ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/6725/05/08 |
վարչական գործ թիվ ՎԴ/6725/05/08 2010թ. |
Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. Անտոնյանի | |
Վ. Աբելյանի | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. ԴՐՄԵՅԱՆԻ | ||
Ե. Խունդկարյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի ապրիլի 22-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճռի դեմ՝ ըստ Քաղաքապետարանի հայցի ընդդեմ Խաչիկ Կոբելյանի` տարածքը նախկին տեսքի բերելու և գումարի բռնագանձման պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Քաղաքապետարանը պահանջել է պարտավորեցնել Խաչիկ Կոբելյանին քանդելու Երևանի Վարշավյան փողոցի 21 տան բակում կառուցված ինքնակամ շինությունը և բռնագանձել 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքն ու վճարված պետական տուրքը։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 07.12.2009 թվականի վճռով հայցը մերժվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով։
Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ, 297-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանն անդրադարձել է Երևանի քաղաքապետի 02.09.2008 թվականի թիվ Վ-26/4 որոշման իրավաչափության հարցին` անտեսելով այն հանգամանքը, որ այդ որոշումը Խաչիկ Կոբելյանի կողմից երբևէ չի բողոքարկվել, այն դատական կարգով անվավեր կամ առոչինչ չի ճանաչվել, ուստի Դատարանը պետք է ելներ այն կանխավարկածից, որ հիշյալ որոշումն օրինական ուժի մեջ է և այն ենթակա է պարտադիր կատարման։
Ավելին, ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի թիվ ՎԴ/2068/05/08 որոշմամբ արձանագրվել է, որ եթե վարչական ակտը չի վիճարկվել, չի հաստատվել դրա առոչինչ լինելը, այն չի ճանաչվել ոչ իրավաչափ` անվավեր, չի կորցրել իր ուժը, ապա յուրաքանչյուր ոք, ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն, պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ տվյալ վարչական ակտն ընդունվել է Սահմանադրությամբ կամ օրենքներով այդ վարչական մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Դատարանի 07.12.2009 թվականի վճիռը` հայցը բավարարել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից 20.08.2008 թվականի թիվ 004527 արձանագրությամբ արձանագրվել է, որ Խաչիկ Կոբելյանի կողմից Երևանի Վարշավյան փողոցի 21 տան բակում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասի վրա իրականացրել է 1,3 x 2,3 x 2,4 մետր չափերի ինքնակամ կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքներ (գ.թ. 10-11)։
2) Վարչական իրավախախտման վերաբերյալ 20.08.2008 թվականի թիվ 004527 արձանագրությունը ներկայացվել է վարչական իրավախախտումների գործերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում գործերի ուսումնասիրման, նախապատրաստման և հաշվառման աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) քննարկմանը, ինչի արդյունքում կազմվել է 02.09.2008 թվականի թիվ Վ-26/4 եզրակացությունը (գ.թ. 7)։
3) Երևանի քաղաքապետը, ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 281-րդ և 282-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Հանձնաժողովի 02.09.2008 թվականի թիվ Վ-26/4 եզրակացությունը, 02.09.2008 թվականին կայացրել է վարչական իրավախախտման գործի վերաբերյալ թիվ Վ-26/4 որոշում, համաձայն որի` Խաչիկ Կոբելյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 200.000 ՀՀ դրամ վարչական տույժի, ինչպես նաև առաջարկվել է միջոցներ ձեռնարկել իրավախախտման պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ (գ.թ. 6)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտումների մասին օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Սույն գործով Դատարանը, մերժելով հայցը, պատճառաբանել է, որ վարչական վարույթի ընթացքում չի պահպանվել անձին վարչական պատասխանատվության ենթարկելու Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգը, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219.1-րդ հոդվածի համաձայն` Երևան քաղաքում վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավասություն ունի միայն Երևանի քաղաքապետը, իսկ Հանձնաժողովը ՀՀ Սահմանադրությամբ և որևէ օրենքով իրավասու չէ քննարկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից Խաչիկ Կոբելյանի նկատմամբ 20.08.2008 թվականին կազմված թիվ 004527 վարչական իրավախախտման վերաբերյալ գործը։ Նշվածից հետևում է, որ Երևանի քաղաքապետը 02.09.2008 թվականի թիվ Վ-26/4 որոշումը կայացնելուց առաջ պետք է հարուցեր վարչական վարույթ և հարուցված վարչական իրավախախտումների վերաբերյալ իրականացներ քննություն։
Նշվածի հիման վրա Դատարանը հաստատված է համարել, որ Քաղաքապետի 02.09.2008 թվականի թիվ Վ-26/4 որոշումը կայացվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթների պահանջների խախտմամբ, հետևաբար այն իրավաչափ վարչական ակտ չէ, ենթակա չէ կատարման և չի կարող դրվել հայցի հիմքում։
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ, Դատարանը դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ տվյալ դեպքում վարչական ակտը չի վիճարկվել և չի վերացվել։ Վարչական տուգանքի գումարը ենթակա է բռնագանձման, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 297-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը պարտադիր է կատարման պետական և հասարակական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից։ Իսկ նույն օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վարչական տույժ նշանակելու մասին որոշում կայացրած մարմինը (պաշտոնատար անձը) որոշման կատարումը դադարեցնում է նաև այն դեպքում, երբ վարչական պատասխանատվություն սահմանող ակտը վերացել է։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը վերոհիշյալ պատճառաբանությամբ հայցը մերժելիս դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ վարչական ակտի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է վարչական ակտի իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը։
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։
Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է ելնել այն կանխավարկածից, որ Քաղաքապետի 02.09.2008 թվականի թիվ Վ-26/4 որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակում։ Դրա հետևանքով պետք է եզրակացնել, որ նշված որոշումն իրավաչափ է և որևէ անձ, այդ թվում՝ պետական մարմինը, չի կարող կասկածի տակ դնել այդ որոշման իրավաչափությունը (տե՛ս ըստ հայցի Էդուարդ Գևորգյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթունի տարածքային ստորաբաժանման՝ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու և պետական գրանցում կատարելու պահանջի մասին, թիվ 3-101(ՎԴ) (2007թ.) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը, ըստ հայցի Երևանի քաղաքապետարանի ընդդեմ Հրաչյա Քարամյանի՝ ինքնակամ շինությունը քանդելուն պարտավորեցնելու և 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու պահանջների մասին, թիվ ՎԴ/2068/05/08 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2009 թվականի որոշումը)։
Ինչ վերաբերում է Քաղաքապետարանի` տարածքը նախկին տեսքի բերելու վերաբերյալ պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Խաչիկ Կոբելյանին ինքնակամ կառույցը քանդելուն պարտավորեցնելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու իրավասություն Երևանի քաղաքապետը չունի, քանի որ վարչական պատասխանատվության նման տեսակ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով նախատեսված չէ։ Այդ իսկ պատճառով Երևանի քաղաքապետի 02.09.2008 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-26/4 որոշմամբ առաջարկվել է քանդել ինքնակամ շինությունը, իսկ տարածքը նախկին տեսքի բերել, որը կամովին չկատարելու դեպքում, քաղաքապետարանը լիազորված է պարտավորեցման հայցով դիմել դատարան (տե՛ս Երևանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ Արման Ազիզյանի՝ 200.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու և տարածքը նախկին տեսքի բերելուն պարտավորեցնելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի 02.04.2010 թվականի թիվ ՎԴ/0334/05/09 որոշումը)։
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից։
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 07.12.2009 թվականի վճիռը և մասնակիորեն փոփոխել. հայցի` Խաչիկ Կոբելյանից գումար բռնագանձելու պահանջի մասը բավարարել՝ բռնագանձել Խաչիկ Կոբելյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ վարչական տուգանքի և հօգուտ Երևանի քաղաքապետարանի՝ 8.000 /ութ հազար/ ՀՀ դրամ վճարված պետական տուրքի գումարները, իսկ տարածքը նախկին տեսքին բերել պարտավորեցնելու պահանջի մասով գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության։
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Սարգսյան | |
Դատավորներ` |
Ս. Անտոնյան | |
Վ. Աբելյան | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ | ||
Ա. Բարսեղյան | ||
Մ. Դրմեյան | ||
Ե. Խունդկարյան | ||
Է. Հայրիյան | ||
Տ. Պետրոսյան | ||
Ե. Սողոմոնյան |