Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (02.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.41
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական դատարանի` 

դատական ակտի ուժ ստացած

վճարման կարգադրություն

Վարչական գործ թիվ ՎԴ3/0627/03/09

Վարչական գործ թիվ ՎԴ3/0627/03/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 2-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Մարինե Մալխասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 09.03.2009 թվականին արձակած և 02.07.2009 թվականին օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ ստացած վճարման կարգադրության դեմ՝ ըստ հայցի ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության (այսուհետ՝ Տեսչություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Մարինե Մալխասյանի՝ վարչական տուգանքը բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն արձակելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տեսչությունը պահանջել է արձակել Տեսչության Արարատի մարզային կենտրոնի պետի տեղակալի 28.11.2008 թվականի թիվ 3066 որոշմամբ նշանակված 80.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը բռնագանձելու վերաբերյալ վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատարանը (այսուհետ՝ Դատարան) 09.03.2009 թվականին արձակել է վճարման կարգադրություն, որը 02.07.2009 թվականին ստացել է օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարինե Մալխասյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 4-րդ մասի, 62-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատական ակտով խախտվել են բողոք բերած անձի՝ վճարման կարգադրության դեմ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքը, քանի որ բողոք բերած անձը պատշաճ չի տեղեկացվել Դատարանի կողմից արձակված վճարման կարգադրության մասին: Մարինե Մալխասյանը ծանուցված չի եղել նաև 24.10.2008 թվականի թիվ 2718/03 հանձնարարագրի հիման վրա գեղեցկության սրահում ստուգումներ անցկացնելու և արձանագրություն կազմելու մասին, ինքը չի ստացել որևէ ծանուցում, իսկ հայցադիմումում նշված այն փաստը, որ ինքը հրաժարվել է ծանուցումը ստանալուց, չի համապատասխանում իրականությանը: Տեսչության և Դատարանի նամակներն ուղարկվել են Վեդի քաղաքի Կասյան թիվ 26/4 հասցեի փոխարեն անհասկանալի՝ Կասյան թիվ 1 հասցեով։

 Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 09.03.2009 թվականին արձակած և 02.07.2009 թվականին օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ ստացած վճարման կարգադրությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

 1) Տեսչության Արարատի մարզային կենտրոնի պետի տեղակալի 28.11.2008 թվականի թիվ 3066 որոշմամբ Մարինե Մալխասյանի նկատմամբ նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք՝ հիմք ընդունելով Տեսչության Արարատի մարզային կենտրոնի 14.11.2008 թվականի թիվ 02 արձանագրությունը (գ.թ. 3-4):

 2) Տեսչությունը 23.02.2009 թվականին վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ հայցադիմում է ներկայացրել Դատարան (գ.թ. 1):

 3) 09.03.2009 թվականին Դատարանը արձակել է վճարման կարգադրություն, որը 02.07.2009 թվականին ստացել է օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ (գ.թ. 15)։

 4) 09.03.2009 թվականին արձակված վճարման կարգադրության մասին Մարինե Մալխասյանին տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ թույլատրելի ապացույց առկա չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի համաձայն՝ Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում՝ յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի համաձայն՝ ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները: Նույն օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

«Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ հատուկ առաքում է համարվում փոստով կամ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը, ընդ որում, հատուկ առաքումը փոստով տեղի է ունենում միայն փոստային ազգային օպերատորի միջոցով: Իսկ նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առձեռն հանձնմամբ հատուկ առաքումը համարվում է կատարված, եթե ուղարկողի մոտ առկա են առաքման փաթեթը կազմող փաստաթղթերի պատճենները, որոնց յուրաքանչյուր էջը պարունակում է առաքման փաթեթն ընդունող անձի նշումը փաթեթի ստացման փաստի և ամսաթվի վերաբերյալ և նրա ստորագրությունը, իսկ առաջին էջը՝ նաև առաքման փաթեթն ընդունող անձի անունը և ազգանունը:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ծանուցումն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հանձնվում է առձեռն (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է վարչական դատավարության մասնակիցների՝ դատական նիստի կամ դատավարական գործողությունների մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն վերը նշված նորմերով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել վարչական դատավարության մասնակցին դատական նիստի կամ դատավարական գործողության մասին տեղեկացնելու փաստը:

 

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել դատավարության մասնակիցների պատշաճ ծանուցման դեպքերին, մասնավորապես, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ:

Այսպես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՛ս «Արմենմոտոր» ՓԲԸ ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի գյուղապետարան, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարություն, 04.12.2009 թվական, վարչական գործ թիվ ՎԴ/1043/05/09 («Արմենմոտոր» ՓԲԸ-ի՝ Փարաքար-Թաիրով համայնքում գտնվող 2,430 հա հողատարածքի՝ ՀՀ կառավարության 30.12.2004 թվականի թիվ 879-Ն և 13.10.2005 թվականի թիվ 1809-Ն որոշումներով սեփականաշնորհման համար սահմանված գներով վճարման իրավունքը (վճարումը վերոհիշյալ որոշումներով սահմանված գներով իրականացնելու պայմանով) ճանաչելու պահանջի մասին)):

 

Վերը նշված դիրքորոշումից ելնելով՝ Վճռաբեկ դատարանը նպատակահարմար է համարում անդրադառնալ վճարման կարգադրության վերաբերյալ պատշաճ չծանուցվելու խնդրին և դրա իրավական հետևանքներին:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան՝ ստանալու վճարման կարգադրություն:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ վճարման կարգադրությունը ներառում է նաև կարգադրություն՝ վճարման կարգադրությունը ստանալու կամ նույն օրենսգրքի համաձայն՝ պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել հակընդդեմ հայց՝ վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի: Նույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ վճարման կարգադրությունը ներառում է նշում այն մասին, որ սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել: Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ այն դեպքում, երբ պատասխանողի կողմից վճարման կարգադրության ստացման մասին հետադարձ ծանուցումն ստանալու օրվանից կամ նույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցումից հետո՝ երկու շաբաթվա ընթացքում, դատարանը հակընդդեմ հայց չի ստանում, ապա վճարման կարգադրությունն ստանում է օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:

Վերոգրյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճարման կարգադրություն արձակելու վարույթը, գտնվելով ընդհանուր դատավարական ձևի շրջանակներից դուրս, միաժամանակ դատավարական ինքնուրույն, հատուկ և պարզեցված տեսակ է, որը հարուցվում է հայցադիմումի հիման վրա։ Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթի ընթացակարգում միայն հակընդդեմ հայցն է, որ արգելակում է վճարման կարգադրության օրինական ուժ ստանալը և հարկադիր կատարումը, այն է՝ պատասխանողը վարչական ակտի վիճարկման իր իրավունքը կարող է իրականացնել միայն հակընդդեմ հայց ներկայացնելու եղանակով։ Հետևաբար, վճարման կարգադրության արձակման մասին պատասխանողին ոչ պատշաճ ծանուցելը խոչընդոտում է պատասխանողի՝ վարչական ակտը վիճարկելու իրավունքի իրականացմանը։

Սույն գործի փաստերից հետևում է, որ Մարինե Մալխասյանը պատշաճ ձևով չի տեղեկացվել Դատարանի 09.03.2009 թվականին արձակած վճարման կարգադրության մասին, քանի որ սույն վարչական գործում Մարինե Մալխասյանին ծանուցելու վերաբերյալ որևէ թույլատրելի ապացույց առկա չէ:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ, 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով ՀՀ վարչական դատարանի 09.03.2009 թվականին արձակած և 02.07.2009 թվականին օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ ստացած վճարման կարգադրությունը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 09.03.2009 թվականին արձակած և 02.07.2009 թվականին օրինական ուժի մեջ մտած՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ ստացած վճարման կարգադրությունը և գործն ուղարկել նույն դատարան՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված կանոններով նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան