Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.04.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2010.06.01/22(756).1 Հոդ.578.16
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.04.2010
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում 

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ/0431/02/09

Քաղաքացիական գործ  թիվ ԼԴ/0431/02/09

2010թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան

            Դատավորներ՝ Գ. Մատինյան

                       Լ. Գրիգորյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

Ս. Սարգսյանի

մասնակցությամբ դատավորներ

Ե. Խունդկարյանի

 

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. ԴՐՄԵՅԱՆԻ

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2010 թվականի ապրիլի 22-ին

դռնբաց դատական նիստում քննելով «Սիլ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) ներկայացուցիչներ Դիանա Գրիգորյանի և Արամազդ Կիվիրյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2009 թվականի որոշման դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Սանասար Գրիգորյանի և Յուրիկ Թադևոսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Սանասար Գրիգորյանից և Յուրիկ Թադևոսյանից 9.394.400 ՀՀ դրամ:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 08.07.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 25.11.2009 թվականի որոշմամբ Դատարանի 08.07.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Ընկերության ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ապահովագրական հատուցումը վճարած ապահովագրողին է անցնում վճարված գումարի շրջանակներում պահանջի իրավունքը, որն ապահովագրվողը (շահառուն) ունի ապահովագրության արդյունքում հատուցված վնասի համար պատասխանատու անձի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ գույքային ապահովագրության պայմանագրով։ Նույն օրենսգրքի 1021-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովագրվողի (շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ։ Այսինքն՝ օրենսդիրն ապահովագրողին անցած հետադարձ պահանջի իրավունքի իրականացման, այդ իրավունքի կարգավորման իրավանորմերը պայմանավորում է ոչ թե ապահովագրության կանոններով, այլ ապահովագրվողի (շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոններով։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով։

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածը, 337-րդ հոդվածի 4-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածը, 337-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերը, որոնք պետք է կիրառեր, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, սույն վեճի նկատմամբ կիրառելով հայցային վաղեմության կրճատ՝ երկամյա ժամանակահատված, պետք է պարզեր, թե արդյոք իրավահարաբերության ծագման պահին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները» բաժնում պարտավորությունների կատարման, ինչպես նաև պարտավորությունների կատարմամբ անցած պահանջի իրավունքի իրացման վաղեմության կրճատ՝ երկամյա ժամկետ նախատեսված է, թե՝ ոչ։ Ապահովագրական պայմանագրի կնքման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածը չի կարգավորել ապահովագրողի և վնասի համար պատասխանատու անձանց միջև հարաբերությունները, և Վերաքննիչ դատարանը պարտավոր էր կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխի կանոնները, ինչպես նաև հայցային վաղեմության ժամանակահատվածը հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 332-րդ հոդվածով նախատեսված ժամանակահատվածի սահմաններում։

Այնուհանդերձ, եթե անգամ ընդունվի, որ վերը նշված նորմը կարգավորել է նաև նման հարաբերություններ, ապա Վերաքննիչ դատարանը պետք է պարզեր, թե հայցային վաղեմության ժամանակահատվածն Ընկերության համար ե՞րբ է սկսել, և Ընկերությունը, որ պահից է պահանջի իրավունք ձեռք բերել։ Սույն գործով Ընկերության մոտ պատասխանողների նկատմամբ պահանջի իրավունքը ծագել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 03.06.2008 թվականի թիվ 14-596/08 դատավճռի հիման վրա այն պահից սկսած, երբ Ընկերությունն իմացել է, թե ով պետք է պատասխանատվություն կրի պատահարի հետևանքով առաջացած վնասների համար և ում նկատմամբ պետք է իրականացնի իր պահանջի իրավունքը։ Հետևաբար, հայցային վաղեմության ժամկետի հաշվարկը պետք է սկսվի 03.06.2008 թվականից։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 03.06.2008 թվականի թիվ 14-596/08 դատավճռով հաստատվել է, որ պայթյունի հետևանքով «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ի՝ դեպքի վայրում գտնվող ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս, և 12.08.2006 թվականին տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ մեղավոր են ճանաչվել Սանասար Գրիգորյանը և Յուրիկ Թադևոսյանը։

Վերոգրյալից հետևում է, որ Ընկերությունը միայն 03.06.2008 թվականի թիվ 14-596/08 դատավճռից է տեղեկացել այն մասին, թե՝ 1) ում գործողությունների արդյունքում է տեղի ունեցել պայթյունը, 2) ով է պատասխանատու պայթյունի առաջացման հարցում, 3) ում նկատմամբ ունի պահանջի իրավունք կամ այլ կերպ ասած հնարավոր հատուցման պահանջն ում նկատմամբ պետք է առաջադրվի, 4) վնասը տեղի չի ունեցել անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության արդյունքում։

Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով Ընկերությունը 17.12.2008 թվականի թիվ 151-12/08 գրությամբ («Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին 9.394.400 ՀՀ դրամ վճարելուց հետո մեկ տարի ինն ամիս անց) դիմել է պատասխանող Յուրիկ Թադևոսյանին՝ հայտնելով, որ 12.08.2006 թվականին տեղի ունեցած պատահարի արդյունքում «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ի Հայաստանի ներկայացուցչության ավտոմեքենային պատճառվել է 9.394.400 ՀՀ դրամի վնաս, որն Ընկերությունը վճարել է, և առաջարկել է գրությունն ստանալու պահից 7 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությանը վճարել 13.869.102 ՀՀ դրամ։ 18.12.2008 թվականին նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև Սանասար Գրիգորյանին։ Այսպիսով, Ընկերության կողմից պատասխանողներ Սանասար Գրիգորյանին և Յուրիկ Թադևոսյանին 17.12.2008 թվականի և 18.12.2008 թվականի գրություններով տրվել են պարտավորությունների կատարման արտոնյալ ժամկետներ, հետևաբար, Ընկերության կողմից պատասխանողներին իրենց պարտավորությունների կատարման համար տրամադրված արտոնյալ ժամկետի ավարտից հետո միայն կարող է հաշվարկվել հայցային վաղեմության սկիզբը։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, նշված գրություններն ընդհանրապես գնահատման առարկա չդարձնելու պայմաններում, ճիշտ չի գնահատել և հաշվարկել Ընկերության մոտ ծագած պահանջի իրավունքի իրացման և հայցային վաղեմության ժամկետների հաշվարկման պահը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 25.11.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության 20.04.2006 թվականի թիվ MR 000186 վկայագրով 20.04.2006 թվականից մինչև 19.04.2007 թվականը գործողության ժամկետով ապահովագրվել է «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ի ավտոտրանսպորտային միջոցը՝ «Պեժո 407» մակնիշի 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենան, 26.000 ԱՄՆ դոլար արժեքով (գ.թ. 21):

2) 12.08.2006 թվականին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Վ.Ն.Ս. եռյակ» ՍՊԸ-ի «ՄԱԶ-5334» մակնիշի, 36 ՕՏ 327 պետհամարանիշի ավտոմեքենային կցված հեղուկ գազի ցիստեռնի պայթյունի հետևանքով նրա հետևից շարժվող, «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին պատկանող, «Պեժո 407» մակնիշի 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենան բռնկվել և այրվել է, իսկ մեքենայի վարորդը մահացել է:

3) «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կենտրոնի 26.10.2006 թվականի թիվ 29650610 փորձագիտական եզրակացության համաձայն՝ փորձագետը եզրակացություն է տվել այն մասին, որ ապրանքագիտական փորձաքննությանը տրամադրված վիճակում, ջերմային ներգործության ենթարկված «Պեժո 407» մակնիշի 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենայի վերականգնման աշխատանքներն արժեքային արտահայտությամբ կարող են կազմել 9.394.400 ՀՀ դրամ (գ.թ. 32):

4) 19.03.2007 թվականի ապահովագրական (վթարային) թիվ 07/03/51/ MOTOR հավաստագրի համաձայն՝ «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին պատկանող «Պեժո 407» մակնիշի 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենայի ֆիզիկական վնասը որակվել է որպես ապահովագրական դեպք` նշելով, որ ապահովագրական դեպքի վայրն ու ժամանակն է Դիլիջան-Վանաձոր մայրուղին, 12.08.2006 թվականի ժամը 14:30-ը, ապահովագրական արժեքը կազմում է 9.394.400 ՀՀ դրամ, ապահովագրական հատուցում ստացողն է «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ն (գ.թ. 28-29):

5) «Հայէկոնոմբանկ»-ի 21.03.2007 թվականի թիվ 111 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Ընկերությունը «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին է վճարել 9.394.400 ՀՀ դրամ ապահովագրական հատուցման գումարը (գ.թ. 30):

6) ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի օրինական ուժի մեջ մտած 03.06.2008 թվականի թիվ 14-596/08 դատավճռի համաձայն՝ Սանասար Գրիգորյանը և Յուրիկ Թադևոսյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի 2-րդ, 157-րդ հոդվածի 2-րդ մասերով: Նշված դատավճռով հաստատված են համարվել այն հանգամանքները, որ «ամբաստանյալ Սանասար Գրիգորյանը, հանդիսանալով «Վ.Ն.Ս. եռյակ» ՍՊԸ-ի տնօրեն, խախտել է ՀՀ կառավարության 22.12.2005 թվականի թիվ 2399 որոշմամբ հաստատված «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի 96 կետի և 155 կետի «բ» ենթակետի և «Ճնշման տակ աշխատող անոթների անվտանգ շահագործման կանոնների» 6.3.1 կետի պահանջները՝ չի կազմակերպել արտադրական և շահագործող անձնակազմի ուսուցում, չի ստուգել ցիստեռնի վրա տեղադրված ապահովիչ կափույրների աշխատանքը և սարքինությունը։ Նա, առանց պատշաճ հրահանգավորման, նոր աշխատանքի ընդունված վարորդ Արամայիս Մեջլումյանին հանձնարարել է նախատեսված ժամկետում ներքին զննում չանցած, որպես պահեստարան նախատեսված և առանց համապատասխան թույլտվության կցորդի վրա տեղադրված, տեխնիկական անձնագրի տվյալներին չհամապատասխանող ցիստեռնով, «Բութան» ՍՊԸ-ից տեղափոխել հեղուկացված գազ։ 12.08.2006 թվականին, Ա. Մեջլումյանը, նրա հանձնարարությունը կատարելով, մեկնել է «Բութան» ՍՊԸ, որի լցավորման-դատարկման արտադրամասի պետ, մյուս ամբաստանյալ Յուրիկ Թադևոսյանը, խախտելով դյուրավառ նյութերի, տվյալ դեպքում հեղուկացված գազի, առաքման, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնները, այն է՝ ՍՊԸ-ի ղեկավարության կողմից 26.05.2005 թվականին հաստատված «Ճնշման տակ աշխատող անոթների շահագործման ժամանակ տեխնիկայի անվտանգության հրահանգի» 4-րդ և 5-րդ կետերի պահանջները՝ առանց համապատասխան արտաքին զննության ենթարկելու, լցավորելով «Վ.Ն.Ս. եռյակ» ՍՊԸ-ին պատկանող, ներկայացված տեխնիկական անձնագրի տվյալներին չհամապատասխանող, պահեստարան հանդիսացող և ավտոմեքենայի կցորդի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված ցիստեռնը, ուղարկել է Վանաձոր։ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 35,7 կիլոմետրի վրա, շոգ եղանակային պայմանների պատճառով, հեղուկացված գազը տաքացել է, որի արդյունքում ցիստեռնում աճել է ավելցուկային ճնշումը, քայքայվել լցավորման-դատարկման խողովակի տեղադրման հատվածի ոչ գործարանային եղանակով կատարված եռակցման միացությունը, ապահերմետիկացել է ցիստեռնը, տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։ Պայթյունի հետևանքով Ա. Մեժլումյանի կողմից վարվող «ՄԱԶ-5334» մակնիշի 36 ՕՏ 347 պետհամարանիշի ավտոմեքենան և նրա հետևից նույն ուղղությամբ շարժվող «Վազ-2106» մակնիշի 110 ՏՕ 61 պետհամարանիշի, «Վազ-2107» մակնիշի 68 ՕՍ 108 պետհամարանիշի և «Պեժո» մակնիշի 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենաներն այրվել են», «պայթյունի հետևանքով Ամերիկայի Հայ-ավետարանչական ընկերակցությանը, «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ» ՍՊԸ-ի ավտոմեքենային պատճառվել է նյութական վնաս» (գ.թ. 13-20)։

7) Ընկերության կողմից Յուրիկ Թադևոսյանին և Սանասար Գրիգորյանին հասցեագրված համապատասխանաբար 17.12.2008 թվականի և 18.12.2008 թվականի գրություններով Ընկերությունը, Յուրիկ Թադևոսյանին և Սանասար Գրիգորյանին տեղեկացնելով Ընկերության նկատմամբ ունեցած պարտավորությունների մասին, առաջարկել է պարտավորությունները կատարել գրություններն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում (գ.թ. 22-27):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

 

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 985-րդ հոդվածի համաձայն՝ գույքային ապահովագրության պայմանագրով՝ մի կողմը (ապահովագրողը) պարտավորվում է պայմանագրով պայմանավորված վճարի (ապահովագրական պարգևի) դիմաց, պայմանագրով նախատեսված դեպքը (ապահովագրական դեպքը) վրա հասնելիս, մյուս կողմին (ապահովագրվողին) կամ այլ անձի, ում օգտին կնքվել է պայմանագիրը (շահառուին) հատուցել ապահովագրված գույքին այդ դեպքի հետևանքով պատճառված կամ ապահովագրվողի այլ գույքային շահերի հետ կապված վնասները (ապահովագրական հատուցումը)՝ պայմանագրով որոշված գումարի (ապահովագրական գումարի) սահմաններում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) համաձայն՝ ապահովագրական հատուցումը վճարած ապահովագրողին է անցնում վճարված գումարի շրջանակներում պահանջի իրավունքը, որն ապահովագրվողը (շահառուն) ունի ապահովագրության արդյունքում հատուցված վնասի համար պատասխանատու անձի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ գույքային ապահովագրության պայմանագրով:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Ընկերության տրանսպորտային միջոցների համապարփակ ապահովագրության 20.04.2006 թվականի թիվ MR 000186 վկայագրով 20.04.2006 թվականից մինչև 19.04.2007 թվականը գործողության ժամկետով ապահովագրվել էր «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ի ավտոտրանսպորտային միջոցը՝ «Պեժո 407» մակնիշի 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենան: 12.08.2006 թվականին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Վ.Ն.Ս. եռյակ» ՍՊԸ-ի «ՄԱԶ-5334» մակնիշի, 36 ՕՏ 327 պետհամարանիշի ավտոմեքենային կցված հեղուկ գազի ցիստեռնի պայթյունի հետևանքով նրա հետևից շարժվող, «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին պատկանող, «Պեժո 407» մակնիշի, 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենան բռնկվել և այրվել էր, և «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կենտրոնի 26.10.2006 թվականի թիվ 29650610 փորձագիտական եզրակացության համաձայն՝ նշված ավտոմեքենայի վերականգնման աշխատանքները գնահատվել էր 9.394.400 ՀՀ դրամ: 19.03.2007 թվականի ապահովագրական (վթարային) թիվ 07/03/51/ MOTOR հավաստագրի համաձայն՝ «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին պատկանող, «Պեժո 407» մակնիշի 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենայի 9.394.400 ՀՀ դրամի չափով ֆիզիկական վնասը որակվել է որպես ապահովագրական դեպք, և Ընկերությունը «Հայէկոնոմբանկ»-ի 21.03.2007 թվականի թիվ 111 վճարման հանձնարարագրով «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին է վճարել 9.394.400 ՀՀ դրամ ապահովագրական հատուցման գումարը:

 

Վերը նշված նորմերի վերլուծության և փաստական հանգամանքների համադրման արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապահովագրական հատուցումը տրամադրելու պահից սկսած այդ գումարի շրջանակներում վնաս պատճառած անձից պահանջի իրավունքն անմիջականորեն փոխանցվում է ապահովագրողին, ընդ որում, օրենսդիրն այս կանոնից սահմանել է բացառություն միայն այն դեպքում, երբ ապահովագրական պայմանագրում նախատեսված է այլ պայման։ Քննարկվող պարագայում «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ի և Ընկերության միջև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից տարբերվող այլ պայմաններով պայմանագիր չի կնքվել, հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների անմիջական կիրառման արդյունքում «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին պատճառված 9.394.400 ՀՀ դրամ վնասի պահանջի իրավունքն անցել է Ընկերությանը:

Միաժամանակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 2-րդ կետի (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) համաձայն՝ ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովագրվողի (շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:

Փաստորեն, օրենսդիրը, նախատեսելով ապահովագրական պատահարի արդյունքում ապահովագրական հատուցում իրականացրած ապահովագրողի պահանջի իրավունքը, միաժամանակ ամրագրել է այդ պահանջի իրավունքի իրականացման իրավական հիմքերը, մասնավորապես՝ այն, որ պահանջի իրավունք ձեռք բերած ապահովագրողի և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխով սահմանված կանոններով (վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորությունները):

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ նույն օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են՝ իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնաս պատճառած անձն ազատվում է այն հատուցելուց, եթե ապացուցում է, որ վնասն իր մեղքով չի պատճառվել:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է պարտապանի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը (տես՝ Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Ընդ որում, քննարկվող պարագայում օրենսդրի կողմից ամրագրվել է վնաս պատճառած անձի մեղավորության կանխավարկածը, քանի որ ենթադրյալ վնաս պատճառած անձն է կրում իր մեղքի բացակայության ապացուցման պարտականությունը, որի ապացուցումն էլ վնաս պատճառած անձին ազատում է այն հատուցելուց:

Այսինքն՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի հիմքով վնասի հատուցման համար պարտադիր պայման հանդիսացող տարրերից՝ հայցվորի մոտ իրական կամ բաց թողնված օգուտի տեսքով վնասների առկայության, պատասխանողի մոտ ոչ օրինաչափ վարքագծի առկայության, վնասների ու ենթադրյալ վնաս պատճառող անձի ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի առկայության հանգամանքների ապացուցման բեռը կրում է հայցվոր կողմը, իսկ հայցվորի կրած վնասի հարցում իր մեղքի բացակայության հանգամանքի ապացուցման պարտականությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանխավարկածի հիմքով, կրում է պատասխանող կողմը:

 

Սույն գործով ներկայացված ապացույցներով հաստատված փաստերից հետևում է, որ «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ի «Պեժո 407» մակնիշի 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառվել է վնաս, իսկ նշված վնասը պատճառվել է Սանասար Գրիգորյանի և Յուրիկ Թադևոսյանի հանցավոր գործողությունների հետևանքով, որը հաստատվում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 03.06.2008 թվականի թիվ 14-596/08 դատավճռով: Ընդ որում, նշված վնասի պահանջի իրավունքն էլ, «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին ապահովագրական հատուցման գումարը վճարելու ուժով, ներկայումս պատկանում է Ընկերությանը:

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-333-րդ և 337-րդ հոդվածների համաձայն՝ իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը, այն է՝ հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանվել են հատուկ ժամկետներ: Հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Նույն օրենսգրքի 338-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության մեջ անձանց փոփոխվելը չի հանգեցնում հայցային վաղեմության ժամկետի և դրա հաշվարկման կարգի փոփոխման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածը սահմանում է, որ դատարանը հայցային վաղեմությունը կիրառում է վիճող կողմի դիմումի հիման վրա, և հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար:

Սույն գործով Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելիս Վերաքննիչ դատարանի կողմից պատճառաբանվել է, թե Ընկերությունը բաց է թողել վնասի հատուցման պահանջի համար սահմանված կրճատ (երկամյա) հայցային վաղեմության ժամկետը՝ որպես երկամյա հայցային վաղեմություն սահմանող նորմ` կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածը (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) և հիմք ընդունելով այն փաստական հանգամանքները, որ Ընկերության կողմից «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին 9.394.400 ՀՀ դրամ ապահովագրական հատուցման գումարը վճարվել է 21.03.2007 թվականին, իսկ սույն գործով հայցադիմումը ներկայացվել է 17.04.2009 թվականին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից երկամյա հայցային վաղեմության ժամկետի կիրառումն իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածի (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) համաձայն՝ գույքային ապահովագրության պայմանագրից բխող պահանջներով հայցը կարող է ներկայացվել երկու տարվա ընթացքում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 1-ին կետի (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) համաձայն՝ ապահովագրական հատուցումը վճարած ապահովագրողին է անցնում վճարված գումարի շրջանակներում պահանջի իրավունքը, որն ապահովագրվողը (շահառուն) ունի ապահովագրության արդյունքում հատուցված վնասի համար պատասխանատու անձի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ գույքային ապահովագրության պայմանագրով, իսկ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովագրվողի (շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածը կանոնակարգում է ապահովագրության պայմանագրի կողմերի միջև կնքված պայմանագրից բխող պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետի հետ կապված հարաբերությունները, այդ պահանջների գծով իրավահարաբերության ծագման պահին սահմանվել է կրճատ` երկամյա հայցային վաղեմության ժամկետ: Իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1021-րդ հոդվածի 2-րդ կետի հիմքով ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովագրվողի (շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ գլխում: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ սույն վեճի առարկա հանդիսացող վնաս պատճառելու հետևանքով ծագած հարաբերությունների նկատմամբ օրենսդիրը կրճատ հայցային վաղեմության ժամկետ չի սահմանել, հետևաբար, գործում է քաղաքացիական օրենսգրքով սահմանված ընդհանուր հայցային վաղեմության ժամկետը, այն է՝ եռամյա ժամկետը:

Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պայմանագրի կնքման պահին գործող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1022-րդ հոդվածը կարգավորում է ապահովագրողի և ապահովագրվողի միջև ծագած հարաբերությունները, այն չի կարգավորում ապահովագրողի և վնաս պատճառած անձի միջև հարաբերությունները, քանի որ օրենսդիրը հստակ նշել է, որ այդ հարաբերությունները կարգավորվում են վնասների համար պատասխանատու անձանց միջև հարաբերությունները կարգավորող կանոններով։

 

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սույն գործով հայցային վաղեմության ժամկետի հոսքի սկզբնաժամկետի հարցի պարզաբանմանը, այսինքն՝ անհրաժեշտ է պարզել, թե հայցային վաղեմության ժամանակահատվածն Ընկերության համար երբ է սկսել և Ընկերությունը որ պահից սկսած է պահանջի իրավունք ձեռք բերել։ Հարկ է նշել, որ հայցային վաղեմությունը՝ անձի խախտված իրավունքի դատական պաշտպանության համար ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ժամանակահատվածն է, ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով հայցային վաղեմության ժամկետի ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ Ընկերությունն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին։ Օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է նրանով, որ անձը տեղյակ լինի ո՞վ է իր իրավունքների խախտողը և ու՞մ դեմ պետք է ուղղված լինի պահանջը։ Հայցն ինքնին իրենից ներկայացնում է նյութաիրավական պահանջ, որն ուղղված պետք է լինի իրավունքը ենթադրաբար խախտած անձի դեմ։

Սույն գործի փաստերից հետևում է, որ 12.08.2006 թվականին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին «Վ.Ն.Ս. եռյակ» ՍՊԸ-ի «ՄԱԶ-5334» մակնիշի, 36 ՕՏ 327 պետհամարանիշի ավտոմեքենային կցված հեղուկ գազի ցիստեռնի պայթյունը տեղի է ունեցել Սանասար Գրիգորյանի և Յուրիկ Թադևոսյանի հանցավոր գործողությունների հետևանքով, որի արդյունքում էլ «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ի «Պեժո 407» մակնիշի 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենային պատճառվել է վնաս: Ընդ որում, Սանասար Գրիգորյանի և Յուրիկ Թադևոսյանի մեղավորության և «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ի «Պեժո 407» մակնիշի 505 ԼԼ 05 պետհամարանիշի ավտոմեքենային վնաս պատճառելու հանգամանքները հաստատվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 03.06.2008 թվականի թիվ 14-596/08 դատավճռով, որպիսի հանգամանքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ կետի ուժով վերստին ապացուցման կարիք չունեն:

Քննարկվող պարագայում Ընկերության համար ապահովագրական հատուցման գումարի շրջանակներում պայթյունի առաջացման գործում մեղավոր անձանց նկատմամբ պահանջի առաջադրման կարևորագույն պայման էր հանդիսանում այն, որ նախ հաստատվեր, թե ով է մեղավոր ապահովագրական պատահարի՝ պայթյունի հարցում, իսկ նշված փաստի մասին Ընկերությունն իմացել է 03.06.2008 թվականին՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավճռի հրապարակումից հետո:

Մինչդեռ, ինչպես վերը նշվեց, Վերաքննիչ դատարանի կողմից հայցային վաղեմության ժամկետի հոսքի սկզբնակետ ընդունվել է 21.03.2007 թվականը, այսինքն՝ այն պահը, երբ Ընկերության կողմից «Գլաքսո Սմիթ Քլայն Էքսպորտ Լիմիթեդ» ՍՊԸ-ին է վճարվել 9.394.400 ՀՀ դրամ ապահովագրական հատուցման գումարը, որպիսի դիրքորոշումն էլ, վերը նշված պատճառաբանությունների լույսի ներքո, իրավաչափ չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.11.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Գործի նոր քննության արդյունքում անդրադառնալ դատական ծախսերի բաշխման հարցին:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Սարգսյան

Դատավորներ`

 

Ե. Խունդկարյան

 

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան