Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2010-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.08.10/37(771).1 Հոդ.898.13
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.05.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.05.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի վճիռ
Վարչական գործ թիվ ՎԴ/2459/05/09

Վարչական գործ թիվ ՎԴ/2459/05/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Ե. Խունդկարյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

 

2010 թվականի մայիսի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության (այսուհետ՝ Ոստիկանություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ոստիկանության ընդդեմ Սիմոն Փիլոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին և ըստ Սիմոն Փիլոսյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ոստիկանության` 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումներն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ոստիկանությունը պահանջել է բռնագանձել Սիմոն Փիլոսյանից 15.000 ՀՀ դրամ։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Սիմոն Փիլոսյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումները։

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ոստիկանությունը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը և 57-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը դուրս է եկել հայցի հիմքի շրջանակներից, քանի որ ներկայացվել է ակտերն առ ոչինչ ճանաչելու պահանջ, մինչդեռ Դատարանն անդրադարձել է վիճարկվող ակտերի անվավերությանը։

Դատարանը հաշվի չի առել Սիմոն Փիլոսյանի կողմից արձանագրությունը ստորագրած լինելու հանգամանքը, որով հաստատվում է նրա առարկություն չունենալու և իրավախախտման փաստն ընդունելու հանգամանքը։

Բացի այդ, Դատարանն անտեսել է, որ որոշումները համապատասխանում են վարչական ակտի ձևին և բովանդակությանը, քանի որ նրանցում նշված է ինչպես այն ընդունող մարմինը, այնպես էլ ակտի հասցեատերը։

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 որոշմամբ Սիմոն Փիլոսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկվել է 3.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ. թ. 4)։

2. Ոստիկանության 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշմամբ Սիմոն Փիլոսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ենթարկվել է 3.000 ՀՀ դրամ վարչական տուգանքի (գ. թ. 10)։

3. Հակընդդեմ հայցադիմումով Սիմոն Փիլոսյանը պահանջել է առ ոչինչ ճանաչել Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումները (գ. թ. 9)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը։

Նույն օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն առ ոչինչ լինելու մասին։

Վճռաբեկ դատարանն իր՝ նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների վերլուծությանը։

Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատարանը գործը հարուցում, քննում և լուծում է միմիայն հայցի հիման վրա և միմիայն հայցի շրջանակներում։ Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ տարանջատում է վիճարկման և ճանաչման հայցերի տեսակները։ Հետևաբար այդ հայցերից որևէ մեկի ներկայացման դեպքում Դատարանը պարտավոր է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը որոշել դրա շրջանակներում։ Մասնավորապես՝ այն դեպքում, երբ ներկայացվում է վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու (ճանաչման հայց) վերաբերյալ հայցադիմում, ՀՀ վարչական դատարանն իրավասու է վճիռ կայացնել վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն առ ոչինչ լինելու մասին կամ մերժել այդպիսի հայցադիմումը և իրավասու չէ իր հայեցողությամբ փոփոխել հայցապահանջը՝ վարչական ակտը ճանաչելով անվավեր (վիճարկման հայց), (տե´ս Մարտին Զորյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության՝ 26.03.2009 թվականի թիվ 857351 որոշումն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի թիվ ՎԴ/2514/05/09 որոշումը)։

Սույն գործով Սիմոն Փիլոսյանը հակընդդեմ հայցադիմումով պահանջել է առ ոչինչ ճանաչել Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումները։

Մինչդեռ, Դատարանը քննել և վճիռ է կայացրել Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումներն անվավեր ճանաչելու մասին։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սիմոն Փիլոսյանը Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումներն անվավեր ճանաչելու պահանջ չի ներկայացրել։ Հետևաբար Դատարանը, անվավեր ճանաչելով Ոստիկանության 22.09.2008 թվականի թիվ 548377 և 12.11.2008 թվականի թիվ 643004 որոշումները, դուրս է եկել հայցապահանջի շրջանակներից։

Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի մյուս հիմնավորումներին չի անդրադառնում, քանի որ սույն գործով Դատարանն ըստ էության չի իրականացրել Սիմոն Փիլոսյանի ներկայացրած հայցի քննություն։

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 27.07.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան