ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/6350/05/08 վարչական գործ թիվ ՎԴ/6350/05/08 2010թ.
Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի մասնակցությամբ դատավորներ Տ. Պետրոսյանի Վ. Աբելյանի Ս. Անտոնյանի Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ Մ. Դրմեյանի Ե. Խունդկարյանի Է. Հայրիյանի Ե. Սողոմոնյանի
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լիդա Բաբայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Երևանի Նորք-Մարաշ համայնքի թաղապետարանի (այսուհետ՝ Թաղապետարան) ընդդեմ Լիդա Բաբայանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Թաղապետարանը պահանջել է բռնագանձել Լիդա Բաբայանից 1998 թվականից մինչև 28.09.2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար առաջացած 3.181.129 ՀՀ դրամ գույքահարկի գումարը, ինչպես նաև 63.623 ՀՀ դրամ նախապես վճարված պետական տուրքը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.09.2008 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.07.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ Դատարան) 30.06.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լիդա Բաբայանը։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 112-րդ, 113-րդ, 114-րդ, 115-րդ հոդվածների պահանջները։
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հաշվի չի առել, որ Լիդա Բաբայանի կողմից 1998 թվականից 2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար գույքահարկի գծով պարտավորության խախտումը Թաղապետարանը հայտնաբերել է 28.09.2007 թվականին, իսկ մինչ այդ Լիդա Բաբայանին գույքահարկի վճարման պահանջ չի ներկայացրել։ Հետևաբար, Լիդա Բաբայանից բռնագանձման ենթակա է միայն վերջին երեք տարիների գույքահարկի գումարը։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 30.06.2009 թվականի վճռի՝ 1998 թվականից 2005 թվականն ընկած ժամանակահատվածի համար գույքահարկի գումարը բռնագանձելու մասը և այդ մասով վճիռը փոփոխել՝ հայցը մերժել։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սույն գործով Թաղապետարանը հայցադիմում է ներկայացրել 19.10.2007 թվականին (գ.թ. 2, հ.1)։
2) Թաղապետարանի 28.09.2007 թվականի տեղեկանքի համաձայն՝ 28.09.2007 թվականի դրությամբ Լիդա Բաբայանի գույքահարկի գծով պարտավորությունը կազմել է 3.181.129 ՀՀ դրամ, որից 1.596.316 ՀՀ դրամ՝ 1998 թվականից 2004 թվականն ընկած ժամանակահատվածի համար, 1.280.764 ՀՀ դրամ՝ 2004 թվականից 2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար և 304.049 ՀՀ դրամ՝ 2007 թվականի համար (գ.թ. 5, հ. 1)։
3) Սույն գործում առկա չէ որևէ ապացույց հարկային տեսչության, իսկ հետագայում՝ Թաղապետարանի կողմից Լիդա Բաբայանին գույքահարկի վճարման ծանուցագրեր ներկայացվելու վերաբերյալ։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված հարկերի տեսակներից մեկն էլ գույքահարկն է։
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի համաձայն՝ հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո։
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել է գույքահարկի գծով պարտավորությունների նկատմամբ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի կիրառելիության հարցին և արձանագրել, որ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է գույքահարկի հաշվարկման երկու սուբյեկտ՝ ֆիզիկական անձ և հաշվառող մարմին։ Այդ իսկ պատճառով, նշված հոդվածի համաձայն, օրենսդիրը սահմանել է գույքահարկ հաշվառող մարմնի պարտականությունը՝ մինչև գնահատման (վերագնահատման) տարվա դեկտեմբերի 1-ը գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց ներկայացնելու սահմանված կարգով իրենց կողմից կատարված հաշվարկների հիման վրա հաստատված ձևի գույքահարկի վճարման ծանուցագրեր։
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն՝ հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հսկողությունն իրականացրել է հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ 21.06.2002 թվականից «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ համայնքի ղեկավարը։ Գույքահարկի պարտքի առկայությունն օրենքի ուժով պարտավորության գոյացման ժամանակ պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ տեղական ինքնակառավարման մարմինը։ Հետևաբար, սույն գործի փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը (տե՛ս Կենտրոն թաղային համայնքի ղեկավարի հայցն ընդդեմ Ենոք Ղազարյանի՝ գույքահարկը բռնագանձելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի թիվ 3-1772 (ՎԴ) որոշումը):
Սույն գործով Դատարանը հայցի բավարարման հիմքում դրել է Թաղապետարանի ներկայացրած գույքահարկի գծով պարտավորությունների վերաբերյալ 28.09.2007 թվականի տեղեկանքը, որով 1998 թվականից 28.09.2007 թվականն ընկած ժամանակահատվածի համար Լիդա Բաբայանին առաջադրվել է գույքահարկի գծով պարտավորություն։
Սույն գործում առկա չէ որևէ ապացույց հարկային տեսչության, իսկ հետագայում՝ Թաղապետարանի կողմից Լիդա Բաբայանին գույքահարկի վճարման ծանուցագրեր ներկայացվելու վերաբերյալ, իսկ գույքահարկի գծով պարտավորության վերաբերյալ տեղեկանքը կազմվել է 28.09.2007 թվականին։
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Լիդա Բաբայանի կողմից գույքահարկի գծով հարկային պարտավորության առկայությունն օրենքի ուժով պարտավոր էին հայտնաբերել հարկային տեսչությունը, իսկ հետագայում՝ տեղական ինքնակառավարման մարմինը։ Մինչդեռ այդ պարտավորության խախտման հանգամանքը Թաղապետարանը հայտնաբերել է 28.09.2007 թվականին, հետևաբար Լիդա Բաբայանի համար գույքահարկի գծով հարկային պարտավորություն կարող էր առաջանալ 2007 թվականին անմիջապես նախորդող երեք տարիների՝ 2006, 2005 և 2004 թվականների համար։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վարչական դատարանի 30.06.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա պետական տուրքի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Տ. Պետրոսյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Մ. Դրմեյան Ե. Խունդկարյան Է. Հայրիյան Ե. Սողոմոնյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|