կրճատման մասին, որոնց վրա տարածվում է այդ գրանցումը:

4. Այդ գործողությունները կարող են հարկվել տուրքով, որը սահմանվում է կատարման Աշխատակարգով:

5. Նոր արտադրանքների կամ ծառայությունների ցանկում հետագա ավելացումները կարող են կատարվել միայն նոր դիմումի ներկայացմամբ, 3-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

6. Ավելացմանը հավասարեցվում է մեկ արտադրանքի կամ ծառայության փոխարինումը այլ արտադրանքով կամ ծառայությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  9 b i s

 

Այն դեպքում, երբ Միջազգային գրանցամատյանում գրանցված նշանը փոխանցվում է որևէ այլ մասնակից երկրում, քան տվյալ նշանի սեփականատիրոջ երկիրը, փոխանցման մասին պետք է հայտնվի Միջազգային բյուրոյին այդ նույն երկրի Վարչակազմի կողմից: Միջազգային բյուրոն գրանցում է նշանի փոխանցումը, հայտնում է այդ մասին այլ Վարչակազմերին, և հրատարակում է իր ամսագրում: Եթե նշանի փոխանցումը իրականացվել է հնգամյա ժամկետի ավարտից առաջ՝ սկսած միջազգային գրանցման ամսաթվից, Միջազգային բյուրոն խնդրում է նշանի նոր սեփականատիրոջ երկրի Վարչակազմի համաձայնությունը և հրատարակում է նոր սեփականատիրոջ երկրում նշանի գրանցման ամսաթիվը և համարը, եթե դա հնարավոր է:

2. Միջազգային գրանցամատյան մտցված նշանի ոչ մի փոխանցում չի կարող գրանցվել նշանի միջազգային պահպանություն ստանալու իրավունք չունեցող անձին:

3. Այն դեպքում, երբ նշանի փոխանցումը չի կարող մտցվել Միջազգային գրանցամատյան կամ նոր սեփականատիրոջ երկրի հրաժարվելու հետևանքով, կամ որովհետև այդ փոխանցումը կատարվել է Միջազգային գրանցամատյանում պահանջելու իրավունք չունեցող անձին, նշանի նախկին սեփականատիրոջ երկրի Վարչակազմը կարող է Միջազգային բյուրոյից պահանջել իր գրանցամատյանի նշանի դուրս հանում:

 

Հ ո դ վ ա ծ  9 t e r

 

1. Եթե Միջազգային բյուրոն տեղեկացված է նշանի փոխանցման մասին գրանցված արտադրանքների և ծառայությունների մի մասի նկատմամբ, ապա Բյուրոն այդ փոփոխությունները կատարում է իր գրանցամատյանում: Պայմանավորվող երկրներից յուրաքանչյուրը իրավունք ունի չճանաչել այդ փոխանցման իրականությունը, եթե վերը նշված արտադրանքները կամ ծառայությունները նման են նրանց, որոնց համար նշանը մնում է գրանցված փոխանցումը իրականացնող անձի օգտին:

2. Միջազգային բյուրոն նույն ձևով գրանցում է միջազգային նշանի փոխանցումը միայն մեկ կամ մի քանի Պայմանավորվող երկրների առնչությամբ:

3. Եթե նշված դեպքերում տեղի է ունենում սեփականատիրոջ երկրի փոփոխություն, ապա երկրի Վարչակազմը, որին պատկանում է նոր սեփականատերը, պետք է 9 bis հոդվածի կանոններին համապատասխան տա իր համաձայնությունը, եթե նշանը փոխանցվում է դրա միջազգային գրանցման օրվանից հնգամյա ժամկետի ավարտից առաջ:

4. Նախորդ պարբերությունների դրույթները կիրառվում են միայն Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 6qսarter հոդվածի դրույթների պահպանման պայմանով:

 

Հ ո դ վ ա ծ  9 q ս a r t e r

 

1. Եթե Միության մի քանի երկիր համաձայնեն իրականացնել նշանների մասին իրենց ազգային օրենքների ներդաշնակեցում, նրանք կարող են հայտնել իրենց Գլխավոր տնօրենին, որ.

ա) ընդհանուր Վարչակազմը փոխարինում է այդ երկրներից յուրաքանչյուրում ազգային Վարչակազմին, և

բ) դրանց բոլոր տարածքները պետք է դիտվեն որպես մեկ երկիր մինչև սույն հոդվածը շարադրված դրույթի լիարժեք կամ մասնակի կիրառման նպատակներով:

2. Այդ ծանուցումը ուժի մեջ է մտնում միայն Գլխավոր տնօրենի կողմից այլ Պայմանավորվող երկրներին այդ առիթով կատարվող ծանուցման օրվանից վեց ամիս անց:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

1. ա ) Հատուկ Միությունը ունի Վեհաժողով, որը կազմված է այդ Ակտը վավերացրած կամ դրան միացած երկրներից:

բ) Յուրաքանչյուր երկրի Կառավարությունը ներկայացվում է պատվիրակի կողմից, որը կարող է ունենալ տվյալներ, խորհրդականներ և փորձագետներ:

գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը կրում է դրան նշանակած Կառավարությունը, բացառությամբ յուրաքանչյուր անդամ երկրի մեկ պատվիրակի տեղափոխման և մեկնելու ծախսերը, որոնք դրվում են հատուկ Միության վրա:

2. ա) Վեհաժողովը.

1. քննարկում է բոլոր հարցերը, որոնք վերաբերում են հատուկ Միության պահպանմանն ու զարգացմանը և սույն Համաձայնագրի կիրառմանը:

2. Միջազգային բյուրոյին տալիս է ցուցումներ, որոնք վերաբերում են Խորհրդաժողովի նախապատրաստման վերանայմանը վերաբերող, հաշվի առնելով հատուկ Միության երկրների կողմից պատշաճորեն կատարված դիտողությունները, որոնք չեն վավերացրել սույն Ակտը կամ միացել դրան:

3. Փոխում է Համաձայնագրի կատարման Աշխատակարգը և սահմանում է տուրքերի գումարները, որոնք նախատեսված են 8-րդ հոդվածի 2-րդ կետով, և այլ վճարումներ, որոնք կապված են միջազգային գրանցման հետ:

4. Քննարկում է և հաստատում Գլխավոր տնօրենի զեկույցները և գործունեությունը, որոնք վերաբերում են հատուկ Միությանը, և տալիս է նրան անհրաժեշտ ցուցումներ հատուկ Միության իրավասության մեջ մտնող հարցերով:

5. Որոշում է ծրագիրը, ընդունում է հատուկ Միության եռամսյա բյուջեն և հաստատում նրա ֆինանսական հաշիվները:

6. Հաստատում է հատուկ Միության ֆինանսական Աշխատակարգը:

7. Ստեղծում է փորձագետների կոմիտեներ և աշխատանքային խմբեր, որոնք նա համարում է անհրաժեշտ հատուկ Միության նպատակների իրականացման համար:

8. Որոշում է, թե հատուկ Միության անդամ չհանդիսացող որ երկրները և որ միջկառավարական ու միջազգային ոչ կառավարական կազմակերպությունները կարող են թույլատրվել մասնակցելու դրա նիստերին դիտորդի կարգավիճակով:

9. Ընդունում 10-ից 13-րդ հոդվածների փոփոխությունները:

10. Իրականացնում է ցանկացած այլ պատշաճ գործողություններ, որոնք ուղղված են հատուկ Միության նպատակների իրականացմանը:

11. Իրականացնում է մնացած բոլոր գործառույթները, որոնք բխում են սույն Համաձայնագրից:

բ) Այլ Միությունների համար ևս հետաքրքրություն ներկայացնող հարցերով, որոնց կառավարումը իրականացնում է Կազմակերպությունը, Վեհաժողովը ներկայացնում է որոշումներ՝ ուշադրության առնելով Կազմակերպության Համակարգող կոմիտեի կարծիքը:

3. ա) Վեհաժողովի յուրաքանչյուր անդամ երկիր ունի մեկ ձայն:

բ) Վեհաժողովի անդամ երկրների կեսը քվորում է կազմում:

գ) Չնայած «բ» ենթակետի դրույթներին, եթե նստաշրջաններից որևէ մեկի ժամանակ ներկայացված երկրների քանակը կազմում է կեսից պակաս, բայց հավասար է կամ գերազանցում է Վեհաժողովի անդամ երկրների մեկ երրորդը, նա կարող է որոշումներ ընդունել, սակայն Վեհաժողովի բոլոր որոշումները, բացառությամբ նրա սեփական Ընթացակարգային կանոններին վերաբերող որոշումները, ուժի մեջ են մտնում միայն ստորև բերված պայմանների պահպանման դեպքում: Միջազգային բյուրոն նշված որոշումները ուղարկում է Վեհաժողովի անդամ երկրներին, որոնք ներկայացված չեն եղել և հրավիրում է նրանց հայտնելու եռամսյա ժամկետում՝ որոշումների ուղարկման ամսաթվից, արդյո՞ք նրանք քվեարկում են այդ որոշումներին կողմ, դրանց դեմ կամ ձեռնպահ են մնում: Եթե այդ ժամկետի ավարտին երկրների քանակը այդպիսով քվեարկած կամ հայտնած, որ նրանք ձեռնպահ են մնացել կհասնի այդ քանակի, որը չէր հերիքում նստաշրջանի ժամանակ քվորումը ապահովելու համար, նման որոշումները ուժի մեջ են մտնում պայմանով, որ միաժամանակ պահպանվում է անհրաժեշտ մեծամասնությունը:

դ) 13-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների պահպանման պայմանով, Վեհաժողովը իր որոշումները ընդունում է մեծամասնությամբ՝ տրված ձայների երկու երրորդով:

ե) Ձեռնպահ քվեարկածների ձայները չեն հաշվվում:

զ) Պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ երկիր և քվեարկել միայն այդ երկրի անունից:

է) Վեհաժողովի անդամ չհանդիսացող հատուկ Միության երկրներին թույլատրվում է մասնակցել նիստերին դիտորդի կարգավիճակով:

4. ա) Վեհաժողովը նիստեր է գումարում երեք տարին մեկ անգամ Գլխավոր տնօրենի գումարմամբ և, բացի բացառիկ դեպքերի, նույն ժամանակ և նույն տեղում, ինչ Կազմակերպության Գլխավոր Վեհաժողովը:

բ) Վեհաժողովը արտահերթ նիստ է հրավիրում Վեհաժողովի անդամ պետությունների մեկ քառորդի պահանջով, որն իրականացվում է Գլխավոր տնօրենի կողմից:

գ) Յուրաքանչյուր նստաշրջանի օրակարգը նախապատրաստվում է Գլխավոր տնօրենի կողմից:

Վեհաժողովը ընդունում է իր Ընթացակարգային կանոնները:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

1. ա) Միջազգային բյուրոն իրականացնում է միջազգային գրանցման հետ կապված գործառույթներ, ինչպես նաև այլ վարչական գործառույթներ, որոնք դրված են Միության վրա:

 բ) Մասնավորապես, Միջազգային բյուրոն նախապատրաստում է Վեհաժաղովի նիստերը և ապահովում նրան քարտուղարությամբ, ինչպես նաև փորձագետների կոմիտեներ և աշխատանքային խմբեր, որոնք նա կարող է ստեղծել:

գ) Կազմակերպության Գլխավոր տնօրենը հատուկ Միության Գլխավոր պաշտոնատար անձն է և ներկայացնում է նրան:

2. Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձնակազմի յուրաքանչյուր անդամ Վեհաժողովի բոլոր նիստերում մասնակցում են առանց ձայնի իրավունքի, ինչպես նաև փորձագետների յուրաքանչյուր կոմիտեում կամ աշխատանքային խմբում, որոնք նա կարող է հիմնել: Գլխավոր տնօրենը կամ նրա կողմից նշանակված յուրաքանչյուր անդամ ըստ դիրքի, հանդիսանում է այդ մարմնի քարտուղարը:

3. ա) Միջազգային բյուրոն Վեհաժողովի ցուցումներին համապատասխան նախապատրաստում է 10-ից 13-րդ հոդվածներում չպարունակվող Համաձայնագրի դրույթների վերանայման հարցերով գիտաժողովներ:

բ) Միջազգային բյուրոն կարող է խորհրդակցել միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ վերանայման հարցերով գիտաժողովի նախապատրաստման մասին:

գ) Միջազգային բյուրոն իրականացնում է իր վրա դրված ցանկացած այլ գործառույթ:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

1. ա) Հատուկ Միությունը ունի բյուջե:

բ) Հատուկ Միության բյուջեն ներառում է հատուկ Միության ստացվող գումարները և ծախսերը, դրա վճարումները ծախսեր բյուջե՝ Միությունների համար ընդհանուր, ինչպես նաև համապատասխան դեպքերում, Կազմակերպության գիտաժողովի բյուջե մուտքագրումը:

գ) Միությունների համար ընդհանուր ծախսեր են այն ծախսերը, որոնք չեն վերաբերում բացառապես հատուկ Միությանը, բայց միաժամանակ մեկ կամ մի քանի այլ Միություններին, որոնց ղեկավարումը իրականացնում է Կազմակերպությունը: Հատուկ Միությունը մասնաբաժինը այդ ընդհանուր ծախսերում համապասխանում է նրա հետաքրքրվածությունը տվյալ ծախսերում:

2. Միության բյուջեն հաստատվում է, հաշվի առնելով դրա համակարգման պահանջները այլ Միությունների բյուջեների հետ, որոնց ղեկավարումը իրականացնում է Կազմակերպությունը:

3. Միության բյուջեն ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.

Ա) միջազգային գրանցման համար տուրքերից ու այլ վճարումներից և այլ ծառայությունների համար վճարվող գումարներից, որոնք մատուցվել են Միջազգային բյուրոյի կողմից հատուկ Միության մարմնի դերում:

Բ) Ստացված գումարները Միջազգային բյուրոյի հրատարակումների վաճառքից, որոնք վերաբերում են հատուկ Միությանը և նման հրատարակումների համար իրավունքների փոխանցումից,

Գ) նվիրատվությունից, ժառանգված միջոցներից և լրավճարներից,

Դ) վարձակալություն, տոկոսների և տարբեր այլ եկամուտներից:

4. ա) 8-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տուրքերի և միջազգային գրանցման համար այլ վճարների չափերը սահմանվում են Վեհաժողովի կողմից Գլխավոր տնօրենի առաջարկությամբ:

բ) Այդ չափը սահմանվում է այն հաշվարկով, որ հատուկ Միության ստացված գումարները այլ տուրքերից, քան լրացուցիչ և հավելյալ տուրքերն են, որոնք նախատեսվում են 8-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով, ինչպես նաև վճարներից և եկամտի այլ աղբյուրներից թույլ կտան ծայրահեղ դեպքում ծածկել Միջազգային բյուրոյի ծախսերը, որոնք հետաքրքրում են հատուկ Միությանը:

գ) Եթե բյուջեն չի ընդունվում մինչև նոր ֆինանսական տարվա սկիզբը, ապա ֆինանսական աշխատակարգով նախատեսված կարգով գործում է բյուջեն անցած տարվա մակարդակով:

5. 4-րդ պարբերության դրույթների պահպանման պայմանով՝ այլ ծառայությունների համար վճարների և գումարների չափերը, որոնք մատուցվում են Միջազգային բյուրոյի կողմից որպես հատուկ Միություն, սահմանվում է Գլխավոր տնօրենի կողմից, որը այդ մասին հայտնում է Վեհաժողովին:

6. ա) Հատուկ միությունը ունի շրջանառու միջոցների հիմնադրամ, որը ձևավորվում է միանգամյա վճարումից, որը մտցվում է յուրաքանչյուր երկրի կողմից հատուկ Միություն: Եթե շրջանառու միջոցների հիմնադրամը չի բավարարում, Վեհաժողովը լուծում է դրա ավելացման հարցը:

բ) Յուրաքանչյուր երկրի միանգամյա վճարման չափը նշված հիմնադրամ կամ դրա մասնաբաժինը այդ հիմնադրամի մեծացման գործում համամասն են այդ երկրի որպես Արդյունաբերական սեփականության պահպանության Փարիզյան միության անդամի մուծումներին տվյալ Միության բյուջե այն տարվա համար, որում ստեղծված է հիմնադրամը կամ ընդունված է որոշում դրա ավելացման մասին:

գ) Վճարման համամասնությունը և պայմանները սահմանվում են Վեհաժողովի կողմից Գլխավոր տնօրենի առաջարկությամբ նրանից հետո, երբ նա կլսի Կազմակերպության Համակարգող խորհրդի կարծիքը:

դ) Մինչև այն ժամանակը, քանի դեռ Վեհաժողովը թույլատրում է, որպեսզի հատուկ Միության ռեզերվային հիմնադրամը օգտագործվի որպես շրջանառու միջոցների հիմնադրամ, Վեհաժողովը կարող է հետաձգել «ա», «բ» և «գ» ենթակետերի դրույթների կիրառումը:

7. ա) Կենտրոնակայանի մասին Համաձայնագրում, որը կնքվել է այն երկրի հետ, որի տարածքում Կազմակերպությունը ունի իր կենտրոնակայանը, նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ շրջանառու միջոցների հիմնադրամը բավարար չի լինի, այդ երկիրը տրամադրում է կանխավճարներ: Այդ կանխավճարների գումարը և պայմանները, որոնցով տրամադրվում են դրանք, յուրաքանչյուր դեպքում հանդիսանում են տվյալ երկրի և Կազմակերպության միջև հատուկ համաձայնագրի առարկա:

բ) Ինչպես «ա» ենթակետում նշված երկիրը, այնպես էլ Կազմակերպությունը իրավունք ունեն գրավոր ծանուցման միջոցով չեղյալ համարել կանխավճարների տրամադրման մասին պարտականությունը: Չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում երեք տարի հետո այն տարվա ավարտից հետո, երբ ծանուցվել է:

8. Ֆինանսական ստուգում իրականացվում է համաձայն ֆինանսական աշխատակարգի դրույթների, հատուկ Միության մեկ կամ մի քանի երկրների կողմից կամ արտաքին ստուգողների կողմից, որոնք նշանակվել են Վեհաժողովի համաձայնությամբ:

 

Հ ո դ վ ա ծ 13

 

1) 10-րդ, 11-րդ, 12-րդ և սույն հոդվածում ուղղումներ կատարելու մասին առաջարկությունները կարող են կատարվել Վեհաժողովի Գլխավոր տնօրենի յուրաքանչյուր անդամ երկրի կողմից: Այդ առաջարկությունները Գլխավոր տնօրենի կողմից ուղարկվում են Վեհաժողովի անդամ երկրներին ամենաքիչը Վեհաժողովի կողմից դրանց քննարկումից 6 ամիս առաջ:

2. Առաջին պարբերությունում նշված հոդվածների յուրաքանչյուր ուղղումներ ընդունվում են Վեհաժողովի կողմից: Ուղղումներն ընդունվում են տրված ձայների երեք քառորդով, սակայն 10-րդ հոդվածի և սույն պարբերության ցանկացած ուղղում ընդունվում է տրված ձայների չորս հինգերորդով:

3. 1-ին պարբերությունում նշված հոդվածների վերաբերյալ ցանկացած ուղղում ուժի մեջ են մտնում մեկ ամիս հետո այն բանից, երբ դրանց ընդունման գրավոր ծանուցումները, որոնք իրականացրել են յուրաքանչյուր երկրի սահմանադրական ընթացակարգերին համապատասխան, ստացվել են

Գլխավոր տնօրենի կողմից երկրների երեք քառորդից, որոնք հանդիսացել են Վեհաժողովի անդամներ այդ ուղղումների ընդունման ժամանակ: Նշված հոդվածի վերաբերյալ այդպիսով ընդունված ցանկացած ուղղում պարտադիր է բոլոր այն երկրների համար, որոնք հանդիսանում են Վեհաժողովի անդամ այն ժամանակ, երբ ուղղումն ուժի մեջ է մտնում կամ այդ ամսաթվից հետո դրանք դառնում են դրա անդամներ:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

1. Հատուկ Միության յուրաքանչյուր անդամ պետություն, որը ստորագրել է սույն Ակտը, կարող է այն վավերացնել կամ, եթե նա չի ստորագրել այն՝ միանալ դրան:

2. ա) Արտադրական սեփականության պահպանության Փարիզյան կոնվենցիայի յուրաքանչյուր անդամ երկիր, որը չի հանդիսանում հատուկ Միության անդամ, կարող է միանալ սույն Ակտին և այդպիսով դառնալ հատուկ Միության անդամ:

բ) Միջազգային բյուրոն, ստանալով նման ծանուցում սույն Ակտին այդպիսի երկրի միացման մասին, այդ ժամանակ այդ երկրի Վարչակազմին ուղարկում է միջազգային պահպանությունից օգտվող նշանների մասին բոլոր նյութերը, 3-րդ հոդվածին համապատասխան:

գ) Այս նյութերի տրամադրումը ապահովում է տվյալ երկրի տարածքում նշված նշանների նկատմամբ բոլոր նախկին դրույթները և որոշում է տարեկան ժամկետի սկիզբը, որի ընթացքում շահագրգիռ Վարչակազմը կարող է անել 5-րդ հոդվածով նախատեսված հայտարարություն:

դ) Սակայն այդպիսի երկիրը, միանալով սույն Ակտին, կարող է հայտարարել, որ բացառությամբ այն միջազգային նշանների, որոնք ավելի վաղ դարձել են այդ երկրում դեռ գործող իդենտիկ ազգային գրանցման առարկա և, որոնք կարող են անմիջապես ճանաչվել շահագրգիռ անձանց պահանջով, սույն Ակտը կկիրառվի միայն արդեն գրանցված նշանների նկատմամբ՝ սկսած այն ամսաթվից, երբ այդ միացումը ուժի մեջ կմտնի:

ե) Այդ հայտարարությունը կազատի Միջազգային բյուրոյին այն նյութերը ուղարկելու անհրաժեշտությունից, որոնց մասին խոսվում է վերևում: Միջազգային բյուրոն կսահմանափակվի միայն, նոր երկրի միացման պահից մեկ տարվա ընթացքում, այն նշանների մասին անհրաժեշտ մանրամասնություններով նյութերի ուղարկմամբ, որոնց նկատմամբ պահանջ է ներկայացվել «դ» ենթակետով նախատեսված բացառության կիրառման:

զ) Միջազգային բյուրոն չի ուղարկում նյութերը այն երկրներին, որոնք միանալով սույն Ակտին, կհայտարարեն 3bis հոդվածով նախատեսված իրավունքի օգտագործման մասին: Այդ երկրները, բացի դա կարող են միաժամանակ հայտարարել, որ սույն Ակտը կկիրառվի միայն այն նշանների նկատմամբ, որոնք կգրանցվեն միացման ուժի մեջ մտնելու ամսաթվից հետո. այդ սահմանափակումը, սակայն չի վերաբերում այն միջազգային նշաններին, որոնք հանդիսացել են այդ երկրում նախորդող իդենտիկ ազգային գրանցման առարկա և, որոնք կարող են հիմք հանդիսանալ պահպանության տրամադրման մասին հայտերի համար, որոնք կազմվել և ուղարկվել են 3ter և 8-րդ հոդվածի 2-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան:

ը) Սույն պարբերությամբ նախատեսված ծանուցումների առարկա նշանների գրանցումը կդիտվի որպես գրանցումը փոխարինող, որն իրականացվում է անմիջականորեն նոր Պայմանավորվող երկրում մինչև նրա միացման իրական ամսաթիվը:

3. Վավերագրերը և միացման մասին փաստաթղթերը հանձնվում են ի պահ Գլխավոր տնօրենին:

4. ա) Առաջինը իրենց վավերագրերը կամ միացման փաստաթղթերը հանձնած հինգ երկրների նկատմամբ սույն Ակտը ուժի մեջ է մտնում այդ փաստաթղթերից հինգերորդը հանձնելուց երեք ամիս հետո:

բ) Յուրաքանչյուր այլ երկրի նկատմամբ սույն Ակտը ուժի մեջ է մտնում դրա վավերացման կամ միացման մասին Գլխավոր տնօրենին ծանուցելու ամսաթվից երեք ամիս հետո, եթե միայն վավերագրում կամ միացման փաստաթղթում նշված չի եղել ավելի ուշ ամսաթիվ: Վերջին դեպքում սույն Ակտը ուժի մեջ է մտնում այդ երկրի նկատմամբ իր կողմից նշված ամսաթվին:

5. Վավերացումը կամ միացումը առաջացնում են բոլոր պայմանների ընդունումը ամբողջ իրավաբանական ուժով և բոլոր առավելությունների ստացումը, որոնք սահմանվում են սույն Ակտով:

6. Սույն Ակտի ուժի մեջ մտնելուց հետո երկիրը կարող է միանալ 1957 թվականի հունիսի 15-ի՝ Նիցցայի Ակտին, միայն եթե նա միաժամանակ վավերացնի սույն Ակտը կամ միանա դրան: Ակտերին միանալը, որոնք նախորդում են Նիցցայի Ակտին, չի թույլատրվում, նույնիսկ, եթե, միաժամանակ իրականացվում է սույն Ակտի վավերացումը կամ դրան միանալը:

7. Սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառվում են Արտադրական սեփականության պահպանության Փարիզյան կոնվենցիայի 24-րդ հոդվածի դրույթները:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

1. Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում անորոշ ժամկետով:

2. Յուրաքանչյուր երկիր կարող է չեղյալ հայտարարել սույն Ակտը Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցման միջոցով: Նման չեղյալ հայտարարումը հետևանք է նաև բոլոր նախորդ Ակտերի չեղյալ հայտարարման և վերաբերում է միայն այն երկրին, որը դա արել է, մինչդեռ հատուկ Միության մյուս երկրների համար Համաձայնագիրը ուժի մեջ է մնում և ենթակա է կատարման:

3. Չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում մեկ տարի հետո՝ սկսած Գլխավոր տնօրենի կողմից դրա ստացման օրվանից:

4. Միջազգային նշանները, որոնք գրանցվում են մինչև չեղյալ հայտարարելու ուժի մեջ մտնելը և որոնց վերաբերյալ չի ստացվել մերժում մեկ տարվա տարվա ընթացքում, ինչը նախատեսված է 5-րդ հոդվածով, ժամկետի ընթացքում շարունակում են օգտվել միջազգային պահպանության նույնպիսի պահպանությունից, ինչպես եթե դրանք անմիջականորեն հայտարարված կլինեին այդ երկրում:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

1. ա) Սույն Ակտը հատուկ Միության երկրների, որոնց անունից այն վավերացվել է կամ որոնք միացել են դրան, միջև հարաբերություններում փոխարինում է սույն Ակտին նախորդած 1891թ. Մադրիդյան Համաձայնագիրը դրա բոլոր խմբագրություններով`սկսած այն օրվանից, երբ այն ուժի մեջ է մտնում:

բ) Սակայն հատուկ Միության յուրաքանչյուր երկրի համար, որը վավերացրել է սույն Ակտը կամ միացել դրան, իր փոխհարաբերություններում սույն Ակտը չստորագրած կամ դրան չմիացած պետությունների հետ մնում են գործող նախկին խմբագրությունները, որոնք ավելի վաղ չեղյալ չեն հայտարարվել 1957 թվականի՝ հունիսի 15-ի Նիցցայի Ակտի 12-րդ հոդվածի 4-րդ կետի հիման վրա:

2) Հատուկ Միության մեջ չմտնող Կողմերը, որոնք դառնում են սույն Ակտի կողմ, կիրառում են այն միջազգային գրանցումների առնչությամբ, որն իրականացվում է Միջազգային բյուրոյում ազգային Վարչակազմի միջոցով, յուրաքանչյուր հատուկ Միության յուրաքանչյուր երկրի կողմից, եթե միայն այդ գրանցումները համապատասխանում են սույն Ակտով սահմանվող պայմաններին: Ինչ վերաբերում է նշված երկրների կողմից, որոնք չեն մտնում հատուկ Միության մեջ, բայց դառնում են սույն Ակտի կողմեր, Միջազգային բյուրոյում ազգային Վարչակազմերի միջոցով իրականացվող միջազգային գրանցումներին, ապա նրանք համաձայնում են, որ վերը նշված երկիրը պահանջում է ամենավերջին Ակտով նախատեսված պայմանների կատարում, որում նա մասնակցում է:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

1. ա) Սույն Ակտը ստորագրվում է մեկ բնօրինակով՝ ֆրանսերեն, և հանձնվում է ի պահ Շվեդիայի Կառավարությանը:

 բ) Պաշտոնական տեքստերը այլ լեզուներով, որոնք կսահմանի Վեհաժողովը, մշակվում են Գլխավոր տնօրենի կողմից՝ շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցություններից հետո:

2) Սույն Ակտը բաց է միացման համար Ստոկհոլմում, մինչև 1968 թվականի հունվարի 13-ը:

3) Գլխավոր տնօրենը ստորագրած Ակտի երկու պատճեն, Շվեդիայի Կառավարության կողմից պատշաճորեն հաստատված, ուղարկում է հատուկ Միության բոլոր երկրների Կառավարություններին և, դիմումի դեպքում, ցանկացած այլ պետության Կառավարությանը:

4) Գլխավոր տնօրենը կգրանցի սույն Ակտը Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:

5) Գլխավոր տնօրենը ծանուցում է հատուկ Միության բոլոր երկրների Կառավարություններին՝ ստորագրումները, վավերագրերը և միացման ակտերը ի պահ հանձնելու մասին, սույն Ակտի բոլոր դրույթների ուժի մեջ մտնելու, չեղյալ հայտարարելու և ծանուցումների մասին, որոնք արվում են 3bis, 9 qսarter, 13-րդ, 14-րդ հոդվածի 7-րդ կետի և 15-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

1. Մինչև առաջին Գլխավոր տնօրենի պաշտոնին անցնելը Կազմակերպության Միջազգային բյուրոյին կամ Գլխավոր տնօրենին սույն Ակտում արված հղումները համարվում են համապատասխանաբար հղումներ Արդյունաբերական սեփականության պահպանության Փարիզյան կոնվենցիայի կողմից հիմնադրված Միության բյուրոյին կամ դրա տնօրենին արված հղումներ:

2. Հատուկ Միության երկրները, որոնք չեն վավերացրել սույն Ակտը կամ չեն միացել դրան, կարող են հինգ տարիների ընթացքում Կազմակերպությունը հիմնադրող սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո օգտվել, եթե նրանք կցանկանան, սույն Ակտի 10-ից 13-րդ հոդվածներում նախատեսված իրավունքներից, այնպես ինչպես դրանք կապված կլինեին այդ հոդվածներով: Նշված կանոններից օգտվել ցանկացող յուրաքանչյուր երկիր, այդ նպատակով Գլխավոր տնօրենին է ուղարկում գրավոր ծանուցում, որն ուժի մեջ է մտնում դրա ստացման օրվանից: Այդպիսի երկրները համարվում են Վեհաժողովի անդամներ, մինչև նշված ժամկետը լրանալը:

 

Կատարված է Ստոկհոլմում 1967 թվականի հուլիսի 14-ին:

 

* Համաձայնագրին Հայաստանի Հանրապետությունը միացել է հայտարարությամբ. «միջազգային գրանցումից ծագող պահպանությունը չի տարածվի իրենց վրա, բացառությամբ, եթե նշանի սեփականատերը չդիմի նման խնդրանքով»:

 

** Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1991 թվականի դեկտեմբերի 25-ից:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան