Գլխավոր տեղեկություն
Համար
N 187-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.06.2010-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2010.06.01/13(365) Հոդ.129
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
14.04.2010
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2010

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

13 մայիսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010190

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

14 ապրիլի 2010 թ.
ք. Երևան

 N 187-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՏՐԱՖԻԿԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ե) և ը) ենթակետերը, 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցելու նպատակով շահագործվող և ինքնավար համակարգի պաշտոնապես գրանցված համար (ASN) ունեցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության երկու ցանցերի միջև այնպիսի միացումը, որն ապահովում է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի մեկ օպերատորի բաժանորդների համար հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի մյուս օպերատորի ցանցում գտնվող ծառայությունների հասանելիությունը կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի մեկ օպերատորի բաժանորդների հաղորդակցությունը հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի մյուս օպերատորի բաժանորդների հետ` առանց երրորդ ցանցերի հետ միացման, դասակարգել որպես պիրինգային միացում (P2P կամ peer-to-peer):

2. Տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայություն մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը պարտավոր է`

1) այլ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի պահանջով ապահովել անվճար պիրինգային միացում առնվազն 10 Մբիթ/վ թողունակությամբ` կնքելով համապատասխան պայմանագիր, սակայն պիրինգային միացումն ապահովող կապուղու տրաֆիկի միջին ամսական ծանրաբեռնվածությունը չի կարող գերազանցել այդ թողունակության 60 տոկոսը.

2) նախօրոք հայտարարել իր ցանցի առնվազն մեկ պիրինգային միացման կետ: Ընդ որում մեկից ավելի պիրինգային միացման կետեր հայտարարելու դեպքում այդ կետերի միջև առավելագույն թողունակությունը պետք է լինի ոչ պակաս, քան տվյալ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի առավելագույն թողունակությունը.

3) սահմանել իր ցանցի պիրինգային միացման կետի կամ կետերի խափանումների առաջացման դեպքում դրանց վերացման առավելագույն ժամկետները.

4) պիրինգային միացման միջոցով տրաֆիկի փոխանակման ժամանակավոր անհնարինության դեպքում ապահովել իր ցանցի հասանելիությունը իր հետ պիրինգային միացում ունեցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորի համար` միջազգային ցանցերով.

5) պիրինգային միացում տրամադրել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի այլ օպերատորի գրավոր դիմումի հիման վրա` այն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:

3. Պիրինգային միացման կետի կազմակերպման ծախսերը կրում է պիրինգային միացում տրամադրող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը, իսկ մինչև պիրինգային միացման կետ կապուղու կազմակերպման ծախսերը կրում է պիրինգային միացման համար դիմող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը, բացառությամբ այն դեպքերի, երբ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի այդ օպերատորները ծախսերը բաշխելու վերաբերյալ ձեռք են բերում այլ պայմանավորվածություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան