ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/2122/05/09 վարչական գործ թիվ ՎԴ/2122/05/09 2010թ.
Նախագահող դատավոր՝ Կ. Բաղդասարյան
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. Սարգսյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ե. Խունդկարյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ | ||
Մ. Դրմեյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ե. Սողոմոնյանի |
2010 թվականի մարտի 12-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.09.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Արամ Բաբայանի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի հետաքննության վարչության պետի 23.04.2009 թվականի որոշումը չեղյալ համարելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արամ Բաբայանը պահանջել է չեղյալ համարել 23.04.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.09.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Անվավեր է ճանաչվել Կոմիտեի հետաքննության վարչության պետի 23.04.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշման` 4.144.140 ՀՀ դրամ տուգանք սահմանելու մասը, իսկ 290.785 ՀՀ դրամ տուգանք սահմանելու մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ, 132-րդ, 134-րդ, 189-րդ, 203-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Արամ Բաբայանն ընդունել է ապրանքի վերաբերյալ ոչ ճիշտ տեղեկություններով հայտարարագրման փաստը, ինչպես նաև այն, որ թույլ է տվել մաքսային կանոնների խախտում: Իր բացատրության մեջ նա նշել է, որ հանդես գալով որպես հայտարարատու գիտակցել է, որ պատասխանատու է իր կողմից հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:
Բացի այդ, Արամ Բաբայանը զրկված չի եղել որպես հայտարարատու օրենքով նախատեսված իր իրավունքից օգտվելու հնարավորությունից, այն է` մինչև ապրանքների հայտարարագրումը մաքսային հսկողության ներքո զննել և չափել ապրանքները և տրանսպորտային միջոցները, մաքսային մարմնի համաձայնությամբ վերցնել նմուշներ կամ փորձանմուշներ այն պայմանով, որ դրանք կներառվեն ներկայացված հայտարարագրում, որի արդյունքում կարող էր պարզել հայտարարագրվող ապրանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները և հայտարարագրում նշել ճշգրիտ տեղեկություններ:
Դատարանը վճիռ կայացնելիս հաշվի չի առել այն հանգամանքը, որ անկախ զանցանքը կատարելուց հետո հետևանքների առաջացումից, մաքսային կանոնների խախտման համար Արամ Բաբայանը ենթակա է պատասխանատվության, քանի որ որպես հայտարարատու նա օրենքով կրում է պատասխանատվություն հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:
Այսինքն, եթե անգամ Արամ Բաբայանը չի կանխատեսել իր գործողության վնասակար հետևանքների առաջացման հնարավորությունը, թեև պարտավոր էր և կարող էր կանխատեսել դրանք, միևնույնն է, ենթակա է պատասխանատվության կատարված խախտման փաստի ուժով:
Դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ ապրանքի մաքսային արժեքը հայտարարագրվել և հաստատվել է Արամ Բաբայանի կողմից, ինչպես նաև այն, որ կատարած իրավախախտման համար որպես սանկցիա նախատեսվում է պատասխանատվություն` տուգանքի նշանակում ապրանքների մաքսային արժեքի չափով: Տվյալ դեպքում տուգանքի չափը որոշվել է` հայտարարատուի կողմից հայտարարագրված ապրանքի մաքսային արժեքից ելնելով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.09.2009 թվականի վճիռը և այն փոփոխել՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Մաքսային կանոնների խախտման վերաբերյալ 03.04.2009 թվականի արձանագրության համաձայն՝ 28.03.2009 թվականին Ֆրանկֆուրտ-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր թիվ 06455040823, 29.03.2009 թվականին ավիաբեռնագրով ներմուծվել է «Պրոմ-Տեստ» ՍՊԸ-ին պատկանող ապրանք` ախտորոշիչ թեսթ-համալիրներ, ախտորոշիչ հեղուկներ: Նշված ապրանքի հայտարարագրման ավարտից հետո կատարվել է ապրանքի զննում, որի արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված 52 կգ բրուտտո ախտորոշիչ նյութերն իրականում կազմում են 235,8 կգ բրուտտո: Տարբերությունը կազմում է 183,8 կգ բրուտտո: Իսկ ախտորոշիչ թեսթ համակարգերը հայտարարագրվել է 247,4 կգ բրուտտո, իրականում կազմում է 59,6 կգ բրուտտո: Արամ Բաբայանի գործողություններում առկա են ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով նախատեսված կանոնների խախտման հատկանիշներ (գ.թ. 30):
2) 28.03.2009 թվականի թիվ C-5295 ԲՄՀ-ի (հայտարարագրի) համաձայն, ոչ ճիշտ տեղեկություններով հայտարարագրված 59,6 կգ ախտորոշիչ թեստ-համակարգերի և 235,8 կգ ախտորոշիչ նյութերի մաքսային արժեքը կազմում է 4.434.925 ՀՀ դրամ (գ.թ. 79):
3) 03.04.2009 և 10.04.2009 թվականներին Արամ Բաբայանը տվել է բացատրություններ այն մասին, որ հանդես գալով որպես հայտարարատու` գիտակցել է, որ պատասխանատու է հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար, սխալ հայտարարագրումը կատարվել է ոչ միտումնավոր, և որևէ դիտավորություն չի եղել ապրանքը ոչ ճշգրիտ տեղեկություններով հայտարարագրելու համար (գ.թ. 31-32):
4) Կոմիտեի հետաքննության վարչության պետի 23.04.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ Արամ Բաբայանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 4.434.925 ՀՀ դրամի չափով (գ.թ. 37-38):
5) Սույն գործով 28.03.2009 թվականին Արամ Բաբայանի կողմից ներկայացված թիվ C-5295 ԲՄՀ-ում առկա ապրանքների իրական մաքսային արժեքի ճշտությունը չի վիճարկվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 189-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ մաքսային կանոնների խախտում է համարվում անձի կողմից կատարված անօրինական գործողությունը կամ անգործությունը, որն ուղղված է Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ և մաքսային ոլորտին առնչվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման սահմանված կարգի դեմ, և որի համար սույն օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ֆիզիկական և պաշտոնատար անձինք մաքսային կանոնները դիտավորյալ կամ անզգուշորեն խախտելու համար ենթակա են պատասխանատվության:
ՀՀ մաքսային օրենսգրքի 131-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հայտարարատուն նույն օրենսգրքի համաձայն կրում է պատասխանատվություն՝ հայտարարագրված տեղեկությունների հավաստիության համար:
ՀՀ մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև հայտարարագրումը հայտարարատուն իրավունք ունի մաքսային հսկողության ներքո զննել և չափել ապրանքները և տրանսպորտային միջոցները, մաքսային մարմնի համաձայնությամբ վերցնել նմուշներ կամ փորձանմուշներ այն պայմանով, որ դրանք կներառվեն ներկայացված հայտարարագրում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի համաձայն` հայտարարատուն պարտավոր է իրականացնել ապրանքների և տրանսպորտային միջոցների հայտարարագրում` նույն օրենսգրքով նախատեսված կարգով:
ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելը, այսինքն` դրանց մասին ճշգրիտ տեղեկությունները սահմանված ձևով չհայտարարագրելը, ինչպես նաև հայտարարագրումը ոչ իրենց անվանմամբ` հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում` առաջացնում է տուգանքի նշանակում` այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով:
Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հայտարարագիրը լրացվում և մաքսային մարմին է ներկայացվում հայտարարատուի կողմից: Վերջինս էլ կրում է պատասխանատվություն դրանում սխալ տեղեկություններ գրանցելու համար, անկախ նրանից արարքը կատարվել է դիտավորությամբ, թե անզգուշությամբ: Ընդ որում, հայտարարատուին պատասխանատվության ենթարկելիս հիմք է ընդունվում ներմուծված ապրանքների ամբողջ ծավալի մաքսային արժեքը:
Սույն վարչական գործով Դատարանը պատճառաբանելով, որ օրենսդիրը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածով սահմանված սանկցիայում արտացոլված «այդ ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի չափով» արտահայտությամբ նկատի է ունեցել խնդրո առարկա ապրանքների իրական մաքսային արժեքը, այլ ոչ թե ոչ ճշգրիտ տեղեկությունների հիման վրա կատարված հաշվարկով ստացված մաքսային արժեքը, հանգել է այն հետևության, որ խնդրո առարկա մաքսային արժեքը պետք է հաշվարկվեր` հաշվի առնելով հայցադիմումին կից ներկայացված հաշիվ-ապրանքագրում նշված ախտորոշիչ նյութերի արժեքի չափով:
Մինչդեռ սույն գործի փաստերի համաձայն` 28.03.2009 թվականի հայտարարագրում Արամ Բաբայանի կողմից իրականում 235,8 կգ բրուտտո ախտորոշիչ նյութերի փոխարեն նշվել է 52 կգ բրուտտո, իսկ իրականում 59,6 կգ բրուտտո ախտորոշիչ թեսթ համակարգերը հայտարարագրվել են 247,4 կգ բրուտտո, որի հետևանքով 23.04.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ Արամ Բաբայանը ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածի հիմքով ենթարկվել է վարչական պատասխանատվության` 4.434.925 ՀՀ դրամի չափով:
Սույն գործով 28.03.2009 թվականին Արամ Բաբայանի կողմից ներկայացված թիվ C-5295 ԲՄՀ-ում առկա ապրանքների մաքսային արժեքի ճշտությունը չի վիճարկվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամ Բաբայանը 28.03.2009 թվականին ներկայացված թիվ C-5295 ԲՄՀ-ում նշել է սխալ տեղեկություններ ներմուծված ապրանքների քաշի վերաբերյալ` դրանով իսկ թույլ տալով մաքսային կանոնների խախտում, որը սահմանված է ՀՀ մաքսային օրենսգրքի 203-րդ հոդվածում:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արամ Բաբայանի կողմից 28.03.2009 թվականին ներկայացված թիվ C-5295 ԲՄՀ-ում առկա ապրանքների իրական մաքսային արժեքի չվիճարկման պայմաններում 23.04.2009 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշմամբ կիրառված պատասխանատվությունն իրավաչափ է:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ և 118.3-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով՝ Դատարանի վճռի մասը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածներով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.09.2009 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը և այն փոփոխել. Արամ Բաբայանի հայցը մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:
2. Արամ Բաբայանից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ՝ որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան Դատավորներ` Ե. Խունդկարյան Վ. Աբելյան Ս. Անտոնյան Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ Մ. Դրմեյան Է. Հայրիյան Ե. Սողոմոնյան
Տ. Պետրոսյան