Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Ակտի տիպ
Base act (26.06.1992-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
26.06.1992
Ստորագրման ամսաթիվ
26.06.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.1992

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Բնակչության առողջության պահպանության բնագավառում համագործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Պայմանավորվող կողմեր,

հատուկ կարևորություն տալով Համագործակցության մասնակից պետությունների բնակչության առողջության ամրացման և պահպանության հարցերին,

հաշվի առնելով Համագործակցության մասնակից պետությունների սոցիալ-տնտեսական զարգացման մեջ առողջապահության բացառիկ կարևոր նշանակությունը,

ձգտելով պահպանել և զարգացնել առողջապահության բնագավառում ձևավորված փոխադարձ կապերը,

ընդունելով առողջապահության, դեղորայքի և բժշկական տեխնիկայի արտադրության, Համագործակցության մի մասնակից պետության քաղաքացիներին մյուս պետության տարածքում բժշկական օգնության ցուցաբերման, տարերային աղետների և աղետների հետևանքների վերացման, տարբեր հետազոտությունների անցկացման համար տեղեկության փոխանակման բնագավառներում համագործակցության արդիականությունը,

ելնելով բարիդրացիության, իրավահավասարության, ինքնիշխանության հարգման, փոխշահավետության և փոխօգնության սկզբունքներից,

 

պայմանավորվեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Պայմանավորվող կողմերը մտադիր են խորհրդակցություններ անցկացնել և փոխանակել փորձը առողջապահության կառավարման համակարգի կատարելագործման, այդ թվում քաղաքացիների բժշկական ապահովագրություն մտցնելու, առողջապահության կազմակերպման առաջադեմ այլ ձևերի ներդրման, բժշկական ծառայությունների շուկայի ստեղծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Պայմանավորվող կողմերը չեն թույլատրի բժշկական օգնության կազմակերպման, սանիտարահիգիենիկ չափանիշներ մտցնելու և կատարման նկատմամբ հսկողության հետ կապված գործողություններ, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ այլ պետությունների քաղաքացիների առողջության վրա:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Պայմանավորվող կողմերը, ղեկավարվելով մարդասիրության սկզբունքներով, պարտավորվում են Համագործկցության մասնակից պետությունների քաղաքացիներին ցուցաբերել անհետաձգելի և անհապաղ բժշկական օգնություն՝ փոխադարձ ծախսերը առանց հատուցելու, ծրագրային բժշկական օգնություն առողջապահության մարմինների և հաստատությունների ուղեգրով` ուղարկող կողմի կողմից ծախսերի փաստացի հատուցմամբ կամ հատուկ երկկողմ պայմանագրերով նախատեսված պայմաններով:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են համագործակցել.

առողջապահության և բժշկագիտության առաջնային և արդիական հիմնախնդիրների վերաբերյալ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման բնագավառում,

շրջանավարտներին, մասնագետներին ներկայացվող որակավորման համաձայնեցված պահանջների հիման վրա բժշկական, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման, օգտագործման և որակավորման բարձրացման բնագավառում,

բժշկական տեխնիկայի սարքերի, դեղորայքի, ախտորոշիչային միջոցների և իմունակենսաբանական դեղորայքի մշակման և արտադրության, այդ թվում` համաձայնեցված, ինչպես նաև բժշկական նշանակության արտադրանքի որակի գրանցման, սերտիֆիկացման և հսկողության չափանիշների մշակման և հաստատման բնագավառում,

քաղաքացիների առողջության պահպանման պահանջմունքներին համապատասխան փորձարարական, կլինիկական և պրոֆիլակտիկ բժշկության ոլորտում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների զարգացման բնագավառում,

սանիտարական օրենսդրության մշակման, սանիտարահիգիենիկ չափանիշների ներդրման, իմունապրոֆիլակտիկայի, տարածքների սանիտարական պահպանության միջոցառումների կազմակերպման և անցկացման համակարգման բնագավառում,

բնակչության առողջական վիճակի, այն ձևավորող գործոնների, առողջապահության հիմնական ցուցանիշների և ցուցաբերվող բժշկական օգնության հարցերով բժշկական և այլ տեղեկության փոխանակման բնագավառում,

ուսումնատեղեկատվական և գիտական բնույթի միջոցառումների անցկացման բնագավառում,

առողջապահության մարմինների և հաստատությունների միջև ուղղակի կապերի ընդլայնման բնագավառում:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Պայմանավորվող կողմերը պարտավորվում են.

օգնություն ցուցաբերել տարերային, էկոլոգիական աղետների և այլ պատուհասների, համաճարակների հետևանքների վերացման գործում, ինչպես նաև նման օգնության ցուցաբերման գործում օժանդակել այլ երկրների ջանքերին, միջազգային և հասարակական կազմակերպություններին,

ապահովել Չեռնոբիլի ԱԷԿ-ում աղետի բժշկական հետևանքների նվազեցման, Մերձարալյան, Սեմիպալատինսկի էկոլոգիական աղետի գոտիներում, ինչպես նաև էկոլոգիական, տարերային և այլ աղետների վայրերում գործողությունների համակարգումը:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Պայմանավորվող կողմերը ճանաչում են բժշկական, դեղագործական և առողջապահության համակարգի այլ աշխատակիցների Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում պետական և պաշտոնապես նրանց հավասարեցված այլ հաստատություններում ստացված կրթության, նրանց որակավորման և գիտական աստիճանների և կոչումների շնորհման մասին փաստաթղթերը:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Պայմանավորվող կողմերը Համագործակցության մասնակից պետությունների միջև երկկողմ պայմանագրերի կնքման միջոցով իրագործում են համագործակցության ուղղությունները և պայմանները:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Պայմանավորվող կողմերը ստեղծում են առողջապահության բնագավառում համագործակցության Անկախ Պետությունների Համագործակցության Խորհուրդ` կազմված այդ պետությունների առողջապահության նախարարներից և պետական գլխավոր սանիտարական բժիշկներից: Հաստատել այդ Խորհրդի մասին կից Կանոնադրությունը: Խորհրդի աշխատանքի տեխնիկական ապահովման նպատակով ստեղծել Քարտուղարություն:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Առողջապահության բնագավառում համագործակցության Խորհրդի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով և ցանկացած մասնակցի համար ինքնաբերաբար կերկարաձգվի մեկամյա ժամանակաշրջաններով, եթե նա համապատասխան ժամկետի ավարտից երկու ամիս առաջ չտեղեկացնի առողջապահության բնագավառում համագործակցության մասին Խորհրդին Համաձայնագիրը փոփոխելու կամ նրանից դուրս գալու իր մտադրության մասին:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Ցանկացած պետություն կարող է միանալ սույն Համաձայնագրին` առողջապահության բնագավառում համագործակցության Խորհրդին համապատասխան ծանուցում տալու միջոցով: Համաձայնագիրը այդ պետության համար ուժի մեջ է մտնում բոլոր նրա մասնակիցների կողմից միանալու համար համաձայնութույնը ստանալուց հետո:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: Համաձայնագիրը կարող է լրացվել կամ փոփոխվել այն ստորագրած կողմերի համաձայնությամբ:

 

Կատարված է Մինսկ քաղաքում 1992 թվականի հունիսի 26-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Բելառուսի Հանրապետության կառավարության արխիվում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած պետություններին կուղարկի Համաձայնագրի հաստատված պատճենները:

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Առողջապահության բնագավառում համագործակցության Անկախ Պետությունների Համագործակցության Խորհրդի մասին

 

Առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) նպատակն է Համագործակցության մասնակից պետությունների համակողմանի փոխգործակցությունը և համագործակցությունը առողջապահության, բժշկագիտության և բժշկական տեխնիկայի, դեղագործության պահպանման համար` բնակչության առողջության պահպանման, վերականգնման և բարելավման նպատակով:

 

Բաժին 1. Ընդհանուր դրույթներ

 

1. Խորհրդի անդամներն են Համագործակցության կազմի մեջ մտնող պետությունների առողջապահության նախարարները և պետական գլխավոր սանիտարական բժիշկները:

2. Անդամակցությունը Խորհրդին Համագործակցության կազմի մեջ մտնող յուրաքանչյուր ինքնիշխան պետության կամաարտահայտությունն է:

3. Անդամակցությունը Խորհրդին իրականացվում է Համագործակցության կազմի մեջ մտնող ինքնիշխան պետությունների ներկայացուցիչների իրավահավասարության սկզբունքների հիման վրա:

4. Համագործակցության կազմի մեջ մտնող պետությունները կարող են միանալ սույն Կանոնադրությանը.

ստորագրելով այն` հաստատման վերաբերյալ վերապահում չկատարելով,

ստորագրելով այն` հետագայում այն հաստատելու պայմանով:

5. Խորհրդի որոշումները երաշխավորական բնույթ ունեն:

6. Անդամակցությունը Խորհրդին խոչընդոտ չի հանդիսանում առողջապահության բնագավառում այլ բազմակողմ համաձայնագրերի կնքման համար:

 

Բաժին 2. Խորհրդի խնդիրները

 

1. Բնակչության առողջության պահպանության միասնական համամարդկային սկզբունքների և գաղափարների ձևավորում:

2. Առողջապահության բնագավառում գիտատեխնիկական համագործակցության համատեղ ծրագրերի իրականացման համար երաշխավորությունների պատրաստում, փորձաքննություն և մշակում, միասնական տեղեկատվական ցանցերի ստեղծում:

3. Առավել տարածված վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների նախազգուշացման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացում:

4. Աղետների, էկոլոգիական և տարերային այլ աղետների բժշկական հետևանքների նվազեցման համար գործունեության համակարգում:

5. Համագործակցության կազմի մեջ մտնող յուրաքանչյուր պետության տարածքում բնակչության առողջական վիճակի, տարերային աղետների և համաճարակների, վթարային իրավիճակների մասին տեղեկություն:

6. Բժշկական, գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման հարցերի համաձայնեցում:

7. Առողջապահության պետական և միջազգային քաղաքականության բնագավառում հիմնախնդիրների լուծման նպատակով Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունների համար երաշխավորությունների մշակում, միջկառավարական համաձայնագրերի և պայմանագրերի կնքման համար առողջապահության մասին նյութերի պատրաստում:

8. Բժշկական տեխնիկայի և սարքերի, դեղորայքի, բուժիչ և դիետիկ ապրանքների պահանջմունքների և արտադրության մասին տեղեկություն:

9. Առողջապահության բնագավառում համատեղ գործունեութան հետ կապված այլ միջոցառումներ:

 

Բաժին 3. Խորհրդի նիստը

 

1. Առողջապահության նախարարի հանձնարարությամբ Խորհրդում նրա լիազորությունները կարող է իրականացնել նախարարի տեղակալը: Խորհրդի նիստին կարող են մասնակցել խորհրդականներ, փորձագետներ, խորհրդակցական ձայնի իրավունքով այլ ներկայացուցիչներ:

2. Խորհուրդը հերթական նիստը գումարում է տարին առնվազն երկու անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում (Խորհրդի անդամներից մեկի խնդրանքով)‚ գումարում է հատուկ նիստեր:

3. Խորհրդի հերթական և հատուկ նիստերի անցկացման վայրը որոշվում է նրա մասնակիցների նախնական պայմանավորվածությամբ:

4. Խորհուրդը հերթական (հատուկ) նիստի անցկացման ժամանակամիջոցի համար իր կազմից ընտրում է նախագահ: Նախագահը պահպանում է իր լիազորությունները միայն նիստի անցկացման ժամանակամիջոցի ընթացքում:

5. Խորհրդի հերթական կամ հատուկ նիստի անցկացման հետ կապված բոլոր ծախսերը կրում է ընդունող կողմը:

6. Խորհրդի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:

 

Բաժին 4. Խորհրդի լիազորությունները

 

1. Սահմանում է առողջապահության բնագավառում համագործակցության հիմնական ուղղությունները` որոշակի ժամանակամիջոցի համար:

2. Երաշխավորում է գիտականորեն հիմնավորված հիգիենիկ չափանիշներ, սանիտարահամաճարակային միջոցառումներ, այդ թվում` բժշկակենսաբանական չափանիշներ, անվանացանկեր և նշումներ, բժիշկների գործունեության կանխարգելիչ և առողջարանադիագնոստիկ դեղորայքի, բժշկական նշանակության այլ սարքերի պատրաստման և հսկողության տեխնոլոգիաների արտոնագրման կարգը, որակավորման պահանջները և այլն:

3. Ստեղծում է առողջապահության միջպետական ծրագրերի մշակման, փորձաքննության և իրականացման հանձնաժողովներ, որոշում է դրանց գործունեության կարգը, ֆինանսավորման աղբյուրները և ծավալը:

4. Նշանակում և ազատում է Խորհրդի գործադիր քարտուղարին, հաստատում է Խորհրդի թվաքանակը:

 

Բաժին 5. Քարտուղարություն

 

1. Քարտուղարությունը բաղկացած է գործադիր քարտուղարից և աշխատակազմից:

2. Խորհուրդը նշանակում է Գործադիր քարտուղարին իր կողմից սահմանած ժամկետով:

3. Քարտուղարության աշխատակազմը նշանակվում է գործադիր քարտուղարի կողմից:

4. Քարտուղարությունը ապահովում է Խորհրդի նիստերի նախապատրաստումը և անցկացումը, կազմակերպում է ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքը, գործավարություն է կատարում Խորհրդի հարցերի վերաբերյալ, իրականացնում է ֆինանսական, տեղեկատվական, հրատարակչական գործունեություն:

5. Քարտուղարության գործունեության ֆինանսավորումը իրկանացնում են Համագործակցության մասնակից պետությունները` հավասար բաժնային մասնակցությամբ:

6. Քարտուղարության աշխատավայրն է Մինսկ քաղաքը: Այն պետությունը, որի տարածքում աշխատում է Քարտուղարությունը, նրա գործունեության համար ապահովում է անհրաժեշտ պայմաններ:

 

Բաժին 6. Համատեղ գործունեության հիմնախնդիրներով (ուղղություններով) հանձնաժողովներ

 

1. Համատեղ գործունեության հիմնախնդիրներով (ուղղություններով) հանձնաժողովներ ստեղծվում են Խորհրդի որոշմամբ` առողջապահության և բժշկագիտության բնագավառում առանձին հիմնախնդիրների վերաբերյալ երաշխավորությունների վերլուծության և մշակման համար:

2. Հիմնախնդիրներով հանձնաժողովի ստեղծման ժամանակահատվածը, դրա կազմը, լիազորությունները, ղեկավարները սահմանվում են Խորհրդի որոշմամբ:

3. Հանձնաժողովների գործունեության ֆինանսավորումը իրականացնում են Խորհրդի մասնակիցները` նրանց կողմից սահմանված կարգով:

4. Հանձնաժողովների գործունեությունը լսվում է Խորհրդի նիստերում:

5. Համագործակցության մասնակից պետությունների Կառավարությունները հանձնաժողովներին տրամադրում են նրանց գործունեության համար անհրաժեշտ տեղեկություն:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի հունիսի 26-ից: